Ուսուցիչները 10 հազարով ավելի են. ինչու չնվազեցնել դասարանների խտությունը եւ դրույքաչափը

29.11.2018 21:59
1545

Օրեր առաջ Գեղարքունիքի մարզ կատարած այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրաձարձել էր աշակերտների եւ ուսուցիչների քանակի անհամապատասխանությանը, ու, որպես հետեւանք, վերջիններիս վճարվող ցածր աշխատավարձին: Այսինքն՝ ուսուցչական համեմատաբար փոքրաթիվ հաստիքները զբաղեցնում են ավելի մեծ թվով մանկավարժներ, ինչի պատճառով էլ այս կամ այն հաստիքի համար հատկացված ընդհանուր գումարը բաշխվում է երկու հոգու միջեւ ու փոքրանում:

Վարչապետը նկատել էր, որ այսօր Հայաստանում ուսուցչի աշխատավարձը պաշտոնապես 153 հազար դրամ է, բայց այդքան գումար ստացող մանկավարժների պետք է խոշորացույցով փնտրել: «Պատճառը շատ տրիվյալ է. մանկավարժական աշխատավարձերը որոշվում են դրույքներով: Հիմա մենք ունենք աշակերտների x քանակ: Նրանց կրթությամբ ապահովելու համար անհրաժեշտ է y դրույք: Եվ մենք այսօր հանրակթության ոլորտում ունենք 10 հազարով ավելի աշխատող, քան դրա կարիքը կա՝ աշակերտների թվաքանակից ելնելով: Նշանակում է, որ աշխատավարձի դրամագլուխը, որը պետությունը սահմանել է, բաժանվում է հավելյալ 10 հազար հոգու միջեւ»,- ասել էր նա:

Նաեւ կենցաղային օրինակ էր բերել: «Ենթադրենք տանը շինարարության գործ լինի, որը կատարելու համար պետք է 3 հոգի: Որեւէ մեկը կհամաձայնի՞ գա 8 հոգի, այդ գործը անի, սնվի: Կասեք՝ ես 3 հոգու կվճարեմ, բարձր կվճարեմ, ձեռքս էլ կխփեմ սեղանին ու որակ կպահանջեմ: Հայաստանի Հանրապետությունն էլ մեր տունն է»,- զուգահեռ էր անցկացրել Նիկոլ Փաշինյանը:

Ուսուցիչների չարդարացված մեծ քանակից խոսել է նաեւ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նա չի բացառել, որ կարող են կադրային կրճատումներ լինել, բայց եւ նշել է, որ դա անել չեն շտապի՝ փորձելով ապագա գործազուրկների համար հնարավորություն ստեղծել վերապատրաստվել ու նախապատրաստվել մեկ այլ աշխատանքի:

Բայց վերոնշյալ իրավիճակին զուգահեռ պատեհ առիթով ուսուցիչներն են ահազանգում, որ աշխատում են խիստ ծանրաբեռնված: Մեկ դրույքը կազմում է շաբաթական 22 դասաժամ: Նրանք վստահեցնում են, որ դա չափազանց շատ է՝ ուսուցման բարձր որակ ու արդյունք ապահովելու համար, մանավանդ այն դեպքում, երբ աշխատում են այսօրվա տեղեկացված սերնդի հետ ու գերբեռնված դասարաններում:

Երեկ էլ մի խումբ մանկավարժներ ու նրանց դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում կարծիք էին հայտնում, որ օպտիմալ տարբերակն այն կլինի, եթե դրույքը կազմված լինի 18 դասաժամից: Ի դեպ, ուշագրավ է, որ նրանք համաձայնեցին խոսել միայն անուններ չհրապարակելու պայմանով: «35-ից ավելի պետք է լինի աշակերտների թիվը, որ կարողանանք դասարանը կիսել: Եթե քիչ եղավ, իրավունք չունենք: 35 հոգանոց դասարան ու 22 ժամ դաս: Դու պիտի անընդհատ լարված լինես, պիտի կարողանաս աշխատանքդ ճիշտ կազմակերպել: Փառք Աստծո (կմեծամտանամ ու կասեմ) մեր դպրոցն այն դպրոցներից է, որ ուսուցիչներն անշահախնդիր աշխատում են: Բնականաբար, յուրաքանչյուրն էլ կուզի՝ բարձր վարձատրվել, բայց չեն ասում՝ ինչ եմ ստանում, որ մտնեմ դասարան»,- նշեց տնօրենը: «Այս սերնդի հետ բավականին բարդ է»,- կարծիք հայտնեց ուսուցիչներից մեկը: Ընդգծեցին, որ պահանջվող թղթաբանությունը վերջին տարիներին բավական շատացել է, ինչը էլ ավելի է դժվարացնում իրենց գործը:

Տարիներ առաջ «1 դրույք-22 դասաժամ» բանաձեւի վերաբերյալ մեզ հետ զրույցում բացասաբար էր արտահայտվել նաեւ ՀՀ վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանը: «Այսօր երեխան դպրոց է գալիս այս կամ այն կերպ տեղեկացված, ինչ առարկայից ուզում է լինի: Հաղորդակցությունն այնպիսին է, որ այդ լրատվությունը երեխան ստանում է: Նրան բավարարելն արդեն ավելի դժվար է: Ուրեմն, ուսուցիչը ամեն դասից առաջ տանը 4-5 ժամ պիտի աշխատի, լրացուցիչ նյութեր հավաքի, որ կարողանա այդ դասարաններում պարապել: Ամեն ուսուցիչ չի կարող, ուստի եւ խուսափում են շատ ժամից: Ֆիզիկապես չեն կարող 22 ժամ դասարան մտնել, այդքան պատրաստվել չեն կարող»,- իր դիտարկումներն էր հայտնել Բեատրիչե Ստեփանյանը:

Հանրակրթության ոլորտի ներկայացուցիչներն այս խնդրի մասին տարբեր առիթներով խոսել են նաեւ ոլորտի պատասխանատուների հետ: Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ուսումնական տարվա սկզբին խոստացել էր, որ կանդրադառնան դրան: Նախարարությունից երեկ տեղեկացանք, որ այս պահի դրությամբ դրույքաչափերի վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում:

Մինչդեռ, եթե դասարանները, չհաշված հեռավոր շրջաններում գործող դպրոցների, այդքան խիտ չլինեն, ուսուցիչներն աշխատեն ավելի թեթեւ բեռնվածությամբ, նրանց քանակը գուցե անհրաժեշտից ավելի չլինի: Իսկ մանկավարժներին արժանապատիվ աշխատավարձով ապահովելու հնարավորության դեպքում էլ դա թեպետ բյուջեից կպահանջի համեմատաբար խոշոր գումարներ, բայց այդ ծախսերը կարող են փոխհատուցվել ստացվելիք արդյունքով:  

Ի դեպ, մանկավարժները նշում էին, թե մեկ դրույքի համար իրենց վճարվում է մոտավորապես 105 հազար դրամ: Եվս մոտ 20 հազար դրամ ուսուցիչը կարող է ստանալ, եթե դասղեկ է: Եզակի դեպքերում նրանց նաեւ 10 հազար դրամ հավելավճար է տրվում, եթե տարակարգ ունեն: Ստացվում է առավելագույնը 135 հազար դրամ, որը պարտադիր պահումներից հետո դառնում է լավագույն դեպքում կդառնա մոտ 105 հազար դրամ:

Հայաստանի պետական դպրոցներում սովորող աշակերտների թիվը 2017-2018 ուսումնական տարում եղել է 360 հազար 321: Ուսուցիչներինը՝ 36 հազար 678: 2016-2017 ուսումնական տարում եղել է 357 հազար 052 աշակերտ եւ 36 հազար 807 ուսուցիչ: Ավելի վաղ, ասենք 2011-2012 ուսումնական տարում ուսուցիչների թիվը շատ ավելի մեծ է եղել եւ կազմել է 41 հազար 757: Աստիճանաբար այդ թիվը կրճատվել է տարեկան մոտավորապես հազարով:

armtimes.com

 

 

 

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46