Թուրքիայում 14 տարի առաջ այս օրը սպանվեց Հրանտ Դինքը. Համառոտ ակնարկ

19.01.2021 20:12
1203

Այսօր` հունվարի 19-ին լրանում է Ստամբուլի հայկական  «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 14 տարին: Նա վերջին տասնամյակներում Թուրքիայի ամենահայտնի հայն էր։

Այս տարի համավարակով պայմանավորված այս տարի Ստամբուլում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված զանգվածային միջոցառումներ չեն կազմակերպվել, սակայն մի քանի հայտնի պլատֆորմներ կազմակերպել են հիշատակի օրվան նվիրված օնլայն տարբերակով հեռարձակվող ելույթներ։

Կրկին հիշելով Հրանտ Դինքին, պետք է շեշտեն, որ հանդես գալով մի շարք ժողովրդավարական պլատֆորմներում ու հասարակական կազմակերպություններում, Դինքն ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման անհրաժեշտությունը, խոսում խոսքի ազատության, Թուրքիայում մարդու, ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին: Նա հայերի ու թուրքերի միջեւ շատ կարեւոր քարոզիչ էր եւ հավատում էր, որ հայ համայնքը հնարավորություն կունենա Թուրքիայում ապրել ազատ եւ չենթարկվել պատմական ճնշումների:

2007 թվականի հունվարի 19-ին, Հրանտ Դինքն սպանվել է Ստամբուլում, իր խմբագրած «Ակոս» թերթի խմբագրատան շենքի դիմաց: Մինչ սպանությունը նա իր հրապարակումներում հայտնում էր, որ իր հասցեին սպառնալիքները հաճախակի են դարձել: Բացի այդ, նա բողոքում էր, թե ոստիկանությունը հրաժարվել է պաշտպանել իրեն հնարավոր մահափորձից:

Դինքի սպանության գործը բացահայտելու համար միջազգային մի շարք կառույցներ բազմաթիվ անգամ կոչ են արել թուրքական իշխանություններին՝ ապահովել անաչառ քննություն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2010-ի սեպտեմբերին մեղավոր ճանաչեց Թուրքիային՝ Հրանտ Դինքին չպաշտպանելու համար, չնայած որ հետքննության ընթացքում պարզ էր դարձել, որ թե՝ ժանդարմերիան, թե` ոստիկանությունը տեղյակ են եղել նրա դեմ նախապատրաստվող սպանությանը։

Դինքի գործով սկսված առաջին շոու դատավարությունն ունեցավ ամոթալի ավարտ։ Այդպես էլ հայտնի չդարձան սպանության պատվիրատուները, չուսումնասիրվեցին դատարան ներկայացված մի շարք փաստեր եւ վկայություններ։ 2011-ի հունվարի 17-ին տեղի ունեցած 25-րդ դատավարության ժամանակ, դատարանն ազատ արձակեց սպանության կազմակերպման մեջ գլխավոր կասկածյալներից Էրհան Թունջելին։ Դատարանը միայն դատապարտեց սպանության գործիք հանդիսացած Օգյուն Սամասթին՝ 22 տարի 10 ամիս ազատազրկման, իսկ սպանության ուղղորդման մեջ մեղադրվող Յասին Հայալին՝ ցմահ ազատազրկման։ Դատական շոուի զավեշտներից մեկն էլ այն էր, որ դատավճիռ կայացնելուց հետո հաջորդ օրը պարզվեց, որ Դինքի սպանության գործով 19 մեղադրյալներից 18-ի նկատմամբ է որոշում կայացվել։ Դատարանը մոռացել էր մի 19-րդ մեղադրյալի նկատմամբ որոշում կայացրել։

Թուրքիայում դատարանի այս որոշումն ընդունվեց մեծ դժգոհությամբ։ Դատարանի կողմից վճիռ կայացնելուց հետո դատարանի մոտ հավաքված հազարավոր մարդիկ սկսեցին բողոքել կայացված անարդար վճռի դեմ եւ երթով շարժվեցին դեպի «Ակոս»-ի խմբագրություն։

Դատավճռի հետ կապված Թուրքիայի մշակույթի նախարարը նշեց, թե այն վտանգավոր զարգացում էր։ Նախագահ Գյուլը շեշտեց, որ տեսնում է հասարակության դժգոհությունը, արդարադատության նախարարը փորձեց հանգստացել հասարակությանը՝ նշելով, թե դատական գործընթացը չի ավարտվել եւ դեռ կա բողոքարկման փուլ։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատեց վճիռը՝ ասելով, թե սա էր Էրդողանի արդարադատությունը։

Զավեշտալի է, սակայն Դինքի սպանության գործով ամոթալի վճիռը կայացրած դատարանի նախագահը հայտարարեց, թե կայացված վճիռը եւս իր սրտով չէ։

Դատավճռից 1,5 տարի հետո՝ 2013-ի մայիսին, Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը վճռաբեկ 9-րդ դատարանում բեկանվելուց հետո ուղարկվեց Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան: Այնտեղ արդեն 2013-ի սեպտեմբերի 17-ից վերսկսվեց Դինքի սպանության գործով դատավարությունը։  Այսինքն, արդեն 1 տարուց ավել է, ինչ ընթանում է Դինքի սպանության դատավարությունը, սակայն կրկին արդյունքներ չկան։ Պարզապես այս ընթացքում ձերբակալվել եւ կալանվել է նախորդ դատավճռով ազատ արձակված Էրհան Թունջելը։ Նա վերսկսված դատական նիստերից մեկի ժամանակ սկանդալային հայտարարություն էր արել՝ պնդելով, թե Դինքի սպանությունն իրականացրել է «Էրգենեկոն»-ից ավելի բարձր կազմակերպություն, որի անդամներին պետությունը աշխատավարձ է տալիս։

Այս ընթացքում հետաքրքիր զարգացում էր այն, որ Թուրքիայի արդարադատությամ նախարարը թույլատրեց դատական պատասխանատվության կանչել պետական պաշտոնյաներին, ովքեր ինչ-որ առումներով կապված են Դինքի սպանության հետ։

Այդ համատեքստում արդեն հարցաքննվեցին ու ձերբակալվեցին են բարձրաստիճան պաշտոնյաներ ու ոստիկաններ։

Իսկ Դինքի սպանության գործով դատավարության համար «բեկումնային» դարձավ Էրդողան-Գյուլեն հակամարտությունը, քանի որ այդ հակամարտության սրացումից հետո սկսեցին ձերբակալվել նախկին բարձրաստիճան գյուլենական պաշտոնյաներ՝ Դինքի սպանության մեջ որոշակի մեղքի բաժին ունենալու մեղադրանքով։

Դրանից հետո դատավարությունները սկսեցին սկանդալային հայտարարություններով ուղեկցվել։ Ցուցմունքներից մեկի համաձայն՝ ՆԳ նախկին նախարարը պահանջել է հետախուզության պետից վերացնել Դինքի դեմ մահափորձի մասին հետախուզական տեղեկությունը, իսկ հետախուզության պետը թեեւ չի վերացրել, սակայն ժամանակին չի էլ բարձրաձայնել։ Պարզվեց, որ Հրանտ Դինքի սպանությունը բացահայտվել է օրերի ընթացքում, սակայն դատական գործընթացները դե ֆակտո դոփում են նույն տեղում։

Ու չնայած թուրքական իշխանությունների հավաստիացումներին, Հրանտ Դինքի սպանությունը շարունակում է մնալ Թուրքիայում ավանդույթի վերածված չբացահայտված քաղաքական սպանությունների շարքին։

news.am

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26