Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 21-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններին եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագծին:
«Նախագծերի այս փաթեթով կարգավորվում է հանքաերի իրական սեփականատերերի բացահայտման այդ ամբողջ գործընթացը»,-ասաց փաթեթը ներկայացնող Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ հավելելով, որ օրենքը հնարավորություն է տալու, որ բացահայտվի մինչեւ վերջին ֆիզիկական անձը: Նա մանրամասն ներկայացրեց, թե որ օրենքի որ հոդվածներում ինչ փոփոխություններ են առաջարկվում:
«Մի քանի ամիս առաջ ՏՄՊՊՀ-ն ինչ մի ուսումնասիրություն էր ուղարկել, որտեղ ասվել է՝ Հայաստանի հանքերի շատ մեծ մասը, որպես սեփականատեր, գրանցված է օֆշորային ընկերություններ, իսկ այդ ընկերությունները ուրիշ օֆշորային ընկերություններում եւ այդպես շարունակ: Ես այդ գրությունը հասցեագրել եմ էներգետիկայի նախարարությանը։ Այդ գրությունն ինչո՞ւ չենք տալիս իրավապահ մարմիններին, որ ուսումնասիրեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով գրությունը վերահասցեագրել ՀՀ գլխավոր դատախազությանը։
«Որովհետև տպավորություն է, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից ու դա ինքնին տարօրինակ փաստ է։ Կարծում եմ՝ արժի, որ իրավապահ մարմինները զբաղվեն դրանով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հարցրեց՝ արդյոք կարո՞ղ են վստահ լինել, որ մինչև վերջին ֆիզիկական անձը, որը մի քանի կոմբինացիաներով «օֆշորի-օֆշորի-օֆշոր» է ստեղծել, գտնելու են, ինչին փոխվարչապետ Տիգրան Ավինայնը դրական պատասխան տվեց:
news.am