Յալդայի ամենաերկար գիշերն անցկացրինք ԻԻՀ Կապանի հյուպատոսարանում. գեղեցիկ տոն էր, լույսի սպասում...

22.12.2023 11:19
911

 

Իրանի Իսլամական Հանրապետության Կապանի հյուպատոսարանում դեկտեմբերի 21-ի երեկոյան տոն էր...

Տարվա ամենաերկար գիշերն էր մեկնարկում՝ Յալդայի գիշերը, որին պետք է հաջորդեր առավոտը և լույս սփռեր ...

Դեռևս դարեր առաջ իրանական ժողովուրդների կյանքում սկիզբ առած այդ տոնը՝ Յալդայի գիշերը, 2008 թվականին պաշտոնապես ընդգրկվեց Իրանի ազգային գանձերի ցանկում, իսկ 2020-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող ոչ նյութական արժեքների համաշխարհային գանձարանի ցանկում:

Տոնակատարությունը սկսելուց առաջ տեղի ունեցավ հյուպատոսարանի մշակութային տարածքի բացումը. մուտքի կարմիր ժապավենը կտրեցին Կապանի ու Սիսիանի համայնքապետեր Գևորգ Փարսյանը, Արմեն Հակոբջանյանը և, իհարկե, Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին:

Մշակութային նորաբաց տարածքում էլ տեղի ունեցավ Յալդային նվիրված տոնակատարությունը, որը բացեց գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին:

Այնուհետև տեսանյութի միջոցով ներկայացվեցին Յալդայի տոնակատարությանը բնորոշ արարողությունները, ավանդույթները:

Յալդայի գիշերվա տոնակատարությունը համեմված էր գեղարվեստական հետաքրքիր կատարումներով:

Ուշագրավ էր տոնի առիթով Իրանից Կապան ժամանած Էհսան Զաբիի ելույթը: Իրանի արվեստի համալսարանի դասախոսը, արվեստագիտության դոկտորը քյամանչայով հնչեցրեց Իրանում շատ տարածված «Բարև ձեզ» երգի մեղեդին:

Կապանի արվեստի քոլեջի քանոնի դասարանի ուսանողներ Նարե Մովսիսյանը և Ալլա Գրիգորյանը կատարեցին հայկական ժողովրդական երգ-պար՝ «Աման Թելո» (դասախոս՝ Հասմիկ Ջավադյան):

Նույն քոլեջի դուդուկի դասարանի ուսանողներ Մերուժան Ավանեսյանը (միջազգային մրցույթ-փառատոների դափնեկիր) և Ալեքս Բաղդասարյանը նվագեցին հայկական ժողպար՝ «Զուռնի տրնգի» (դասախոս՝ Վաչիկ Համբարձումյան):

Գեղարվեստական մասն ամփոփվեց Կապանի արվեստի քոլեջի դուդուկի դասարանի ուսանողների և  Էհսան Զաբիի կողմից մեղեդիների շարանի համատեղ կատարմամբ:

Տոնական երեկոյին ելույթ ունեցավ Իրանի արվեստի համալսարանի ռեկտոր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մուհամմադ Ռեզա Հոսնային, ով նույնպես Կապան էր այցելել տոնին մասնակցելու նպատակով, ով կարևորեց Յալդան՝ այն բնութագրելով իբրև սիրո և բարեկամության խորհրդի խտացված արտահայտություն:

Ուշագրավ էր Ժորժ Աբրահամյանի ելույթը, որը, բնականաբար, նույնպես նվիրված էր Յալդային, բայց...

Մեզ, իհարկե, ծանոթ էր Ֆիրդուսին, ծանոթ էր «Շահնամե»-ի հերոսներից Ռոստամը, որի անվամբ ռազմապար ունենք նաև՝ «Քաջերի խաղ» կամ «Ռոստամ բազի»:

Մեզ ծանոթ էր Սաադին՝ իր չքնաղ «Բուստանով»:

Ծանոթ էին Օմար Խայամի ռուբայինները...

Ժորժ Աբրահամյանը, սակայն, մեզ հարստացրեց Հաֆեզի մասին զրույցներով: Ինքն էր աշխարհահռչակ պոետի գազելների և քառյակների վերջին թարգմանության հեղինակը (ի դեպ, խայամագիտության մեջ մեծ ներդրում ունեն Սյունյաց աշխարհի նշանավոր զավակներ Էդուարդ Աղայանն ու Սերգեյ Ումառյանը, ինչի մասին ընթացքում զրույց բացեց պատմաբան Գրիշա Սմբատյանը):

Հաֆեզին և նրա ստեղծագործությունները ներկայացնելիս բանախոսը նաև մեզ համար մինչև հիմա անծանոթ հաֆեզագուշակություն արեց... Ընթերցողը յոթ անգամ հպում է ձեռքը Հաֆեզի գրքին, յոթերորդ անգամ հպելիս՝ տվյալ տեղից բացում է գիրքը, ընթերցում բացվածքի աջ կամ ձախ էջը... Այնտեղ Հաֆեզի գուշակություններն են տվյալ անձնավորության մասին, այնտեղ նաև Հաֆեզի խորհուրդներն են...

Ժորժ Աբրահամյանը (պատահական ընտրությամբ) հաֆեզագուշակություն արեց Սյունիքի մարզպետարանի աշխատակից Մերի Գանդալյանի համար: Հաֆեզը գուշակել էր տիկնոջ մտահոգություններն ու երազանքները: Հաֆեզը նաև մի խորհուրդ էր մեկնել նրան՝ կարողանալ բարություն շաղ տալ չորս բոլորը:

Տոնի հանդիսավոր մասի ավարտից հետո հնարավորություն ունեցանք ձեռք բերել Հաֆեզի գազելների և քառյակների գիրքը, որը վաճառքի էր հանվել տեղում:

Վերջում՝ մշակույթի տարածքին կից սենյակում բացվեց Յալդայի ուտեստների սեղան՝ առատորեն բեռնավորված ձմերուկով, նռով, ճակնդեղով, կարմիր գույնի մրգերով և հրուշակեղենով:

Տոնական արարողությունը եզրափակեց Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին, ով նաև սրտաբուխ շնորհավորանքներ հղեց ներկաներին՝ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Տոնակատարությանը մասնակցում էին Կապանի, Գորիսի, Սիսիանի մշակույթի և զբոսաշրջության ոլորտի տասնյակ ներկայացուցիչներ:

Մի քանի ժամ տևած արարողությունը՝ հայերեն և պարսկերեն լեզուների պատշաճ իմացությամբ, վարում էր հյուպատոսարանի մշակույթի հարցերով պատասխանատու Շերլի Ավետյանը:

Յալդայից կամ Շաբ է Յալդայից կամ Շաբ է Չելլեից հեռացանք հաճելի տպավորություններով: Իսկ Հաֆեզի որոշ տողերի արձագանքը դեռ մեր ունկերում է.

Ո՛վ մեծն խոջա, որ հմայված ես ոսկով ու փառքով, դիրք ու պաշտոնով,

Դերվիշությունից մի՛ խոսիր երբեք, կառչի՛ր քո գահին, որ չխորտակվես:

Հե՛յ, ագա՛հ Հաֆեզ, որ փայփայում ես անհնար ու սին մտքեր քո գլխում,

Ի՞նչ ես դու արել, որ քեզ թվում է՝ դրախտ մտնելու արժանիք ունես:

 

Սամվել Ալեքսանյան

 

 

 

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

25.07.2026 21:08

Կիևը շարունակում է սառնասրտորեն և միտումնավոր թիրшխավորել Ռուսաստանի քաղաքացիներին․ Զախարովա

25.07.2026 21:05

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին

25.07.2026 15:56

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

25.07.2026 15:43

«Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան

25.07.2026 11:31

Ցավում եմ, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով պիտի դուրս գայի․ Դավիթ Ղազինյան

24.07.2026 20:43

ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը

24.07.2026 19:05

Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են

24.07.2026 17:05

Կապանը՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

24.07.2026 14:44

Նոր գիտակրթական ծրագիր՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախաձեռնությամբ

24.07.2026 14:30

Արաղչին քննադատել է Թրամփի հայտարարությունը՝ իրանական ակտիվների բռնագրավման միջոցով նավերին հասցված վնասը փոխհատուցելու մասին

24.07.2026 14:15

Իրանը հայտարարել է Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին հարվածելու մասին

24.07.2026 13:42