Տասնամյակներ հետո դռները բացեց Մեղրու սուրբ Հովհաննես եկեղեցին (Անապաստանաց վանք)

30.07.2019 17:28
2926

Հուլիսի 27-ին Մեղրին ունեցավ մի գործող եկեղեցի եւս: Քայքայված վիճակից վեր հառնեց եւս մեկ պատմական հուշարձան` Սուրբ Հովհաննես եկեղեցին կամ Անապաստանաց վանքը: 

2015 թվականից «Երկիր եւ մշակույթ» համազգային կազմակերպության նախաձեռնությամբ սկսվել էր եկեղեցու վերականգնումը, նախ կատարվել էին հնագիտական ուսումնասիրություններ, իրականացվել պեղումներ: 

Վերականգնման աշխատանքներին մասնակցել են ինչպես մեղրեցիներից կազմված բանվորական ջոկատը, այնպես եւ կամավորներ՝ Հայաստանից եւ արտասահմանից: 

Այսօր արդեն վանքը վերականգնված է, տարածքը՝ բարեկարգված: 

Վանքի վերականգնման շինաշխատանքների ղեկավարը եւ պատասխանատուն Արշավիր Հովհաննիսյանն է, տեխնիկական հսկիչը՝ Սամվել Ավետիսյանը:

Հիշարժան արարողությանը մասնակցում էին Սյունյաց թեմի եկեղեցական դասը՝ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի գլխավորությամբ, «Երկիր եւ մշակույթ» համազգային կազմակերպության նախագահ Գեղամ Գեւոնյանը, ամերիկահայ գործարարներ Հայկ եւ Հիլդա Մանջիկյանները,  գիտաշխատողներ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտից, վանքի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը, հնագետներ, շինարարներ, մեղրեցիներ եւ հյուրեր: 

Տեւական ընդմիջումից հետո տաճարի կամարների ներքո հնչեց տերունական աղոթքը, մատուցվեց սուրբ պատարագ: 

Եկեղեցու վերաբացման առիթով օրհնանքի խոսքում տեր Մակար վարդապետ Հակոբյանն անդրադարձ կատարեց Մեղրու վանքի՝ տարածաշրջանի կյանքում կատարած դերին, մասնավորապես նշելով. «Վանքի անունը ժողովուրդն անվանել է Անապաստանաց, այսինքն՝ անապահով մարդկանց բերել է իր օթեւանի տակ, պահել-պահպանել է եւ մտցրել առողջ կյանք»: 

Սուրբ Հովհաննես եկեղեցու վերաօծման առթիվ Ամենայն հայոց վեհափառի՝  Տեր տեր Գարեգին երկրորդ կաթողիկոսի օրհնության գիրը հրապարակեց Արարատ եպիսկոպոս Գալթակչյանը՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնից:

Սուրբ Հովհաննես (Անապաստանաց) վանքը բավականին խոշոր է եղել, ինչը  երեւում է  Տաթեւի վանքին հարկատու գյուղերի ցանկից, ըստ որի Մեղրիի վանքը վճարում էր 20 միավոր հարկ: Այդ մասին հիշատակում է Սյունյաց տան պատմիչ  Ստեփանոս Օրբելյանը «Պատմութիւն  նահանգին Սիսական» աշխատության մեջ: 

Վանքի մասին տեղեկություններ են հաղորդում 18-րդ դարի կաթողիկոս Աբրահամ Կրետացին, ինչպես նաեւ Ղեւոնդ Ալիշանն իր «Սիսական» աշխատության մեջ: 

Ուշագրավ է, որ եկեղեցու սրահին առանձին գրավչություն են հաղորդում որմնանկարները, որոնք ավելի հին են, քան Մեղրու Մեծ եւ Փոքր թաղերի եկեղեցիների որմնանկարների մեծ մասը: Կատարվել են այդ որմնանկարների մասնակի նորոգումներ, որ իրականացրել է Ֆրանսիայից հրավիրված մասնագետը:

Վերաօծման արարողությունից հետո զրույց ունեցանք վանքին երկրորդ կյանք պարգեւած մարդկանց հետ: 

Հնագիտական արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանը նշում է, որ պեղումների ընթացքում բացվեցին ոչ միայն եկեղեցու եւ գավիթ-նախասրահի, այլեւ մի շարք տնտեսական ու արհեստավորական սենյակների հիմքեր: Ամենահարուստ հնագիտական նյութը գտնվեց եկեղեցու հարավային ավանդատան տակ բացված գաղտնարանում, որտեղ հայտնաբերվեց սրբապատկերով կտավ, ձեռագիր մատյանների, տպագիր գրքերի էջերի պատառիկներ, մետաղական բազմաթիվ առարկաներ, ջահերի, մոմակալ-աշտանակների մասեր, նաեւ խաչքարի բեկորներ: Իսկ ընդհանրապես վանքի պեղումներից հայտնաբերված ամենատարածված նյութը խեցեղենն է,  որ երկու մասի կարելի է բաժանել՝ ջնարակված եւ անջնարակ՝ հիմնականում կապույտ եւ սպիտակ գույներով: Խեցեղեն առարկաների  մեջ կան բազմազան կարիքների համար նախատեսված անոթների գրեթե բոլոր տիպերը՝ սկսած փոքր աղամաններից մինչեւ հսկա կարասները, որոնք թվագրվում են 12-րդ  դարից մինչեւ 18-րդ դարը:

Բոլոր հնագիտական իրերը վերականգնվել են, հատուկ նյութերով մշակվել, բերվել թանգարանային տեսքի. բայց  խնդիրն այն է, որ Մեղրին չունի երկրագիտական թանգարան: «Երկիր եւ մշակույթ» կազմակերպությունը գնել է վանքին հարակից շենքը, մի խոսքով՝ խնդիրը տակավին լուծման փուլում է, որում իրենց խոսքը պիտի ասեն համայնքային իշխանությունները: 

Ստեփան Նալբանդյանը «Սյունյաց երկրին» փոխանցեց, որ վանքը վերականգնել են այն տեսքով, ինչ պիտի լիներ, միայն որպես տանիքի ծածկանյութ օգտագործել են պղնձե թիթեղներ, որ ե՛ւ թեթեւ է, ե՛ւ ջրաթափանցման կանխման խնդիր է լուծում: «Ինչ վերաբերում է եկեղեցուն, ամեն ինչ արված է, բայց տարածքում ուսումնասիրման աշխատանքները շարունակվելու են, մեր հնագետները դեռ 20 օր մնալու են, պեղումները դեռ պիտի շարունակվեն: Պիտի փորձենք հնարավորինս մաքրել, կոնսերվացնել այդ հնագիտական տարածքը», -տեղեկացրեց Ստեփան Նալբանդյանը:

Վահրամ Օրբելյան

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08