Վենետիկի հանձնաժողովում քննարկվել են ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները. հանձնաժողովը չի խոչընդոտելու ՀՀ կայուն զարգացման գործընթացին

19.10.2018 21:33
1006

ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով (Վենետիկի) հանձնաժողովի հրավերով աշխատանքային այցով Վենետիկում է գտնվում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Հոկտեմբերի 19-ին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին: Հանդիպման ընթացքում պարոն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կառավարության հետ Վենետիկի հանձնաժողովի արդյունավետ համագործակցության համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 116-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում: Նա հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ընթացքը և օրենսգրքի առաջարկվող հիմնական փոփոխությունները։

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նաև կիսվել է Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումների վերաբերյալ տեղեկատվությամբ, հանձնաժողովին տեղեկացրել վարչապետի հրաժարականի մասին: Պարոն Միրզոյանը մասնավորապես ասել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կոչված են ամփոփելու մայիս ամսին երկրում տեղի ունեցած ժողովրդավարական խաղաղ հեղափոխությունը, հաղթահարելու գոյություն ունեցող քաղաքական, ինստիտուցիոնալ և սահմանադրական ճգնաժամը՝ ձևավորելով իրապես ներկայացուցչական խորհրդարան, քանի որ գործող Ազգային ժողովը, որն ընտրվել է ընդամենը մեկ տարի առաջ, չի ներկայացնում հայ ժողովրդի քաղաքական կամքն ու նախընտրությունը։

Վենետիկի հանձնաժողովի՝ Հայաստանը ներկայացնող անդամ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հանձնաժողովին հիշեցրել է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կայուն խորհրդարանական մեծամասնության ապահովման դրույթի կարևորությունը և շեշտել, որ այսօր այդ սկզբունքը Հայաստանում խախտված է: Այնուհետև պարոն Հարությունյանը նշել է, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը երկրում ստեղծված ոչ միայն և ոչ այնքան քաղաքական, որքան իրավական-սահմանադրական ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհն է: Անդրադառնալով փոփոխված օրենսգրքով արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցին՝ Գագիկ Հարությունյանը նշել է, որ գործող օրենսգրքով արտահերթ ընտրությունների անցկացումն իր մեջ առավել մեծ ռիսկ է կրում, քան առաջարկվող փոփոխություններով ընտրությունների կազմակերպումը:

Քննարկման արդյունքում Վենետիկի հանձնաժողովը, վերահաստատելով Լավագույն պրակտիկայի իր ուղեցույցում ամրագրված ընտրական օրենսգրքի կայունության և ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ ընտրական օրենսգրքի փոփոխություններ անցկացնելու մասին ռեկոմենդացիաները, այդուհանդերձ արձանագրել է, որ Հայաստանում ստեղծվել է առանձնահատուկ իրավիճակ, և նման պայմաններում, եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին:

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի ելույթը Վենետիկի հանձնաժողովի 116-րդ լիագումար նիստին

Հանձնաժողովի հարգելի նախագահ,

Մեծարգո անդամներ,

Տիկնայք և պարոնայք,

Նախ թույլ տվեք անկեղծ շնորհակալությունս հայտնել հանձնաժողովի լիագումար նիստի հրավերի համար:

Ինձ համար պատիվ է հանդես գալ իրավունքի միջոցով ժողովրդավարության ամրապնդման ոլորտում կարևորագույն կառույցներից մեկի՝ Վենետիկի հանձնաժողովի առջև:

Այսօր Հանձնաժողովի հետ մեր համագործակցության տրամաբանությամբ կուզենայի Ձեզ ներկայացնել Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները, անդրադառնալ օրենսդրական բարեփոխումների մեր օրակարգին, կիսվել Ձեզ հետ երկիրը ժողովրդավարական ուղիով տանելու մեր կառավարության ծրագրերով։

Ինչպես ձեզանից շատերը հավանաբար գիտեն, 2018 թվականի գարնանը մեր ժողովուրդը խաղաղ, առանց բռնության հեղափոխության միջոցով իրացրեց իշխանության իր ուղղակի իրավունքը։ Այդ օրերին Հայաստանի քաղաքացիները դուրս եկան երկրի փողոցներ և հրապարակներ՝ իրականացնելու ավելի լավ երկիր ունենալու իրենց երազանքը. երկիր, որտեղ իրապես կնյութականացվեն օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանվածության, ներառյալ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով կառավարություն ձևավորելու իրավունքի ապահովման, հաշվետու և թափանցիկ հանրային կառավարում ունենալու, հակակոռուպցիոն գործուն մեխանիզմներ ապահովելու և ազատ ու իրապես մրցակցային տնտեսություն ունենալու սկզբունքները:

Արդյունքում այս տարվա մայիսին երկրի խորհրդարանական խմբակցություններն աջակցեցին խաղաղ իշխանափոխությունը, և ձևավորվեց համաձայնության կառավարություն՝ փոփոխված ընտրական օրենսդրությամբ մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու առաջնային օրակարգով։

Անհրաժեշտ է ընդգծել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կոչված են ամփոփելու խաղաղ հեղափոխությունը և հաղթահարելու գոյություն ունեցող քաղաքական, ինստիտուցիոնալ և սահմանադրական ճգնաժամը՝ ձևավորելով իրապես ներկայացուցչական խորհրդարան, քանի որ գործող Ազգային ժողովը, որն ընտրվել է ընդամենը մեկ տարի առաջ, չի ներկայացնում մեր ժողովրդի քաղաքական կամքն ու ընտրությունը։ Թույլ տվեք շատ հստակ արտահայտվել, որ այսօր մեր Ազգային ժողովը չի ներկայացնում գրեթե ոչ մեկին:

Հարգելի հանձնաժողովականներ,

Մեր Սահմանադրության համաձայն, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ ճանապարհը վարչապետի հրաժարականն է, ինչը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Այժմ երկու շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չընտրվելու դեպքում մենք արտահերթ ընտրություններ կանցկացնենք դեկտեմբերի սկզբին:

Սակայն թույլ տվեք համառոտ ներկայացնել Ընտրական օրենսդրության բարեփոխման ուղղությամբ մեր երկում վերջին ամիսներին տեղի ունեցած զարգացումները և առաջ շարժվելու կառավարության տեսալականը։

Այսպես, մայիսին համաձայնության կառավարության ձևավորումից հետո վարչապետի որոշմամբ ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով, որը բաղկացած էր քաղաքացիական հասարակության, դիտորդական կազմակերպությունների, համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներից, իրավաբաններից, անկախ փորձագետներից և որը գլխավորելու պատիվն ունեցել եմ ես։

Մեր հանձնաժողովը բազմաթիվ արդյունավետ քննարկումներ է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական գործընկերների, ակադեմիական և մասնագիտական շրջանակների, ազգային փոքրամասնությունների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան և քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Խորհրդարանական խմբակցությունները ևս աշխատել են զուգահեռաբար և կառավարության հանձնաժողովին ներկայացրել իրենց առաջարկությունները: Կարևոր եմ համարում շեշտել, որ օրենսգրքի նախագծում հասցեագրվել են խորհրդարանական մեր գործընկերների ներկայացրած առաջարկությունների գերակշիռ մեծամասնությունը։ Երեք օր առաջ կառավարությունը փոփոխությունների նախագիծն ուղարկել է Ազգային ժողով։

Հարկ է նշել, որ կառավարությունը հաստատել է բարեփոխումների հայեցակարգը՝ առանձնացնելով խնդիրները լուծումների երկարաժամկետ և կարճաժամկետ տեսանկյունից: Նախագծի փոփոխությունները հասցեագրում են միայն կարճ ժամկետում հնարավոր լուծումները՝ նկատի ունենալով, որ երկարաժամկետ բազմաթիվ լուծումները կարող են իրականացվել միայն համապատասխան սահմանադրական փոփոխություններից հետո:

Ամփոփ փորձեմ ներկայացնել, թե ինչ հիմնական հարցեր է լուծում Ընտրական օրենսգրքի մեր նախագիծը․

- Թերևս ամենահիմնական փոփոխությունն անցումն է դասական կամ պարզ համամասնական ընտրակարգի, նկատի ունենալով, որ գործող ընտրական օրենսգրքի «քվազի-համամասնական» կամ այսպես կոչված՝ «ռեյտինգային» ցուցակներն ընտրությունների արդյունքում ապացուցեցին իրենց մանիպուլյատիվ բնույթը;

- Հաջորդը, կուսակցական բազմակարծության ապահովմանը և կուսակցությունների զարգացմանը միտված փոփոխությունների խումբն է․ այսպես, նախատեսվել է խորհրդարան մտնելու անցողիկ շեմի իջեցում, ընտրագրավի նվազեցում, նախընտրական ցուցակի ոչ կուսակցական հատվածի համար սահմանված շեմի բարձրացում, կոալիցիաների մասնակիցների թվի և ձևավորման ժամկետների ընդլայնում; ինչպես նաև ընտրությունների արդյունքում նվազագույնը 4 կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրության երաշխիքների ապահովում; կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացում;

- Նախագծով բարելավվում է բողոքարկման համակարգը՝ իրավունք տալով կուսակցություններին, թեկնածուներին և դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ներին՝ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար հայցով դիմելու դատարան, ինչը մինչ այդ արվում էր միայն ԿԸՀ միջոցով;

- Համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ նախատեսվում է հեռուստաբանավեճերի կազմակերպում՝ դրանցից առնվազն մեկը նախատեսելով կուսակցությունների համամասնական ցուցակի առաջին համարների մակարդակով, ինչպես նաև անվճար հնարավորություն տալով այլ լրատվամիջոցներին վերահեռարձակելու այդ հեռուստաբանավեճերը, բացի այդ կուսակցությունների նախընտրական ծրագրերի լուսաբանման համար Էապես ավելացվում է Հայաստանի հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակի քանակը և այլն:

Հարգելի գործընկերներ,

Րոպեներ առաջ ավարտվել է Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի՝ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը և քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները միաձայն քվեարկությամբ դրական եզրակացություն են տվել Ընտրական օրենսգրքի նախագծին: Եթե Խորհրդարանն ընդունի Ընտրական օրենսգիրքը, ապա դեկտեմբերի ընտրությունները կանցկացնենք նոր օրենսգրքով:

Մենք ընդունում ենք, որ շատերիդ համար նման քաղաքական կուրսը շտապողական կթվա, սակայն հավատացնում եմ ձեզ, որ սա այն եզակի, բացառիկ իրավիճակներից է, որ ձգձգումը հղի է առավել մեծ ռիսկերով, որոնք կապված են օր առաջ իրավունքի միջոցով ժողովրդի իշխանության վերականգնման և երկրի կայուն զարգացման հետ։ Մենք որպես կառավարություն, լիովին գիտակցում ենք այս մարտահրավերը և մեզ վրա ենք վերցնում պատասխանատվությունը:

Հարգելի հանձնաժողովականներ,

Մեր կառավարության հիմնական առաքելությունը ժողովրդին իշխանությունը վերադարձնելու և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումն է երկրում, և այս ճանապարհին մեր ժողովուրդն ու կառավությունն ակնկալում է միջազգային մեր գործընկերների, Եվրոպայի խորհրդի և հատկապես՝ Վենետիկի հանձնաժողովի հետ ակտիվ համագործակցություն և սերտ աշխատանք:

Հավատացած եմ, որ այս հանձնաժողովում տարիներ ի վեր կուտակված իմաստնությունն ու փորձը կարող են էականորեն նպաստել իմ հայրենիքում իրավունքի զարգացման և ժողովրդավարության կառուցման գործին:

Շնորհակալություն ուշադրության համար:

 

 

 

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06