Տեղական հանրաքվե. ի՞նչ կտա համայնքների խոշորացումը

15.05.2015 15:10
2133

Համայնքների խոշորացման գործընթացը, որ ավելի քան երեք տարի առաջ հավանության էր արժանացել կառավարության կողմից, այժմ սկսվում է իրագործվել գործնական ծրագրերով: Կառավարության պիլոտային (մեկնարկային) ծրագրով նախատեսվում է երեք մարզում, այդ թվում` Սյունիքում, միավորել համայնքներ: Սյունիքի մարզում նախատեսվում է միավորել Շինուհայրի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքները: Մամուլի տվյալների համաձայն` տարբեր համայնքների համախմբումը տեղի է ունենալու մի քանի կարեւոր գործոնների շուրջը` ըստ նպատակահարմարության. դա կարող է լինել համախմբում մի ապրանքանիշի շուրջը, ինչպես, ասենք, Սյունիքի մարզի դեպքում: Ծրագրով նախատեսվում է, որ խոշորացվող համայնքը Տաթեւ է կոչվելու, բայց նրա վարչական կենտրոնը լինելու է Շինուհայր գյուղը: Ինչեւէ, համայնքների խոշորացման մասին վերոհիշյալ բնակավայրերի բնակիչների կարծիքն իմանալու նպատակով մայիսի 17-ին անցկացվելու է տեղական հանրաքվե: «Սյունյաց երկիրը» ծրագրի վերաբերյալ բնակչության վերաբերմունքն ու տրամադրություններն իմանալու նպատակով եղավ մի քանի համայնքում` Հարժիս, Խոտ, Հալիձոր, Սվարանց, որոնք մասնակցելու են հանրաքվեին: Ուշագրավ է, որ հարցվող անձինք չսահմանափակվեցին խնդրո առարկային առնչվող կարծիք հայտնելով, նաեւ խոսեցին իրենց համայնքների հիմնախնդիրների մասին:

ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հարժիս գյուղի բնակիչ

Մոտավոր նախադեպը ունենք, 1964 թվականին չորս գյուղ` Շինուհայրը, Խոտը, Հարժիսը, Հալիձորը, միավորվել են մի սովխոզի մեջ, տնտեսության խոշորացում է եղել խրուշչովյան տարիներին: Մի տարի է տեւել դրա գոյությունը, կյանքը ցույց է տվել, թե այդ միավորումն ինչ բացասական հետեւանքներ է ունեցել, ինչի պատճառով այդ միավորումը 1965 թվականին կազմաքանդվել է: Խոտը եւ Շինուհայրը միավորվել են մի տնտեսության, Հարժիսն ու Հալիձորը` այլ տնտեսության մեջ: Դրա գոյությունը տեւել է մինչեւ 1977 թվականը, որից հետո գյուղերից յուրաքանչյուրն ունեցավ իր տնտեսությունը:

Մարդկանց մեջ մի մտայնություն է ձեւավորվել. ինչո՞ւ մենք պիտի ենթարկվենք Շինուհայրի իշխանությանը: Բայց իմ կարծիքն աստիճանաբար թեքվում է դեպի համայնքների խոշորացման տարբերակը: Ինչո՞ւ: Որովհետեւ յուրաքանչյուր համայնքի բյուջեն բավարարում է միայն գյուղապետարանի աշխատակազմը պահելու համար: Ոչ մի սոցիալական խնդիր համայնքում չի լուծվում մեծ մասամբ: Բացի դրանից մի շատ տխուր փաստ է արձանագրվում, գյուղերը դատարկվում են: Մանավանդ դա արտացոլվում է գյուղերի դպրոցների աշակերտների թվի նվազեցման մեջ: Այս վերջին տասը տարում մեր գյուղի դպրոցի աշակերտների թիվը նվազել է: Առաջին դասարան չորս աշակերտ է հաճախում, անցյալ տարի 127 աշակերտ էր դպրոցում, հիմա` 108: Միտումը դպրոցականների թվի նվազումն է, ինչն անչափ ցավալի է:

Յուրաքանչյուր ընտանիքի բացակայություն ինձ համար ցավ է եղել: Նաեւ մի օրինաչափություն եմ նկատել. յուրաքանչյուր համայնք ունի բնակչության մի սահմանագիծ, որից ցածրը գյուղի քայքայման է տանում: Մեր գյուղն առայժմ մոտ չէ այդ սահմանագծին, բայց միտումը դրան մոտենալն է, քանի որ գյուղից ընտանիքներով են հեռանում: Կառավարությունից եկել, խոստումներ էին տալիս. գյուղը գազ ենք հասցնելու, ճանապարհը նորոգելու ենք, բայց որ մարդ չկա, որպես ի՞նչ: Գլխավորը զբաղվածության խնդիրը լուծելն է: Գյուղում միակ զբաղմունքը մնացել է անասնապահությունն ու դաշտավարությունը, բայց արի ու տես, որ գյուղացին իր արտադրած անասնապահական մթերքի ձեռքը կրակն է ընկել: Երբ իրանցիները Սյունիքից ոչխար էին գնում` գլուխը` 50-60 հազար դրամով, մարդիկ վարկ վերցրին բանկերից, ոչխար ձեռք բերեցին, զարկ տվեցին ոչխարաբուծությանը, հիմա ոչխարի միսը չի իրացվում: Արտադրողը կանգնել է փակուղու առջեւ: Իշխանությունն այդ մասին պիտի մտածի: Կամ գյուղացին կով է պահում, ուրիշ ի՞նչ պիտի անի: Կաթի գինը դարձրել են 120 դրամ: Մեկ լիտր կաթի գինը բերել-հասցրել են մեկ շիշ հանքային ջրի գնին: Մեր գյուղում 550 հա աշնանացան էին կատարում, հիմա 50 հա հազիվ լինի: Պատճա՞ռը: Մի տարի առաջ ցորենի կիլոգրամը 150-160 դրամ էր, հիմա դարձրել են 120 դրամ: Դիզվառելիքի, պարարտանյութի, հնձի գինը որ հանում ես, տակը բան չի մնում: Արտասահմանյան երկրներում ֆերմերներին արտոնություններ են տրվում` արտադրածն իրացնելու համար: Հիմա մենք ցանքս ենք կատարել: Ի՞նչ երաշխիք, որ աշնանը մեր արտադրած ցորենը կիրացնենք: Իշխանությունը նախապատվությունը պիտի տեղացի արտադրողին տա, ոչ թե նույն այդ մթերքը ներկրողին: Անցնելով հանրաքվեի թեմային, ասեմ, որ արդեն տարբեր գյուղերից ձայներ են հնչում, թե ինչու Շինուհայրից մեզ պիտի ղեկավարեն, նման հոգեբանություն կա արդեն: Խնդրի լուծման ամենաճիշտ տարբերակը համարում եմ խորհրդային ժամանակների շրջանների վերականգնումը: Հիշում եք, որ այն ժամանակ շրջխորհրդի գործկոմի նախագահն է շրջանը ղեկավարել: Դա ավելի լավ մեխանիզմ էր, թող համայնքների ղեկավարման կենտրոնը Գորիսում լինի, այդ դեպքում շինուհայրցի ղեկավարը բնական կհամարվի, այսօրվա պես չի ընկալվի: Միշտ գյուղերի միջեւ հակասություններ, ներքին մրցակցություն եղել են: Գյուղերի խոշորացման ծրագիրն իրականացնելով` այդ հակասություններն ավելի են խորանալու:

ԳՐԻՇԱ ՄԻՆԱՍՅԱՆ
Հարժիս գյուղի բնակիչ

Համայնքների խոշորացում կլինի, չի լինի, թե մի այլ բան կլինի, հավատացած եմ, գյուղացու հանդեպ վերաբերմունքի մեջ ոչ մի բան չի փոխվելու: Եթե Սյունիքը մեկ համայնք էլ սարքեն, ոչինչ չի փոխվելու, համայնքների խոշորացումը ոչ մի արդյունք չի տալու: Ավելի նպաստավոր էր ժողովրդի համար, որ այն, ինչն այսօր ցանկանում են անել, իրականացնեին ԽՍՀՄ-ը փլուզվելուց հետո: Որովհետեւ 20 տարի առաջ կառավարության որդեգրած տեղական ինքնակառավարման համակարգը փոշիացրել է գյուղերը: Եթե 20 տարի առաջ մեր գյուղի դպրոցի առաջին դասարան էր հաճախում 40, իսկ այժմ` չորս աշակերտ, մի՞թե փաստն ասվածի ապացույցը չէ: Սա մի ողբերգություն է, որ սահման չունի:

Անձամբ ոչ հետաքրքրվել, ոչ էլ ուզում եմ լսել հանրաքվեի մասին: Սա ժողովրդի 90 տոկոսի դիրքորոշումն է: Կառավարությունն ինչպես որոշել է, այնպես էլ լինելու է, բայց ժողովրդի համար ոչ մի դրական արդյունք չի լինելու: Գյուղաբնակը մենակ է մնացել իր հոգսերի դեմ հանդիման: Անցած տարվա բնակլիմայական վատթար պայմանների պատճառով գյուղացու վիճակը կտրուկ վատացավ, մեր ընտանիքը մեծ վարկեր վերցրեց, որ այդ վիճակը կարողանայինք հաղթահարել, մտածում ենք ընտանիքի գոյությունը փրկել:

Մի խոսքով` գյուղի առջեւ ծառացած խնդիրները մի բան են, նախատեսվող բարեփոխումները` մի այլ բան. իրար հետ ոչ մի կապ չունեն: Գյուղապետը Շինուհայրում է նստելու, թե Հարժիսում, դրանով գյուղի վիճակը չի փոխվելու:

ՇՈՒՇԱՆԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հալիձորի միջնակարգ դպրոցի տնօրեն

Ամեն մի նորություն դժվարությամբ է ընկալվում ժողովրդի կողմից կամ այլ կերպ ասած` նորը դժվարությամբ է ուղի հարթում, եւ տեղյակ լինելով, որ գուցե խոշորացումից հետո կառավարությունը գործ անի տվյալ համայնքում, ողջունում եմ բարեփոխումը, բայց միեւնույն ժամանակ, երբ աշխատատեղեր են կրճատվում, ափսոսում եմ, որ այդ մարդիկ զրկվելու են իրենց գոյության պայմաններից: Ամենամեծ մտահոգությունն այն եմ համարում, որ մի քանի մարդ եւս մնալու է առանց աշխատանքի:

Լավ է գոնե, որ յուրաքանչյուր գյուղում լինելու է լիազոր ներկայացուցիչ, յուրաքանչյուր գյուղացի իրեն հուզող հարցով դիմելու է նրան, ժողովուրդն ավելի շատ մտահոգվում է տեղեկանք ստանալու հարցով, կարծում եմ` քաղաքացի-տեղական իշխանություններ շփումները խնդիր չի լինելու: Վերջին տարիներին բյուջեի միջոցներով ոչ մի աշխատանք չէր կատարվում, գործ չէր արվում, միայն աշխատավարձ են վճարել, համայնքային բյուջեն նախ դժվարությամբ է ձեւավորվում, սեփական եկամուտները դժվարությամբ են հավաքում, նույնիսկ մենք էլ ենք ընդգրկվում այդ գործընթացում, դրա մեջ էլ խնդիր չեմ տեսնում, հիմնականում ինչ որ արվում է, արտաբյուջետային միջոցների հաշվին է կատարվում, օրինակ, մեր դպրոցի նորոգումը, որ կատարվեց «Տաթեւ» ճոպանուղու եւ սոցներդրումների հիմնադրամի հատկացրած միջոցներով: 1996 թվականից տնօրեն եմ, եւ յուրաքանչյուր տարի իմ մտահոգությունն է եղել, որ այս դպրոցը նորոգվի: Վերջապես մեր վաղեմի ցանկությունն իրականություն է դարձել:

Ծրագիրը խիստ ռիսկային է համայնքի ղեկավարի ընտրության հետ կապված: Կենտրոնը կլինի Շինուհայրը, թե Հալիձորը, ինձ համար միեւնույն է, միայն արժանավոր մարդիկ լինեն գյուղապետի եւ վարչական ներկայացուցչի պաշտոններում: Մտավախություն ունեմ, որ գյուղապետին ընտրելիս դժվարություններ են ծագելու: Յուրաքանչյուրն իր պարտքն է համարելու համագյուղացուն ընտրել, գլուխ է բարձրացնելու տեղային հայրենասիրությունը: Բացի այդ` Շինուհայրից ընտրված գյուղապետը պիտի իմանա, ասենք, հարժիսեցու հոգեբանությունը, համայնքի հիմնախնդիրները, այնքան կազմակերպված ու ողջամիտ լինի, որ ուշքի բերի այդ համայնքները:

ՆՎԵՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Սվարանց գյուղի դպրոցի տնօրեն

Ըստ իս համայնքների խոշորացումը դատարկվող գյուղերը փրկելու ճիշտ տարբերակն է: Մարտի 31-ին մեր համայնքում էին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարը ու Սյունիքի մարզպետը: Գյուղի բնակչությանն իրազեկել են համայնքների խոշորացման մասին, ներկայացրել դրա դրական հեռանկարը: Հուսադրողն այն է, որ միավորվող գյուղերը լիազոր ներկայացուցիչներ են ունենալու, որոնք ներկայացնելու են համայնքի հիմնախնդիրները: Կառավարության անդամները հավաստիացրել են, որ միավորվելուց հետո համայնքներում ծրագրեր պիտի իրականացվեն: Իսկ որ մեր համայնքում բազում պրոբլեմներ կան, այդ մասին ձեր թերթը ծավալուն հոդվածով անդրադարձել է երկու ամիս առաջ: Բայցեւայնպես առիթը բաց չեմ թողնում եւս մի անգամ իշխանություններին հիշեցնել համայնքի առջեւ ծառացած երկու լրջագույն հիմնախնդիրը` առաջինը դպրոցի վթարային վիճակն է, երկրորդը` խմելու ջրի բացակայությունը:

ՎԱԼԵՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Խոտի դպրոցի ուսուցիչ

Անձամբ ես թերահավատ եմ: Ծրագիրն այնպես են ներկայացնում, թե համայնքների խոշորացումն առաջընթաց է ապահովելու: Ինքս լավատեսության հիմք էլ չունեմ, ավելին` կարծում եմ, որ դրանից հետո դեպի վատն ենք գնալու: Քաշունիում քսան հոգի է բնակվում: Ինչ կարիք կա նման սակավաթիվ գյուղը պահել: Եթե այդ հինգն էլ կրճատվեն, տակը մարդ չի մնում: Թող կենտրոնը Քաշունիում լինի, այդ հինգ հոգին էլ բարձր աշխատավարձով իրենց ընտանիքներով կբնակվեն գյուղում, գյուղը կշնչի, օգուտը դա կլինի: Կենտրոնը դարձնում են Շինուհայրը, որն էլ փոքրիշատե ենթակառուցվածքներ ունի: Կարող է` կառավարությունն ավելի հեռագնա նպատակներ ունի, չգիտեմ, իմ կարծիքով ծրագիրը տանելու է ոչ թե գյուղերի բարգավաճմանը, այլ ամայացմանը: Այդպես եմ մտածում: Կարող է եւ շատ լավ լինի, ժամանակը ցույց կտա:

Ասում են, համայնքները խոշորացնում են, որ ֆինանսական միջոցները կենտրոնացնեն եւ ավելի արդյունավետ օգտագործեն: Բայց ի՞նչ երաշխիք, որ բոլոր ներդրումները հավասարապես կբաշխվեն: Որքան համայնքը մեծ է, հիմնախնդիրներն ավելի շատ են: Բայց նվազ բնակչություն ունեցող համայնքներն էլ քիչ պրոբլեմներ չունեն: Շինուհայրն արդեն կայացած համայնք է, թող կենտրոնը Հալիձորը, Տաթեւը կամ Խոտը լինի: Օրեր առաջ կառավարությունից մարդիկ էին եկել, չեն ասում, որ լավ է լինելու, ասում են` փորձում ենք, կարող է` լավ լինել: Բայց հնարավոր է, որ լավ չլինի, չէ՞:

Ինչպես երեւում է, հարցվողների կարծիքը միանշանակ չէ: Ասվածին ուզում ենք հավելել հանրապետական մամուլից («Ազգ», 27 մարտի 2015թ.) քաղված մի տեղեկատվությամբ. ըստ համայնքների խոշորացման ծրագրի փորձագետների` փոքր` մինչեւ 100 բնակիչ ունեցող համայնքներում ոչ մի ծառայություն չի մատուցվում, եւ համայնքային բյուջեի 88 տոկոսը ծախսվում է աշխատավարձի վրա` գյուղապետի, աշխատակազմի քարտուղարի եւ այլն: Միայն 3000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքներում է, որ ծախսերի 20 տոկոսը բաժին է ընկնում աշխատավարձերին, իսկ մնացած գումարով հնարավոր է լինում ծառայություններ մատուցել համայնքում ընդգրկված բնակավայրերում` մանկապարտեզ, բուժկետ, մշակույթի տուն, փողոցների լուսավորություն եւ այլն: Իսկ խնայված միջոցները մնալու են նույն գյուղերում նշված ծախսերն իրականացնելու, այլ ոչ թե պետական բյուջե կամ որեւէ այլ նպատակի ծառայելու: Ինչպես ասում են` կապրենք կտեսնենք:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30