Վտանգավոր անոմալիա

09.07.2013 17:57
3519

Տեղայնամտությունը` մարտնչող տգետների նոր հանգրվան

Տարեկիցներս (եւ ավելի տարիքավորները) կհաստատեն խոսքիս իսկությունը, որ անգամ խորհրդային տարիներին (նաեւ դրանից առաջ) սյունիք-զանգեզուրյան չորս շրջանի բնակիչների հարաբերություններում, ամենօրյա շփումներում տեղայնամտությունը, գավառամտությունը մերժելի են եղել: Եղել են ու կան կենցաղային, ավանդույթների փոքր տարբերություններ շրջանների (երբեմն կողք-կողքի գտնվող գյուղերի) միջեւ, բայց դրանք, առանձին-առանձին ուշագրավ լինելով հանդերձ, ավելի են հարստացրել սյունեցու ընդհանրական հոգեկերտվածքը եւ Սյունիքն առհասարակ:

Մարզկենտրոնում տեւական ժամանակ աշխատողներս նույնիսկ չենք էլ նկատում, թե որն է մարզի չորս շրջանի բնակչության սովորույթների, ավանդույթների եւ հոգեկերտվածքի սահմանաբաժանը: Մարզի ստեղծումից հետո շրջանների միջեւ շփումներն ավելի ակտիվացան, ընդհանրություններն ավելի նկատելի դարձան: Եվ չորս մարզպետից ու մարզային մասշտաբի իշխանավորներից որեւէ մեկը (անկախ մարդկային ու գործարար հատկանիշներից) երբեք չքաջալերեց տեղայնամտությունն ու գավառամտությունը: Պարզվում է, մինչդեռ, որ տեղական որոշ գործիչներ, չունենալով ինքնադրսեւորման այլ ասպարեզ (մանավանդ որ վերջերս կարկուտ չի տեղում, եւ լրատվական հարթակներում երեւալու առիթներ չեն լինում) փորձում են կիսագրագետ հայերենով, անհոդաբաշխ ու չկապակցված բառակույտերով ձեռքեր տաքացնել տեղայնամտության եւ գավառամտության անկրակ մոխրադեզի վրա:

Երբ հայտնի դարձավ նոր մարզպետի անունը, անմիջապես հնչեցին արձագանքներ: Առաջին արձագանքներից մեկը (Կապանից) սովորական կաղկանձ էր հիշեցնում` կարեւորն այն է, որ նոր մարզպետը գորիսեցի չէ: Ընդ որում` ասվում է, որ դա կապանցիների տեսակետն է: Մենք չենք կարծում, իհարկե, որ դա Կապանում իշխող տեսակետ է, եւ անբարոյականություն է կապանցիների անունից նման հայտարարություն անելը: Բայց եթե այդպես է մտածում անգամ ինչ-որ մարդուկ, ապա անկարելի է դրան չարձագանքել: Մանավանդ որ ավելի վաղ բակային մի մոլոր գործիչ էլ (Պարսկաստանից Կապան ներգաղթած հայ շինականի շառավիղ) կարգախոս էր հնչեցրել` «Կապանը` կապանցիներին»: Եվ բակային այդ հեղինակությունը, ըստ էության, այդպես էլ չի հասկացել, որ հռչակված կարգախոսն ու մարզկենտրոնի կարգավիճակն անհամատեղելի են:

Եթե այդ դեմարշները Սուրեն Խաչատրյան իշխանավորի դեմ կուտակված ատելության պոռթկում են, ապա, թույլ տվեք ասել, ազնիվ չեն ու անտրամաբանական են: Նախ` չի կարելի որեւէ մեկի անվան (որքան էլ նշանավոր լինի) եւ մի ամբողջ տարածքի ու այնտեղ բնակվողների միջեւ զուգորդություն անցկացնել (այդպես չի լինում): Եվ երկրորդ` Սուրեն Խաչատրյանն անցած տասը տարում (անկեղծ լինենք) սյունիքյան ոչ մի շրջանում այնպես չի փառաբանվել ու մեծարվել, որքան Կապանում: Հենց Կապանում է նա ստացել հայոց մարզպետաց մարզպետ, Սյունիքի թագավոր հորջորջումները, Կապանի «էլիտայի» կողմից է շրջանառության մեջ դրվել արտահայտությունը, թե իբր Սյունիքի մարզի համար նա ավելին է արել, քան նախորդ երեք մարզպետը միասին վերցրած (այդ արտահայտությունների հեղինակների անունները կարող ենք նշել): Ի վերջո չկար իշխանական մի հանդիսույթ, որի մասնակիցներն իրենց պարային հմտությունները չցուցադրեին մեծն Գուսանի «Զանգեզուրի չոր չոլերը ծաղկել են» երգի մեղեդու ներքո եւ չունկնդրեին «Սյունյաց սարեր» երգը, որը, կարծեք, Սյունիքի յուրօրինակ օրհներգ էր դարձել: Մարզկենտրոնում չկար մի համույթ, որի երգացանկում չլինեին Գուսան Աշոտի երգերը: Իհարկե, քանիցս հրապարակավ ծաղրել ենք այդ բարքերը` համարելով դրանք մարզպետին հաճոյանալու քայլեր (եւ միայն «Սյունյաց երկիրն» է պարսավել դրանք): Երբեմն, սակայն, տարակուսել ենք` այսքան քծնանք չի կարող բնության մեջ լինել, միգուցե դա մարդկանց անկեղծ ձգտո՞ւմն է` հաղորդվելու Գուսան Աշոտի երգարվեստին… Եվ ընդամենը մեկ ամիս հետո, գրեթե նույն մարդիկ, պիղատոսաբար ձեռքերն են լվանում ու հակառակը ցուցանում:

Իսկ եթե հակագորիսյան հիստերիան պայմանավորված չէ նախորդ մարզպետի անձով, ապա դա ավելի մտահոգիչ է:

Տեսեք` ե՛ւ 2004-ին, ե՛ւ 2007-ին, երբ Վահե Հակոբյանը կամենում էր դառնալ ԱԺ պատգամավոր, նրա քարոզչական շտաբը տեղի-անտեղի հիշեցնում էր, որ թեկնածուն մայրական կողմից սերում է Գորիսից: Եվ դա համարում էին արժանիք:

Քանի-քանի անգամ տարիների ընթացքում լսել ենք (եւ շարունակում ենք լսել), որ գորիսյան հոգեւոր-մշակութային ավանդույթները բացառիկ են, ակնհայտ ազգային:

Քանի-քանի անգամ տարիների ընթացքում լսել ենք (եւ շարունակում ենք լսել) օրհնանք առ Գորիս, որի արգանդն ազգային մեծերի մի ամբողջ բույլ է նվիրել հայ ժողովրդին: Քանի-քանի անգամ փառաբանության ու մեծարանքի խոսքեր ենք լսել (եւ շարունակում ենք լսել) գորիսյան ստեղծագործ ոգու, ըմբոստության, աշխատասիրության, հնարամտության, երկրին եւ հող ու ջրին նվիրվածության, պատվախնդրության մասին: Եվ հիմա` մի երկու ծրտոտ վառեկ, մի քանի բակային մոլոր գործիչ ու սիլուետ-լրագրող բացականչում են` միայն թե գորիսեցի չլինի Սյունիքի մարզպետը:

Իհարկե, շատ ամոթ է, որ 21-րդ դարում փոքրիկ Հայաստանում տեղայնամտության բարձրացված դրոշն իջեցնելու խնդիր է ծառացել մեր առջեւ, բայց…

Տեղայնամտության ներկա շքերթը մի քանի պարզ նպատակ ունի: Նախ` նորանշանակ մարզպետին (իբր թե բարձրացնելով) ներքաշել տեղային «ռազբորկաների» մեջ` լավ հասկանալով, որ բնության մեջ նաեւ բումերանգի օրենք գոյություն ունի եւ այդ օրենքի զորությամբ կապանյան կոչերը կարող են հակադարձվել Գորիսում: Երկրորդ` կան մարդիկ, ովքեր որեւէ այլ ոլորտում ի վիճակի չեն ինքնադրսեւորվելու եւ ընտրել են տեղայնամտությունը` կարծելով, թե դա հերոսանալու, հանրությանը հայտնի դառնալու ամենակարճ ճանապարհն է, կարծելով, թե մարզը եւ հատկապես մարզկենտրոնն այլեւս մի անկաղնի բացատ են, ուր թույլատրելի է ամեն ինչ (հիշեցնենք` տեղայնամտությունն ու փոքր հայրենիքի հանդեպ բնական սերը միանգամայն տարբեր երեւույթներ են): Եվ ամենազարմանալին` հակագորիսյան հիստերիայի ողորմելի վարժանքների մեջ աչքի են ընկնում գորիսյան արմատներով մեկ-երկու կապանցի, ովքեր, սպառած լինելով ինքնահաստատման բոլոր հնարքները եւ այլեւս պահանջված չլինելով, փորձում են նոր իրավիճակում նման ճղճղոցով մեջլիս մտնել` մոռանալով, որ ավելի ժանգոտ են դառնում, քան էին:

Մի բան էլ` որքան էլ տեղայնամտության ու գավառամտության հրավառությունը թեժանա, միեւնույն է` դրանից Գորիսի համընդհանուր ընկալումը, գորիսեցու կերպարի ընկալումը` դարերով ձեւավորված, մազաչափ անգամ չեն աղավաղվելու: Պարզապես քաղաքացիական համերաշխությունն է ավելի երերալու երկրամասում, իսկ մարզային իշխանությունը վերջնականապես հայտնվելու է խաղից դուրս վիճակում, եթե արդեն չի հայտնվել:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37