Ծնունդդ շնորհավոր, Վարպետ

14.04.2019 18:36
1657

Հայ պոեզիայի ականավոր ներկայացուցիչ Համո Սահյանի ծննդյան օրը՝ ապրիլի 14-ին, «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը (Սամվել Ալեքսանյան, Ռեդիկ Հայրապետյան) այցելեց Սիսիան, ապա՝ Լոր:

Սահյանի պոեզիան մեզ համար շարունակում է մնալ ոչ միայն ներշնչանքի, այլեւ ազդեցության աղբյուր:

Սիսիանում՝ «Սիսական» փառապանծ ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հետ, մեծ բանաստեղծին հարգանքի տուրք մատուցեցինք՝ այցելելով նրա հուշակոթողին:

Այնուհետեւ ճանապարհվեցինք Լոր՝ բանաստեղծի հայրական տուն:

Պաշտոնական միջոցառումը՝ նվիրված Համո Սահյանի ծննդյան 105-ամյակին, պետք է մեկնարկեր ժամը 13-ին:

Մինչ այդ, սակայն, հասցրեցինք ծանոթանալ տուն-թանգարանի նոր ցուցադրություններին (ի դեպ, թանգարանի ցուցանմուշները թարմացված էին, իսկ բանաստեղծի հայրական տունն ու մերձակայքը՝ լավագույնս պահպանված, ինչը, անշուշտ, տուն-թանգարանի տնօրեն Քնքուշ Հարությունյանի նվիրական աշխատանքի արդյունքը պիտի համարել):

Գյուղի դպրոցականներն էլ տուն-թանգարան էին եկել առավոտվանից, որտեղ եւ ասմունքում էին, կատարում Համո Սահյանի ստեղծագործություններով երգեր:

Մենք օգտվեցինք հաճելի այդ մթնոլորտից եւ գյուղի դպրոցականների հետ միասին  ասմունքի յուրօրինակ ցերեկույթ անցկացրինք:

Առաջինն ասմունքեց Լոր գյուղի վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանը («Պատահում է սիրտդ լցվում/ Ու չի լալիս ժամանակին»), ապա՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը(«Թող ոչ ոքի չկանչեն/ Ճանապարհներն իմ անցած»):

Ասմունքեցին նաեւ դպրոցականներ Ադելա Առաքելյանը, Գառնիկ Սարգսյանը, Կոլյա Հովսեփյանը, Էրիկ Հովհաննիսյանը, Անի Սարգսյանը, Էլեն Դավթյանը եւ ուրիշներ:

Բոլորն ասմունքում էին Համո Սահյանի ստեղծագործություններից: Բացառություն էր միայն Էլեն Դավթյանը, ով արտասանեց Աշոտ Մինասյանի հեղինակած «Դու ուրցի բույրով եկար» բանաստեղծությունը:

Սամվել Ալեքսանյանն էլ ընթերցեց Համո Սահյանի՝ ազգային մեր երազանքն արտացոլող ստեղծագործություններից մեկը՝ «Մայրամուտ»:

Ահա՝

Մասյաց գագաթին

Խարույկդ վառած մեռնեի,

Արեւից, հողից, հողմերից,

Կարոտս առած մեռնեի:

Իմ վերջին հառաչքի միջից

Գոհության ճիչը բողբոջեր,

Արտերս, արտերս վարած,

Պարտքերս մարած մեռնեի:

Այդ ընթացքում տուն-թանգարանի բակը լցվել էր սահյանական պոեզիայի հարյուրավոր երկրպագուներով ինչպես Սիսիանից, այնպես էլ մերձակա գյուղերից:

Տուն-թանգարանից հեռանալիս բոլորս նույն համոզմունքն ունեինք՝ այցելել Համո Սահյանի հայրական տուն՝ նշանակում է երիցս պարզաջրվել Սահյանի քնարական հերոսի՝ Հայ մարդու բարոյականությամբ, նշանակում է վերստին առերեսվել Հայ մարդու՝ մեր ուզած տեսակի հետ, նշանակում է կրկին հավաստել մեր հավատամքը Սահյանի ամենաարդիական պատվիրաններից մեկին՝ մենք ենք մեր երկրի ե՛ւ տերը, ե՛ւ մշակը:

Երբ հինգ տարի առաջ հրատարակվեց «Սյունյաց երկրի» հատուկ համար՝ նվիրված Համո Սահյանի 100-ամյակին, մեր՝ հոգեհարազատությամբ լցված խմբագրականն այսպես ավարտեցինք՝ «… Երանի նրանց, ովքեր Համո Սահյանին իրենց ուսուցիչ եւ նախնի համարելու իրավունք կվաստակեն՝ նաեւ իրենց ապրած կյանքով, ապրելու իրենց բանաձեւով»:

Այդ եզրակացություն-բաղձանքն այսօր էլ արդիական է՝ մեծ քնարերգուի ծննդից 105 տարի անց:

 

 

 

 

 «Սյունյաց երկիր»

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08