Սյունյաց թագավորության հիմնումը և նրա քաղաքական դերը XI դարում

09.02.2024 14:47
669

Բագրատունյաց ֆեոդալական թագավորությունն անկարող եղավ ստեղծել միասնական ուժեղ կենտրոնաձիգ իշխանություն։ X դարում նրանից անջատվեցին Արծրունյաց, Վանանդի, Սյունյաց, Լոռիի ֆեոդալական իշխանությունները ու կազմեցին առանձին մանր թագավորություններ։ Հայաստանի այդ մասնատումը, անշուշտ, բացասական դեր է խաղացել երկրի քաղաքական միասնության գործում։ X դարում ֆեոդալական Հայաստանում մանր թագավորությունների կազմավորումը, որպես կենտրոնախույս ու հետադիմական մի երևույթ, լուրջ հարված է հասցնում հայկական պետության ռազմական հզորությանը, որի հետևանքով XI դարում Հայաստանը անկարող եղավ դիմադրել երկիրը ներխուժած բյուզանդական և սելջուկյան ուժերին և մասնատված ու ցաքուցրիվ գործող հայկական ռազմական ուժերը ջախջախվեցին բյուզանդացիների ու սելջուկների հարվածներից։

Սյունիքը X դարում գրավում էր լայնածավալ տերիտորիա։ Ժամանակակից հայ մատենագիր Հովհաննես Դրասխանակերտցին հաղորդում է, թե սկսած ավանդական Սիսակ նահապետից Սյունյաց նախարարությանը զբաղեցրել է «ի ծովեզերէն (Սևանա լճից- Տ. Ս.) զհարաւակողմն արևելեան մինչ ի դաշտ ինչ, ընդ որ հատեալ գետն Երասխ՝ յորձանուտ խոխոջիւք վազս առեալ և թափ անկեալ ընդ և ընդ նուրբ խոխոմս քարանձաւի միոյ, որ այժմ ի բազմաց Քարաւազ անուանի»1։ Այսպիսով, միջնադարում Սյունիքի սահմանները հասել են Սևանա լճից մինչև Մուղանի դաշտավայրի սահմանները, մինչև Արաքս գետը՝ ընդգրկելով ընդարձակ տերիտորիա:

X դ. կեսերին ռազմաքաղաքական ու տնտեսական տեսակետից Սյունիքը Հայաստանի առաջնակարգ նահանգներից մեկն էր։ Այս հանգամանքը նախադրյալ է հանդիսանում Սյունյաց իշխանների համար Բագրատունյաց թագավորությունից անջատվելու և առանձին թագավորություն հիմնելու։

X դ. երրորդ քառորդում Սյունիքում բացառիկ խոշոր դեր Է խաղում Սմբատ II Սյունյաց իշխանը, որը Սյունյաց գահերեցությունն ստանձնել Է 963 թ.։ Իր ռազմավարչական, տնտեսական ու շինարարական աչքի ընկնող գործունեության համար նա մեծ հեղինակություն է ունեցել ոչ միայն Սյունիքում, այլ նաև նրա սահմաններից դուրս՝ Բագրատունյաց ու Աղվանից արքունիքներում։ Նա բարեկամական կապերի մեջ է եղել Բագրատունի Աշոտ III-ի և Աղվանից թագավորների հետ։

X դարի երկրորդ կեսին Բագրատունյաց և Աղվանից թագավորությունների միջև սրվում են հակասությունները: Բագրատունիները ձգտում էին Աղվանից թագավորության հաշվին իրենց տիրապետությունը ընդարձակել հյուսիս-արևելքում։ Այդ պատճառով Աղվանից թագավորները թշնամական դիրք էին գրավել Բագրատունիների նկատմամբ և, սերտորեն կապվելով Սյունյաց իշխանների հետ, ջանում էին վերջիններիս հանել Բագրատունյաց գերիշխանությունից։

Աղվանից թագավորի խորհրդով ու հորդորանքով, Սյունյաց Սմբատ իշխանը, ինչպես հաղորդում է Ստեփանոս Օրբելյանը, 970 թ. Սյունյաց իշխանությունը հայտարարում է Բագրատունյաց թագավորությունից անկախ թագավորություն և իրեն հռչակում թագավոր2:

Հաշվի առնելով Հայաստանում Սյունիքի ռազմաքաղաքական խոշոր դերը, արյունահեղության տեղիք չտալու համար, Բագրատունի Աշոտ III թագավորը հաշտվում է ստեղծված դրության հետ և ճանաչում Սյունյաց թագավորության անկախությունը։ Սյունյաց թագավորությունը շարունակում է պահպանել իր նախկին բարեկամական ու վասալական կապերը Բագրատունյաց թագավորության հետ: Այսպես, օրինակ, երբ 974 թ. բյուզանդական կայսր Հովհաննես Չմշկիկը, պատերազմի գնալով արաբների դեմ, անցնում է Հայաստանով, վերջինիս դիմավորելու համար Աշոտ III-ի պահանջով իր զորագնդով ներկայանում է նաև Սյունյաց Սմբատ թագավորը։

Սյունյաց թագավորության անկախությունը ճանաչում են Պարսկաստանը (կամ Խորասանի էմիրությունը), Վրաստանը, Աղվանքը և այլն։ Սիրաշահելով Սյունյաց Սմբատ թագավորին, Խորասանի էմիրը նրան ուղարկում Է նաև արքայական թագ։

Սյունյաց թագավորության մայրաքաղաքը սկզբում եղել է Սյունյաց գահերեց իշխան Սմբատի գահանիստ Ծղուկ (կամ Սիսիան) գավառի Շաղատ բերդաքաղաքը, իսկ X դ. վերջերին կամ XI դ. սկզբներին մայրաքաղաքը տեղափոխվում Է Բաղք գավառի անառիկ Կապան-Բաղաբերդը:

Սյունյաց Սմբատ թագավորի մասին Ստ. Օրբելյանը գրում է. «Արդ թագ կապեալ Սմբատայ ճոխ և երևելի փառօք յարդարէր զարքայութիւնն ըստ օրինի ինքնակալ թագաւորաց։ և ետ բազում երևելի արքունական գործոց վախճանի, և դնի ի մեծ սրբարանին Տաթևոյ բազում և աշխարհագումար հանգիսիւ։

և պայազատէ զտէրութիւն նորա մանուկ որդին նորա Վասակ, որ մեծահանդէս ժողովով և ազատակոյտ բազմութեամբ օծանի թագաւոր Սիւնեաց և Բաղաց ձեռամբ տեառն Գրիգորի Սիւնեաց եպիսկոպոսի։ և զեղբայր իւր զՍևադայ կացուցանէ իշխան իշխանաց ազատակոյտ զօրաց իւրոյ»3։

Սյունյաց Սմբատ թագավորը արքունիքին տվել է արտաքին վայելուչ տեսք՝ նմանվելով խոշոր ինքնակալ թագավորներին, ձևավորել է արքունի պալատական կարգերը, ձեռնարկել է պետական կարևոր նշանակություն ունեցող մի շարք գործեր. կարգավորել է թագավորական զորագնդերը, ամրապնդել բերդերը, ծավալել շինարարություն և այլն։

Սյունյաց Սմբատ թագավորը հանդիսացել է Բագրատունի Սմբատ II թագավորի վասալ -դաշնակիցը. ինչպես հաղորդում է Ստեփանոս Ասողիկ Տարոնացին, երբ Սմբատ II-ը կռիվներ էր մղում աբխազների թագավորի դեմ, այդ մարտերին մասնակցում են նաև Սյունյաց զորագնդերը»4:

Ստեփանոս Օրբելյանը իր «Ողբ»-ում այսպես է գովերգել Սյունյաց Սմբատ թագավորին.

Բայց միւս ևս այլ ջահս լուցին,

Ի տան Բաղաց Սիսականին։

Սըմբատ սեպուհն այն մեծ Սիւնին,

Ի հայկազանցն այն առաջին։

Աջոյ բազունք Հայոց ազգին,

Բարձր և հըզօր անպարտելին:

Թագաւորեալք թագ կապեցին,

Ուժգին և խրոխտ ընդդէմ չարին:5

                   (Ընդգծումը մերն է - Տ . Ս.)

Սյունյաց Սմբատ թագավորի մահվան տարեթվի մասին մատենագրական աղբյուրները որոշակի տեղեկություններ չեն հաղորդում։ 998 թ. թողած մի արձանագրության մեջ թագուհի Շաhանդուխտը հայտնում է, թե իր ամուսին Սմբատի «հոգու փրկության» համար Տաթևի վանքին է նվիրում Հաբանդ գավառի Տեղ գյուղը6։ Հայտնի է, որ հայկական սովորության համաձայն այս կամ այն հանգուցյալի «հոգու փրկության» համար վանքերին ու եկեղեցիներին մեծ մասամբ նվերներ են տվել հանգուցյալի թաղման օրը, կամ տարելիցին։ Ուստի կարելի է ենթադրել, որ Սմբատ Սյունյաց թագավորը մահացել է 998 թ.:

Գործունյա Շահանդուխտ թագուհին, որը եղել է Աղվանից Սևադա թագավորի դուստրը, Սյունիքում կառուցել է տվել մի քանի գողտրիկ եկեղեցիներ. 1000 թ. ավարտվել է նրա նախաձեռնությամբ կառուցված Սիսիանի Վաղադնի գյուղի հոյակապ տաճարի շինարարությունը և վանքին են նվիրվել Գոմերի ագարակները7: Գոմերի ագարակները, հավանաբար եղել են Վաղադի գյուղին կից ձորահովտի բերքառատ հողամասերը՝ Որոտան գետի ափին:

Ստ. Օրբելյանից վերը մեջ բերված քաղվածքը միևնույն ժամանակ ցույց Է տայիս, որ Սյունյաց Սմբատ թագավորին հաջորդել է նրա մանուկ որդի Վասակը, որին թագադրել են մեծ շուքով։ Իսկ նրա մյուս որդի Սևադան նշանակվել է իշխանաց-իշխան։ Մեր կարծիքով, Սյունիքում իշխանաց-իշխանը հանդիսացել է թագավորական զորագնդերի հրամանատարը։ Երիտասարդ թագավորի խնամակալը դարձել է Շահանդուխտ թագուհին8։

Սյունյաց Վասակ թագավորը ձգտել է իր թագավորության սահմաններն ընդարձակել արևելքում՝ Արցախում, որի պատճառով խստորեն լարվել են հարաբերությունները Սյունյաց ու Աղվանից թագավորությունների միջև և սկսվել Է պատերազմ։ Սյունիքի և Աղվանքի միջև մղված պատերազմում հաղթանակ է տանում Սյունիքը և կնքված հաշտության պայմանագրով Սյունիքին են միանում վերջինիս կողմից գրավված Ծար, Վայկունիք, Բերդաձոր գավառները։ Այդ գրավումներից հետո Սյունիքի և Աղվանքի սահմանը կազմում են հյուսիսից Ծար գավառի Քիթ և Քեթի լեռները, հարավում՝ Արաքս գետի վրայի Քարավազի կամուրջը։

X դարի երկրորդ կեսին Սյունիքի հարավային մի քանի գավառներ միացվում են, որից Սյունիքի կազմում հանդես Է գալիս մի նոր միավոր՝ Բաղաց աշխարհը, որի մեջ մտնում էին Ձորք, Կապան և Բաղք գավառները։

Բաղաց աշխարհը հանդիսացել Է Սյունյաց թագավորության ոստանը, որտեղ և գտնվել է թագավորության մայրաքաղաք Կապանը։ Կապան մայրաքաղաքի անունով Սյունյաց թագավորությունը երբեմն կոչվել Է Կապանի թագավորություն։ Ստ. Օրբելյանից բերված քաղվածքի մեջ «Վասակ թագավոր Բաղաց և Սյունյաց» նշանակում է հարավային և հյուսիսային Սյունիքի միասնական թագավոր։ Վասակը Վայոց ձորում ամրապնդում է Եղեգիս բերդը, այնտեղ կատարելով մեծ շինարարություն։

Փաստերը ցույց են տալիս, որ Վասակն իշխել է մինչև 1040 թ.։ Վասակի թագավորության վերջին տարվա մասին որոշակի հիշատակություն չկա։ Ղ. Ալիշանի «Սիսական» աշխատության մեջ այն հիշատակումը, թե Վասակն իշխել Է մինչև 1010 թ., պետք է համարել վրիպակ, որովհետև նույն աշխատության մեջ Վասակի գործունեության մասին նշվում Է նաև 1020-ական թթ.: Հայտնի է, որ 1019 թ. Վասակը Տաթևի վանքին է նվիրել Ցողունի, Գոդևան գյուղերը և այդ մասին թողել համապատասխան վավերագիր, որը բերում Է Ստեփանոս Օրբելյանը9։

Պատմական աղբյուրներում որոշակիորեն հիշատակվում Է, որ Վասակին հաջորդել Է Աշոտ «իշխանաց-իշխանի» որդի Սմբատը և իշխել Է միայն մի քանի տարի։ Հայտնի Է, որ Սյունյաց Հովհաննես VI եպիսկոպոսը (1006-1058) 1043 թ. Տաթևի վանքի առջևի մասում կառուցել Է մի սյունազարդ սրահ, որի վրա թողած վիմագիր արձանագրության մեջ նշվում է. թե այն կառուցվել է Սմբատ թագավորի օրոք10: Այսպիսով, պետք է ենթադրել, որ Վասակը թագավորել է մինչև 1040 թ., իսկ Սմբատը (կամ Սմբատ II-ը) թագավորել է 1040-1044 թթ., որովհետև հայտնի է, որ 1045 թ., երբ Բագրատունյաց վերջին թագավոր Գագիկ II-ը բյուզանդամոլ հոսանքի ճնշման տակ մեկնում է Կոստանդնուպոլիս, այդ ժամանակ Սյունիքում արդեն թագավորում էր Գրիգորը:

Նախիջևանին ու Գողթնին տիրելու ձգտման պատճառով Սյունյաց և Արծրունյաց թագավորությունները մինչև վերջ էլ հանդես են եկել որպես թշնամիներ, որը լուրջ վնաս է հասցել թե՛ Սյունիքին և թե՛ Վասպուրականին, երբ արևելքից Հայաստան ներխուժած նվաճող հորդաները առանձին-առանձին հարվածել են նրանց և ավերել Սյունիքն ու Վասպուրականը:

Հիմնվելով Ստ. Տարոնացու մի անորոշ վկայության վրա, Լեոն հայտնում է, թե իբր Բագրատունի Գագիկ I-ը թշնամական հարաբերությունների մեջ է եղել Սյունյաց թագավորության հետ և պատերազմ մղելով վերջինիս դեմ՝ Սյունիքում գրավել է մի քանի գավառներ11: Ստ. Տարոնացին հաղորդում է, թե Գագիկ I-ը «տիրեաց յոլով բերդից և գաւառաց ի սահմանացն Վայոց ձորոյ և Խաչենոյ և Փառիսոսոյ՝ առաւել քան զեղբայր իւր…»12: Թ. Հակոբյանը նշում է, որ Սյունյաց թագավորության շրջանում նրա կազմի մեջ չի մտել Գեղարքունիքը, բայց, հետևելով Լեոյին, հայտնում է, թե «ավելի ուշ շրջանին պատկանող վկայություններն արդեն հաստատ կերպով ասում են այն մասին, որ Վայոց ձորը (Հայոց ձոր), և ամենայն հավանականությամբ նաև նրա սահմանակից Ճահուկը գրավվեցին Գագիկ I-ի (989-1020 թթ.) կողմից»13։ Միաժամանակ նա հայտնում է, թե իբր XI դարի սկզբներից Սյունյաց թագավորության կազմի մեջ չի մտել նաև Ծղուկ գավառի մի մասը և Աղահեջք գավառը։ Իբր թե դրանք ևս Գագիկ I-ը գրավել ու միացրել է Բագրատունյաց թագավորությանը: Այդ կարծիքը հաստատող նրա փաստարկումները համոզիչ չեն14: Իրականում Բագրատունյաց և Սյունյաց թագավորությունների միջև պատերազմ չի եղել։ Այդ մասին մատենագրական տեղեկություններ գոյություն չունեն: Իսկ բազմավաստակ Մ. Չամչյանը, հավանաբար մեզ անհայտ աղբյուրների հիման վրա, հայտնում է, թե Գագիկ I-ը կռիվներ է մղել Սյունիքի Վայոց ձոր գավառին սահմանակից արևելյան շրջաններում, գրավել մի քանի բերդեր ու հանձնել Սյունյաց թագավորությանը։

Իր աշխարհագրական դիրքով Սյունիքը միշտ էլ հանդիսացել է մի ամուր պատնեշ հարավ-արևելքից դեպի Հայաստան արշավող օտար նվաճողների դեմ, Х-ХII դարերում Սյունյաց թագավորությունը կարևոր դեր է խաղացել նաև կենտրոնական Հայաստանի վրա արշավող Ատրպատականի ու Գանձակի էմիրությունների դեմ մղվող պատերազմների ժամանակ: Ահա, նրա այս չափազանց կարևոր դերի համար էլ Բագրատունյաց թագավոր, ականավոր պետական գործիչ Գագիկ I-ը բարեկամական հարաբերություններ է հաստատել Սյունյաց թագավորության հետ։ Իսկ Սյունյաց Վասակ թագավորը, ընդունելով Գագիկ I-ի գերիշխանությունը, ելնելով երկրի շահերից, սերտորեն կապվել է վերջինիս հետ։ Այդ կապն ամրապնդվել է նաև խնամիական կապերով՝ Գագիկ I-ի կինը, գործունյա թագուհի Կատրամիդեն եղել է Սյունյաց Վասակ թագավորի դուստրը15։ Վարդան պատմիչը հաղորդում է, թե իբր թագուհի Կատրամիդեն եղել է Սյունյաց Սահակ թագավորի դուստրը16, մինչդեռ Սյունիքում Սահակ անունով թագավոր չի եղել:

X դարի վերջերին ու XI դարի սկզբներին հարավ-արևելքից Սյունյաց ու Բագրատունյաց թագավորությունների համար լուրջ վտանգ Էին ներկայացնում թուրքական հորդաները, որոնք ձգտում Էին առաջին հերթին նվաճողական կռիվներ մղել Արցախում գոյություն ունեցող հայկական մանր թագավորությունների դեմ, գրավել նրանց երկրները, ապա ներխուժել կենտրոնական Հայաստան։ Երբ Արցախում մահանում են Սենեքերիմ և Գրիգոր թագավորները, Գանձակի Փատլուն էմիրը որոշում Է գրավել նրանց տիրույթները։ Գանձակի էմիրության առաջխաղացումը վտանգի տակ պետք Է դներ Բագրատունյաց և Սյունյաց թագավորությունների արևելյան սահմանները։ Հաշվի առնելով այդ լուրջ վտանգը, Գագիկ I-ը որոշում Է նախահարձակ լինել ու գրավել Արցախի այդ մանր հայկական թագավորությունները և կանխել  Գանձակի էմիրության առաջխաղացումը:

Հատուկ նախապատրաստությունից հետո, 1003 թ. Բագրատունյաց և Սյունյաց զորքերը շարժվում են դեպի Արցախ, գրավում Խաչեն ու Փառիսոս գավառները և մի քանի այլ բերդեր։ Խաչենն ու Փառիսոսն անցնում են Բագրատունյաց թագավորությանը, իսկ սահմանակից մի քանի բերդեր՝ Սյունյաց թագավորությանը։ Միաժամանակ Գագիկ I-ը ընդմիշտ ճանաչում Է Սյունյաց թագավորության գերիշխանությունը Ծար գավառում։ Այսպիսով, այդ հաղթական արշավանքի հետևանքով ամրացվում են նաև Սյունիքի հյուսիս-արևելյան սահմանները:

Հատկապես հյուսիսային Սյունիքի գավառատեր իշխանները ձգտում էին ամրապնդել իրենց դիրքերը Բագրատունյաց արքունիքում։ Այդ մասին Ա. Լաստիվերտցին հաղորդում է հետևյալը. «Իսկ մի ոմն ի գլխաւոր ազատացն Հայոց Սարգիս անուն՝ եգ շուք անձինն թագաւորել ի վերայ տանն Շիրակայ և որք շուրջ զնովաւ գաւառք. զի զամենայն գանձս գտեալ ի տան թագաւորին Յովհաննիսի՝ յինքն ժողովեաց. վասն զի ի մահուան նորա նա էր հոգաբարձու նմա»17: Գեղարքունյաց իշխան Վեստ Սարգիս Սյունին, բարձր դիրք գրավելով Բագրատունյաց արքունիքում, Գագիկ I-ի մահից հետո փորձում է մեկուսացնել Պահլավունյաց իշխաններին։

Ուշագրավ է այն, որ հայ պատմիչները Վեստ Սարգիս Սյունու մասին երբեմն հակասական տեղեկություններ են հաղորդում։ Մատթեոս Ուռհայեցին որոշակիորեն ցույց է տալիս հայրենիքի նկատմամբ նրա կատարած դավաճանությունը։ «և զկնի մահուանն Յովհաննիսի այր ոմն յիշխանաց տանն Հայոց, - գրում է Մատթեոս Ուռհայեցին, - որ էր այր նենգաւոր, անուն Ազատ Սարգիս հայկազն, ազգ առնէր Հոռոմոց և ի տուր տայր զաշխարհն Հայոց, և զգանձատունն առաջին թագաւորացն Հայոց յափշտակեաց և տարաւ յԱփխազք, բերդամուտ եղեալ, և աւանս բազումս էաո ընդ ձեռամբ իւրով և կամեցաւ թագաւորել ի վերայ Հայոց, զոր ոչ ընդունեցին զնա ազգն Բագրատունեաց, վասն զի հայկազն էր»18: Նույն պատմիչը անդրադառնալով Վեստ Սարգիս Սյունու դավաճանության կոնկրետ փաստերին, հաղորդում է, թե «Յայսմ ժամանակիս սկսաւ անօրէնն Սարգիս յառաջ բերել զչար նենգութիւնն իւր և ազգ արարեալ Մոնոմախին և ասէր, եթէ «Կոչես առ քեզ զԳագիկ ի Կոստանդնուպօլիս սիրոյ պատճառանօք և յայնժամ խաբէութեամբ առցես ի նմանէ զքաղաքն Անի»19: Ապա Վեստ Սարգիս Սյունին դավադրաբար քաջալերում ու ստիպում է Գագիկ II-ին ներկայանալ բյուզանդական կայսրին20:

Իսկ Գագիկ II-ի գահակալության հաստատումից հետո, ինչպես հաղորդում է Արիստակես Լաստիվերտցին, Վեստ Սարգիս Սյունին խռովությամբ փորձում է հափշտակել Բագրատունյաց արքայական գանձերը, բայց հաջողություն չի ունենում21:

Տարօրինակ է այն, որ XII դարի պատմիչ Սամվել Անեցին Վեստ Սարգիս Սյունու շինարարական գործունեության մասին խոսում է գովեստով, գրելով հետևյալը.

«Մեծապատիւ վեստն Սարգիս՝ զկնի բազում շինուածոց բերդից և եկեղեցեաց՝ զհրաշալի վանս զխծկօնս շինեաց. պայծառ պսակաւ զարդարեալ զսուրբ քաւարանն որ ճանաչի անուն սուրբ Սարգիս։ Նաև զԾառաքար վանքն՝ բերդ արարեալ պարսպեալ հաստահեղոյս կրով՝ բրգունս ձուլածոյս։ Յորում և ընդ սրբոյ խորանարդ տաճարին կանգնելոյ յանուն սուրբ Գէորգայ՝ շինէ երկուս այլ յարակիցս գմբեթաւորս՝ զսուրբ Յովհաննէս և զսուրբ Սեքենոս»22: Իսկ Մխիթար Այրիվանեցին, հաղորդելով Վեստ Սարգիս Սյունու շինարարական գործունեության մասին, նրան անվանում է «Վեստ Սարգիս շինող բերդից և վանորէից»23։

Հասկանալի է, որ թե՚ Սամվել Անեցին և թե՛ Մխիթար Այրիվանեցին անտեսել են Վեստ Սարգիս Սյունու դավաճանական քաղաքականության աղետաբեր հետևանքները հայ ժողովրդի համար և նրան գովերգել են եկեղեցաշինարարության համար:

Արու ժառանգ չունենալով, Վասակ թագավորը թագաժառանգ է վերցրել իր փեսա Աշոտ իշխանաց-իշխանի որդիներ Սմբատին ու Գրիգորին, որոնք հաջորդաբար թագավորել են Սյունիքում։ Իշխանաց-իշխան Աշոտի տիրույթը եղել է Ծղուկ գավառը։ Թագաժառանգության ժամանակ՝ 1017 թ. Սմբատը Ծղուկ գավառի Սիսիան գյուղի եկեղեցում թողել Է մի արձանագրություն, որտեղ նշում է, թե ինքը Սյունյաց իշխանաց-իշխան Աշոտի որդին է24։

Սմբատը դաշինք Է կնքել Լոռիի Կյուրիկյան թագավորության հետ։ Երբ 1040 թ. Կյուրիկյան թագավոր Դավիթ Անհողինը կռիվ է մղում Գանձակի էմիրության դեմ, Սյունյաց Սմբատ թագավորը նրան օգնության է ուղարկում մի զորագունդ։

Սմբատից հետո Սյունիքի թագավորական գահին բազմում է նրա եղբայր Գրիգորը (1044-1084)։ Գրիգորն էլ ավելի է ամրապնդում դաշինքը Լոռիի Կյուրիկյան թագավորության հետ։ Երբ 1046 թ. Կյուրիկյան թագավորության սահմաններն է ներխուժում Դվինի Աբուլսվար էմիրի բանակը, իր դաշնակցին օգնելու նպատակով, Գրիգորը Լոռիի թագավոր Դավիթ Անհողինին է ուղարկում 2000 հոգուց կազմված մի զորագունդ, որը, Լոռիի զորագնդերին միացած, ակտիվորեն մասնակցում է մարտերին։ Այդ կռիվներն ավարտվում են Արուլսվար էմիրի զորքերի պարտությամբ։

Աղվանից և Սյունյաց թագավորությունների ամենավտանգավոր թշնամին հանդիսանում էր Գանձակի հզորացող սելջուկյան էմիրությունը։ Վերջինիս դեմ Աղվանից և Սյունյաց թագավորությունների միջև կնքվում է դաշինք։ Այդ դաշինքը, ինչպես հաղորդում է Ստ. Օրբելյանը, դարձյալ ամրապնդվում է նոր խնամիական կապերով25։

Հայաստանում Սյունյաց թագավորության քաղաքական դերը զգալի չափով մեծանում է հատկապես Բագրատունյաց թագավորության անկումից հետո։ Այնուամենայնիվ Սյունյաց թագավորությունն այնպիսի հզորություն չի ունեցել, որ ձգտեր Հայաստանում վերականգնել միասնական հայկական թագավորությունը։

Մատթեոս Ուռհայեցին իր «Ժամանակագրության» մեջ Սյունյաց թագավորության մասին հաղորդում է միայն հետևյալը. «Էին և այլ թագաւորք Հայոց ի Դարբանդ աշխարհին, որ ասի Կապանք, սահմանակից Օզաց և Աղուանից, որք էին թագաւորք անարատք և սրբակրօնք, որք յիշատակին ի սուրբ պատարագն ընդ այլ աստուածասէր սուրբ թագաւորքն, որք էին անուանք այսոքիկ՝ Վաջագան, և Գոշա կտակն՝ նորին որդին, Փիլիպէ որդի Գոշակտակին, Սևադա որդին Փիլիպէի, Սենեքարիմ որդի Սևադայի, Գրիգոր որդի Սենեքարիմայ, որ դեռ ևս կենդանի էր մինչև գրէաք զայս մատենագրութիւնս մեր»26: Այս վկայությունը ցույց է տալիս, որ Մատթեոս Ուռհայեցին աղոտ պատկերացում է ունեցել Սյունյաց թագավորության պատմության մասին։ Նշենք նաև այն, որ Սյունիքում «Վաջագան» և «Գոշակտակ» անուններով թագավորներ չեն եղել: Նրա վկայությունից պարզվում է, որ այդ ժամանակ, քանի որ Հայաստանում մնացել էր միայն Սյունյաց թագավորությունը, հայոց բոլոր եկեղեցիներում ծիսակատարությունների ժամանակ հայերի զորավոր տերեր են հիշել Սյունյաց թագավորներին։

Մինչև սելջուկ-թուրքերի առաջին խոշոր արշավանքը Հայաստան, ինչպես հաղորդում է Ստ. Օրբելյանը, 1046 թ. Ատրպատականի կողմից՝ Արդաբիլից ու Թալիշից թուրքական մի ավազակային զորագունդ ավարառուական նպատակով հանկարծակի ներխուժում է Սյունիք, հասնում Տաթև, սրի քաշում Տաթևի վանքի միաբաններին, հիմնովին թալանում գանձերով հարուստ Տաթևի վանքը և հրկիզում. փորձում են խորտակել վանքի բակում կառուցված խորհրդավոր շարժական սյունը, ավերում են ու հրկիզում նաև վանքի հարակից շենքերը, արհեստանոցները։ Այդ ժամանակ Հովհաննես մետրոպոլիտը Տաթևում չի եղել։ Հետագայում նա Սյունյաց Սմբատ թագավորի ու «գավառակալք» իշխանների օգնությամբ վերականգնում է Տաթևի վանքը և նորմալ հունի մեջ դնում Սյունյաց հոգևոր թեմի գործերը։

Սելջուկ-թուրքերի արշավանքներից համեմատաբար քիչ է տուժել Սյունիքը։ Իրենց առաջին երեք արշավանքների ժամանակ սելջուկ-թուրքերը բուն Սյունիք չմտան։ Այդ բացատրվում Է որոշ չափով Սյունյաց թագավորության ռազմական հզորութամբ։ Սյունյաց Գրիգոր թագավորն իր շուրջն է համախմբում բոլոր գավառատեր իշխաններին ու պատրաստվում դիմադրելու սելջուկ-թուրքերին։

Երբ Ալփասլանը գերազանց ուժերով անցնում է նոր արշավանքի, Սյունյաց Գրիգոր թագավորը, ճիշտ գնահատելով ստեղծված գրությունը, դիմում Է հաջող դիվանագիտության։ Լավ գիտակցելով, որ թշնամու գերազանց ուժերին հնարավոր չէ դիմադրել, հաշտության բանակցության համար նա դիմում է Ալփասլանին։ Կողմերի բանակցությունները վերջանում են նրանով որ Գրիգորը ճանաչում է սելջուկյան սուլթանության ձևական գերիշխանությունը, իսկ Ալփասլանը խոստանում է չմիջամտել Սյունյաց թագավորության ներքին գործերին։ Չնայած դրան, այնուամենայնիվ, սելջուկ-թուրքերը Սյունիքի դաշտային գավառներում ևս հայ իշխանների մի մասից խլել են նրանց տիրույթները։ «Ցայնմ ժամանակի էր բարձրացեալ և զօրացեալ տէրութիւնն Տաճկաց, - հաղորդում է Ստ. Օրբելյանը, - և ամենայն աշխարհ ի ներքոյ հարկի նոցա նուաճեալ կայր, վասն որոյ և յոլով զաւառս շորթեալ հանին ի Սիսական աշխարհէս ի ձեռաց բնիկ տերանցն27։ Բայց հետագայում Սյունյաց Սենեքերիմ թագավորը, ինչպես հաղորդում է, Ստ. Օրբելյանը, դիմում է սելջուկյան սուլթան Մելիքշահին ու սելջուկներից ետ ստանում մի քանի գավառներ28։

XI դարի 2-րդ կեսին Սյունիքում որոշ չափով զարգանում է տնտեսությունը, ծավալվում է շինարարությունը։ Սյունիքի հարավ-արևելյան սահմանի պաշտպանության համար կառուցվում է Զևու բերդը, որը ռազմաստրատեգիական կարևոր նշանակություն է ունեցել ոչ միայն Սյունյաց թագավորության ժամանակաշրջանում, այլ նաև XVIII դարում, հատկապես Դավիթ-Բեկի գլխավորած ազատագրական պատերազմի ժամանակ։ Կառուցվում են մի քանի հոյակապ եկեղեցիներ, ինչպես, օրինակ, Սյունյաց թագուհու նախաձեռնությամբ 1086 թ. կառուցված եկեղեցին՝ Վահանավանքում՝ Բաղքում29։ Սյունյաց հոգևոր թեմի թեմակալ Գրիգոր եպիսկոպոսը (1058-1115) բարձրացնում է Տաթևի վանքի պարիսպները, նրան բերդի տեսք տալիս։

Այս շրջանում Սյունյաց հոգևոր թեմը, Սյունյաց թագավորության հովանավորությամբ, փորձում է չենթարկվել Ամենայն հայոց կաթողիկոսությանը և ձեռք բերել բացարձակ ինքնուրույնություն։ Սյունյաց հոգևոր թեմի դերն այնքան մեծ է եղել, որ նա գործարար կապերի մեջ է մտել նաև Կիլիկիայի հայկական պետության հետ։ Այդ ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոս չէին կարող ձեռնադրել առանց Հայաստանի չորս խոշոր հոգևոր թեմերի համաձայնության, որոնցից մեկը եղել է Սյունյաց հոգևոր թեմը։

Արու ժառանգ չունենալով, Սյունյաց Գրիգոր թագավորը թագաժառանգ է վերցրել իր աներորդի՝ Աղվանից իշխանազուն Սենեքերիմին։ Սենեքերիմը թագավորել է 1084-1103 թթ.: Քանի որ նա եղել է Աղվանից իշխանազուն, դրա հիման վրա ոմանք կարծում են, թե Սյունյաց թագավորությունը ունեցել է երկու դինաստիա, տեղական՝ Սյունյաց նախարարական տոհմի և օտար՝ Աղվանից Սենեքերիմյան։ Նման դինաստիական բաժանումը ձևական է, որովհետև Սյունյաց բոլոր թագակիրներն էլ արյունակցական կապերով կապված են եղել Սյունյաց նախարարական տոհմի հետ։

Ստ. Օրբելյանը Սյունյաց Սենեքերիմ թագավորին անվանում է «առույգ, հանճարեղ և իմաստուն»30 այր, գրելով, թե «...յոյժ երևելի փառօք թագաւորեաց ի տան Բաղաց, ընդարձակեաց զամենայն սահմանս տէրութեան իւրոյ, և բազում ամօք վարեաց զթագաւորութիւնն քաղցր և խաղաղական կենօք...»31։

Սելջուկ-թուրքերի գերիշխանությունը Սյունիքում եղել է ձևական նաև Մելիքշահի (1072-1092) գահակալության ժամանակ։ Սենեքերիմը, գահ բարձրանալուց անմիջապես հետո, գնում է Մելիքշահի նստավայրը, ընդունում նրա գերիշխանությունը, Սյունիքի ներքին ինքնուրույնությունը պահպանելու պայմանով, և, ինչպես տեսանք, սելջուկ-թուրքերից ետ ստանում Սյունիքից զավթված մի քանի գավառամասեր։ Սենեքերիմը միայն որոշ գումարի հարկ է տալիս Ատրպատականի, Աղվանքի և Հայաստանի միացյալ սելջուկյան կուսակալ Իսմայիլ-իբն-Ակութին։ Այդ կուսակալության կենտրոնը եղել է Գանձակը։ Իր գահակալության ընթացքում Սենեքերիմը եռանդուն կերպով ամրացնում է Կապանը։ Օգտվելով սելջուկյան սուլթանության ներքին պայքարից, Սյունյաց Սենեքերիմ թագավորը վերջնականապես ամրանում է Ծար, Վայկունիք ու Վերին Խաչեն գավառներում և ձգտում իր իշխանությունը հաստատել Արցախում և իբրև հայրենական ժառանգություն, նա գրավում է Արցախի մի մասը։

Հ. Մանանդյանը նշում է, թե «Սելջուկյան աշխարհակալ պետության քայքայման պատճառով հետզհետե ուշքի եկան նաև բուն Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանները (Սյունիքը), որոնք համեմատաբար քիչ էին տուժել սելջուկյան հարձակումներից»32։

XI դարի վերջերին Գանձակի սելջուկյան կուսակալությունը ևս, սուլթանությունից անկախանալով, ձգտում է նոր նվաճումներ կատարել ի հաշիվ հարևանների։ Գանձակի սելջուկյան Էմիր Փատլունը անխոնջ կերպով նախապատրաստվում է էմիրության սահմաններն ընդարձակել արևմուտքում։ Նրան այդ բանում խոչընդոտ էր հանդիսանում Սյունյաց թագավորությունը: Այդ պատճառով էլ Փատլունը առաջին հերթին պատերազմ է սկսում Սյունյաց թագավորության դեմ։ Սելջուկյան զորքերը 1094 թ. մտնում են Բաղաց աշխարհ և պաշարում Կապանը։ Կապանի պաշտպանությունը գլխավորում է Սենեքերիմը։ Իսկ Բաղքի բնակչությունը  անտառապատ լեռնապաշտպանությունը գլխավորում է Սենեքերիմը։ Իսկ Բաղքի բնակչությունը անտառապատ լեռներում թիկունքից իր հերթին հարվածում է թշնամուն: Թշնամին թողնում է Կապանի պաշարումն ու դիմում նահանջի։ Ապա Փատլունը ճարպկորեն օգտագործում է հայկական ֆեոդալական տոհմերի միջև եղած հակասությունները։ Նա Սյունյաց թագավորության դեմ է հանում Պահլավունի իշխաններին։ Գրիգոր Մագիստրոսի որդի Վասակ Պահլավունին դառնում է Փատլունի կամակատարը։ Վերջինս որոշում է Վասակ Պահլավունու դավադրությամբ ասպարեզից վերացնել Սյունյաց թագավոր Սենեքերիմին։ Հաշտության անվան տակ նա մի զորագնդով Սենեքերիմի մոտ է ուղարկում Վասակ Պահլավունուն։ Տեղի ունեցած «բանակցության» ժամանակ տմարդի Վասակ Պահլավունին սպանում է Սենեքերիմին։ Որոշ աղբյուրներ հաղորդում են, թե իբր այդ դավադրությունը չկազմակերպելու դեպքում Փատլունը սպառնացել է գլխատել Վասակ Պահլավունին: Թե Վարդան պատմիչը և թե՛ Մխիթար Այրիվանեցին այս եղեռնագործությունը նկարագրում են նույն ձևով, բայց Վարդան պատմիչի մոտ վրիպակ պետք է համարել այն, երբ Սենեքերիմի սպանությունը դնում է 1074 կամ 1094 թթ33։ Իրականում Սենեքերիմի սպանությունը տեղի է ունեցել 1103 թ.։ Հայտնի է, որ նա Սյունյաց գահը գրավել է 1084 թ., իսկ Ստ. Օրբելյանը հաղորդում է, թե նա «բազում ամօք վարեաց զթագաւորութիւնն»34։

Ոմանք կարծում են թե Սենեքերիմի սպանությունը կազմակերպել է Շիրակի իշխան Գրիգոր Ապիրատը, որ ճիշտ համարել չի կարելի։ Այդ տեսակետի կողմնակիցները հիմնվում են Ստ. Օրբելյանի հետևյալ վկայության վրա. «Սակս որոյ խանդացեալ անիծեալ Իսմայէլականացն ընդ գեղեցիկ և ամուր թագաւորութիւնս Բաղաց, զոր խոչ մեծ համարէին ինքեանց, ելեալ ամիրայն Պարտաւայ և Ռանայ և Գանձակայ՝ բազում զօրօք գայ ի պատերազմ ընդ Սենէքերիմայ, ընդ որում էր Շիրակայ իշխանն Գրիգոր Ապիրատեան։ Իմացեալ զայն Սենէքերիմայ՝ ամրացոյց զամենայն աշխարհն յանառիկ ամուրս, և եկեալ ապա անիծեալ ամիրային և տեսեալ, զի անհնարին էր ի մարդկանէ՝ յուղարկէ զԳրիգոր իշխանն Անեցի, որ պատճառաւ ինչ կայր առ նմա-առ Սենեքերիմ արքայն և ասէ, «երդմամբ հաւանեցո զնա գալ առ իս և առնեմք ընդ միմեանս սէր և մեծամեծ պարգևօք արձակեմ զնա, ապա թէ ոչ հաւանեցուցանես՝ և զքոյդ գլուխ աստէն հատանեմ»։ Գնացեալ ապա Գրիգորին այն զչար ճանապարհն և մտեալ առ Սենեքերիմ՝ մեծամեծ երդմամբ հաւանեցուցանէ զնա դալ առ ամիրայն, որք և եկինն ի միասին։ Իսկ տեսեալ զնա չարաթոյն գազանին՝ ստեաց ուխտին, և յարձակեալ մռմոանօք ի վերայ՝ եսպան զթագաւորն, և ինքն անց գնաց յաշխարհն իւր»35: Այստեղ Ստ. Օրբելյանը, կատարված անցքերը մանրամասնությամբ նկարագրելով, թյուրիմացաբար, Սենեքերիմի սպանությունը, Վասակ Պահլավունու փոխարեն, վերագրում Է Գրիգոր Ապիրատին։ Գուցե Գանձակի էմիրության զորքերի հետ Սյունյաց թագավորության դեմ մղվող պատերազմին մասնակցել Է նաև ոմն Գրիգոր Ապիրատ հայ իշխան։ Բայց ավելի հավանական Է, որ Վասակ Պահլավունուն, հոր անունով, կոչել են նաև Գրիգոր և նա կարող Էր կալվածքներ ունենալ նաև Շիրակում ու ապրել Անիում, որի համար Էլ նրան անվանել են նաև իշխան Շիրակի և Անեցի։

Սենեքերիմին հաջորդում Է նրա ավագ որդի Գրիգորը (1103-1166)։ Վերջինիս գահակալության սկիզբը անորոշ է, Ղ. Ալիշանը համարում Է XII դարի առաջին տասնամյակը և նրա գահակալության սկիզբը դնում Է «11...» թ.։ Քանի որ Սենեքերիմի սպանությունը եղել Է 1103 թ., Ղ. Ալիշանի «11…»-ին ավելացնում ենք «03» և ստացվում Է 1103 թվականը:

Ծանոթագրություններ

1. Հովհ. Դրասխանակերտցի, Պատմություն Հայոց, Թիֆլիս, 1912, Էջ 17։

2. Ս. Պողոսյանը Սյունյաց թագավորության հիմնումը «Հայ ժողովրդի պատմություն» գրքում (հատ, II , 1965, Էջ 54) գնում Է 973 թ., գրելով, թե «Սյունյաց գահերից իշխան Սմբատը 973 թ. Սյունիքը անջատեց Բագրատունիների թագավորությունից, Խորասանի արաբական էմիրից թագ ստացավ և իրեն հայտարարեց թագավոր (973-998)»։ Իսկ գրքի վերջում գրված «Կարևորագույն դեպքերի ժամանակագրություն»-ում Սյունյաց թագավորության հիմնումը նշված է 968-970 թթ.։ «Очерки истории СССР»-ի առաջին մասում Սյունյաց թագավորության հիմնադիրը թյուրիմացաբար համարված է Վասակ Սյունյաց իշխանը։

3. Ստ. Օրբելյան, Պատմութիւն տանն Սիսական, Մոսկվա, 1861, էջ 220։

4. Ստ. Տարոնացի, Պատմութիւն տիեզերական, Փարիզ, 1859, էջ 244։

5. Մաշտոցի անվան մատենադարան, ձեռագիր № 2407, էջ 278: Տե՛ս նաև Ստ. Օրբելյան, Ողբ ի ս. Կաթուղիկէն, Թիֆլիս, 1885, էջ 37։

6. Տե՛ս Ստ. Օրբելյան, Պատմութիւն տանն Սիսական, Էջ 213:

7. Նույն տեղում, էջ 220-221։

8. Տե՛ս նույն տեղում, էջ 220։

9. Նույն տեղում, էջ 223-224։

10. Տե՚ս Կ. Կոստանյան, Վիմական տարեգիր, Պետերբուրգ, 1913, էջ 23:

11. Տե՛ս Լեո, Հայոց պատմություն, հատ. II , Երևան, 1947, Էջ 625։

12. Ստ. Տարոնացի, Պատմութիւն տիեզերական, Էջ 247։

13. Թ. Հակոբյան, Սյունիքի թագավորության տերիտորիան, «Երևանի պետական համալսարանի Գիտ. աշխատություններ», հատ. 47, Երևան, 1955, էջ 140։

14. Տե՛ս նույն տեղում, էջ 145-146։

15. Տե՛ս Ստ. Օրբելյան, Պատմութիւն տանն Սիսական, էջ 219։

16. Տե՛ս Վարդան Բարձրբերդցի, Պատմութիւն տիեզերական, Մոսկվա, 1861, էջ 123:

17. Արիստակես Լաստիվերտցի, Պատմութիւն, Վենետիկ, 1844, Էջ 37։

18. Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1898, Էջ 84։

19. Նույն տեղում, Էջ 93։

20. Տե՛ս նույն տեղում, Էջ 94։

21. Արիստակես Լաստիվերտցի, Պատմութիւն, Էջ 37-38։

22. Սամվել Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893, էջ 106։

23. Տե՛ս Մխիթար Այրիվանեցի, Պատմութիւն Հայոց, Մոսկվա, 1860, էջ 58։

24. Ղ. Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, Էջ 214։

25. Տե՛ս Ստ. Օրբելյան, Պատմութիւն տանն Սիսական, էջ 233։

26. Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, էջ 231,

27. Ստ. Օրբելյան, Պատմութիւն տանն Սիսական, էջ 234։

28. Տե՛ս նույն տեղում, էջ 234։

29. Տե՛ս նույն տեղում, էջ 176, տե՛ս նաև Ղ. Ալիշան, Սիսական, էջ 296։

30. Տե՛ս Ստ. 0րբելյան, Պատմութիւն տանն Սիսական, էջ 233:

31. Տե՛ս նույն տեղում, էջ 234։

32. Հ. Մանանդյան, Հայաստանի պատմությունը թուրք-թաթարական արշավանքների

շրջանում, Երևան, 1922, էջ 47։

33. Տե՛ս Վարդան Բարձրբերդցի, Պատմութիւն տիեզերական, էջ 137։

34. Ստ. Օրբելյան, Պատմութիւն տանն Սիսական, էջ 234։

35. Ստ. Օրբելյան, նույն տեղում, էջ 234-235։

Տ. Մ. Սահակյան

«Պատմաբանասիրական հանդես», 1966, № 3

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16