Թուրքիայում ծնված և մեծացած, սակայն այժմ Վաշինգտոնում բնակվող լրագրող Ուզայ Բուլութը Gatestone Institute վերլուծական կենտրոնի համար գրած հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ ընդունելով տեղի ունեցած պատմական փաստն ու 1,5 մլն հայի բնաջնջումը:
«Այդ ժամանակվանից ի վեր թուրքական իշխանություններն ագրեսիվորեն հերքում են այն, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել, կամ որ թուրքերն են այն իրականացրել, և պատժում են բոլոր նրանց, ովքեր համարձակվում են այլ կարծիք հայտնել»,-գրում է հեղինակը:
Այնուհետև նա նշում է, որ կառավարության հիմնած Թուրքիայի պատմության ինստիտուտը պատրաստվում է 25-հատորյակ հրատարակել, որում «ապացուցելու է Ցեղասպանության հետ Թուրքիայի կապ չունենալը»:
Բացի այդ, ինստիտուտը նկարահանել է վավերագրական ֆիլմ («Հայկական ապստամբությունն ընդդեմ օսմանյան պետության, ահաբեկչություն և քարոզչություն»), որում ներկայացվում է պնդումն առ այն, թե 1915 թ. հայերը սկսել են «ոճրագործություններ» իրականացնել մահմեդականների դեմ, ինչին էլ ի պատասխան թուրքերը «վերաբնակեցրել» են նրանց: Ըստ վավերագրական ֆիլմի՝ հայկական սփյուռքը «ստեր է տարածում այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին»:
«Ի լրումն թուրքական կառավարության վարած ցեղասպանության հերքման քաղաքականությանը, թուրքական հանրության բազմաթիվ անդամներ փորձում են ջնջել հայկական կրոնի և մշակույթի բոլոր հետքերը»,-գրում է լրագրողը՝ հիշեցնելով Ստամբուլում հայկական եկեղեցիների նկատմամբ վանդալիզմի ակտերի իրագործման դեպքերի մասին:
«Ինչ վերաբերում է չգործող հայկական եկեղեցիներին, որոնց սպասավորները սպանվել են կամ տեղահանվել Ցեղասպանության ընթացքում, ապա դրանք շատ հաճախ հայտնվում են գանձագողերի թիրախում: Գանձագողերի մի մասը նույնիսկ տեսանկարահանում է՝ ինչպես են գողանում եկեղեցու գույքը, և տեսանյութերը պարծենալու համար հրապարակում սոցցանցերում: Կարսում գտնվող պատմական հայկական եկեղեցիներից մեկն այնքան հաճախ է թիրախավորվել նրանց կողմից, որ դրա պատերը փլուզվել են»,-գրում է Բուլութը:
Այնուհետև նա հիշեցնում է Կարսում հայկական տների, այդ թվում՝ բանաստեղծ Եղիշե Չարենցի տան քանդման մասին:
Նա անդրադարձել է նաև Թուրքիայում հայկական համայնքին՝ նշելով, որ ներկայում այնտեղ 60 000 հայ է բնակվում, և լարված քաղաքական մթնոլորտի ու բռնության պատճառով այդ թիվը նվազում է: Այս համատեքստում նա մեջբերում է ընտանիքին Թուրքիայից Եվրոպա տեղափոխած մի հայի, որը նշել է. «Մենք ցանկանում ենք, որ մեր երեխան ավելի քաղաքակիրթ պայմաններում մեծանա: Վերջին հինգ սերունդների ընթացքում Թուրքիան խաղաղ վայր չի եղել, այն չի կարող ժամանակակից քաղաքակրթությունների զարգացման մակարդակին հասնել և հավանաբար չի էլ հասնի առաջիկա երեսուն տարում»:
Բուլութի համոզմամբ՝ շարունակելով հերքել Հայոց ցեղասպանության փաստը և դա անելով հատկապես այն ժամանակահատվածում, երբ ամբողջ աշխարհում քրիստոնյաները հետապնդվում են և սպանվում, Թուրքիան միանշանակ կմնա հետամնաց, ոչ քաղաքակիրթ և Եվրոպայի մաս կազմելուն անարժան երկիր:
Իր անդրադարձը թուրք լրագրողն ավարտել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությամբ. «Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը չենք դիտարկում զուտ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Մենք դա տեսնում ենք ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման և գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում, որովհետև ակնհայտ է, որ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը նոր ցեղասպանությունների կանխարգելման ամենաարդյունավետ գործիքներն են, և մենք այս ճանապարհին պետք է լինենք առավելագույնս պրոակտիվ»:
tert.am