Տաթեւը` արտագաղթի, աղքատության եւ գործազրկության օրհասի մեջ

16.11.2014 12:00
3765

Գորիսի տարածաշրջանի Տաթեւ գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, նշանավոր է Տաթեւի վանական համալիրով: Ծովի մակերեւույթից բարձր է 1610 մետր: Հեռավորությունը մարզկենտրոնից 60կմ է, իսկ Գորիս քաղաքից` 36կմ: Համայնքի վարչական տարածքը 6573 հա է: 2004թ. Տաթեւ գյուղի բնակչությունը կազմել է 1025 մարդ, այժմ` 852 մարդ:

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի, ծխախոտի եւ կերային կուլտուրաների մշակությամբ: Գյուղատնտեսությամբ զբաղվում է 216 գյուղացիական տնտեսություն: Համայնքի 240 տնային տնտեսությունից 190-ը զբաղվում է անասնապահությամբ: Վերջին 3-4 տարում գյուղում արձանագրվել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի աճ 15-20%-ի չափով: Անասնագլխաքանակը 2014թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է` խոշոր եղջերավոր անասուն` 450 գլուխ, մանր եղջերավոր անասուն` 500 գլուխ, խոզ` 62 գլուխ, մեղվաընտանիք` 600:

Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 5216հա, որից վարելահող` 408հա, խոտհարք` 280հա, արոտ` 2296հա, այլ հողատեսքեր` 2232հա: Վարելահողերից ջրովի է 70հա, ներկայումս մշակվում է 200հա:

Գյուղում զբաղվում են մի ամբողջ շարք ավանդական աշխատանքներով` բուրդ են գզում ու իլիկով թել մանում, թոնրում լավաշ են թխում կամ հատուկ սարքերով օղի թորում: Գարնանից մինչեւ աշուն մեղուների համար սնման հիմնական աղբյուրն ալպիական ծաղիկներն են, ինչի արդյունքը Տաթեւի հայտնի մեղրն է:

Գյուղում եւ մերձակայքում հավաքում են վայրի խոտաբույսեր, ապա չորացնում եւ օգտագործում բժշկական նպատակներով: Ըմպելիքները բազմազան են` սկսած թանից մինչեւ թարմ ուրցով պատրաստված թեյը, Սատանայի կամրջի հանքային ջուրը, տարբեր մրգերից եւ հատապտուղներից պատրաստված թարմ հյութերն ու տնական խմիչքը:

Տաթեւն ունի Հայրենական մեծ պատերազմի հերոս, տաթեւացի Սուրեն Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց` 80 աշակերտով: Դպրոցում դասավանդող 22 ուսուցչից 18-ն ունի բարձրագույն կրթություն:

Տաթեւում կան երեք մթերային խանութ, մշակույթի չգործող (գրեթե ավերված ու աղբանոցի վերածված) տուն, բուժամբուլատորիա` 5 մասնագետ բժիշկ-բուժքույրերով, վանական համալիրում գործող հուշանվերների խանութ, գյուղացիների ուժերով սեփական առանձնատներում բացված տասը հյուրատուն:

Համայնքը գազիֆիկացված չէ, ունի խմելու ջրի մշտական եւ անվտանգ ապահովման, աղբահանության խնդիրներ:

Համայնքն ունի մարզկենտրոնին եւ Գորիս քաղաքին միացնող ճանապարհներ:

Ունի ներքին ավտոմատ հեռախոսային կայան 140 համար հզորությամբ, որ ներառում է նաեւ Սվարանց, Տանձատափ գյուղերը:

Համայնքը հնարավորություն ունի դիտել միայն երկու հեռուստաալիք:

Առկա է կաբելային ինտերնետ կապ, որի ծառայությունից օգտվում է 30 շահառու:

Գյուղից օրական երկու ավտոբուս մեկնում է Գորիս, իսկ շաբաթական երկու անգամ` Կապան:

Համայնքում գործում է փոստատունը:

««Տաթեւը» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2009թ. հունիսի 26-ի N848-Ն որոշմամբ «Տաթեւ» վանական համալիրը եւ հարակից Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթեւ, Սվարանց, Տանձատափ, Աղվանի եւ Բարձրավան գյուղական համայնքները հայտարարվել են զբոսաշրջային կենտրոն: Նույն որոշմամբ հաստատվել են «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները եւ գերակա խնդիրները:

2010թ. հոկտեմբերի 16-ին հանդիսավորությամբ բացվեց աշխարհի ամենաերկար «Տաթեւի թեւեր» ճոպանուղին, որի երկարությունը 5.7կմ է:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի 2010թ. փետրվարի որոշմամբ, Տաթեւում զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման նպատակով, վերականգնվելու են Տաթեւի վանական համալիրը, համալիրի տարածքի դպրատունը, Հարանց մեծ անապատը, իսկ զբոսաշրջային կենտրոնում հիմնվելու է գիտակրթական համալիր:

Տաթեւ գյուղի մասին վերը նշված տվյալները մեկ անգամ եւս թարմացնելով ու ընթերցելով, թվում է, գյուղը ոչնչով լավ կամ վատ չէ մեր մյուս համայնքներից: Ավելին, նույնիսկ շատ հարցերով առաջ է առանձին գյուղական համայնքներից, իսկ որոշ դեպքերում` ուղղակի շատ հետ է մնացել:

Մի խոսքով, Տաթեւ համայնքը, որ հայտնի է իր վանական համալիրով, այժմ էլ` զբոսաշրջության կենտրոն հանդիսանալով, կարելի է ասել, մի սովորական, հոգսաշատ, իր խնդիրներով այժմեական, հիմնականում հոգեվարք ապրող գյուղերին չզիջող համայնք է:

Մինչդեռ թվում էր` Տաթեւն այլ պետք է լիներ. մի գյուղ, որտեղ տարեկան հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում, հաճախ օթեւանում այդտեղ, սնվում եւ հանգստանում: Պարզվում է` գյուղը պատրաստ չէր զբոսաշրջիկներ ընդունելուն, զբոսաշրջության կենտրոն դառնալուն: Ավելին, գյուղն օրեցօր հետընթաց է ապրում, եւ նրան ոչնչով չեն կարող փրկել ոչ Գինեսի ռեկորդակիր հանդիսացող «Տաթեւի թեւեր» ճոպանուղին, ոչ էլ բացառիկ վանական համալիրը:

Սկսենք Տաթեւ մտնող ճանապարհից:

Այդ ճանապարհը` Գորիս-Տաթեւ մայրուղին, տասնամյակներ շարունակ ծառայել է բնակչությանը, մինչդեռ այսօր, որ դարձյալ խիստ գործածական է, կարելի է ասել, պիտանելիությունից դուրս է եկել, վերածվել քարուքանդ, ջրափոսերով լեցուն, անդունդների վրա կախված արահետների: Եվ այդ գողգոթան ձգվում է Սատանայի կամրջից մինչեւ Տաթեւ: Մինչդեռ Գորիս-Տաթեւ ճանապարհը պետք է առանձնահատուկ բարեհարմար լիներ, գրեթե` միջազգային նշանակության, եթե այն տանում է դեպի զբոսաշրջության կենտրոն, աշխարհում բացառիկ ճոպանուղի, դեպի պատմական վանական համալիր:

Մտնելով գյուղ, պարզվում է` Տաթեւ համայնքի հիմնախնդիրը սոսկ իր վթարային, քարուքանդ ճանապարհով չի ավարտվում: Այստեղ, առաջին իսկ պահից, գլխիդ են թափվում տաթեւացիների հոգսերն ու չափազանց լուրջ մտահոգությունները:

Համայնքի գյուղապետը, ցավոք, տեղում չէր, եւ մենք բավարարվեցինք գյուղի տարեցների, հասարակ տաթեւացիների, հին ու նոր մանկավարժների, գյուղապետարանի քարտուղարի եւ գանձապահի հետ զրուցելով:

Մեկը մյուսից կարեւոր մտահոգություններ, որ չգիտես էլ` որն առաջնահերթես, որին անդրադառնաս:

Նախ` հենց գյուղապետարանի շենքի մոտ մեզ դիմավորեց 18-րդ դարասկզբի Սյունիքի ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Դավիթ Բեկի արձանը, որը, թող ներվի ասել, ասես մահարձան լիներ. քանդակագործի երեւակայության թռիչքն էր գուցե պակասում, գուցե զորավարի իրական ոգին ու շունչը չկային, ինչպես ասացին տաթեւացիները: Ասես արձանն այստեղ պատահական հայտնվել էր ինչ-որ մեկի կամքով եւ դրանից հետո չգիտեր` ու՞ր գնալ:

Ոչ պակաս վիճելի են արձանի պատվանդանի արձանագրությունները` գրված քանդակագործ Արմո Առաքելյանի կողմից:

Բայց դա, իհարկե, հարցերի հարցը չէ, թեեւ մեծ զորավարի կերպարն աղավաղող այդ հուշարձանի հետագա գոյության նպատակահարմարությունն արժեր քննարկել:

Շենքի աջ թեւում կառուցապատման, շինարարական աշխատանքներ էին կատարվում: Ուրախալի փաստ էր, մոտեցանք. տաթեւացի Նորիկ Գրիգորյանն իր միջոցներով առանձնատուն-հյուրատան կից նոր հյուրատուն էր կառուցում` իր նախկին գոմի հիմքի վրա: Ինչ կարող ես անել. մի կողմից նոր հյուրատան կառուցման երեւույթը լավ է, մյուս կողմից էլ` գոմի հաշվին…Ինչ ուզում եք ասել, ես մնում եմ իմ կարծիքին. գյուղում ապրող բնակիչը չպետք է վերացնի իր անասունները, իր գոմը` միայն նրա համար, որ ֆրանսիացին կամ ամերիկացին պիտի գան եւ մի տասը դոլար տան մեկ գիշեր օթեւանելու համար:

Գուցե Նորիկը մեկ այլ տեղ անասնագոմ էլ ունի, չգիտեմ, բայց կոնկրետ նրա առանձնատան կողքին դրա հետքերը չերեւացին: Թող սխալված լինեմ, եւ սա էլ համարենք ընդհանուր դատողություն:

Տաթեւացին չպետք է իր տնտեսությունը զոհաբերի եւ սպասի, թե երբ է իր հյուրատանը հայտնվելու ցանկալի զբոսաշրջիկը:

Բարի, թող հյուրատներ էլ լինեն, թող կառուցեն, բարեհարմար դարձնեն մեկ-երկու սենյակ, բայց` ոչ իրենց տնտեսությունը վերացնելու գնով:

Ցավոք, պետության խոստումները` հյուրատներ կառուցելու համար գյուղացուն օգնելու մասին, այդպես էլ չիրականացան: Դրա փոխարեն հայտնվեցին ինչ-որ վարկային ծրագրեր` ոչ բոլորին հասանելի եւ ոչ ցածր տոկոսադրույքով:

Նորիկ Գրիգորյանին բարի կառուցում մաղթենք եւ բացենք գյուղապետարանի դուռը:

Քարտուղարն ու գանձապահն ընդառաջ եկան, պատրաստակամ, լավ աղջիկներ էին, համայնքի զարգացման մասին բոլոր փաստաթղթերը տրամադրեցին, պատասխանեցին մեզ հետաքրքրող հարցերին:

Գյուղում ճոպանուղու կառուցումը հրաշալի, միջազգային նշանակության երեւույթ է, դա բոլորս գիտենք: Բայց որքանո՞վ է այդ իրողությունը նպաստում գյուղի զարգացմանը կամ զարկ տալիս նրան: Տաթեւացու սպասելիքներն այս հարցում եւս ի դերեւ ելան, եւ դա առաջինը երեւում է մեծաչափ արտագաղթով, դպրոցում օրեցօր պակասող աշակերտներով, փակվող դռներով եւ վաճառքի հանված տներով:

Ճոպանուղու կառուցումից հետո ինչո՞ւ այդպես հանկարծակի փակվեցին եւ վաճառքի հանվեցին շատ տաթեւացիների տներ: Առաջին տրամաբանությամբ` տաթեւացիները ճոպանուղու կառուցումից հետո միամտաբար խաբվելով, թե` ահա-ահա Տաթեւը կդառնա աշխարհի կենտրոնը, եւ ճոպանուղու առկայությամբ` աներեւակայելի թանկ գներով կվաճառվեն իրենց տները:

Արդյունքում` տերերն արդեն չկան, արտագաղթել են, իսկ ոչ մի տուն առայսօր չի վաճառվել:

Բայց սա միայն` առաջին հայացքից, որովհետեւ գյուղում արտագաղթը սկսվել է նախքան ճոպանուղին, եւ գյուղացու` հողից օտարվելն էլ նոր երեւույթ չէ, եւ պատճառներն էլ շատ ու շատ են ու, ցավոք, բավականաչափ խորը:

Խոսենք միայն ներկայացված տվյալներով. գյուղի 300 տնից այսօր փակ է կամ վաճառքի է հանված 150 առանձնատուն:

Նախկին տարիների համեմատ 1100-1200 բնակչություն ունեցող գյուղում այսօր ապրում է 852 մարդ, որից, տոկոսային հարաբերությամբ, մեծամասնություն են կազմում ծերերն ու թոշակառուները:

Գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 80 աշակերտ, տասը տարի առաջ` 280: Առաջին եւ երկրորդ դասարաններում սովորում է երեք եւ հինգ աշակերտ:

Տաթեւում բնակիչները զրկված են ամենօրյա եւ անվտանգ ջրից, բնական գազից եւ վաղուց նաեւ` մանկապարտեզից:

Ջրի մասին. խմելու ջրի ներհամայնքային ցանցը, որ կազմում է 5,5 կմ, գտնվում է անբավարար վիճակում: Ջուրը մատակարարվում է ընդհատումներով, ոչ մշտական, ցանցում սովորական երեւույթ են դարձել վթարները: Ջուրը գյուղ է մտնում վերահսկողությունից, լաբորատոր-սանիտար մաքրումներից եւ ստուգումներից զուրկ գյուղի բնական աղբյուրներից գոյացող ջրամբարից, եւ յուրաքանչյուր պահ կարող են վարակի մեծ բռնկումներ լինել: Ջրով լի բաժակի մակերեւույթին, տաթեւացիների ասելով, րոպեներ անց կանաչ տիղմափառ է հայտնվում:

Ճիշտ է, տաթեւացիներից ջրի վարձավճար չի գանձվում, բայց դա ամենեւին էլ ուրախալի փաստ չէ. գուցե վարձավճար գանձվելու դեպքում որոշակի բարելավումնե՞ր արվեին ջրի ներհամայնքային ցանցում, եւ ջրամատակարարումը հանձնվեր մասնագիտացված որեւէ կազմակերպության:

Քանի որ գյուղը զուրկ է բնական գազից, տաթեւացին տաքանալու եւ տունը տաքացնելու նպատակով փայտը ձեռք է բերում թանկ գնով` գյուղ այցելող փայտավաճառներից:

Հարց` ինչու՞ տաթեւացին իր անտառամերձ տարածքներից ինքը չի բերում իր ձմեռվա փայտը, չէ՞ որ կառավարության որոշման համաձայն` այն (որոշակի քանակությամբ) անվճար կամ զեղչված է անտառամերձ գյուղերի բնակիչների համար: Պարզվում է` այդ օրենքն այստեղ չի գործում, իսկ գործելու դեպքում էլ` երիտասարդ ուժը հիմնականում արտագաղթել է, տարեցներն էլ ի վիճակի չեն այդ հեռավորության վրա ձմեռվա փայտը հայթայթել անտառում:

Ի՞նչ մակարդակի վրա է գյուղում զբաղվածությունը, քանի՞ աշխատատեղ կա, եւ երիտասարդությունն ինչո՞վ է զբաղվում:

Զբաղվածության ցուցանիշն անմխիթար պատկեր է բացահայտում. գյուղում, այս կամ այն կերպ, զբաղված է 70-90 մարդ, որի մեջ ներառված են նաեւ ճոպանուղու քսան աշխատող, մի քանի հոգի էլ` դրսում, վանքի հարեւանությամբ տեղադրված առեւտրի սեղանիկների մոտ:

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, զբոսաշրջության կենտրոն Տաթեւում արտագաղթն ու գործազրկությունը ծաղկում են:

Երիտասարդները չեն ամուսնանում բավարար չափով նյութապես, կայուն եկամտով ապահովված չլինելու, աշխատանք եւ զբաղմունք չունենալու պատճառով:

Չափազանց լուրջ խնդիր է նաեւ աղբահանությունը: Տարեկան Տաթեւ գյուղ եւ Սատանայի կամրջի տարածք դիտելու եւ հանգստանալու է գալիս 80-90 հազար զբոսաշրջիկ, ովքեր սնվում են շրջակայքում, թափում աղբը, եւ առաջանում են աղբաբլուրներ: Կարելի է ասել, ոչ մեկը չի օգտվում տեղադրված աղբամաններից: Խնդիր է առաջանում աղբը մաքրելու, Գորիսից աղբահավաք մեքենա կանչելու, որը տեղով մեկ եւ ծախսատար է, եւ ժամանակատար: Ստացվում է այնպես, որ միայն սեզոնային աղբը տարածքից հավաքելու եւ տանելու համար գյուղապետարանը պետք է լրացուցիչ աշխատողներ պահի իր սուղ միջոցների հաշվին

- Կողքից կարող է թվալ, թե ճոպանուղուց գյուղն ինչպիսի՜ միջոցներ է ստանում… Իրականում` պետականորեն որոշված է տարեկան 15 հազար դրամ հարկավճար, որը ծիծաղելի է, - ասում են գյուղապետարանի աշխատակիցները:

Զարմանալու եւ տարակուսելու մեկ առիթ եւս` ինչպե՞ս պատահեց, որ զբոսաշրջության կենտրոն հանդիսացող Տաթեւի եւ շրջակա գյուղերի բնակչությանը նախապես խոստացված անվճար երթեւեկության մասին հեքիաթները կարճ ժամանակ անց ճոպանուղու տնօրենության կողմից ոչ միայն չպահպանվեցին, այլեւ վերածվեցին խիստ շահավետ բիզնեսի` յուրաքանչյուր երթեւեկող գյուղացուց գանձելով հազար դրամ գումար:

Ավելին, մեծ թվով տաթեւացիներ էլ մտածում են` մեզ պե՞տք է տասներկու րոպեում հասնել Հալիձոր, երբ կարող ենք մեքենայով քսան-քսանհինգ րոպեում հասնել` արդյունքում չկորցնելով մեր հազար դրամ գումարը:

Ի՞նչ օգուտ է տվել ճոպանուղին գյուղին: Ըստ գյուղապետարանի աշխատակիցների` ինչ խոսք, օգուտն ակնհայտ է, քսան աշխատատեղ է բացվել, գյուղի բնակչության քսան տոկոսն օգտվում է կապից, տասը հյուրատուն է ստեղծվել, մի քանի հոգի առեւտուր են անում վանքի մերձակայքում:

Բայց եւ այնպես… Փաստը մնում է այն, որ ճոպանուղու առկայությամբ գյուղում մանուկներ չեն ծնվում, աշակերտներ չեն ավելանում, գործազրկության գլոբալ հարց չի լուծվում, արտագաղթն էլ չի դադարում, գյուղը չի ամրապնդվում, վաճառքի հանված տների թիվը չի պակասում:

Իսկ որպես զբոսաշրջության կենտրոն գյուղը զարգացման ինչպիսի՞ հեռանկարներ ունի:

Պատասխանը թռուցիկ, խաբուսիկ եւ անորոշ էր` իհարկե, պետք է որ զարգացման հեռանկար ունենա գյուղը, բայց մշակված ծրագրերի իրագործումը ձգձգվում է:

Ընդհանուր առմամբ, Տաթեւ համայնքի` որպես տուրիզմի կենտրոնի, զարգացման հեռանկարը դեռ շատ մշուշոտ է:

Գյուղի տարեցների, հասարակ տաթեւացիների հետ զրույցի ժամանակ նրանց կողմից առաջնահերթ կարեւորվեցին գյուղի գազիֆիկացումը, աշխատատեղերի ապահովումը, խմելու եւ ոռոգման ջրամատակարարման, կոյուղու գծերի բարելավումը:

Կասկածներ կան, որ վանական համալիրի հիմքերը ողողված են բարձրադիր գոտուց հոսող ջրերով, եւ օրախնդիր են վանական համալիրի հիմքերի ամրապնդման աշխատանքները, որից հետո միայն կարելի կլինի շարունակել կառուցապատումը:

Սկսվել են համալիրի շրջակայքի ստուգումները, փոսեր են փորվում, սակայն ծայրը դեռ չի երեւում:

Գյուղացիներին հուզում էր երիտասարդության արտագաղթը, ծնելիության ցածր մակարդակը` տարեկան երեք-չորս երեխա, մահացության բարձր, գրեթե կրկնակի տոկոսը` ութ-ինը մարդ: Այսպիսի դեմոգրաֆիական պատկերը նույնիսկ բնության նորմերն ու կանոններն է խախտում:

- Մենք արդեն մեծացել, ծերացել ենք, մեր ուժն ու եռանդը պակասել են, իսկ մեր անգործ ջահելները չեն կարողանում օգնել մեզ, - ասում են տարեցները, - շատ հաճախ նույնիսկ գրպանի փողն են մեզանից խնդրում:

Տաթեւացին նաեւ համազգային դարդ ունի, ինչպես պարզվեց. նրան հուզում են ՀՀ հեռուստաեթերներից տրվող հաղորդումների անորակությունը, ցուցադրվող հայկական սերիալներով ու արեւմտյան, ամերիկյան կոյուղային ֆիլմերով քարոզվող անբարո արժեքները, մարդասպանությունն ու հանցագործությունները, անմարդկային այլեւայլ փոխհարաբերությունները:

Գյուղացիներին հուզում էր նաեւ մի այսպիսի` որքան անսովոր, նույնքան էլ շատ կարեւոր հարց. մի՞թե հնարավոր չէ բացառություն անել հեռավոր գյուղերի համար, եւ գյուղում մահացածին պարտադիր չհասցնել Գորիս` հերձման, առանց որի չի հատկացվում թաղման պետական նպաստը:

– Պատկերացրեք, սգատերը որքան փող պիտի ունենա, որ իր հանգուցյալին տարվա անբարեհարմար եղանակներին հասցնի Գորիս ու հետ բերի…. Սա միանշանակ մաֆիա է եւ թալան, ո՞վ է ասել, որ միայն պարտադիր հերձման դեպքում պիտի հասանելիք գումարը տրվի, - վրդովված ասում են տաթեւացիները եւ շարունակում.

– Մի՞թե չի կարելի, ինչպես եղել է նախկինում` ոչ վաղ անցյալում, Գորիսից գյուղ այցելի հերձող բուժաշխատողը եւ գործը տեղում կազմակերպի` մեռածին ու սգատերերին Գորիս քարշ տալու փոխարեն:

Վանական համալիրի տեր հայրը տեղում չէր, իսկ ահա ինչ ասաց մեզ վանքի մոմավաճառը` գուցեեւ թաքուն հուսախաբությամբ.

– Ճոպանուղին մեր գյուղի, առհասարակ Գորիսի փառքը տարածեց աշխարհով մեկ, Տաթեւը դարձավ աշխարհի նշանավոր վայրերից մեկը, դա անժխտելի ու մեծ երեւույթ է բոլորիս համար: Մյուս կողմից էլ, կարծես, նախքան ճոպանուղին մարդիկ գալիս էին սրբազան հավատով, այժմ այցելում են ասես իբրեւ ճոպանուղու մի շարունակություն, տեսարժան վայր: Գուցե ես սխալվում եմ, չգիտեմ…

Պարզապես ձեւական մոմ վառողների թիվն է մի քիչ շատացել: Ճոպանուղի այցելողների մի մասն էլ, նկատել եմ, վանք չի էլ մտնում. Հալիձորում կանգնեցնում են մեքենան, նստում ճոպանուղի, նորից վերադառնում Հալիձոր, այնտեղից էլ` Գորիս: Այստեղ հազար անգամ մտնողի համար էլ վանքը դարձյալ պիտի մնար առաջնահերթ ու հիմնական նպատակ:

Մոմավաճառի միտքը շարունակենք` պատճառներից մեկն էլ դարձյալ Տաթեւի անբարեհարմար, չջեռուցվող, ժամանակակից պայմաններին չհամապատասխանող հյուրատներն են: Այցելու զբոսաշրջիկները գերադասում են Գորիսի բարեկարգ հյուրանոցներն ու հյուրատները…

Տաթեւի հյուրատների կառուցման գործում պետական օգնություն, ինչպես նշեցինք, չի ցուցաբերվում` հակառակ խոստումների:

Վանքի վանահոր սենյակի մի անկյունում դրված փայտի վառարանը հանգած էր, իսկ չորսկողմը թափված էին հավանաբար վառելու նպատակով այստեղ բերված անպետք թղթեր, ստվարաթղթե արկղեր, փալաս-փուլուս:

Տխուր էր անչափ, այսպես տեր հայր չեն պահում, որքան էլ հավատքի ու երեւակայության գիրկն ընկնենք: Եվ այն էլ` այսպիսի մի նշանավոր, պատմական վանական համալիրի, որ դարեր շարունակ եւ հիմա էլ անուրանալի հոգեբանական, բարոյական ներգործություն է ունեցել եւ ունենում ոչ միայն տարածքի, այլեւ` ողջ հանրապետության ազգաբնակչության վրա, մաքրագործել եւ վեհացրել, ակամա կրթել ու դաստիարակել մարդկանց հոգիները:

Վանքի քթի տակ բուսած երկաթակուռ կառույցը (ճոպանուղու կանգառը) որքան էլ վեհաշուք եւ տուրիստական-անմրցելի, մի տեսակ տխրեցնում է: Այն գյուղացու, առավելապես տաթեւացու ոչ մի վերքին դեղ ու դարման չէ իրականում: Իսկ վանքի՞ն… որի հայրն իր անպատմելի անշուք եւ խոնավ սենյակում նստած հավանաբար մտածում է համալիրի կողերն ի վեր բարձրացող խոնավության, այնտեղ սրտանց աղոթող ու երգող իր` օրեցօր պակասող մանուկների եւ բիզնես-աշխարհում հավատն ու վանքի կարեւորությունը փրկելու մասին:

Այո, ճոպանուղու կառուցումը Գորիսի տարածաշրջանի այս անպատմելի հեքիաթային աշխարհում, իրոք, նույնքան աներեւակայելի ու գեղեցիկ մտահղացում էր` գեղագիտության, աշխարհաճանաչելիության, նպատակահարմարության եւ բոլոր առումներով:

Բայց (գիտեմ, մի քիչ խիստ բան եմ ասելու), չմոռանանք, որ դարեր ի վեր, դարեր առաջ էլ Տաթեւի վանական համալիրը, երբ վանքից բիզնես քամելու, աշխարհին ի ցույց դնելու մոլուցքը դեռ չկար, վանքը համալսարան էլ ուներ, ճեմարան էլ եւ հրաշալի իրականացնում էր իր հոգեւոր առաքելությունը` ազգի համար, բոլոր աչքերից ու թաթերից հեռու…

Ահա, թե ինչի՛ պիտի ձգտենք եւ այսօր էլ ի՛նչը պետք է լինի մեզ համար առաջնահերթն ու անգնահատելին:

Մի բան հասկացա տաթեւացիների` տարեցներից մինչեւ մոմավաճառ, հասարակ գյուղացուց մինչեւ մանկավարժ, արած զրույցներից` մեզ «թաթա» մի տվեք ձեր կառուցած ճոպանուղով, մեր աչքերին էլ թոզ մի փչեք` իբր արդեն շա՜տ կարեւոր բան եք արել ու վերջ, էլ գործ չունեք անելու. գյուղը ծնկել է բազում հոգսերի տակ, օգնեք, թող գյուղը ոտքի կանգնի, թող ջահելները չարտագաղթեն եւ աշխատանք ունենան, այնպես արեք` երիտասարդները կարողանան ամուսնանալ եւ երեխաներ ունենալ:

Սա մի պարզ մեսիջ է տաթեւացուց` հղված երկրի իշխանություններին:

Հ.Գ. Ամեն դեպքում ես մնում եմ իմ կարծիքին. մեր պապերն ավելի վատ ժամանակներ են տեսել, առկա յաթաղան` գլխներին, բայց այդպես մասսայաբար չեն լքել հայրենի հողը, սա ժանտախտ է, վարակ: Եթե դու չես մնում քո ծերացած ծնողի հոգսերը կիսելու, թեթեւացնելու, գլուխ ջարդելով` հողդ ծաղկեցնելու, հողդ ամուր պահելու, ի՛նչ մարդ ու քաղաքացի ես:

Այո, ես խիստ եմ այս հարցում: Հողդ մշակիր, անասուններդ էլ պահիր, ո՞վ է քեզ արգելում: Այն ժամանակ մանկապարտեզն էլ կլինի, ջուրն էլ, գազն էլ: Հեշտ բան չեմ ասում, գիտեմ, բայց ու՞մ համար է հեշտ:

Միակողմանի ոչինչ էլ չի լինում, ինչպես եւ` մեղավորությունը:

Այս դժվար ժամանակները, տնտեսական եւ բարոյական այս օրհասը փորձություն են մեր ժողովրդի համար, բայց տեսնում եմ` ոչ միայն նա չի դիմանում, նաեւ ընդառաջ է վազում` օր առաջ գլուխն ազատելու հոգսերից, օր առաջ հեշտ ապրուստ գտնելու հույսով:

Գյուղացուն, գոնե, այսպես ասած, ծեծելով էլ չպիտի կարողանային իր հողից կտրել: Բայց ո՜չ. գյուղացին քաղաքացուց էլ առաջ է փախչում` անասուն, տուն ու տեղ վաճառելով, հողը կամովին լքելով ու հանձնելով. ու՞մ, մտածու՞մ է գոնե:

Այսպես` մինչեւ ու՞ր, ժողովուրդ:

Մենք ունեինք հայրենիքի զգացողություն, սակայն չունեինք պետություն: Հիմա մեզ հավատացնում են, թե պետություն ենք կառուցում, բայց կորցրել ենք հայրենիքի զգացողությունը: Գուցե դրա համար էլ դեգերում ենք…

Իսկ հիմա դառնամ եւ օրհասի վերջին բառերով խոսեմ`մի բան հաստատ գիտեմ, գյուղի մարդ, եթե ողջ աշխարհին էլ ներվի հող ու հայրենիքից օտարվելը, քեզ երբեք դա չի ներվելու, որովհետեւ դու Աստծո, երկնքի ու հողի հետ ամենօրյա զրուցող այն առաջին ու վերջին մարդն ես, ով դատապարտված է պահպանելու հայրենիքի զգացողությունը, ով դատապարտված է ամենքին ու երկրին` ծնող ու խիղճ լինելուն, որովհետեւ քեզանից է ծնվել այն, ինչ հայրենիք ենք կոչում:

Այսպես է, ուրիշ ելք ու ճար չունես:

Դու ուղղակի պարտավոր ես ամուր կանգնել տեղում, որպեսզի քո մանուկները մի օր քեզ չհարցնեն` «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք…», որպեսզի մի օր քեզ ցավ պատճառած անարժան-անառակ զավակներդ կարողանան դարձի գալ, նետվել գիրկդ: Հավատա, նրանք էլ մոր փորից այս նոր հասարակարգը յուրացրած չէին ծնվել, եւ սա արդարացում չէ… ամենեւի՜ն: Եթե անգամ ապերախտ եւ ոսկու փայլից շլացած են եղել, եթե անգամ պարտքից ու պատասխանատվությունից շատ են հեռացել, եթե անգամ երես են թեքել իրենց չորուկ-չորացած մորից: Եվ դրա մեջ քո մեղավորությունն էլ կա, հավատա, որովհետեւ դու չես պահանջել, գլուխ չես ջարդել, չես առաջարկել ու չես փորձել հազար անգամ, ծնողի իրավունքով չես քաշել զավակիդ ականջը:

Որովհետեւ կարծել ես` դու կարեւո՜ր չես, կարծել ես` դու գյուղացի ես, դու էակա՜ն չես: Որովհետեւ դու կամովին լքել ես տունը եւ մեկնել աշխարհի սառը ծերանոցներ` մոռանալով, որ ծնողը չի լքում, որ ծնողին դա չի ներվում, որ ծնողը եթե մեռնում էլ է, ապա մեռնում է ծառի պես, իր հողին կանգնած ու նրան պատվար:

Իշխանությունները կգան ու կերթան` իրենց բազում ու բազում սխալներից ամոթահարվելով, զղջումներով, շտկումներով: Բայց դու իրավունք չունես խելառվելու, հողիդ վրա երերալու, կորցնելու քո` ծնողիդ բարոյականությունը, եթե անգամ ողջ աշխարհը բարոյալիք դառնա:

Որովհետեւ դու հողի մարդ ես, դու հասարակ ու անէական` ...արեւի՜ պես մարդ ես, որովհետեւ դու երկրիդ քաշող եզն ես, որովհետեւ դու հաց ես ու հայի հացի ծխոտ եւ դարավոր թոնիրն ես:

Մնա, որ քո դառնատտիպ ծուխը մի օր հասնի ու այնպե՜ս մրմռացնի քո` ակոսից ու հողից օտարված, քեզնից թեթեւամտորեն երես թեքած, քեզ ուրացա՜ծ զավակիդ աչքերը, որ դրանք լայն բացվեն, եւ հասկանա, որ ակոսի մեջ իրենց քաշող ե՜զն է մեռնում, իրենց ծնո՜ղն է մեռնում, որ ծնողն էլ այդպես` մի օր վերցնել ու մեռնել գիտի, որ հողի ու հայրենիքի ծո՜ւխն է մեռնում, որ` բավ է:

Որովհետեւ էլ չհասկանալու տե՜ղ չկա… Որովհետեւ դու ժողովուրդ ես, որից այն կողմ չկա բարձր երկինք, եւ չկան աշուղ հավքեր, առույգ ջրեր…

Որովհետեւ հայ գյուղացուց այն կողմ չկա հայրենիքի զգացողություն, ուստի եւ չկա երկիր, չկա պետություն, չկա ոչինչ:

Ակոսդ մի լքիր, քանի դեռ կարող ես, հայ գյուղացի, որովհետեւ քո մեռած ոսկորներից էլ դասեր ու իմաստություններ քաղելու ժամանակը մոտ է, որովհետեւ դու հայի խիղճն ես, առանց որի այս հացը երբեք չի ուտվելու:

Եվ սա ոչ ճառ է, ոչ էլ ամենեւին` գեղեցիկ բառեր, սա իրական օրհաս է` կախված բոլորիս գլխին:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06