Զգուշացի՛ր, Սյունիք. Վահե անեծքը՝ իր անձնական չորս համայնքապետով, փորձում է հարություն առնել Ռոբերտ Քոչարյանի շուքի ներքո

31.05.2021 11:45
191591

Մեծարգո Ռոբերտ Սեդրակի եւ, իհարկե, պարոն նախագահ Հայաստանի Հանրապետության

Սույն հրապարակումն անկեղծ զրույցի փորձ է Ձեզ հետ կամ բաց նամակ:

Անկեղծորեն՝ սպասում էինք Ձեր վերադարձին, դատապարտում էինք Ձեր հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումները, հպարտանում էինք, որ Հայաստանի երեկվա նախագահը եւ Արցախի հերոսը չի ընկրկում…

Այդ ամենը որոշակիորեն արտացոլվել է «Սյունյաց երկիր» պարբերականի էջերում։

Եվ եկավ ժամանակը, ու հայտարարեցիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին Ձեր մասնակցության մասին:

Անտարակույս, գնահատելի է ՀՅԴ-ի հետ դաշինքն ու առհասարակ՝ քաղաքական այդ ուժի հետ Ձեր համագործակցությունը:

Սակայն նախընտրական դաշինքի մեջ ներքաշելով ինչ-որ հնարանք-խումբ եւս՝ կուսակցության անվան տակ, այն էլ՝ Սյունիքի անվամբ ծպտված, Ձեր գլխավորած դաշինքը  (անկեղծ լինենք) դուրս մղվեց այն հարթությունից, որ համարում էինք արեւոտ, անեղծ ու անխարդախ:

Ստեղծված իրավիճակը հատկապես Սյունիքում բազմաթիվ հարցերի ու տարակույսների տեղիք է տվել, որոնց շուրջ էլ կամեցանք բացեիբաց արտահայտվել, քանզի առաջիկա ընտրությունը փորձությունների ու սպառնալիքների օվկիանոսում հայտնված մեր երկրամասի ներքաղաքական կյանքում, նախեւառաջ, սահմանաքարեր տեղադրելու, ջրբաժանները հստակեցնելու ժամանակաշրջան է:

Սկսենք Ձեր կողքին կանգնած մյուս «կուսակցության» խմբապետից, ով, ըստ Ձեզ, Սյունիքը ներկայացնող ուժն ու անձնավորությունն է:

Մեծագույն սուտ է դա. նախ՝ այդ ուժը ոչ թե Սյունիքն է ներկայացնում, այլ՝ հակասյունիքը: Մյուս կողմից՝ վիրավորական է, որ Արարատյան դաշտի ինչ-որ գյուղից սկիզբ առնող տոհմիկ պոմիդորագործը նույնացվում է սյունեցու ընդհանրական կերպարի հետ: Եվ ինքն էլ՝ ամբարտավանության այդ խորհրդանիշը, որերորդ անգամ Սյունիքի անունից հանդես գալու իրավունք է վերապահում իրեն:

Հավատացեք, հատկապես այդ փարիսեցիությունը մենք թույլ տալ չենք կարող…

Հիմա, որքան էլ տարօրինակ է, Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի մասին: Թաքցնելու կարիք չկա՝ բազմաթիվ սյունեցիների կարծիքով՝ ժամանակն այդ խմբավորմանը մեկընդմիշտ նետել է պատմության լուսանցք…

Պատճառը միայն Արցախյան ողբերգությունը չէ ու վիրավոր Սյունիքի շուրջ ստեղծված անորոշությունը:

Պատճառը նաեւ իշխող քաղաքական ուժի կողմից հայոց մեջ ներդրված եւ ներդրվող նոր՝ ապազգային արժեհամակարգն է, որը պիտակավորվել է իբրեւ նիկոլականություն կամ նիկոլիզմ: Ընդ որում՝ այդ արտահայտության մեջ ներառվում են հակահայկական բոլոր հնարավոր ու մերժելի դրսեւորումները:

Իսկ դուք գիտե՞ք, պարոն նախագահ, որ նիկոլականությունը (եթե, իսկապես, կա նման երեւույթ կամ գաղափարական հոսանք) նախեւառաջ (2014-18 թվականներին) փորձարկվել է Սյունիքում, այն էլ՝ նույն պաշտոնյանների կողմից, որոնց հետ փորձում եք ընդհանրական Սյունիքի տեսիլք ստեղծել:

Վերցրեք՝ այսպես կոչված նիկոլականության ամենանողկալի եւ դատապարտելի բնորոշիչները. դրանք ավելի գռեհիկ եւ ցցուն դրսեւորումներով փորձարկվել ու արմատավորվել են Սյունիքում, երբ դեռ Նիկոլը վարչապետ չէր, երբ Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր այդ տղան, ում հետ հիմա Դուք հպարտորեն քայլում եք, լուսանկարվում…

Եվ զավեշտալի մի պատկեր է ստացվում. Դուք փորձում եք Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, բայց Սյունիքում նախընտրական գործընթացների հիմքում դնում եք նիկոլականության ամենաբացասական հատկանիշները կրող մարդկանց հետ համագործակցությունը:

Այսինքն՝ Ձեր դաշինքի հաղթանակի դեպքում Նիկոլ Փաշինյանը չի լինի, բայց նիկոլականությունը նոր ուժով կիշխի Սյունիքում (առնվազն՝ ներքաղաքական կյանքում):

Տարակույսների տեղիք տվող հաջորդ հարցը. այդ ինչո՞ւ եք Սյունիք մտնում հանքատերերի, երկրամասի ընդերքը գողացողների եւ այդ թալանից շահույթ ունեցողների հետ: Այդ ինչո՞ւ եք դաշինք կնքում Հայաստանում գործող մոտ ութ տասնյակ կուսակցությունից այն մեկի հետ, որը բացառապես հյուսված-շաղախված է հանքատերերի անձնական հետաքրքրություններից:

Երբ Դուք 2004-ին նախաձեռնեցիք հայտնի հանքարդյունաբերական ձեռնարկության մասնավորեցումը՝ քննադատության եւ կասկածանքի մեծ ալիք բարձրացավ Հայաստանով մեկ, բայց սյունեցիները, ի վերջո, Ձեզ ընդառաջ եկան: Եվ գիտե՞ք ինչու. տեղում այդ գործի գլուխ կանգնած էր փառահեղ սյունեցի, ազգային հոգեկերտվածքով լավագույնս օժտված այրը՝ Մաքսիմ Հակոբյանը: Մարդիկ մտածում էին եւ համոզված էին՝ ինչ էլ լինի, միեւնույն է, նա Սյունիքյան ընդերքի հարստությունը ծառայեցնելու է իր հայրենի երկրամասին. այդպես էլ եղավ:

Հիմա նորից Սյունիք եք մտնում հանքերի օգնությամբ, բայց Մաքսիմ Հակոբյանի փոխարեն գործի գլխին ունենալով անհայտ ծագումով, անհայտ հանգամանքների արդյունքում այս կողմերում ներդրված, կասկածելի ճանապարհով (ի վերջո) Սյունիքյան ունեցվածքի մեծ մասին տիրացած ասպատակների:

Եվ ուրեմն՝ եթե իսկապես Սյունիքը Ձեր մտահոգությունների առանցքային ուղղություններից է (ինչին հավատում ենք), ապա ինչո՞ւ դաշինքի չգնացիք, ասենք, սահմանապահ գյուղերի բնակիչների, տեղացի զինվորականների, շարքային գյուղացիների կամ ուսուցիչների հետ, չէ՞ որ Սյունիք ասվածն այդ մարդիկ են՝ նախեւառաջ, չէ՞ որ Սյունիքը առաջին հերթին հոգեւոր տարածք է  եւ ամենավերջում միայն հանքատերերի արոտավայր կամ մարգագետին:

Եթե հավատալու լինենք շրջանառվող խոսակցություններին՝ Ձեր հոգածությամբ է ստեղծվել-հորինվել «վերածնվել կամեցողների կուսակցությունը»: Ու եթե այդ «կուսակցությունը» ստեղծվել է «Սյունիքի բազայի վրա» (իրենց ձեւակերպումն է), ապա ինչո՞ւ եք «առաջնորդ կարգել» կիսագրագետ, բազմաթիվ պրոբլեմների մեջ մինչեւ կոկորդը խրված այդ տղային:

Այնքա՜ն կայացած գործիչներ կան Սյունիքում, որոնց լիդերության պարագայում պատիվ կլիներ նրանց կողքին կանգնելը:

Ձեռք մեկնեիք Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանին, առաջարկեիք ուրիշ հայրենասերների, զրույցի նստեիք մարզի մտավորականների հետ…

Բայց ոչ, Դուք մի կողմ դրեցիք ամբողջ Սյունիքը եւ հենվեցիք հանքատերերի ու հանքերից օգուտ կորզողների վրա:

Մյուս հարցը. ըստ Սյունիքում շրջանառվող խոսակցությունների՝ այդ խմբապետը, ում ձեռքը բռնած եք ուզում Սյունիք գալ, Ձեզ հետ աուդենցիայի է բերել հայտնի չորս համայնքապետին, ովքեր էլ հավաստիացրել են ՝ Սյունիքում հարց չկա, ամբողջ Սյունիքը մեզ հետ է, ուրեմն եւ՝ Ձեզ հետ (իմիջիայլոց՝ առաջին անգամ Սյունիք այցելած վարչապետ Նիկոլին նույն տղերքը նույն հավաստիացումն էին տվել):

Հավատա՞լ նրանց, թե՞ ոչ… Ձեր գործն է: Բայց որքա՜ն ողորմելի կլիներ Սյունիքը, եթե Վահեի ու այդ համայնքապետերի հավաստիացումները գոնե հեռավոր աղերս ունենային իրականության հետ:

Փորձեք նրանց մի պահ պատկերացնել առանց համայնքների վարչական ռեսուրսի… Եվ Դուք կբախվեք զրո կշռով, զրո կողմնակիցներով, զրո էությամբ մի քանի արարածի:

Եթե հայտնի գետտոյից մի քանի տասնյակ վարձկան են բերել եւ այստեղ-այնտեղ Նիկոլի ճանապարհը փակել, ապա դա խոսում է ոչ թե նրանց զորավորության, այլ Նիկոլի Սյունիքյան թիմի նվաղկոտության մասին:

Իսկ դեմ լինել Նիկոլ Փաշինյանին՝ չի նշանակում կողմ լինել Ռոբերտ Քոչարյանին:

Ավելին, Դուք (այդ գործակցությամբ) այնպիսի ապագա եք ուրվագծում Սյունիքում, որ՝ եթե մենք ընտրությունների օրը քվեարկենք Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի օգտին, ապա դա (կամա-ակամա) կգնահատվի իբրեւ խմբապետի ու չորս համայնքապետի ջանադիր աշխատանքի արդյունք, ինչը, հավատացեք, ստորացուցիչ է յուրաքանչյուր սյունեցու համար:

Եվ ուրեմն՝ մոգոնված այդ կուսակցություն-խմբակը ոչ թե կամուրջ է Ձեր եւ սյունեցիների միջեւ, այլ խորը եւ անհաղթահարելի վիհ…

Իսկ ամենակարեւոր հարցը, որ ծագում է այդ ամենից հետո…

Եթե Ռոբերտ Քոչարյանը Սյունիք է գալիս անհայտ ծագումով հանքատերերի ու նրանց տեղացի շահակիցների ու սպասավորների հետ, ապա ինքը (ուզած-չուզած) չի կարող ընկալվել իբրեւ յուրային:

Եթե նույնիսկ ինչ-ինչ հայտնի գործոնների շնորհիվ Ձեզ հաջողվի Սյունիքում որոշակի թվով քվեներ ստանալ, նույնիսկ հաղթանակ տանել, միեւնույն է՝ չեք կարողանալու այս կողմերում ազատվել ոչ յուրայինի պիտակից:

Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը, ում վերադարձին անկեղծորեն սպասում էինք, Սյունիք է գալիս՝ մեր գլխին հանքատերերից տղա բերելով, օտարականների դրոշով, այն մարդկանց հետ թեւ թեւի տված, որոնց հետաքրքրություններն իրական Սյունիքի հոգսերի ու ցավերի հետ կապ չունեն…

Եվ Դուք իշխանության գալու դեպքում, նախեւառաջ, պետք է նրանց դեմ հարուցված քրեական գործերը կարճեք, նրանց բիզնեսի անվտանգությունն ապահովեք, նրանց առջեւ ճանապարհ բացեք՝ իրենց անձնական հակառակորդներից վրեժ լուծելու համար:

Ուրեմն եւ՝ Սյունիքում Դուք պարտավորված եք լինելու պաշտպանել ընդամենը մի քանի հոգու շահ, իսկ մնացածները լինելու են ընտրազանգված…

Համոզված չենք նույնիսկ՝ կարողանալո՞ւ եք թույլ չտալ, որ մարզի պաշտոնյաների գրասենյակներում  նորից «ժուչոկներ» չտեղակայվեն կամ վարձկան «ստուկաչներ» չներդրվեն: Կարողանալո՞ւ եք թույլ չտալ, որ հայտնի ստահակը կրթության ոլորտի աշխատողներին նորից չասի՝ «Բոլորիդ ներքնաշորերի գույները գիտեմ նույնիսկ»: Կարողանալո՞ւ եք թույլ չտալ, որ Սյունիքում նոր քրեական գործեր չպատվիրվեն: Կարողանալո՞ւ եք թույլ չտալ, որ դպրոցականների մեծահամբավ ճամբարը փոխակերպվի գիշերային խրախճանքների վայրի: Կարողանալո՞ւ եք թույլ չտալ, որ Կապանի ֆուտբոլի թիմից, մարզային հեռուստատեսությունից բացի Սյունիքից ուրիշ բան չգողացվի:

Մեծարգո Ռոբերտ Սեդրակի

Պարոն նախագահ

Մեր դիրքորոշումներում, որ ներկայացնում ենք, անշուշտ, կա Ձեր կերպարի երկակի ընկալում, եւ դա իրոք այդպես է:

Մի կողմից՝ անկեղծորեն հավատում ենք, որ Ձեր իշխանության գալու դեպքում Արցախյան հիմնախնդրում, Հայաստանի անվտանգության ապահովման գործում, միջազգային հարաբերություններում եւ մի շարք այլ հարցերում կարողանալու ենք ազգովի բարձրանալ ծնկաչոք վիճակից …

Մյուս կողմից՝ ներքաղաքական բնագավառում եւ հատկապես Սյունիքյան քաղաքականության ոլորտում մենք լրջագույն վերապահումներ ու տարակույսներ ունենք, ինչի մասին արտահայտվեցինք, բայց…

Դուք դեռ հնարավորություն ունեք փարատելու բազմաթիվ սյունեցիների տարակույսները:

Առնվազն պետք է հրապարակավ պարտավորվեք, որ հայտնի հանքարդյունաբերական ընկերությունը՝ Ձեր նախաձեռնությամբ 2004-ին մասնավորեցված, որ Սյունիքի տնտեսության մոտ 80 տոկոսն է կազմում, ազգայնացնելու եք ամենակարճ ժամանակամիջոցում:

Դուք պետք է պարտավորություն ստանձնեք, որ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու միջոցով կամ մեկ այլ կերպ հետաքննություն եք հարուցելու՝ պարզելու համար, թե 2014-ից եւ հատկապես 2016-ից հետո ովքե՞ր եւ ի՞նչ միջոցներով են Սյունիքում կատարել ազգային ունեցվածքի կողոպուտ՝ սեփականության վերաբաշխման անվան տակ, ի՞նչ քրեական ու քաղաքացիական գործեր են պատվիրվել սյունեցիների դեմ, քանի-քանի մտավորականներ են հալածվել՝ սեփական կարծիք ունենալու համար:

Դուք պետք է պարտավորվեք, որ Սյունիքում վերջ եք դնելու խոսքի ազատության դեմ հայտարարված պատերազմին, որ ժամանակին մեկնարկել է Սերժ Սարգսյանի քաջարելանքով, ապա շարունակվել Նիկոլ Փաշինյանի օրերում:

Դուք պետք է հավատացնեք, որ Սյունիքում չի լինելու պետություն՝ պետության ներսում, մարզ՝ մարզի ներսում՝ հիմնված արյունոտ եւ մեռելահոտ փողերի վրա:

Եթե այդ հարցերում Դուք չհստակեցնեք Ձեր դիրքորոշումը, ապա, հավատացած եղեք, Նիկոլ Փաշինյանի առջեւ բացելու եք բոլոր այն ճանապարհները, որ փակվել էին Սյունիքում՝ կապիտուլյացիայից հետո:

***

 Այս անկեղծ զրույցը թող տպավորություն չստեղծի, թե մենք մտահոգված ենք Ձեր Սյունիքյան վարկանիշով. դա այդպես չէ եւ չի կարող այդպես լինել:

Մենք պարզապես մտահոգված ենք հանգամանքով, որ ներսյունիքյան գործելակերպով տասնյակ նույնություններ ենք տեսնում Ձեր եւ Նիկոլ Փաշինյանի, Ձեր եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Ներող եղեք, բայց բազմաթիվ հարցերում Դուք նույնիսկ երկվորյակների տպավորություն եք թողնում:

Ձեր պաշտոնավարման ժամանակ էլ, օրինակ, Սյունիքում լրատվամիջոցի մեքենա էին հրկիզում, լրագրողին հետպնդում ու անպատիժ մնում, Նիկոլի օրերում էլ:

Ձեր պաշտոնավարման ժամանակ էլ Սյունիքում ղաչաղական խմբեր էին գործում (պետական ռեսուրսով), Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի օրերում էլ՝ մնալով անպատիժ:

Ձեր պաշտոնավարման ժամանակ էլ Սյունիքում իշխանության սոցիալական ու քաղաքական հենարանը փողատերերն ու վարչական ռեսուրսի տիրակալներն էին, Սերժի ու Նիկոլի օրերում էլ:

Նիկոլը Սյունիքն անդամահատում է սահմաններից, իսկ Դուք՝ Ձեր վերադարձի տարօրինակ ձեւաչափով, ջուր եք լցնում այն մարդկանց ջրաղացին, ովքեր Սյունիքը թուլացրել, անդամահատել եւ շարունակում են թուլացնել ու անդամահատել ներսից:

Ահա այդ հարցերի պատասխանն է, որ կուզենայինք ստանալ՝ նախընտրական ջրբաժանները Սյունիքում հստակեցնելուց առաջ:

Դուք շատ քիչ ժամանակ ունեք…

Եվ, ի սեր Աստծու, մեր նկատառումները մանրուք չհամարեք, եւ ոչ էլ ինչ-ինչ սուբյեկտիվ ընկալումների հանրագումար:

Հայաստանի 3-րդ հանրապետության երեք տասնամյակում ավելի մանր ու չնչին հարցերով են մեր առաջնորդները շարունակաբար զբաղվել եւ պետական լրջագույն շատ-շատ հարցերի մոտեցել բացառապես անձնական պատուհանից:

Բայց, ի տարբերություն նրանց, մեր ընկալումները Սյունիքի իրականության օբյեկտիվ արտացոլանքն են…

Ի վերջո երկրի անվտանգության ապահովման, մեր ճաք տված պետականությունը ոտքի կանգնեցնելու, մեր ազգային երազանքները գոնե մասամբ ի կատար ածելու համար նախեւառաջ պետք է ներքին միասնություն, քաղաքացիական համերաշխություն, հայ մարդու իրավունքների պաշտպանություն, որոնք Սյունիքի Ձեր դաշնակից տղերքը փչացրել են մինչեւ վերջ…

Հարգանքով՝

Սամվել Ալեքսանյան

 

 

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34