Շուշի՝ բերդաքաղաք հայոց

24.12.2021 12:17
1166

Դեռ նոր հարսանիք ես տեսնելու լեռներում…

«Հայոց Շուշիի մասին ենք ուզում ձայնել, արփիազարդ եւ հույժ պանծալի քաղաքի մասին, որ երկրայինների մեջ հազվադեպ երկնայիններից է…

Բայց լրագրային մեր պատումը զերծ է լինելու ողբից, լացից, տխրագին հառաչանքներից, հայ մարդու սրտի մորմոքը ցուցադրելուց, քանզի ողբասացությունը՝ հատկապես այս դեպքում եւ մեր պատմության փորձը նկատի ունենալով, հեռու է ողջամտությունից: Մեր պատումը նախ երկրպագություն է Շուշիին, քանզի հայոց մեջ շատերն անգամ չհասկացան ու չեն էլ գիտակցում, որ այն մեր լինելիության հավերժական առասպելն է… Մեր պատումն անքակտելի հույսի եւ հավատքի փոքրիկ ցոլանք է առ այն, որ Շուշին անպայման վերադառնալու է հարազատ մոր՝ Հայոց Արցախի գիրկը, քանզի մեզ հետ է Տիրոջ անհաղթելի զորությունը… Մեր պատումը Շուշին գերած անօրենից վրեժ առնելու եւ սրբազան քաղաքը բռնավորից ազատելու հրամայականն արթուն պահելու համեստ նկրտում է…»:

Սրտի անհանգիստ տրոփով գրված այս տողերը «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա պարբերականի խմբագրականից են, որն հաջորդիվ հուշում է ընթերցողին, թե ինչ գանձեր ենք թողել շան երախում: Ապա ծանոթանում ենք հայահունչ եւ հայաշունչ քաղաքի անվան ստուգաբանությանը, այնուհետեւ՝ 1992-ի մայիսին բերդաքաղաքի ազատագրման ռազմագործողություններին, անհավանական այդ հաղթանակը կերտած հրամանատարներին, հայ քաջազուններին, հերոսամարտի պատմական նշանակությանը:

Հերթական էջերում տարողունակ հարցազրույցներ են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, Շուշիի վերջին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ, ով ամեն գիշեր երազում բերդաքաղաքն է տեսնում, իսկ թեմի առաջնորդն իմաստնաբար հորդորում է՝ եթե հույսդ դնես ուրիշների վրա, եղածն էլ ես կորցնելու… Այնուհետեւ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը ցավագին ապրումներն է կիսում. «Էրդողանը թքեց մեր հոգու մեջ՝ Շուշի գալով, ես եղեռնի զգացողություն ունեցա, վերապրեցի 1915 թիվը…»: Եվ տեղեկացնում, որ վերջին պատերազմից հետո 6000 աշակերտ դարձել է դպրոցազուրկ եւ տնազուրկ, 1618 ուսուցիչ մնացել է առանց աշխատանքի, 617 հազար գիրք, 12 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝ բարբարոս թշնամուն: Օկուպացված են 2000 հուշարձան՝ 536 խաչքար, 13 վանական համալիր,122 եկեղեցի, բազմաթիվ ամրոցներ եւ արգելոցներ: Շուշիի թանգարաններում մնացել են 20885 թանգարանային ցուցանմուշներ, գորգեր… «Բայց չեմ վհատվում, արդարությունը հաղթանակելու է»,- իր լավատեսությունն ընթերցողին է փոխանցում զրուցակիցը:

Պարբերականի էջերից մի քանիսում ներկայացված են բանաստեղծություններ՝ ձոնված բարբարոսի շղթաներում հայտնված պանծալի քաղաքին, մեծածավալ հատվածներ Սերո Խանզադյանի «Շուշի» վեպից, քաղաքը՝ փոստային բացիկներում, հնօրյա կրթական օջախները, ոչ միայն Շուշիում ծնված մեծանուն հայեր, ովքեր անցյալում գործունեություն են ծավալել այնտեղ, ծաղկեցրել մշակութային կյանքը՝ գրականություն, երաժշտություն, թատերական արվեստ: Եվ այս ամենը՝ ամբողջացված լուսանկարներով:

Պարբերականի ընթերցողն առանձնակի լարվածությամբ է ծանոթանում 1920 թ. մարտի 23-26-ը Շուշիում տեղի ունեցած հայերի կոտորածի մասին՝ Ավետիք Իսահակյանի ձեռամբ գրառված՝ ականատես Միրզա Տեր-Սարգսյանի հիշատակարանից: Նույն էջում այդ սոսկումների մասին համառոտակի պատմում են նաեւ մեծանուն Հրաչյա Աճառյանը, Լեոն, Մարիետա Շահինյանը, Նադեժդա Մանդելշտամը, Օրջոնիկիձեն, Սերո խանզադյանը:

«Շուշին՝ Արցախի հոգեւոր թեմական կենտրոն» խորագրի ներքո ներկայացված են քաղաքի եկեղեցիները, դրվագներ հոգեւոր կյանքի անցյալից՝ հին ու նոր լուսանկարներով, եկեղեցական պատկառելի գործիչների դիմանկարներով, ծավալուն հրապարակումներով: Բա Շուշիի թանգարաննե՞րը՝ կերպարվեստի, քաղաքի պատմության, գորգերի, դրամների, երկրաբանության: Բա կրթօջախնե՞րը՝ տեխնոլոգիական համալսարան, կիրառական արվեստի ինստիտուտ, երաժշտական դպրոց, հումանիտար քոլեջ՝ նորօրյա իրենց պատմություններով, լուսանկարային գեղեցիկ պատկերներով: Ո՞ր մեկը թվարկես, եւ ինչպե՞ս հոգիդ չմղկտա…

Թե որքան երգեր են ձոնվել առայժմ կորսված շքեղ բերդաքաղաքին՝ դժվար է ասել: Նաեւ այդ երգերից մի քանիսին է ծանոթանում ընթերցողը՝ Գուսան Հայկազուն, Արթուր Գրիգորյան, Արզաս Ոսկանյան, այլք:

Եվ այդ երգերը դեռ պիտի հնչեն, եւ դեռ նոր հարսանիքներ պիտի լինեն Արցախի լեռներում: Այս հավատամքով ես զորանում՝ էջ առ էջ ըմբոշխնելով «Սյունյաց երկրի» մշակութային հերթական համարը: Իսկ նախորդը նվիրված էր ժամանակին Սյունաց անառիկ աշխարհը փրկած դյուցազնակերպ Նժդեհին, որի անպարտելի ոգուն ենք ապավինելու ազգովի:

Երախտապարտ լինենք այդ ոգին մեզ փոխանցող մարդկանց, որ ժայռի նման կանգնած են ամուր՝ ընդդեմ մահաբեր հողմերի…

Տաթևիկ Ղարագյոզյան

Հայաստանի Հանրապետություն օրաթերթ

 

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24