Վառ երեւակայությունից եւ խենթությունից ծնված ստեղծագործություններ

18.04.2018 17:13
1697

Փարաջանովյան անկրկնելի արվեստին հաղորդակցվելու եզակի առիթ ունեցավ մարզկենտրոնի արվեստասեր հասարակությունը: Կապանի արվեստի քոլեջի ցուցասրահում կրթօջախի դասախոս Հասմիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ բացվեց «Սերգեյ Փարաջանովի աշխարհ. արվեստ առանց սահմանների» լուսանկարչական ցուցահանդեսը: Մինչեւ ցուցահանդեսի մուտքը երիզող ժապավենի կտրելը՝ Երեւանի Փարաջանովի անվան թանգարանի տնօրեն, լուսանկարիչ, մեր հայրենակից Զավեն Սարգսյանը ներկաներին հակիրճ տեղեկացրեց, որ ցուցահանդեսը շրջել է եվրոպական երկրներում՝ Գերմանիայի Դաշնություն, Սլովենիա, Սլովակիա, մի ամիս առաջ՝ Բուլղարիա, ինչպես նաեւ Ռուսաստան: Ինքը մտերիմ է եղել Փարաջանովի հետ (ծանոթացել է 1978-ին), իսկ 12 տարի նրան լուսանկարել է: Նաեւ ասաց, որ հայտնի կինոռեժիսորը սիրով է լուսանկարվում եւ հաճախ է ինքն ընտրում լուսանկարման ձեւը:

Փարաջանովը 20-րդ դարի կինոյի խոշորագույն նորարարներից մեկն է, ով բուռն ու հակասական կյանքով է ապրել: Նրան համաշխարհային ճանաչում բերեց «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը (1964թ.), որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքը եւ արժանացել 28 տարբեր պարգեւի: 1965-ին սկսել է նկարել «Կիեւյան որմնանկարներ» հակապատերազմական ֆիլմը, որը շուտով արգելվում է իշխանությունների կողմից: 1966-ին նրան հրավիրում են Հայաստան, որտեղ Փարաջանովն առաջարկում է նկարահանել «Սայաթ-Նովա» ֆիլմը: Նա շրջում է Հայաստանով, ծանոթանում ճարտարապետությանը եւ արվեստին, մեծ ոգեւորությամբ նկարահանում ֆիլմը, որով հաստատվում է կինոռեժիսորի արվեստի ինքնատիպությունը: Ֆիլմի՝ գունագեղ կտավներ հիշեցնող կադրերը վերակերտում են աշուղ եւ բանաստեղծ Սայաթ-Նովայի կենսագրությունը, բացահայտում այնպիսի արժեքներ, ինչպիսիք են երգը, սերն ու հավերժությունը: Այս ամենով հանդերձ՝ ֆիլմը դժվարությամբ էկրան բարձրացավ՝ «Նռան գույնը»  վերնագրով: Դրանից հետո Փարաջանովը 15 տարի վտարվեց կինոյից, ավելին՝ երկու անգամ բանտ նետվեց 1974-1978թթ. եւ ութ ամիս Թիբիլիսիում 1982թ-ին: Այդ դաժան վերաբերմունքի պատճառը նրա համարձակ խոսքն էր եւ արվեստը, որ ափերից հանում էր իշխանություններին: Այդ տարիներին, երբ Փարաջանովը զրկված էր ֆիլմ նկարահանելուց, իր ողջ ստեղծագործական ավյունն ուղղեց գծանկարների, կոլաժներ, տիկնիկներ, գլխարկներ եւ արվեստի այլ գործեր ստեղծելուն: 

«Կոլաժը» սեղմած ֆիլմ է. ասում էր Փարաջանովը. «Եթե ֆիլմի ստեղծումը կախված է բազմաթիվ հանգամանքներից, ապա կոլաժում արվեստագետն ազատ է անել այն, ինչ ուզում է»:

Կյանքի վերջում «Վրացֆիլմում» նա նկարահանեց եւս երկու կինոնկար՝ «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» եւ «Աշուղ Ղարիբ»: 1989-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում ռեժիսորը սկսեց աշխատանքները «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմի վրա: Նոր-նոր սկսած նկարահանումներն ընդհատվեցին Փարաջանովի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Փարաջանովը վախճանվեց 1990-ին եւ թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

«Փարաջանովի հեռանալով կինոյի աշխարհը կորցրեց իր կախարդներից մեկին», - այսպես արտահայտվեցին համաշխարհային կինոյի խոշորագույն գործիչները: 1991-ին Երեւանում բացվեց հանճարեղ ռեժիսորի եւ արվեստագետի թանգարանը, որտեղ հավաքված է նրա 1000-ից ավելի արվեստի գործերը:

«Փարաջանովը ճաշակ է, ափսոս, որ ժողովուրդը նրանից զուրկ է: Երբ առիթ եղավ, ձեռնարկեցինք այս գործը՝ մտածելով, որ կապանցիները հնարավորություն չունեն գնալ Երեւան եւ ծանոթանալ Փարաջանովի թանգարանի ցուցադրանքին», - այսպես ներկայացրեց ցուցահանդեսը Կապանում կազմակերպելու նպատակը Զավեն Սարգսյանը, ով մեկ առ մեկ ներկայացրեց  լուսանկարներում պատկերված կոլաժների, ֆիլմերի համար արված էսքիզների, գծանկարների, տիկնիկների, այլ գործերի ստեղծման նախապատմությունը՝ անհրաժեշտ մեկնաբանություններ տալով:

Երկու շաբաթ կապանցի արվեստասերը (եւ ոչ միայն) հնարավորություն կստանա շփվելու փարաջանովյան արվեստի հետ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24