Տոն, որ նախեւառաջ հիշողության ու ոգեկոչման օր էր

05.09.2014 23:57
3703

Ավա՜ղ, Սյունյաց գահագլուխ իշխանների աթոռանիստ Շաղատ գյուղաքաղաքի նույնիսկ ավերակները չեն պահպանվել: Մինչդեռ, չորս դար (4-9-րդ դդ.) շարունակ, հենց Շաղատն էր Սյունիքի մայրաքաղաքը:

Ավա՜ղ, չեն պահպանվել նաեւ Սյունյաց աշխարհի մայր տաճարի` Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու ավերակները. քարակոփ չքնաղաշեն եկեղեցի էր, որպիսի հրաշալի ճարտարապետական կառուցվածք ուրիշ ոչ մի տեղ չկար: Այդ եկեղեցին էր, որ սկզբնապես դարձավ Սյունիքի մետրոպոլիտության գահանիստը (մինչեւ 839թ.): Այդ ժամանակներում էր, որ Սյունյաց աթոռը համարվեց Հայոց պատրիարքի նախաթոռ:

Սուրբ եւ բազմերանելի Մեսրոպ Մաշտոցը Շաղատում դպրոց հիմնեց եւ «սովորեցնելու համար մանուկներ ժողովեց»` ունենալով քաջ Սիսական Վասակի որդիական աջակցությունը:

Հայոց ուսուցչապետի հետ էր «գիտությունների մեջ անհաղթելի Անանիան», ով մոտ չորս տասնամյակ գահակալեց Սյունյաց թեմում, ով 449թ. մասնակցեց Արտաշատի պատմական ժողովին, ով կատարեց հույն մատենագիրներից շատերի երկերի թարգմանությունը, ինչպես եւ հեղինակեց առայսօր իրենց արդիականությունը պահպանող ճառեր:

Այդ ժամանակ Շաղատում էր նաեւ Բենիամին Երեց անուն շնորհալի թարգմանիչը, ով օգնեց Մաշտոցին` ստեղծելու նշագրեր գարգարացիների համար, ով եղավ Սյունիքի դպրոցների առաջին վերակացուն:

Շաղատի մեսրոպյան դպրոցի հիման վրա ստեղծվեց Սյունյաց (Շաղատի) վարդապետարանը, որի նշանակալի դերը հայոց մեջ անուրանալի է: Ըստ պրոֆեսոր Գրիգոր Գրիգորյանի` Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթեւն այդ վարդապետարանին վստահեցին Սուրբ Գրքի` Աստվածաշնչի թարգմանությունը, որն իր կատարելությամբ կոչվեց «Թագուհի թարգմանութեանց»:

Պարտավոր ենք հիշել հայոց համբավավոր այրերին, ովքեր տարբեր ժամանակներում գլխավորեցին վարդապետարանը կամ հանդիսացան վարդապետարանի սյուներ` Պետրոս Սյունեցի Քերթող (Սյունյաց թեմի առաջնորդ 547-556թթ.), Վրթանես Քերթող (Սյունյաց մետրոպոլիտ 559-582թթ., Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ 604-607թթ.), Մաթուսաղա Քերթող (Սյունիքի պրոտոֆրոնտես 634-652թթ.), Մովսես Քերթող (Սյունիքի մետրոպոլիտ 722-729թթ.), Ստեփանոս Սյունեցի Երկրորդ (7-րդ դարավերջ եւ 8-րդ դարասկիզբ):

Պատմական մի ամբողջ էպոխայում Շաղատի հետ է կապված Սյունիքի Հայկազյան տան` Հայկից սերված Սիսակի հաջորդների գործունեությունը: Դրանք անհատականություններ էին, ովքեր նշանակալից, որոշ դեպքերում` բացառիկ, դեր ունեցան հայոց պետականության պահպանման, հայոց արժանապատվությունն անաղարտ պահելու գործում` Սյունիքի մեծ նահապետ ու նախարար Անդոկ, Սյունյաց տեր Բաբիկ, Հայոց թագուհի Փառանձեմ, Հայաստանի եւ Վրաստանի մարզպան Վասակ:

Հանիրավի դատապարտված ու առայսօր դատապարտվող Վասակի մասին է, ի դեպ, Մեսրոպ Մաշտոցի վարքագիր Կորյունը (Ավարայրի ճակատամարտից հետո) գրել. «Այն ժամանակ Աստված տվեց, որ Սյունիքի իշխանության գլուխն անցավ քաջ Սիսական Վասակը, խելացի ու հանճարեղ եւ կանխագետ, աստվածային իմաստության շնորհքով օժտված մի մարդ: Նա շատ նպաստեց Ավետարանի քարոզչության գործին: Նա, ինչպես որդին հորը հնազանդություն ցույց տալով եւ Ավետարանին վայել կերպով ծառայելով, մինչեւ վերջ գործադրում էր նրա (Մաշտոցի) հրամայածները»:

Սյունյաց աշխարհի մեր օրերի առաջին խորհող Ռոբերտ Գրիգորյանը (Էջանանցին) մի քանի տարի առաջ գիր հղեց Սյունյաց թեմի առաջնորդին` վերականգնելու Սյունյաց տեր Բաբիկի` Շաղատում սկիզբ դրած մի ավանդույթ, որը, սակայն, ուշադրության չարժանացավ: Առաջարկվում էր ամեն տարվա հոռի ամսի մեկի օրը (հոռի ամիսը սկսում էր սեպտեմբերի 10-ից) հայտարարել Սյունյաց աշխարհի մայր եկեղեցու օր` հետեւելով Բաբիկի սահմանած կարգին, որ արվել էր Շաղատի Ստեփանոս Նախավկա սուրբ եկեղեցու հայտնության օրը:

Կարծում ենք` Սյունյաց թեմի առաջնորդարանը, թեեւ ուշացումով, այնուամենայնիվ, կանդրադառնա այդ առաջարկությանը:

Նորօրյա Շաղատի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերաօծման օրը` 2014թ. օգոստոսի 28-ին, անկարելի էր չհիշել Շաղատի պատմության վերոնշյալ եւ բազում այլ դրվագներ, դարերի հեռավորությունից հարգանք չընծայել Սյունյաց աշխարհի հոգեւոր եւ աշխարհիկ մեծերին, ովքեր ժամանակին մեր երկրամասի հնագույն մայրաքաղաքում պատվախնդրությամբ ու արժանապատվորեն ապահովեցին Մեծ Հայքի Սյունիք նահանգի արգասավոր ընթացքը:

Փա՜ռք Բարձրյալին, որ Սյունյաց աշխարհի հնամենի ոստան Շաղատը (թեեւ ոչ երբեմնի հռչակով) շարունակում է հարատեւել, որ Սյունյաց մայր տաճարի լույսը (գոնե մասամբ) շարունակում է սփռել Սուրբ Գեւորգ եկեղեցին` նորոգ տեսքի բերված ու սրբազան մյուռոնով վերաօծված:

Հարգանք ու պատիվ Շաղատի երեւելի զավակ Գագիկ Խաչատրյանին ու հավատավոր շաղատեցիներին, որ իրենց մտքով ու ջանքով հիմնանորոգեցին Աստծո այդ տաճարը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27