Սյունյաց թագավորության հիմնադիր Սմբատը Սահակի՞ որդին է, թե՞ Վասակի

01.03.2024 15:50
504

Սյունյաց թագավորության հիմնադիր Սմբատ Ա-ի (970-978)1 ծագումնաբանության վերաբերյալ Ստեփանոս Օրբելյանը հաղորդում է, որ վայոցձորեցի գահերեց Վասակ իշխանի մահից հետո «տիրէր համագունդ աշխարհիս Սիսական Սմբատ՝ որդին Սահակայ, գահերէց իշխանութեամբ»2: Ընդ որում, պատմիչը չի հայտնում, թե ինչպես է գահերեցությունը Վայոց ձորից անցել բուն Սյունիք, այն դեպքում, երբ Սյունյաց գահերեց իշխան Վասակն ուներ երկու որդի՝ Սմբատ և Գագիկ3, որոնցից մեկն ու մեկը, ավելի հաճախ՝ ավագը, ըստ այն ժամանակի ընդունված կարգի, պետք է հաջորդեր հորը: Պատմիչի վերը բերված հիշատակության կապակցությամբ Թ. Հակոբյանը գրում է, թե նա «որոշակի պատասխան չի տալիս այս հարցին, թե Վայոց ձորն ու Ճահուկը, որ բաժին էին ընկել Սմբատին, իսկ նրանցից հետո էլ՝ նրա որդի Վասակին, նույնպես անցան Սահակի որդի Սմբատին, թե վերջինս Վասակի մահից հետո, ձեռք բերելով գահերեց իշխանի պատիվը, շարունակեց իշխել միայն Ծղուկք, Բաղք և սրանց շուրջը գտնվող գավառների վրա, որոնք կազմում էին հոր՝ Սահակի սեփականությունը, իսկ նրա մահից հետո անցան իրեն»4:

Պատասխանը կշարունակի մնալ անորոշ, եթե չնշվի, որ չկա ոչ մի վիմագիր կամ այլ վավերագիր ուղղակի վկայություն, որտեղ հիշատակվի Սահակի որդի Սմբատ թագավոր:

Սյսպես՝ Որոտնավանքի Ս. Ստեփանոս եկեղեցու արևելյան պատուհանի պսակի վրա արձանագրված է.

ՇԻՆԵՑԱՒ ՀՐԱՄԱՆՈՎ ԹԱԳԱՒՈՐԻՆ ՍՆՊԱՏԱ Ի ՁԵՌՆ
ՇԱՀԱՆԴԽՏՈ ԲԱՐԵՊԱՇՏ ԹԱԳՈՒՀՈՅ5:

Ստեփանոս Օրբելյանն այդ եկեղեցու կառուցման ժամանակը համարում է հայոց 449 (+551=1000) թվականը6:

Հաբանդ գավառի Տեղ գյուղը «իւր ամենայն բոլոր սահմանովն, լերամբ և դաշտիւ և այլ մտիւք» Տաթևի վանքին նվիրաբերելու 998 թ. վճռագրում, որը մոր՝ Շահանդուխտ թագուհու (Արցախ-Փառիսոսի տիրակալ Սահակ Սևադայի դստեր) հրամանով գրել է որդին՝ Վասակը, ինչպես նաև այդ նվիրատվությանը վերաբերող Սյունյաց եպիսկոպոսներ Տեր-Հակոբի պարտավորագրում և Տեր-Գրիգորի վավերագրում Սմբատ թագավորը չի հիշատակվում իր հայրանունով՝ «որդի Սահակայ»7:

Ահա սրանք են Ստեփանոս Օրբելյանի՝ ուրիշի ուղղակի խոսքով հղած վկայությունները, որոնցում չի հիշատակվում Սմբատ թագավորի հոր անունը:

Ցավոք, այդ հարցը բաց է մնում նաև ժամանակի գործիչներից, դեպքերից, իրադարձություններից իրազեկ Ստեփանոս Տարոնեցու մոտ: Պատմիչը, խոսելով 989 թ. աբխազների թագավորի դեմ Սմբատ Բ Բագրատունու (977-990) գլխավորությամբ հայոց զորքերի՝ վրացիներին օգնության շտապելու մասին, նշում է, որ «միահաւաք լինէին» նաև «Սիւնեաց և Աղուանից իշխանքն»՝ առանց վերջիններիս անունները տալու ու նրանց արքաներ կոչելու, այն դեպքում, երբ այդ արշավանքին իր կարմրազգեստ գնդով մասնակից մանուկ Աբասին (Կարս-Վանանդի՝ Կարուց Աբաս Բագրատունի արքա՝ 984-1029) թագավոր է կոչում8: Հայրենասեր պատմիչի դիրքորոշումը միանգամայն հասկանալի է: Նա «կողմնակից է Բագրատունյաց կենտրոնական իշխանության, հակառակորդ երկպառակությունների»9: Իսկ Աբասը, ով «գահ բարձրացավ Բագրատունյաց «ազգապետի»՝ շահանշահ Սմբատ Բ-ի հրամանով, իր 45-ամյա գահակալության ընթացքում խաղաղ և լոյալ փոխհարաբերությունների մեջ էր Անիի» տիրակալների հետ10: Ստեփանոս Տարոնեցի Ասողիկն անգամ Հայոց թագուհի Կատրանիդեի հորը՝ Սյունյաց Վասակ թագավորին (998-1040) է կոչում «Սիւնեաց իշխան»11:

Ինչ վերաբերում է Ստեփանոս Օրբելյանի այն տեղեկություններին, որոնցում Սյունիքի թագավորության հիմնադիր Սմբատը հիշատակվում է որպես որդի «Սահակայ», ապա դրանք բոլորն անուղղակի վկայություններ են12՝ գրված ազատ, պատմողական ոճով, առանց վիմագիր կամ մատենագիր աղբյուրների հղման, հակառակ նախորդ բնագրերի պարագայի: Մեկ դեպքում էլ նույն խնդրին վերաբերող երկու խումբ վկայությունների մեջ նկատվում է հակասություն: Այսպես, պատմիչը, խոսելով Սյունյաց Սենեքերիմ թագավորի (1084-1094) Տաթևի վանք այցելության մասին, գրում է, որ Գրիգոր եպիսկոպոսը եկեղեցուց խլված Հարժիք13, Բերդկաներեչի14 և Ցուրա գետ15 գյուղերը, որոնք գտնվում էին արքայի ազատներ, մեծ իշխան Մահևանի և Գևորգի տնօրինության ներքո, փորձում է վերադարձնել իրենց նախկին կարգավիճակին: Այդ նպատակով «ծանուցանէ եպիսկոպոսն թագաւորին զգրկանքն եկեղեցւոյն. և առաջի արկանէ զհին նամականին, որ տուեալ էր առաջին թագաւորացն անխախտ պայմանաւ, զոր ընթերցեալ նորին՝ զարհուրեցաւ ի սոսկալի նզովիցն. զի երեք անգամ հաստատած էին այս գիւղօրայքս ի սուրբ աթոռն. առաջին՝ ի Սմբատայ՝ թագաւորէ Հայոց. և յԱշոտոյ՝ մեծ իշխանէն Սիւնեաց. և Բերդկաներեչի գանձագին էր Տէր Դաւթի, երկրորդ՝ ի Սմբատայ՝ թագաւորէ Սիւնեաց՝ որդւոյ Սահակայ, հաստատեցաւ ի ձեռն տեառն Վահանայ Բաղացւոյ, և ի Վասակայ՝ որդւոյ նորին. երրորդ Հասան ոմն իշխան՝ որդի Կորայ քըրդին, յազատաց մեծ իշխանաց իշխանին Վասակայ, որ էր իշխեցող և Վրաց, որդւոյ մեծին Սմբատայ՝ Սիւնեաց գահերեց իշխանի, գնոյ առեալ էր զգիւղն Հարժիս և ի հայրենեաց փոխան տուեալ: Սա հրամանաւ մեծին Վասակայ և որդւոց իւրոց Սըմբատայ և Գագկայ տայ զայս գիւղ ազատ յամենայն հարկաց ի վանսն Տաթևոյ»16:

Այս ընդարձակ մեջբերման մեջ մեր խնդրի համար կարևոր է հատկապես երկրորդ անգամվա նվիրատվությունը՝ կատարված «ի Սմբատայ՝ թագաւորէ Սիւնեաց՝ որդւոյ Սահակայ, հաստատեցաւ ի ձեռն տեառն Վահանայ Բաղացւոյ, և ի Վասակայ՝ որդւոյ նորին»17 հատվածը, որը, փաստորեն, չի համապատասխանում նվիրատվության՝ պատմիչի արտագրածին.

«Յանուն Աստուծոյ վասն արարեալ հաստատութեան առաւել առաջին գրոյն որ մեր հարցն տուեալ էին աստուածապատիւ և հոգևոր եպիսկոպոսաց Սիւնեաց, ես Սմբատ՝ որդի տեառն Սահակայ, ետու զՀաժիս և զԾածարդ18 որ սակաւ մի յափշտակեալ էին ի տանէս, յաստուածապատիւ և հոգևոր Տէրս Վահան և յաստուածաբնակ, ի լուսաճեմ եկեղեցիս Տաթևոյ յայս պայմանիս զոր զառաջնոցն յիշատակն նորոգեն. և զիս ևս յիշեն ի սուրբ և ի մաքրափայլ յաղօթս իւրեանց և մեր մեղացն թողութիւն խնդրեն: և յետ մեր մի ոք այլ յանդ գնեսցէ յափշտակել զսոսա ի տանէն, մի ի մերոց և մի յօտարաց. և եթէ յանդգնին՝ յԱստուծոյ ամենակալ բերանէն ընդ սատանայի և ընդ օձին նզովեալ եղիցին. և մասն և բաժին ընդ Յուդայի և Կայենի և Արիոսի եղիցի: Գրեցաք և կնքեցաք մերով մատանեաւս ի թուականիս 412»19:

Երկու՝ անուղղակի և ուղղակի վկայությունների միջև անհամապատասխանությունը նախ և առաջ Սմբատի կարգավիճակի հարցում է. առաջինում նա թագավոր է, իսկ երկրորդում՝ բնագրում, սոսկ իշխան (հասկանալի է, որ դեռևս թագավոր չէր հռչակվել):

Ուշադրության է արժանի այն փաստը, որ կտակագրում չի հիշատակվում որդին՝ Վասակը, ինչպես առաջինում է: Մեզ համար առանձնակի կարևորություն ունի նաև Հարժիս գյուղի երրորդ նվիրատվությունը, որը կատարվել է «հրամանաւ մեծին Վասակայ և որդւոց իւրոց Սմբատայ և Գագկայ»20: Ընդ որում, ընծայագրի այդ հատվածում Վասակը հիշատակվում է որպես «մեծ իշխանաց իշխան, որ էր իշխեցող և Վրաց»21 տիտղոսներով:

Հ. Ութմազյանը Վասակ իշխանի մահը դնում է 960-ական թվականներին22: Իսկ ըստ Բ. Հարությունյանի՝ Վասակը վախճանվել է 976-980 թթ.23, որին էլ Սյունյաց գահերեցության պաշտոնում հաջորդել է ավագ որդին՝ Սմբատը, այլ ոչ նրա հորեղբայր Սահակի որդի Սմբատը, ինչպես հաղորդում է պատմիչը: Այդ մասին մեզ հուշում է Վայոց ձորի Կարմրաշեն գյուղից արևելք՝ ավերակ ջրաղացի մոտ գտնվող խաչքարի ճակատային մասի հետևյալ արձանագրությունը.

Գրչագիր

Խաչքարի թիկունքին վերոհիշյալ Գրիգորիկի կողմից կատարված է մեկ ուրիշ արձանագրություն, որտեղ նա ասում է, որ ինքը բազում աշխատությամբ գտել է այդ արձանը և մեծ հույսով բերել ու կանգնեցրել է եկեղեցու դռան մոտ25:

Այս կոթողի մասին Ս. Բարխուդարյանը գրում է. «Խաչքարն իր տեսակի հնագույն օրինակների ոճով է, պարզ և արտահայտիչ քանդակներով:

Երկարությունը 3.66 մետր է, լայնությունը՝ 90 սմ, ներքևում ավելի նեղանում է: Այժմ այն ընկած է և թիկունքի արձանագրությունը ծածկված: Մենք այն կանգուն ենք տեսել 1932 թ. և նկարել»26:

Հարկ է նշել, որ մինչև Ս. Բարխուդարյանը խաչքարի արձանագրությունները գրեթե նույնությամբ ընթերցել են Ս. Ջալալյանցը27, Քաջբերունին28 և Ղ. Ալիշանը29:

Խաչքարի ճակատային արձանագրության կապակցությամբ Ղ. Ալիշանը գրում է, որ ՆԼԹ (990) «թուականն պատշաճի Ա Սմբատայ թագաւորի Սիւնեաց, Վասակայ որդի լինելն՝ թոռին նորա Բ Սմբատայ, ըստ պատմչին բանից, եթէ ոչ վրիպիմ»30:

Այդ արձանագրությունը, ինչպես նկատել է Բ. Հարությունյանը, գրվել է Գագիկ Ա Շահանշահի (990-1020) դեպի Սյունիք 990-992 թթ. արշավանքի նախօրեին31: Այդ պատժիչ արշավանքի պատճառով Սյունյաց թագավորությունը կորցրեց Վայոց ձոր, Ճահուկ գավառները և այլ տարածքներ: Իսկ «արդյունքն այն եղավ, որ Վայոց ձորը, Ծղուկքի մի մասը, Աղահեճքը, Ճահուկը քաղաքական և տնտեսական սերտ կապերով կապվեցին Այրարատի և Բագրատունյաց թագավորության այլ մարզերի հետ: Դրա հետևանքով խիստ մեծացավ Դվին-Պարտավ ճանապարհի նշանակությունը: Այս ճանապարհը, որն անցնում էր Վայոց ձորով, վերածվեց տարանցիկ առևտրի խոշոր ուղու: Սյունյաց տերը այժմ չէր էլ մտածում հանդես գալ Հայոց թագավորի դեմ, որովհետև Գագիկ Ա-ն, տիրանալով Դվինին և Արաքսի հովտին, աքցանի մեջ էր վերցրել Սյունյաց թագավորի տիրույթները»32:

Ըստ Թ. Հակոբյանի՝ «Գագիկ Ա-ն Վայոց ձորը և նրան սահմանակից Ճահուկը գրավել է նախքան 1003 թվականը, որովհետև Ասողիկն իր պատմությունը վերջացնում է 1003 թ. դեպքերով, երբ Գագիկը բազմաթիվ բերդեր ու գավառներ էր գրավել Փառիսոսի և Խաչենի կողմերում: Սրանց գրավումն անհնար կլիներ, եթե Գագիկը նախօրոք իր ձեռքը չվերցներ դեպի Փառիսոս ու Խաչեն տանող ճանապարհի վրա գտնվող Վայոց ձորը, նրա սահմանակից Ճահուկը, Ծղուկքի հյուսիսային մասը և Աղահեճք գավառը»33:

Մեր կարծիքով, Գագիկ Ա-ի արշավանքը դեպի Արցախ տեղի է ունեցել 997-1000 թվականների միջև, քանի որ Դիզակի իշխան Գագիկը, եթե ԼՂՀ Մարտունու շրջանի Ջոխտ պռավածառի վանքի 997 թ. խաչքարի վրա հիշատակվում է որպես «պետութեան տեառն ... Աղուանից իշխանաց իշխան»34 տիտղոսով, ապա Հադրութի շրջանի Տումի գյուղի Կարմիր եղցի եկեղեցու 1000 թ. արձանագրության մեջ հանդես է գալիս իբրև Աղվանից «թագաւոր»35: Դժվար չէ նկատել, որ Գագիկ Ա Բագրատունին Փառիսոսի թագավորների կենտրոնախույս նկրտումներն ի դերև դարձնելուց հետո Արցախում նախապատվությունը տվել է Գագիկ Դիզակեցուն:

Իսկ այդ պատժիչ արշավանքը Գագիկ Ա-ն սկսել էր Վայոց ձորի գրավմամբ, որի Եղեգիս ավանում IX դարից հաստատվել էր Սյունյաց վարչական-քաղաքական կենտրոնը՝ ռազմական հենակետ դարձնելով հյուսիսում ձգվող, դեռևս V դարից էլ առաջ կառուցված անառիկ ամրոցը, որը Սմբատաբերդ է կոչվում X դարում ապրած Սյունյաց Սմբատ իշխանի անունով36: Անշուշտ, Սյունյաց թագավորության հիմնադիր Սմբատ Ա-ն ամրացրել է հնամենի այդ բերդը:

Եղեգիս ավանից 6-7 կմ դեպի հյուսիս-արևելք, բարձրադիր սարավանդի վրա վեր է խոյանում Սյունյաց գահերեցների հոգևոր կենտրոններից մեկը՝ Ցաղաց քար վանքը: Մեր խնդրի վրա կարող էին լույս սփռել X դարի վերջին քառորդով թվագրվող այն հինգ խաչքարերը, որոնք ի թիվս ութ տասնյակ վիմագրերի հայտնաբերվել են Ցաղաց քարում հնագետ Հ. Մելքոնյանի իրականացրած պեղումների ընթացքում37: Ցավոք, խաչքարագործ վարպետները բավարարվել են միայն իրենց հիասքանչ գործերի կերտման թվականները փորագրելով՝ 977-988 թթ.: Մինչդեռ գրվածքով մի փոքր ավելի ընդլայնվելու դեպքում կհաստատվեր կամ կհերքվեր Կարմրաշենի 990 թ. հիշատակագրության հավաստիությունը: Այնուհանդերձ, հիմք ընդունելով Կարմրաշենի արձանագրությունը, պետք է ենթադրել, որ Գագիկ Ա Շահանշահից պարտված Սյունյաց Սմբատ Ա թագավորը նահանջել է բուն Սյունիք, դեպի Հաբանդ, որտեղ էլ մահանալով (երևի 998 թ.)՝ թաղվել է Տաթևի վանքում:

Սմբատից հետո Սյունյաց գահ բարձրացած որդին՝ Վասակը, թագավորության մայրաքաղաք է հռչակում Կապան քաղաքը38, որը պաշտպանված էր անառիկ Բաղաբերդ ամրոցով:

Սյունիքը կենտրոնին կապելու նպատակով Գագիկ Ա-ն կնության էր առել Վասակ Ա-ի դստերը՝ Կատրանիդեին39, «որ և շինեաց զսխրատեսիլն և զհրաշաձև եկեղեցին ի յԱնի զմեծ կաթողիկէն»40: Շինարարական արձանագրությունը վավերացված է Անիի Մայր տաճարի հարավային պատի արտաքին մասի արևմտյան անկյան մոտ41:

Հ. Աճառյանի պրպտումների համաձայն՝ Մատթեոս Ուռհայեցին (XI-XII դդ.) Կատրանիդեին հռչակում է վրաց Գեորգի թագավորի դուստր, Վարդան Արևելցին (XIII դ.) նրան կարծում է Սյունյաց Սահակ արքայի աղջիկ, մինչդեռ Սյունիքում այդպիսի անունով թագակապ տիրակալ չի եղել, իսկ վրացական աղբյուրները հայոց թագուհուն կոչում են բյուզանդական արքայադուստր42:

Բոլոր դեպքերում պատմիչները ծանոթ չեն եղել Անիի Մայր տաճարի շինարարական արձանագրությանը: Իսկ ինչ վերաբերում է Կատրանիդե անվան ստուգաբանությանը, ապա այն անհայտ է մեծ լեզվաբանին43:

Մ. Օրմանյանը տեղին նկատել է, որ վկայագրում թագուհու անունը «Կատրանիդէ գրուած է և ոչ Կատրամիդէ, ինչպէս ունին բոլոր գրչագիրները»44:

Եթե ոչ Կատրանիդեն, ապա ո՞վ կարող էր իմանալ իր անվան իմաստը, որը, ըստ հայր Անդրանիկ Այվազյանի բանավոր կարծիքի, ստուգաբանվում է արաբերեն قمامة (կղատր՝ կաթիլ) + لا شيء (նադա՝ ցող) = ցողի կաթիլ: Հայերենում ունենք Ցողիկ անձնանունը:

Այսպիսով, Սյունյաց թագավորության հիմնադիր Սմբատի ծագումնաբանության շուրջ մատենագիր և վիմագիր սկգբնաղբյուրների միջև առկա անհամապատասխանության հարցի լուծման նախապատվությունը տալով պահի անմիջական դրոշմ հանդիսացող վիմագրի հիշատակությանը` հավելենք, որ ուշադրության արժանի է այն փաստը ևս, որ Սմբատ արքայի թագաժառանգ որդին կոչվում է ոչ թե Սահակ, այլ` Վասակ:

Բանալի բառեր - Սմբատ, թագավոր, Սյունիք, խաչքար, վիմագիր, վերծանություն, պատմիչ, կոթող, գավառ, դար, թվական, կենտրոն, հռչակել, պեղում, ստուգաբանություն

АШОТ МАНУЧАРЯН – Основатель Сюникского царства Смбат – сын Саака или Васака? – Историограф Степанос Орбелян (XIII в.) сообщает, что после смерти первопрестольного сюникского князя Васака первый по важности престол перешёл к Смбату, сыну его дяди по отцу Саака. Позднее, между 970-м и 987 гг., Смбат провозгласил себя царём и основал Сюникское царство (970/987–1170). Однако Степанос не сообщает, каким образом Смбат унаследовал трон от дяди. Заметим, историограф ни разу не упомянул напрямую, как звали Смбатова отца. Между тем вблизи села Кармрашен в Вайоцдзоре находится хачкар. Надпись на нём, относящаяся к 990 г., гласит, что Смбат (970/987–998) – “сын Васака”. Эта лапидарная надпись, оставленная современниками царя, служит для нас важным первоисточником. Ведь она, в отличие от Степаноса Орбеляна, писавшего свою книгу почти три столетия спустя, напрямую запечатлела события. Пищу для размышления даёт и весьма примечательный факт: наследник престола, старший сын Смбата, носил имя Васак, а вовсе не Саак.

Ключевые слова – Смбат, царь, Сюник, хачкар, лапидарная надпись, дешифровка, историограф, стела, область, век, дата, центр, провозглашать, раскопки, этимология

Ծանոթագրություններ

1. Մի խումբ գիտնականներ Սյունիքի թագավորության հիմնադրումը դնում են 970 թ., ոմանք` 973 թ., իսկ Բ. Հարությունյանը` 987 թ. (տե՛ս Բ. Հարությունյան, Սյունյաց թագավորության հիմնադրման տարեթիվը, ԲԵՀ, 1969, № 1, էջ 152, նաև` «Հայ ժողովրդի պատմություն», ԳԱ հրատ., հ. III, Եր., 1967, էջ 118: Այսուհետև` ՀԺՊ, III և էջը:

2. «Պատմութիւն նահանգին Սիսական, արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց», Թիֆլիս, 1910, էջ 299:

3. Տե՛ս նույն տեղը, էջ 329:

4. Թ. Հակոբյան, Սյունիքի թագավորությունը, Եր., 1966, էջ 62:

5.«Դիվան հայ վիմագրության», պրակ II, Գորիսի, Սիսիանի և Ղափանի շրջաններ, կազմեց` Ս. Բարխուդարյան, Եր., 1960, էջ 100:

6. Տե՛ս Ստեփանոս Օրբելյան, նշվ. աշխ., էջ 302:

7. Տե՛ս նույն տեղը, էջ 291-293:

8. Տե՛ս Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողկան Պատմութիւն Տիեզերական, Ս. Պետերբուրգ, 1885, էջ 252-253:

9. ՀԺՊ, III, էջ 327:

10. Տե՛ս նույն տեղը, էջ 96-97:

11. Ստեփանոս Տարոնեցի, նշվ. աշխ., էջ 256:

12. Տե՛ս Ստեփանոս Օրբելյան, նշվ. աշխ., էջ 299-300, 317, 328:

13. Հարժիքը ներկայիս Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Հարժիս գյուղն է:

14. Ըստ հարկացուցակի` Բերդկաներեչին գտնվել է Ծղուկ (այժմյան Սիսիան) գավառում:

15. Ցուրա գետը, որը հայտնի է նաև Ցուրաբերդ անունով այժմյան Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Սվարանց գյուղն է (տե՛ս Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, թարգմ., ներած. և ծանոթ. Ա. Աբրահամյանի, Եր., 1986, էջ 475, ծանոթ. № 725):

16. Ստեփանոս Օրբելյան, նշվ. աշխ., էջ 328-329:

17. Նույն տեղում:

18. Ըստ հարկացուցակի` Ծածարդը գտնվել է Ծղուկ գավառում (տե՛ս Ստեփանոս Օրբելյան, նշվ. աշխ., էջ 509):

19. Նույն տեղում, էջ 288:

20. Նույն տեղում, էջ 329:

21. Նույն տեղում, էջ 328

22.  Տե՛ս Հ. Ութմազյան, Սյունիքը IX-X դարերում, Եր., 1958, էջ 304:

23. Տե՛ս Բ. Հարությունյան, Սյունյաց թագավորության հիմնադրման տարեթիվը, էջ 150:

24. «Դիվան հայ վիմագրության», պրակ III, Վայոց ձոր, կազմեց Ս. Բարխուդարյանը, Եր., 1967, էջ 41: Գրչագիրը տե՛ս էջ 42, լուսանկարը տե՛ս էջ 29:

25. Տե՛ս նույն տեղը, էջ 41: Ս. Բարխուդարյանը գրում է. «Այդտեղ մի փոքր և ժայռոտ բլրի վրա պահպանվել են մի փոքրիկ եկեղեցու ավերակները…» (նույն տեղում):

26. Նույն տեղում, էջ 42:

27. Տե՛ս «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, աշխատասիրությամբ Սարգիս Սանահնեցւոյ Ջալալեանց թեմակալ արքեպիսկոպոսի Հայոց Վրաստանի, Իմէրեթի և այլոց», մասն Բ, Տփխիս, 1858, էջ 137:

28. Տե՛ս Քաջբերունի (բժ. Գաբրիել Յովհաննիսեան), Ճանապարհորդական նկատողութիւնք, «Արարատ», 1889, էջ 283:

29. Տե՛ս Ղ. Ալիշան, Սիսական, Եր., 2009, էջ 110:

30. Նույն տեղում:

31. Տե՛ս ՀԺՊ, III, էջ 120:

32. Նույն տեղում:

33. Թ. Հակոբյան, նշվ. աշխ., էջ 63:

34. «Դիվան հայ վիմագրության», պր. V, Արցախ, կազմեց Ս. Բարխուդարյան, Եր., 1982, էջ 169:

35. Նույն տեղում, էջ 173:

36. Տե՛ս Հ. Եղիազարյան, Ազիզբեկովի շրջանի կուլտուրայի հուշարձանները, Եր.,

1955, էջ 52:

37. Յ. Մելքոնեան, Նորայայտ արձանագրութիւններ Ցաղաց քար վանքից, «Հանդէս ամսօրեայ», Վիեննա, 1996, 1-12, էջ 70-71, 81:

38. Սյունյաց թագավորության մայրաքաղաքի հարցում, ինչպես նկատել է Թ. Հակոբյանը, Ղ. Ալիշանը հայտնում է երկու հակադիր կարծիք. ա) այն սկզբում գտնվում էր Ծղուկքի (երևի նկատի ունի Շաղատը, որը Սյունյաց նախարարության վարչական կենտրոնն էր վաղ միջնադարում) և Վայոց ձորի կողմերում, իսկ հետո հաստատվեց Ձորքում, և հայտնի չէ, թե երբ է տեղի ունեցել այդ փոխադրումը (տե՛ս Ղ. Ալիշան, Սիսական, էջ 290), բ) թագավորանիստը սկզբից ևեթ հաստատվել է Կապան քաղաքում, քանի որ առաջին թագավոր Սմբատն ի սկզբանե տիրում էր հայրական Ծղուկ գավառում, չնայած հետազոտողները ենթադրաբար ավելացնում են նաև Բաղք և Ձորք գավառները, որտեղ իշխում էին Ձագիկյանները (նույն տեղում, էջ 17): Թ. Հակոբյանը երկրորդ կարծիքի կողմնակից է (տե՛ս Թ. Հակոբյան, Սյունիքի թագավորությունը, էջ 124-126), մենք` առաջինի:

39. Տե՛ս Ստեփանոս Օրբելյան, նշվ. աշխ., էջ 300-303:

40. Նույն տեղում, էջ 300:

41. Տե՛ս «Դիվան հայ վիմագրության», պրակ I, Անի քաղաք, կազմեց Հ. Օրբելի, Եր., 1966, էջ 35:

42. Տե՛ս Հ. Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Բ, Եր., 1944, էջ 582, նաև` Գ. Գրիգորյան, Ս. Հախվերդյան, Սյունիքի պատմություն, Եր., 2001, էջ 71, Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, Եր., 1991, էջ 14, Տ. Սահակյան, Սյունյաց թագավորության հիմնումը և նրա քաղաքական դերը XI դարում, ՊԲՀ, 1966, № 3, էջ 224, Վարդան Բարձրբերդեցի, Պատմութիւն տիեզերական, Մոսկուայ, 1861, էջ 123:

43. Տե՛ս Հ. Աճառյան, նշվ. աշխ., էջ 582:

44. Մ. Օրմանյան, Ազգապատում, Ա, Ս. Էջմիածին, 2001, էջ 1358:

Աշոտ Մանուչարյան

«Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն»,

2014, № 1, էջ 22-30

 

 

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34