Վայոց ձորի թեմի «Սիրանույշ» ճամբարը՝ հայ-վրացական բարեկամության ուշարժան կամուրջ

09.08.2024 12:13
886

Օգոստոսի 4-ին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Սյունյաց երկիր»-ը ուխտագնացություն էր կատարել Նորավանք՝ Մոմիկ վարդպետի հետքերով։

Օրվա երկրորդ կեսին Վայոց ձորի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ընկերակցությամբ այցելեցինք թեմի «Սիրանույշ» ճամբար։ Ճանապարհին Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ներկայացրեց «Սիրանույշ» ճամբարի հիմնադրման պատմությունը և անցած ճանապարհը։

Ահա «Պատմությունը հետևյալն է 1993 թվականին՝ Արցախյան գոյամարտի թեժ օրերին, խնդիր առաջացավ պատերազմող տղաների զավակների, զոհված ազատամարտիկների երեխաների հանգստի կազմակերպման առնչությամբ։ Գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանի հետ, ով այդ ժամանակ Սյունիքի հարցերով պետնախարար Վազգեն Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, ելույթ ունեցանք Գորիսի «Լաստ» հեռուստատեսությամբ և հրապարակավ քննարկեցինք այդ հարցը։ Ես ասացի՝ իրավիճակին ծանոթանալով՝ կարող եմ մի խոստում տալ, և վստահ եղեք՝ խոստումիս տերն եմ լինելու բոլոր զոհվածների երեխաները և նրանց ընտանիքները թեմի հոգածության ներքո են լինելու, իրենք (հնարավորինս) ապահով վիճակում են լինելու։ Դրանից հետո ցուցակագրեցինք 500 երեխա՝ զոհված ազատամարտիկների երեխաներ Սյունիքից ու Վայոց ձորից։ Եվ Սուրեն Աբրահամյանի օժանդակությամբ կառուցեցինք այս ճամբարը։ Հետագայում՝ ամեն տարի, հավաքում էինք այդ երեխաներին, նաև զինվորականների երեխաների։ Ու ճամբարը գործում էր կանոնավոր․․. Շրջագայեցի աշխարհով մեկ, ստեղծեցինք հիմնադրամ, որի շնորհիվ յուրաքանչյուր ընտանիքի ամեն մի երեխա ստանում էր 10-15 դոլար գումար։ Հետո արդեն ճամբարական երեխաներից 137-ը դարձաv ուսանող։ Կարողացանք հոգալ նաև նրանց ծախսերի առավելագույն մասը, և այդ երեխաներն ավարտեցին։ Վերջին տարիներին ճամբարում էին հանգրվանել Արցախի Հանրապետությունից, Ջերմուկից եկած փախստականները։  2005 թվականից ևս մի ծրագիր սկսեցինք ճամբարում։ Երբ Թբիլիսիում մեծ ժողով էր, ինձ էլ հրավիրեցին։ Այնտեղ հետաքրքիր ելույթ ունեցա, առաջարկեցի կազմակերպել հայ և վրացի երեխաների համատեղ ճամաբար, որի համար պատշաճ վայր կարող էր լինել «Սիրանույշ»-ը։ Առաջարկությունս հավանության արժանացավ, ու անմիջապես շվեյցարական «HEKS-EPER» կազմակերպությունը ստանձնեց այդ ծրագրի ֆինանսավորումը։ Եվ 2006 թվականից մինչև հիմա, բացառությամբ 2020 և 2021 թվականների, մի խումբ վրացի երեխաներ գալիս են այս ճամբար։ Նույն կերպ հայ երեխաներն են գնում  Վրաստան՝ ճամբար։ Լավ բարեկամություն է ստեղծվել․․․»։

Այնուհետև եղանք «Սիրանույշ» ճամբարում, որ գտնվում է Եղեգիսի կիրճի հույժ գեղատեսիլ մի անկյունում։

Ճամբարի առօրյային ծանոթանալուց, երեխաների հետ հանդիպումներ ունենալուց հետո զրուցեցինք Վրաստանի «Լազարե» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռեզո Շարաբիձեի և նախագծի մասնակից Էլգուջա Ցինցաձեի հետ՝ խնդրելով ներկայացնել ճամբարի տվյալ հերթափոխի գործունեությունը։

Ստորև՝ նրանց պատասխանը։

Մենք ուրախ ենք, որ համավարակից հետո (վրացի երիտասարդներով) կրկին գտնվում ենք Հայաստանում՝ Հերմոն գյուղում, «Սիրանույշ»` ճամբարում, և հնարավորություն ունենք կրկին հանդիպել հայ երիտասարդներին:

Այստեղ՝ «Լազարե» բարեգործական հիմնադրամի, Վրաստանի պատրիարքարանի և «Հայ համայնքի զարգացում» հասարակական կազմակերպության համատեղ ծրագրի շրջանակում, իրականացվում է «Երիտասարդությունը՝ հանուն խաղաղության Հարավային Կովկասում» ծրագիրը։

2007 թվականից ծրագրին աջակցում է շվեյցարական «HEKS-EPER» հիմնադրամը:

Ծրագրի նպատակը`ընկերանալ Հարավային Կովկասում բնակվող երիտասարդների հետ և նրանց մեջ զարգացնել խաղաղության ոգին։

Ճամբարի ծրագիրը կառուցված է այնպես, որ բոլոր մասնակիցները թիմերով մասնակցեն տարբեր միջոցառումների, ինչպիսիք են՝ սպորտային և մշակութային-ստեղծագործական, թատերական ներկայացումները, վրացերեն և հայերեն լեզուների դասերը, էքսկուրսիաները, ոչ ֆորմալ թիմային խաղերն ու հակամարտությունների փոխակերպման դասերը:

Նախագծի ներկայիս 10-օրյա ծրագրին, որը կավարտվի օգոստոսի 9-ին, մասնակցում են 40 վրացի և հայ երիտասարդներ:

Անցած տարիների փորձի հիման վրա կարող ենք վստահորեն ասել՝ հազարավոր երիտասարդներ հնարավորություն են ունեցել մասնակցելու եզակի այս ծրագրին, ամրապնդել խաղաղության իրենց տեսլականը և միմյանց միջև ստեղծել ընկերական հարաբերություններ:

Վրաց և հայ ժողովուրդների միջև բարեկամությունը դարերի պատմություն ունի, և մեր հարաբերությունները միշտ բնութագրվել են մտերմությամբ ու համագործակցությամբ:

Ճամբարում միասին անցկացրած հաճելի օրերը, երիտասարդների միջև նման ջերմ վերաբերմունքը մեծ հույսի և ուրախության հիմք են, որ նրանք ապագայում էլ կմնան բարի հարևաններ և կապրեն խաղաղ համակեցությամբ:

Վրաստանի պատրիարքը միշտ եղել է մեծ և հաստատուն աջակից՝ Կովկասի ժողովուրդների միջև խաղաղության և բարիդրացիական, եղբայրական հարաբերությունների հաստատման գործում: Մեր ներկայությունը այստեղ դրա վառ ապացույցն է:

Մենք շատ երախտապարտ ենք արքեպիսկոպոս Աբրահամ Մկրտչյանին, ով  ընդունեց մեզ այս գեղեցիկ թեմում։ Երախտապարտ ենք նրա ջերմ ընդունելության և աջակցության համար, մեր այստեղ գտնվելը շատ տպավորիչ և հաճելի դարձնելու համար, հայ և վրաց ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար:

Օգոստոս ամսին նույնաբովանդակ ամառային ճամբար է նախատեսվում Վրաստանում՝ Քոբուլեթիի պատրիարքական նստավայրում, որը Վրաստանի պատրիարքը փոխանցել է «Լազարե» հիմնադրամին՝ երիտասարդական խաղաղության ծրագրեր իրականացնելու համար:

Սամվել Ալեքսանյան

Լուսանկարները՝ Մարիամ Լազարյանի

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24