Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում աշխատանքային հաշվետվություն է հրապարակել «Աղքատության վերացման միակ գրավականն արտադրությունն է» վերնագրով:
Ղազարյանը տեղեկացրել է, որ վարչապետի՝ հուլիսին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի արդյունքներով իրականացնում են համալիր միջոցառումներ, որոնք ուղղված են Հայաստանում ոչխարաբուծության ոլորտում անթափոն արտադրության արժեշղթայի կազմակերպմանը:
«Բրդի մթերման կայանների՝ ֆերմերային կոոպերատիվների կազմավորումը կհանդիսանա այս շղթայի առաջնային օղակը, որը հնարավորություն կտա բրդի մթերումն իրականացնել տեղում, ամբարել և տեսակավորել՝ ըստ բրդի որակի մի քանի ցուցանիշների՝ կոշտության աստիճանի, երկարության, մաքրության:
Այս փուլի աշխատանքներն արդեն մեկնարկում են: Արժեշթղայի երկրորդ փուլի՝ բրդյա թելի և տեքստիլի արտադրության ընդլայնման և նորերի ստեղծման շուրջ կառավարությունը նախաձեռնել է ներդրումային օժանդակության ծրագիր, որն ընթացքի մեջ է:
Իսկ ՀՀ Սյունիքի, Շիրակի և Լոռվա մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում այս պահին առկա արտադրությունների հզորությունների ընդլայնման և բրդյա արտադրանքի/տեքստիլի սպառման հնարավորությունները մեծ են»,- գրել է վարչապետի խորհրդականը:
Սրբուհի Ղազարյանը գրել է, որ արժեշղթայի երրորդ՝ սպառման փուլի շուրջ իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ այս պահին միայն Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում առկա տնայնագործական արտադրանքի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Շվեդիայի ներկայացուցիչները:
«Մեկ կարևոր նշում՝ բրդյա թելերը և արտադրանքը ամբողջությամբ էկո արտադրանք են, քանի որ որևէ ներկման պրոցես չեն անցնում՝ պահպանելով բրդի բնական 14-17 երանգները»,- գրել է նա: