Վարչապետը հանդիպել է Մխիթարյան միաբանության վանահայրերին և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչներին

20.11.2019 19:52
770

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում և այցը սկսել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն այցելությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միաբանությունում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե  եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը միաբանության և Վենետիկի հայ համայնքի անունից ողջունել է Նիկոլ Փաշինյանին Մխիթարյան միաբանությունում և մաղթել հաջողություններ պետական գործունեության մեջ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Փաշինյանը նշել է.  

«Հայր Լևոն,

հարգելի հայրենակիցներ,

սիրելի հյուրեր,

շատ ուրախ եմ այս առիթի համար։ Կրկին ուզում եմ ընդգծել, որ իհարկե, զուտ ֆորմալ առիթն այստեղ այցելելու ջրհեղեղն է, որը, ցավոք, վնասեց նաև Սուրբ Ղազար կղզին, Մխիթարյան միաբանությունը։ Բայց, իհարկե, անպայման առիթ պիտի փնտրեի լինելու այստեղ, որովհետև նախկինում առիթ չեմ ունեցել, և Սուրբ Ղազար կղզին, Մխիթարյան միաբանությունն իրականության և պատմության համար շատ կարևոր նշանակություն ունի։ Համոզված եմ, որ հետագայում էլ շատ կարևոր դեր պիտի ունենա։

Այն ժառանգությունը՝ գիտական, որ ստեղծվել է այստեղ, առաջին հերթին՝ հայագիտական, հայոց լեզվի, մեր պատմության հետ առնչվող, իսկապես դրվել է մեր նոր գիտության և կրթության հիմքում, և դա շատ կարևոր է։ Կարևոր է նաև, որ մենք գնահատենք մեր ինքնության, զարգացման և ինքնաճանաչման գործում կարևորագույն նշանակություն ունեցող այս գիտական տաճարը, այս հոգևոր կենտրոնը, և իսկապես սա մեծ պատիվ է ինձ համար։ Ամենակարևորն արձանագրելն է, որ Մխիթարյան միաբանությանն անշրջելի վնասներ չեն պատճառվել. վնասները կվերականգնվեն, և պետք է առաջ նայել։ Ցանկանում եմ ի սրտե հաջողություններ մաղթել Մխիթարյան միաբանությանը և ընդհանրապես մեր ժողովրդին։

Ցանկանում եմ ասել, որ քաղաքական այն ուժը, որ ես ներկայացնում եմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում անկյունաքարային դրույթներից մեկը մեր ինքնության պահպանումը և զարգացումն է։  Սա իսկապես չափազանց կարևոր է մեզ համար և ուզում եմ նաև ընդգծել, որ շատ հաճախ մենք պսպղան կարգախոսների ներքո իրականում վնասում ենք ինքներս մեր ինքնությունը, կորցնում ենք մեր պատմությունը, կորցնում ենք մեր հետագիծը և ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները։ Մեր կառավարության մեծ առաքելություներից մեկը համարում եմ հենց սա, որ մենք մեր ինքնության, մեր պատմության, մեր անցյալի հետ հաշտ լինենք, ինքներս մեզ ճանաչենք ամբողջության մեջ, որովհետև ինքներս մեզ թերճանաչելու գործընթացը նշանակում է թերճանաչել և թերգնահատել մեր այն ներուժը, որ մենք՝ որպես ժողովուրդ, որպես պետություն ունենք։ Այս ինքնության ճանաչման և զարգացման գործում ամենակարևոր խնդիրը և նպատակն, իհարկե, ապագան է, և համոզված եմ, որ մեր ազգային համախմբումը, հայ ժողովրդի համախմբումն անցնում է հենց ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու այս անհրաժեշտությամբ։ Այս գործում Մխիթարյան միաբանությունը շատ կարևոր դերակատարում ունեցել է և շատ կարևոր դերակատարում պիտի ունենա։ Համոզված եմ՝ շատ նյութեր հետազոտված են, դեռ շատ նյութ կա այստեղ հետազոտելու։ Սա պետք է լինի նաև հայաստանյան գիտական շրջանակների ուշադրության  կենտրոնում, և մենք պետք է ապագայի վերաբերյալ համագործակցության շուրջ նույնպես կարողանանք մտածել»։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է հանդիպելու Վենետիկի հայ համայնքին և իր արտերկրյա բոլոր այցերը մշտապես ուղեկցվում են հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներով, քանի որ դա կառավարության գործունեության տրամաբանության մեջ են մտնում։ «Մեր կառավարությունը ազգային օրակարգի իմաստով խնդիր է ձևակերպել Ստեփանակերտում՝ հատվածականությունը համահայկականությամբ փոխարինելու, և դա նշանակում է, որ մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն առավել արդյունավետ, առավել մրցունակ և առավել ուժեղ կլինի, եթե ներկայանա ոչ միայն որպես ՀՀ քաղաքացիների ներկայացուցիչ, այլև ներկայանա որպես համայն հայ ժողովրդի ներկայացուցիչ», - ասել է կառավարության ղեկավարը։

Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է համահայկականության գաղափարին՝ նշելով. «Մեզ համար գաղափարաբանորեն Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ՀՀ քաղաքացիների կողմից հիմնադրված պետություն է, այլև հայ ժողովրդի կողմից հիմնադրված պետությունն է, որովհետև ՀՀ սահմանադրության նախաբանում հենց այդպես էլ գրված է։ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի պետությունն է, բոլոր հայերի պետությունն է՝ անկախ նրանից դե յուրե նրանք ունեն ՀՀ քաղաքացիություն, թե ոչ։ Իհարկե, մեր աշխատանքը և նպատակը պետք է ուղղված լինի նաև նրան, որպեսզի աշխարհի բոլոր հայերը նաև դե յուրե ունենան ՀՀ քաղաքացիություն,  և Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա հայկական կյանքի առանցքը, պետք է լինի ամբողջ աշխարհում համայն հայության շահերի ներկայացուցիչը, և աշխարհի բոլոր հայերը պետք է հանդես գան նաև որպես ՀՀ ներկայացուցիչ և ՀՀ քաղաքացի»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երրորդ հանրապետության պատմության մեջ անընդհատ եղել է բանավեճը ազգային գաղափարախոսության մասին։ Վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր հայ պետք է ապրի Հայաստանով՝ անկախ նրանից, թե ապրում է Հայաստանում, թե ոչ, քանի որ հենց դա է համահայկականությունը։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից խոսելու մանդատ է ստացել, և ՀՀ ցանկացած կառավարություն պետք է ունենա լեգիտիմություն՝ խոսելու հայ ժողովրդի անունից, պետք է լինի ազգային օրակարգի կառավարություն։ Կառավարության ղեկավարն ասել է, որ հեղափոխության օրերին բազմաթիվ նամակներ է ստացել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերից, որոնք իրենց զորակցությունն ու աջակցությունն են հայտնել հեղափոխությանը։ Դա, Նիկոլ Փաշինյանի խոսքով, վկայում էր այն մասին, որ 2018 թվականին տեղի էր ունենում համահայկական գործընթաց, որը հանգեցրեց Հայաստանում արմատական փոփոխությունների։ Վարչապետն անդրադարձել է մինչ հեղափոխությանը մեր երկրի տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն կարգերին, մենաշնորհներին և նշել, որ այդ գործընթացների պատճառով այսօր Հայաստանում բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալ որակի խնդիր կա։ Այժմ պետք է համախմբել համազգային ներուժը և նպատակաուղղել հայրենիքի զարգացմանը։

Ի պատասխան ազգային ինքնության գաղափարախոսության և Սփյուռք-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը կարևորում է շատ հարցերում Սփյուռքի հետ համագործակցությունը, բայց սփյուռքահայ շրջանակների ներգրավվածության առումով խնդիր է առաջանում։ Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ հանձնարարել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարին՝ խորհրդակցել սփյուռքահայ հնարավորինս լայն շրջանակների հետ և համահայկական կառույցի ձևավորման առաջարկներ ներկայացնել։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հայկական պետականության հավերժականության հարցին և ընդգծել, որ աշխարհաքաղաքական գործոններից կախվածությունը հնարավորինս պետք է նվազեցնել, իսկ դրա համար մեզ պետք է ազգային նոր մտածելակերպ, նոր մոտեցում։

Վենետիկից վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Միլան, որտեղ Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն, որտեղ հանդիպում կունենա Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ և կմասնակցի «Dialogue on Future» խորագրով քննարկմանը: Միլանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Լոմբարդիա նահանգի ղեկավարության, ինչպես նաև Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և կմասնակցի հայ-իտալական համատեղ գործարար համաժողովին:

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19