Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

31.12.2025 15:14
611

Սիրելի հավատացյա՛լ եղբայրներ և քույրեր

Անցնող տարին մեզնից շատերին պահեց որոնման ճանապարհներին՝ երբեմն տեսանելի, երբեմն՝ չերևացող։ Այն լի էր անհանգիստ առավոտներով, ծանր լուրերով, երկար սպասումներով ու լռություններով, որոնց մեջ մենք սովորեցինք կարդալ ոչ միայն տեղի ունեցողը, այլև այն սպասվողը, որը սպառնում էր խլել մեր հոգևոր զգոնությունը։ Շարժման մեջ էին մարդիկ, գաղափարները, նաև Եկեղեցին՝ մեր ազգային և հանրային կյանքում իր դերով ու առաքելությամբ։ Այս շարժման մեջ, սակայն, առավել սուր դարձավ մի հարց՝ արդյոք պահպանվում է այն ներքին հենքը, որի վրա կանգուն են մեր հավատքն ու ինքնությունը։

Այս ճանապարհի վրա ավելի հստակ դարձավ նաև, որ փորձության մեջ է հայտնվել ոչ միայն հայ մարդը, այլև այն ամբողջ կենսաշխարհը, որի մեջ նա սովորել է ապրել, հավատալ և տարբերել բարին չարից։ Երբ այդ միջավայրը խաթարվում է, և ավանդաբար կուտակված իմաստներն ու վարքի մոդելները ներկայացվում են որպես խոչընդոտ կամ անցյալի մնացորդ, մարդը մնում է միայնակ իր ընտրությունների առջև։ Եվ հենց այս հոգևոր խաթարման կետում է, որ Ամանորի ու Սուրբ Ծննդյան խորհուրդը բացվում է իր ամբողջ խորությամբ։ Այս օրերին, երբ ժամանակը կարծես կանգ է առնում հավիտենականի առջև, մենք դարձյալ հիշում ենք, որ իրական նորոգությունը ծնվում է ոչ թե օրացույցի էջերի փոփոխությունից, այլ մարդու սրտի դարձից դեպի Աստված։

Սուրբ Ծնունդը հույսի, խոնարհության և ճշմարիտ լույսի հայտնության տոնն է։ Այն մեզ կոչ է անում ամուր մնալ ճշմարտության մեջ, անգամ երբ այդ ճշմարտությունը փորձության է ենթարկվում կամ մերժվում։ Այս լույսը չի մարում նույնիսկ այն ժամանակ, երբ շուրջը խավարն է փորձում խոսել բարձրաձայն և իրեն ներկայացնել որպես միակ իրականություն։

Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ մեր զավակները հաստատուն մնան իրենց հավատարմության մեջ դեպի Սուրբ Եկեղեցու ավանդներն ու արժեքները՝ որպես հոգևոր պահպանողական հակակշիռ այն բնական վտանգին, որ առաջանում է իմաստների քայքայման պայմաններում։ Եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր տունը, ինքնության ամրոցը և խղճի ձայնը։ Եվ ինչպես պատմության ընթացքում բազմիցս, այնպես էլ այսօր կան պահեր, երբ այդ ձայնը փորձում են լռեցնել կամ աղավաղել տարբեր ճանապարհներով։ Սակայն ճշմարտությունը չի չափվում պահի շահերով, այլ հավիտենական չափանիշով։

Ցավով պետք է խոստովանենք նաև, որ փորձությունները գալիս են ոչ միայն դրսից։ Երբեմն մարդկային թուլությունն ու անկատարությունը դրսևորվում են նաև այնտեղ, որտեղ առավել ակնկալվում էին հավատարմությունն ու ծառայությունը։ Սակայն Եկեղեցին չի նույնացվում անձերի տկարությունների հետ․ նա ապրում է Քրիստոսի խոստումով և հավատավոր ժողովրդի համբերատար ու հավատարիմ վկայությամբ։

Ուստի այս սուրբ օրերին ձեզ կոչ եմ անում՝ մի՛ տկարացրեք ձեր հավատը, մի՛ թողեք, որ հիասթափությունը, վախը կամ խառնաշփոթը խլեն ձեր հոգևոր զգոնությունը։ Մնացե՛ք աղոթքի մեջ, ապրե՛ք եկեղեցական կյանքով, սիրե՛ք ճշմարտությունը և միավորվե՛ք սիրո ու պատասխանատվության մեջ հանուն մեր Սուրբ Եկեղեցու և մեր ժողովրդի հոգևոր ապագայի։

Թող նոր տարին յուրաքանչյուրիդ համար լինի սրտի խաղաղության, մտքի պայծառության և հավատքի զորացման տարի։ Թող Աստված օրհնի մեր ընտանիքները, բժշկի վիրավոր հոգիները, զորացնի դժվարության մեջ գտնվողներին և առաջնորդի մեր ժողովրդին դեպի իմաստուն ընտրություն ու ներքին միասնություն։ Թող Սուրբ Ծննդյան աստվածային լույսը լուսավորի մեր ճանապարհները, զորացնի մեզ փորձությունների մեջ և առաջնորդի դեպի այն միասնությունը, որը ոչ ոք չի կարող խախտել։

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ։

Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի։

Աղոթքով և օրհնությամբ՝

Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ

տեր Մակար եպիսկոպոս Հակոբյան

Սյունյաց թեմ / Diocese of Syunik

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22