Զանգեզուրի կայազորային հոսպիտալում

20.04.2016 17:22
16350

Սիսիանի Աղիտու համայնքում 1992թ. պաշտպանության նախարարի հրամանով սկսեց կառուցվել Զանգեզուրի կայազորային հոսպիտալը, որ առաջին հիվանդներ ընդունելու հնարավորություն ունեցավ 1995թ. փետրվարին: Այդ տարիների ընթացքում հարուստ ավանդույթներ ձեւավորած հոսպիտալի համբավը տարածվել է ողջ հանրապետության տարածքում: Եվ պատահական չէ, որ երեք տարի անընդմեջ ճանաչվել է հանրապետության լավագույն հոսպիտալ:

Հոսպիտալի պետ, վիրաբույժ, բժշկական ծառայության փոխգնդապետ Դանիել Մկրտչյանի տեղեկացմամբ՝ հոսպիտալը սպասարկում է Եղեգնաձորից մինչեւ Ագարակ ընկած հատվածը, ինչպես նաեւ  մինչեւ Որոտան (Կուբաթլու) քաղաքը՝ հարակից բնակավայրերով, այսինքն՝ ՊՆ զինված ուժերի 1-ին եւ 4-րդ բանակային կորպուսները եւ նշված տարածաշրջանների ուժային կառույցները:

Հոսպիտալն ունի վեց բաժանմունք՝ ընդունարան, ախտորոշման, վիրաբուժական, թերապեւտիկ, ինֆեկցիոն, անզգայացման եւ վերակենդանացման, եւ չորս կաբինետ՝ ատամնաբուժական, դեղատուն, ֆիզիոթերապեւտիկ եւ ճառագայթային ախտորոշման: Եթե թվերով ներկայացնենք, 2015թ. հոսպիտալում ստացիոնար բուժում է ստացել 2800 հիվանդ, ամբուլատոր՝ 10000: «Բնականաբար ադմինիստրատիվ գործով զբաղվելը ժամանակատար է, բայց ես կոչումով նախեւառաջ բժիշկ եմ, ինձ հոգեհարազատ է բուժական գործը, եւ այնպես եմ կազմակերպում իմ աշխատանքը, որ այն չտուժի», - նշեց Դանիել Մկրտչյանը:

Հոսպիտալն անվճար սպասարկում է պարտադիր ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին՝ հայր, մայր, կին, ամուսին, երեխաներ, զինվորական հաշմանդամներին եւ զինվորական վետերաններին, օրենքով սահմանված այլ անձանց: «Հոսպիտալի ստեղծված օրվանից արմատավորվել է հիվանդների կարգավիճակի մասին չհարցնելու ավանդույթը: Մեզ համար նշանակություն չունի՝ հիվանդը վճարովի՞, թե՞ անվճար պիտի սպասարկվի: Թող ինքնագովազդ չթվա, բայց բոլորին հավասար եւ միանշանակ վերաբերվելու ավանդույթը շարունակվում է նաեւ իմ ղեկավարման օրոք», - նշեց հոսպիտալի պետը:

Քաղաքացիական բնակչությունը, բացի մեր գերատեսչության սահմաններում անվճար սպասարկվող անձանցից, սպասարկվում է վճարովի հիմունքներով, եւ, ինչպես հիվանդներն են նշում, մատուցված բժշկական ծառայությունների դիմաց ֆինանսական ծախսերը մատչելի են: Տարածաշրջանի հիվանդանոցների հետ մրցակցությանը, եթե, իհարկե, կա այդպիսի երեւույթ, Դանիել Մկրտչյանը դրական է վերաբերվում եւ հավելում, որ դա միայն նպաստում է բժշկական կենտրոնների որակական հատկանիշների բարձրացմանը:

Տարիներ առաջ հոսպիտալը Սիսիանի բժշկական կենտրոնի հետ միավորելու խոսակցությունները տարակարծությունների տեղիք տվեցին: Դ.Մկրտչյանի հավաստմամբ՝ այս պահին եւս հոսպիտալն ու Սիսիանի բժշկական կենտրոնը միավորելու վարկած է շրջանառվում: «Դրանից կշահի նախեւառաջ բնակչությունը, նաեւ՝ պետությունը: Պատկերացրեք, եթե մեկ վայրում աշխատեն այդ կադրերը, ինչքան կբարձրանա բժշկական ծառայությունների մակարդակը: Բացի դրանից՝ սարքավորումների կենտրոնացումը մեկ վայրում նույնպես արդյունավետ է: Ներկայումս պատահում է, որ որոշ հետազոտությունների համար հիվանդին ուղարկում ենք Սիսիանի բժշկական կենտրոն եւ հակառակը, իսկ միավորումով շատ հարցեր կարելի է լուծել: Բացի դրանից՝ նեղ մասնագետների կարիք երկու հիվանդանոցներն էլ պարբերաբար ունենում են, իսկ միավորումով կարելի է համալրել կադրային պակասը», - նշեց բժիշկ Մկրտչյանը:

Կապիտալ հիմնանորոգման աշխատանքների մի մասը կատարվել էր նախորդ տարիներին, մեր այցելության պահին հիմնանորոգման աշխատանքներ էին իրականացվում հոսպիտալի եւս երկու մասնաշենքում, որով ամբողջովին կլուծվեն կոմունալ-կենցաղային խնդիրները: Հոսպիտալի պետի փոխանցմամբ՝ վերանորոգումը կատարվում է պաշտպանության նախարարության միջոցներով, հովանավորներ փնտրելու կարիք չկա:

Չնայած մարզում արդիականացնում են հիվանդանոցները, բայց, միեւնույն է, շատերը նախընտրում են բուժօգնություն ստանալ մայրաքաղաքային հիվանդանոցներում: «Գուցե բուժհաստատությունների միավորումով եւ մեծ տարածաշրջանային հիվանդանոց ստեղծելով այդ հարցը լուծվի: Օրինակ՝ մի քանի ռենտգեն ապարատ ունենալու փոխարեն մեկ մագնիտառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքավորում (ՄՌՏ) կունենանք», - նշեց բժիշկ Մկրտչյանը:

Հոսպիտալում իրնց ծառայությունն են մատուցում ինչպես ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտած  այնպես էլ երկտարեցի եւ պայմանագրային հիմունքներով ծառայության անցած բժիշկ-սպաներ, ովքեր ուժ ու եռանդ չեն խնայում հիվանդներին եւ վիրավորներին անհրաժեշտ բուժօգնության հարցում: «Իմ կարծիքով ժամանակի հրամայականն է նաեւ կայազորային հոսպիտալը վերաորակավորելու մասնագիտացված բժշկական օղակի», - նշեց հոսպիտալի պետը:

Տեխնիկական հագեցվածությունը բավարար է, այն, ինչ նախատեսված է հոսպիտալում ունենալու համար, կա, իհարկե, վերազինումն ավելորդ չէր լինի: Սարքավորումների բազայի համալրումը երբեմն կատարվում է այլ կազմակերպությունների միջոցներով, բայց հիմնականում պաշտպանության նախարարությունն է ապահովում: 

Ինչ վերաբերում է զինծառայողների ընդհանուր առողջական վիճակին, Դանիել Մկրտչյանը հավաստիացնում է, որ այսօր բանակում ծառայող բոլոր զինվորները պիտանի են ծառայության համար, իհարկե, որոշ դեպքերում առողջական սահմանափակումներով, քանի, որ զորակոչային տարիքում զինապարտները մանրակրկիտ բժշկական հետազոտություններ են անցնում, անհրաժեշտության դեպքում հանրապետության առաջատար կլինիկաներում: «Վերջին տարիներին բավականին խստացել է զինակոչիկների բուժզննումը: Այլ հարց է, երբ ինչ-որ հիվանդություն ունեցող, բայց ծառայության համար պիտանի զինվորների ծառայության ընթացքում այդ հիվանդությունը կարող է զարգանալ, հանգեցնել պիտանելիության աստիճանի փոփոխության. օրինակ՝ ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունը մանավանդ ծառայության առաջին ամիսների շարային պատրաստության հետեւանքով կարող է զարգանալ, եւ արդեն զինվորը կարող է ճանաչվել ոչ պիտանի ծառայության համար», - նշեց բժիշկ Մկրտչյանը եւ հավելեց, որ պայմանագրային զինծառայության համար դիմողների բուժզննումն իրականացվում է հոսպիտալում:

Հոսպիտալում այսպես կոչված պոլիկլինիկական գործառույթն իրականացնում է ընդունարան բաժանմունքը, որտեղ կատարվում է նախնական հետազոտություններ, այնուհետեւ՝ ըստ հիվանդի գանգատի, համապատասխան մասնագիտական խորհրդատվություն:

Դեղերի մատակարարումը զինված ուժերում իրականացվում է կենտրոնացված կարգով. այն է՝ Պաշտպանության նախարարությունն անհրաժեշտ դեղորայքը ձեռք է բերում միայն ստուգված, փորձարկումներ անցած աղբյուրներից եւ միայն այն դեղորայքի ցանկից, որոնք ՀՀ-ում անցել են հավաստագրման ամբողջ գործընթացը, այդ թվում՝ նաեւ բրենդային դեղորայքը: Վերը նշվածը բացառում է զինված ուժերում անորակ կամ քիչ արդյունավետ դեղորայքով մատակարարումը: Հուրախություն մեզ եւ մեր հիվանդների դեռեւս չի գրանցվել որեւէ դեպք, երբ դեղորայքը չի ունեցել սպասված էֆեկտը:

«Բժշկությունը հետաքրքիր գիտություն է, եւ այստեղ ստանդարտներ գոյություն չունեն: Յուրաքանչյուր հիվանդի ցուցաբերվում է անհատական բուժում: Երբեմն վիրահատության ժամանակ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ դասագրքերում գրված ոչ մի իրավիճակի չի համապատասխանում, եւ այստեղ արդեն պահանջվում է վիրաբույժի կողմից  մի քանի մեթոդի համադրում և ստեղծագործ աշխատանք», - նշեց բժիշկը:

Դանիել Մկրտչյանը նշում է, որ հոսպիտալում մահվան ելքով դեպքեր էլ են արձանագրվում, եւ առհասարակ նա այն կարծիքին է, որ անբուժելի հիվանդը պետք է մահանա հիվանդանոցում, իհարկե, եթե հանկարծամահություն չէ:

Ասում են՝ բժիշկը պետք է ամեն օր ընթերցի, պարբերաբար գիտական հոդվածներ տպագրի: «Ժամանակս չի հերիքում հոդվածներ գրել (եղել են դեպքեր, որ ամսվա 21 օրվա 24 ժամն էլ անց եմ կացրել հոսպիտալում), բայց ժամանակին՝ Աստրախանում ուսանելու տարիներին, մի շարք գիտական հոդվածներ եմ տպագրել: «Ենթաստամոքսային գեղձի խրոնիկ բորբոքումների վիրահատական բուժման ձեւերը» թեմայով թեկնածուական թեզս նույնպես գրեթե պատրաստ էր, եւ եթե կրկին մեկնեի Աստրախան՝ ուսումս շարունակելու, հավանաբար կպաշտպանեի», - տեղեկացրեց Դ.Մկրտչյանը:

«Ամեն ինչով հանդերձ՝ առաջնային է հատկապես բժշկի բարոյական կերպարը: Պատահական չէ, որ հիվանդ ընդունելիս մենք չենք կարեւորում նրա կարգավիճակն ու դիրքը: Բացի դրանից՝ թիմային աշխատանքն է հաջողության երաշխիքը», - ամփոփեց զրույցը հոսպիտալի պետը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
22 մարտի 2016թ. 

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10