Թերեզա Միքայելյան. «Հասարակության շրջանում պետք է բարձրացնել քոլեջների դերը»

28.08.2017 08:52
1948

«Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամը միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող  հաստատություն է, որը հիմնադրվել է 2006թ. Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ: Մեր երկրում ներդնելով եվրոպական զարգացած երկրների առաջավոր եւ ժամանակակից փորձը՝ քոլեջը միջին մասնագիտական կրթական ծրագրեր է իրականացնում նաեւ Կապանի մասնաճյուղում:


«Եթե այս տարի հանրապետության միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատությունները հիմնականում դժգոհում են ընդունելության ցուցանիշներից, ապա մենք չենք դժգոհում: Չնայած դեռ ընդունելությունը շարունակվում է, եւ այս պահին չեմ կարող կոնկրետ թվային տվյալներ ասել, բայց բավականաչափ դիմորդներ ունենք», - նշեց «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրեն Թերեզա Միքայելյանը, ով, ի դեպ, արդեն 4-րդ տարին է, ինչ ղեկավարում է այս հաստատությունը:


Հետադարձ հայացք ձգելով՝ նա նշեց, որ երբ ստանձնեց այս պաշտոնը, քոլեջի մասնաճյուղն ուներ ընդամենը 6 ուսանող, եւ բոլորը միաձայն պնդում էին դրա փակվելու մասին: «Ասացի՝ չի փակվի, ու սկսեցինք աշխատել որակյալ ուսուցում տալու ուղղությամբ. չնայած վճարովի ուսուցում էինք կազմակերպում, բայց տարեցտարի ուսանողների թիվն ավելանում էր: 2017-18 ուստարում հատկապես 9-ամյա կրթության հիմքով ընդունվողների համար պետպատվերի շրջանակներում բավականաչափ տեղեր են հատկացվել, ինչի շնորհիվ կարելի է ասել` ուսումը դարձել է անվճար: Ինչ վերաբերում է 12-ամյա կրթության հիմքով դիմորդներին, ապա այս տարի «Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա»-ն Կապանում ընդունելություն է կազմակերպել, ինչը հնարավորություն է տալիս նրանց միանգամից բարձրագույն կրթություն ստանալ», - տեղեկացրեց Թ.Միքայելյանը:


Ի դեպ, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան հիմնադրվել է 2001թ.՝ ՀՀ կառավարության 2001թ. հոկտեմբերի 15-ի N 978 որոշմամբ` նպատակ ունենալով Հայաստանում ստեղծել ժամանակակից ինովացիոն ծրագրերի ու եվրոպական չափանիշների կիրառմամբ գործող բարձրագույն ուսումնական հաստատություն: Այն ՀՀ միջպետական, շահույթ չհետապնդող հիմնադրամ է, որը, բուհական եւ հետբուհական կրթությունից բացի, առաջարկում է նաեւ եվրոպական չափորոշիչներին համապատասխան մասնագիտական վերապատրաստման եւ վերաորակավորման դասընթացներ: ԵԿՏԱ-ն պետության մասնակցությամբ բուհ է, ստեղծվել է եվրոպական մի շարք երկրների կրթական հաստատությունների հետ կնքված պայմանագրերի եւ համաձայնագրերի հիման վրա: ՀՀ կառավարությունը ԵԿՏԱ-ի հիմնադիր կողմն է:  Ակադեմիան, ի սկզբանե հիմնադրվելով որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտ, այսօր մասնագետներ է պատրաստում ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, այլեւ տնտեսագիտության, կառավարման, ֆինանսների, զբոսաշրջության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, լեզվաբանության, հոգեբանության եւ կենսագործունեության անվտանգության բնագավառներում:


Այս տարի առաջին անգամ Կապանում ակադեմիան անց է կացնում ընդունելություն հետեւյալ մասնագիտությունների գծով՝ «Միջազգային տնտեսագիտություն», «Իրավագիտություն», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Կառավարում», «Մանկավարժություն եւ հոգեբանություն»:

Առկա ուսուցմամբ ընդունելությունն ավարտվել է, իսկ հեռակա ուսուցմամբ ընդունելությունն ընթացքի մեջ է: Թերեզա Միքայելյանի հավաստմամբ՝ բավականաչափ դիմորդներ են ունեցել, առավել մեծ թվով շրջանավարտներ դիմել են «Իրավագիտության» բաժնում սովորելու համար: Առկա ուսուցման տարեկան վճարը կազմում է 255 հազար դրամ, հեռակա ուսուցմանը՝ 230 հազար դրամ: «Չնայած ուսումնական գործընթացը կկազմակերպվի Կապանում, բայց ընդունված դիմորդները Երեւանի ակադեմիայի ուսանողներ են, դասախոսությունները կկարդան այնտեղից հրավիրված եւ Կապանի լավագույն մասնագետները: Ի սկզբանե որոշել էինք երեք մասնագիտության գծով իրականացնել ընդունելությունը, բայց, դիմորդների շրջանում հետաքրքրություն նկատելով, ավելացրինք եւս երկու բաժին», - մանրամասնեց Թ.Միքայելյանը:


Տեղեկացնենք նաեւ, որ Եվրոպական քոլեջի, ինչպես նաեւ այլ քոլեջների բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները կարող են ընդունվել ակադեմիայի 2-րդ եւ 3-րդ կուրս՝ համապատասխան բաժին: Ակադեմիան ավարտողները ստանում են բարձրագույն կրթության պետական դիպլոմ՝ բակալավրի աստիճան:


«Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի Կապանի մասնաճյուղում ընդունելությունն անց է կացվում հետեւյալ մասնագիտությունների գծով՝ «Տնտեսագիտություն, հաշվապահություն, աուդիտ», «Մենեջմենթ/կառավարում/», «Հաշվողական տեխնիկա /համակարգիչներ/», «Իրավագիտություն», «Թարգմանություն եւ գործավարություն», «Տուրիզմ»՝ 9-ամյա եւ 12-ամյա կրթության հիմքով, բացառությամբ «Իրավագիտություն» մասնագիտության, որ միայն 12-ամյա կրթության հիմքով, եւ «Թարգմանություն ու գործավարություն» մասնագիտության, որ միայն 9-ամյա կրթության հիմքով է իրականացվում: Կրթությունը կազմակեպվում է առկա ուսուցմամբ, վճարովի բաժիններում տարեկան վճարը կազմում է 120 հազար դրամ, դիմորդներն օգտվում են պետության սահմանած բոլոր արտոնություններից:


Ինչպես հավաստեց մասնաճյուղի տնօրենը, քոլեջի դիմորդների շրջանում շատ են «Տնտեսագիտություն, հաշվապահություն, աուդիտ» մասնագիտությունը նախընտրողները, իսկ որ զարմանալի եւ միեւնույն ժամանակ ցավալի է, «Տուրիզմ» մասնագիտության հանդեպ հետաքրքրվածությունը գրեթե բացակայում է. «Ինչքան էլ բացատրական աշխատանքներ ենք կատարում, միեւնույն է, դեռեւս չենք կարողանում լիարժեք արդյունքի հասնել: Հատկապես  մեր տարածաշրջանում տուրիզմը հեռանկարային ուղղություն է, բայց մեր շրջանավարտները, կարծեք, դեռ չեն գիտակցում այդ մասնագիտության կարեւորությունը», - նշեց Թ.Միքայելյանը:


Քոլեջի շրջանավարտներն ուսումը կարող են շարունակել ոչ միայն ակադեմիայում, այլեւ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում, Գորիսի պետական համալսարանում, Ֆրանսիական համալսարանում:


12-ամյա կրթության պարտադիր դառնալը շատ կարեւորեց տնօրենը, իսկ այդ առումով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դերն էլ ավելի է բարձրանում. բացի հանրակրթական առարկաներից՝ սովորողը հնարավորություն ունի նաեւ զուգահեռ որեւէ մասնագիտության տիրապետել. «Ինչքան էլ թույլ կարողություններ ունենա սովորողը, երեք կամ չորս տարվա ընթացքում անպայման մի բան կսովորի: Առհասարակ հասարակության շրջանում պետք է բարձրացնել քոլեջների դերը: Մեր ծնողների մեծ մասը տառապում է երեխային պարտադիր բարձրագույն կրթություն տալու «ցավով»: Պետք է հասնենք այն գիտակցական մակարդակին, որ կարեւորվի միջին մասնագիտական կրթություն ունենալը, որեւէ արհեստի տիրապետելը եւ այլն»:


Հարցին, թե ինչպես կարողացան տարիների ընթացքում բարձրացնել իրենց քոլեջի վարկանիշը, Թերեզա Միքայելյանը պատասխանեց. «Առաջին հերթին՝ որակյալ ուսուցմամբ, երկրորդ՝ ընձեռված հնարավորություններով, շրջանավարտների գործնական եւ տեսական պարապմունքների պատշաճ անցկացմամբ, երրորդ՝ հասարակության շրջանում տարած բացատրական աշխատանքներով»:


Առհասարակ մասնաճյուղի տնօրենն այն կարծիքին է, որ քանակն է որոշում որակ, պետք է շատ թվով ուսանողներ ունենալ, որոնց միջից էլ լավագույններին պետք է առանձնացնել. «Թույլ սովորողն ինքնըստինքյան մրցակցությունից դուրս կմնա»:


Կարեւորվեց նաեւ ուսանողների պրակտիկաների կազմակերպման հարցում Կապանի լեռնահարստացման կոմբինատի, քաղաքում գործող տարբեր բանկային մասնաճյուղերի հետ համագործակցությունը: «Որտեղ դիմում ենք պրակտիկայի անցկացման հարցով, ընդառաջում են, համապատասխան պայմաններ ստեղծում ուսանողների համար ստացած տեսական գիտելիքները պրակտիկայում կիրառելու համար», - տեղեկացրեց Թ.Միքայելյանը՝ հավելելով նաեւ, որ, բացի բուն ուսումնական պրոցեսից, ուսանողները նաեւ ակտիվ ուսանողական կյանք են վարում՝ մասնակցելով թե՛ քաղաքապետարանի, թե՛ մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվող տարաբնույթ միջոցառումներին:


Մասնաճյուղի խնդիրներից խոսելիս տնօրենը նշեց. «Հատկապես ակադեմիայի առումով պետք է ասեմ, որ այս պահին մեր առաջնային խնդիրը կայանալն է, իսկ վերանորոգման, համակարգչային ժամանակակից տեխնիկա ձեռք բերելու հարցերն ընթացիկ են եւ ժամանակի ընթացքում կլուծվեն: Այս պահին Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման պատճառով աշակերտների մի մասի ուսումնական գործընթացը նույնպես մեր շենքում է իրականացվում, բայց դա ժամանակավոր է, եւ պետք է աջակցենք միմյանց: Շենքային պայմանները բավարարում են թե՛ ակադեմիայի, թե՛ քոլեջի ուսումնական գործընթացը կազմակերպելու համար: Կադրերի համալրման հարցում նույնպես երբեմն խնդիրներ ենք ունենում, քանի որ Երեւանում ուսանած կապանցի շրջանավարտների ճնշող մեծամասնությունը չի վերադառնում: Օրինակ՝ այսօր մասնագետ-հոգեբան ենք փնտրում՝ ակադեմիայում դասավանդելու համար, եթե չգտնենք, ակադեմիայից կհրավիրենք: Հուսով եմ՝ մեր ակադեմիայի շնորհիվ շատերն այլեւս չեն մեկնի մայրաքաղաքում ուսանելու եւ այդպիսով գոնե մեր կադրերի մի մասին կպահենք այստեղ: Իսկ առհասարակ քոլեջում դասավանդում են համապատասխան կրթությամբ ու որակավորմամբ մասնագետներ»:


Որպես ամփոփում Թերեզա Միքայելյանը մաղթեց մեր երկրին խաղաղություն, որ կարողանանք մեր սերնդին տալ որակյալ կրթություն. «Կուզենամ՝ հասնենք այն հանգրվանին, որ քոլեջի դերն այնքան բարձրանա, որ գան քոլեջում ուսանելու՝ արդեն առանց ծնողների, աշակերտների շրջանում համապատասխան բացատրական, խորհրդատվական աշխատանքներ անցկացնելու»:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10