Վախճանվել է Սեյրան Արզումանյանը

28.11.2021 17:47
5949

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, հանկարծամահ է եղել Սեյրան Աշոտի Արզումանյանը:

Գորիս քաղաքի եւ ընդհանրապես տարածաշրջանի երեւելի դեմքերից էր, ճարտարագիտության եւ էներգետիկայի ոլորտի ճանաչված մասնագետ, տնտեսության փորձառու կազմակերպիչ:

Ծնվել է 1952 թ. հոկտեմբերի 26-ին Տեղ գյուղում:

Ծննդավայրի միջնակարգն ավարտելուց հետո՝ 1970-74 թթ., բարձրագույն կրթություն է ստացել Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղում՝ ստանալով  ֆիզիկայի մասնագետի որակավորում:

Խորհրդային բանակում ծառայելուց հետո աշխատանքի է անցել Շինուհայրի ռետինե կոշիկների նորահիմն գործարանում՝ ինժեներ-մեխանիկ, արտադրամասի պետ, իսկ 1981 թվականից՝ ձեռնարկության գլխավոր մեխանիկ:

Խորհրդային Միությունում համբավ ձեռք բերած այդ գործարանի կայացման գործում, առանց չափազանցության, մեծ էր նաեւ Սեյրան Արզումանյանի դերն ու ներդրումը:

Այդ տարիներին (աշխատանքին զուգահեռ) կրթությունը շարունակել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում, որն ավարտել է 1984-ին՝  ինժեներ-մեխանիկի որակավորմամբ: Միեւնույն ժամանակ՝ քանիցս մասնակցել է Մոսկվայի եւ Լենինգրադի առաջադեմ տեխնիկական բուհերին կից վերապատրաստաման դասընթացների:

1987-92 թվականներին գլխավորել է Գորիսի հացի գործարանը՝ զուգահեռաբար ձեռնարկելով Գորիսի նոր եւ ժամանակակից հացի ձեռնարկության կառուցումը, արդիական սարքավորումներով համալրումն  ու գործարկումը:

Այնուհետեւ, որոշ ժամանակ, պատասխանատու պաշտոններ է վարել ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում, որ նոր-նոր էր ձեւավորվում:

Վերջին  տասնութ տարում աշխատում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Տաթեւ» մասնաճյուղում՝ օդային գծերի վարպետ:

Սեյրան Արզումանյանը նաեւ ակտիվ դերակատարություն է ունեցել Գորիսի հասարակական-քաղաքական կյանքում: Քանիցս ընտրվել է Գորիսի քաղաքային խորհրդի պատգամավոր՝ իր գործուն մասնակցությունն ունենալով Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Գորիսի տարածաշրջանի ինքնապաշտպանության կազմակերպմանը, ինչպես եւ դժվարին այդ օրերում Գորիսի ներդաշնակ ընթացքի ապահովմանը:

Ստեղծել է օրինակելի ընտանիք, ունեցել երեք զավակ, սակայն Արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ 1993-ի օգոստոսին, կորցրեց իր 19-ամյա որդուն՝ Նորայրին. ողբերգական այդ պատահարի պատճառած սուգն ու թախիծը նրան ուղեկցեցին մինչեւ կյանքի վերջ, թեեւ իր վիշտը երբեք չպարտադրեց շրջապատին ու միջավայրին:

Նա մեծ հեղինակություն էր վայելում Գորիսի հասարակության մեջ, նրա հյուրընկալ օջախի դռները միշտ բաց էին ընկերների ու բարեկամների առջեւ:

Սեյրան Արզումանյանը «Սյունյաց երկրի» անկեղծ բարեկամներից էր, մարդկային ու քաղաքացիական վեհ հատկանիշներով օժտված անձնավորություն. նաեւ դրա համար է, որ մեծ ցավով ու ափսոսանքով ընդունեցինք նրա մահվան բոթը, իսկ հիմա մեր ցավակցության ու մխիթարանքի խոսքերն ենք ուղղում տիկին Անահիտին, Լիլիթ եւ Արփինե  հրաշալի դստրերին:

***

Սեյրան Արզումանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին, ժամը 16-ից ՝ Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի 7-րդ շենքի 4-րդ բնակարանում:

Հուղարկավորությունը՝ նոյեմբերի 30-ին, ժամը 12-ին:

Հողին կհանձնվի Գորիս քաղաքի Ըղջիյազի թաղամասի գերեզմանատանը, որտեղ հանգչում է իր վաղամեռիկ որդին:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12