Ժաննա Անդրեասյանի հրամանը «Արմինե Շահումի Կոլյանին «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի տնօրենի ժ/պ նշանակելու մասին»

20.10.2025 11:21
4038

Նախ՝ հրամանի ամբողջական տեքստը։

«Ղեկավարվելով ՊՈԱԿ–ի մասին ՀՀ օրենքի 16-րդ Հոդվածի 1.5-րդ և 1.7 –րդ կետերով, ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 1-ի N 661-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով, հիմք ընդունելով մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Արմենուհի Պողոսյանի զեկուցագիրը և Արմինե Կոլյանի անձնական դիմումը՝

Հրամայում եմ

1. Արմինե  Շահումի Կոլյանին 2025 թ. հոկտեմբերի 6-ից նշանակել «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև վեց ամիս ժամկետով՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի ընտրությունն ու նշանակումը»։

Այդ հրամանից հարցեր են ծագում, որոնց վերաբերյալ նախարարը պետք է պարզաբանում տա, եթե, իհարկե, ինքն իրեն հարգում է։

1-ին հարց։ Եթե Գորիսի պետական քոլեջն ու Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը դեռևս լուծարված չեն ու լիարժեքորեն գործում են իրենց կանոնադրությունների հիման վրա, ապա ի՞նչ հիմքով ու նպատակով է դեռևս չստեղծված 3-րդ քոլեջի տնօրենի ժ/պ նշանակվել։

Հոկտեմբերի 6-ից հետո՝ սույն խնդրի առումով՝ ո՞վ է Արմինե Կոլյանը, ո՞ր քոլեջի տնօրենի ժ/պ-ն է նա. ըստ գործող օրենքների՝ նա ոչ ոք է, որևէ իրավունք և գործառույթ չունեցող անձնավորություն։

2-րդ հարց։ Հրամանում գրված է՝ «Հիմք ընդունելով մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Արմենուհի Պողոսյանի զեկուցագիրը և…»։

Նախ՝ զեկուցագիրը ներկայացրած Արմենուհի Պողոսյանն այն անձնավորությունն է, ով զեկուցագիր ներկայացնելու օրերին նախարարությունում իրականացվող ծառայողական քննության թիրախներից էր՝ այլ պաշտոնյաների հետ մեկտեղ. թեման (ըստ մամուլի հրապարակումների) Սպիտակի պետական քոլեջում կրթաթոշակները սխալ ձևով են բաժանել ուսանողներին։

Եվ ծառայողական քննության արդյունքում պաշտոնանկ է արվել։

Ի՞նչ է ստացվում՝ մի կողմից Արմենուհի Պողոսյանին չեն վստահում և պաշտոնանկ են անում, մյուս կողմից առաջարկում գրել զեկուցագիր՝ ո՞ւմ եք ուզում նշանակել Գորիսում դեռևս չստեղծված քոլեջի տնօրենի ժ/պ։

Եվ անվստահության վիհի պռնկին հայտնված Արմենուհու կարծիքն են հիմք ընդունում։

Անհաջող այս ներկայացումը պարզելու համար նախարարը պարտավոր է հրապարակել Արմենուհու զեկուցագիրը։

3-րդ հարց։ Հրամանում գրված է՝ «…հիմք ընդունելով Արմինե Կոլյանի անձնական դիմումը»։

Նախ՝ դիմումները սովորաբար անձնական են լինում, ոչ անձնական դիմում մարդը չի կարող ներկայացնել։

Նախարարը որտեղի՞ց գիտեր Արմինե Կոլյանին, միանգամից  այդքան վստահություն որտեղի՞ց, որ որոշեց Գորիսի բլթբլթացող երկու քոլեջի միաձուլմամբ ստեղծվելիք նոր քոլեջի տնօրենի ժ/պ նշանակել հենց նրան՝ ոլորտին լրիվ անտեղյակ մեկին։

Պատկերացնո՞ւմ եք՝ քոլեջը դեռ չի ստեղծվել, բայց երիտասարդ մի կին հասնում է նախարարություն և խնդրում իրեն նշանակել գոյություն չունեցող քոլեջի ղեկավար։

Ժաննան, Արաքսիան, Արմենուհին չեն ասում՝ դեռ քոլեջը չի ստեղծվել…

Ընդհակառակը՝ անմիջապես դրական ընթացք են տալիս դիմումին՝ շրջանցելով երկրի գործող օրենքները։

Գիտե՞ք ինչն է նաև այս պարագայում տարակուսանք պատճառում. Գորիսի պետական քոլեջի կոլեկտիվը բազմիցս՝ մինչև 60 ստորագրությամբ, դիմում է հղել նախարարին, բայց ոչ մի պատասխան...

Իսկ ահա անծանոթ մի տիկնոջ անձնական դիմումին անմիջապես ու հևիհև արձագանքում են։

Վերը շարադրվածը հիմք ընդունելով կարող ենք փաստել՝ նախարարի տվյալ հրամանը, ամենաբուռն ցանկության դեպքում անգամ, չի կարող համարվել լեգիտիմ անհատական իրավական ակտ։

Ուստի և՝ իրավական նշանակությամբ առ ոչինչ այդ հրամանը պետք է չեղարկել, եթե գործում ենք իրավական պետության տիրույթում։

Կա մի անսակարկելի ճշմարտություն ևս. Գորիսի երկու քոլեջի հանդեպ ԿԳՄՍ նախարարության՝ արհեստականությամբ շուլալված գործելակերպի անթաքույց մղումով է, որ հարյուրամյա երկու կրթօջախի կոլեկտիվները դիմել են ծայրահեղ քայլի՝ գործադուլի և դասադուլի…

ԿԳՄՍ նախարարությունը մինչև հիմա բացատրություն չի տվել՝ ինչ տրամաբանությամբ է կրթական ծրագրերով միմյանց հետ հեռավոր աղերս չունեցող Գորիսի երկու քոլեջը միավորում։

Եթե անգամ տեղի ունեցողի անունը փորձում են դնել օպտիմալացում, ապա դրա հետևանքով (ըստ մասնագետների հաշվարկի) ոչ ֆինանսական միջոցներ են խնայվելու, ոչ նոր աշխատատեղեր են բացվելու և ոչ էլ կրթական գործընթացն է բարելավվելու։ Եվ ուրեմն՝ ի՞նչ նպատակով է կատարվում միաձուլումը։

ԿԳՄՍ նախարարը կարող էր այսքան ժամանակ այցելել Գորիս և երկու կոլեկտիվի հետ՝ իրական հիմնավորումներով, հաշվարկներով, փորձագիտական եզրակացություններով քննարկել միաձուլման նպատակահարմարությունը և ակնկալվող արդյունքները, քննարկել առաջացող հնարավոր խնդիրները…

Մինչդեռ... Նախարարը ժամանակ է գտնում և հանրապետության հեռավոր անկյուններից մեկում ծանոթանում կրթօջախի զուգարանի սարքավորումների որակին, բայց ժամանակ չի գտնում և պատշաճ չի համարում ծանոթանալ մոտ 600 ուսանողի, հազարից ավելի ծնողի, հարյուրից ավելի փորձառու դասախոսի մտահոգություններին…

Այդ ամենի հետևանքով է ստեղծվել-ձևավորվել տպավորություն, թե նախարարն ու իր տեղակալ Արաքսիան Սյունիքում և մասնավորապես Գորիսում հակավարչապետական տրամադրություններ են գեներացնում, ինչը նրանց հաջողվում է։

Անշուշտ, նախարարն իրավունք ունի նոր և գրագետ հրաման արձակել տնօրենի ժ/պ-ի նշանակման վերաբերյալ, բայց չպետք է մոռանա, որ երկու քոլեջի աշխատակիցներն էլ իրենց իրավունքներն ունեն՝  Սահմանադրությունից բխող…

***

Ի դեպ, ինչո՞ւ են Գորիսի երկու քոլեջի աշխատակիցները գործադուլի, ուսանողները՝ դասադուլի դիմել և դիմում:

Անշուշտ, չափազանց կարևոր է, թե ով է գլխավորելու ստեղծվող հաստատությունը: Եվ դա մարդիկ չեն թաքցնում: Նաև հարցականի տակ են դնում Արմինե Կոլյանի արժանավորությունը՝ մատնանշելով մի քանի ծանրակշիռ պատճառ:

Բայց ոմանք, նաև նախարարությունը, համառորեն փորձում են շրջանցել կամ թաքցնել տեղի ունեցող իրադարձությունների իրական, սկզբնական և գլխավոր պատճառն ու էությունը:

Օրը ցերեկով քանդում են Գորիսի տարածաշրջանի ամենակայացած (շեշտում ենք՝ ամենակայացած) երկու կրթական հաստատությունը՝ Գորիսի պետական քոլեջն ու Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը:

Ընդ որում՝ քանդում են ոչ թե կրթական շահերի մղումով, այլ ինչ-որ չինովնիկների անձնական հետաքրքրություններից ու շահերից ելնելով: Ընթերցեք ՀՀ կառավարության 2025 թ. ապրիլի 17-ի N 441-Ա որոշումը երկու քոլեջի միաձուլման մասին: Չեք գտնի մեկ հոդաբաշխ միտք, որով հիմնավորվում է այդ «բարեփոխման» կրթական շահը, ուսանողի շահը: Ինչ-որ հերթապահ բառեր և միայն բառեր

Դիմելով գործադուլի և դասադուլի՝ մարդիկ փորձել ու փորձում են տեր կանգնել Գորիսի արժանապատվությանը, փորձում են պաշտպանել տարածաշրջանի համար «բրենդ» դարծած երկու ուսումնական հաստատությունը, պաշտպանել Գորիսը, որ հիմա փականքված, հաղորդակցության ուղիներից մեկուսացված, հարյուրավոր հեկտար հողատարածքներ կորցրած և սահմանապահ դարձած տարածաշրջան է:

Եվ սոսկալի, ամոթալի այդ իրողությունը շրջանցելու-թաքցնելու համար ակտիվորեն շրջանառում են թեզը, թե տեղի ունեցողն ընդամենը տնօրենի աթոռի համար պայքար է՝ մոռանալով, որ տվյալ նախարարի, տվյալ փոխնախարարի ղեկավարությամբ կրթական հաստատության տնօրեն աշխատելն  արդեն իսկ անեծքի պես մի բան է:

***

Այդ գործընթացի առաջին իսկ օրերից հրապարակված բազմաթիվ փաստաթղթերում արտահայտվել ու արտահայտվում է տեսակետ, թե Գորիսի երկու քոլեջի միավորումը կատարվում է Սյունիքին պատվաստված երկու պաշտոնյայի պատվերով, այսինքն՝ հիմքում անձնական ու գավառական վրեժխնդրություն է և հաշվեհարդար, ուրիշ ոչինչ:

Նրանք են Բարձր դուռ գնացել՝ ուղտաբեռ բամբասանքով, ասելով նաև՝ Գորիսում իրենց լուրջ չընդունելու պատճառներից մեկը Գորիսի պետական քոլեջն է:

Գորիսում իշխող և մինչև հիմա չհերքված այդ տեսակետի համապատկերի վրա էլ երկու այդ պաշտոնյան փնտրել-փնտրել և գտել են իրենց հարմար թեկնածուն։ Ոչ թե ստեղծվող քոլեջի շահերից բխող թեկնածուն, այլ իրենց քիմքին հաճո թեկնածուն․․․

Այդ տիկնոջը չենք ճանաչում, հեռվից գիտենք նրա նախնիներից ոմանց, և հարգանք ունենք նրանց հանդեպ՝ իբրև մեր համաքաղաքացիների:

Եվ զարմանալի է, որ տիկինը հոժարությամբ (նույնիսկ ոգևորությամբ) միացել է Գորիսի ավանդական երկու ուսումնական հաստատությունը քանդելու-վերացնելու գործընթացին՝ չունենալով տարրական փորձ միջին մասնագիտականում աշխատելու, անտեսելով փաստը, որ այնտեղ տասնամյակների հարուստ փորձ ունեցող դասախոսներ են աշխատում, չիմանալու տալով իրողությունը, որ իրեն Արաքսիայի մոտ ուղարկելուց առաջ մի քանի հոգու (երկու քոլեջից) հավաստագիր տալու և ժ/պ նշանակելու խնդրանք–առաջարկ է արվել, բայց արժանապատիվ այդ մարդիկ մերժել են կասկածելի առաջարկությունը: Նույնիսկ մոտակա շրջաններից են փորձել տնօրենի ժ/պ-ի թեկնածու հորինել–պեղել, բայց ոչ մեկը չի համաձայնվել մասնակիցը դառնալ Գորիսի երկու կրթօջախի ավերման գործընթացին:

Իսկ ահա տիկինը հաճույքով է ստանձնել ոչ բարի այդ դերակատարությունը…

***

Այս ամբողջ պատմության մեջ, սակայն, կարևոր և դրական մի հանգամանք կա. շատ շուտով կրթական ոլորտից դուրս են մղվելու ե՛ւ Ժաննան, ե՛ւ Արաքսիան: Բարոյական առումով արդեն իսկ լուսանցքում են այդ ամենը նախաձեռնող-պատվիրող երկու մերժվածը:

Իսկ 100-ամյա երկու քոլեջները, համոզված ենք, անպայման վերականգնվելու են՝ հարգանք ու պատկառանք վայելող իրենց անվանումներով:

Դրանում ոչ միայն մենք են համոզված: Պարզապես պետք է հիշել բնության քարե կանոնը՝ ամենաերկար ու մղձավանջային գիշերն անգամ ի վերջո ավարտվում է այգաբացով…

Հ.Գ.

Կարծում ենք՝ նախարարը չպետք է մոռանա ՀՀ աշխատանքային օրենսգրքի Հոդված 115-ի 1-ին մասի պահանջը՝ «Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում՝ գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ»։

Այնուհետև՝ նախարարը Կարեն Լազարյանին ս.թ. մայիսի 2-ին (ոչ օրենքով սահմանված եղանակով ուղարկված) ծանուցման մեջ գրում է. «…Ձեր հետ կնքված 30.13.2021 թ. թիվ 13 աշխատանքային պայմանագիրը լուծվելու է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման հաջորդ օրը»:

Նախ՝ շնորհիվ նախարարի՝ առաջին անգամ իմանում ենք, որ տարին 13 ամիս ունի, բայց դա այդ նախարարության պարագայում զարմանալի չէ:

Կարևորը նման ծանուցման իրավական հիմքի բացակայությունն է․․․

 

Սամվել Ալեքսանյան

ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ «ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ԱՊԱՀՈՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»

05.12.2025 12:38

Բաքվում շարունակվել են հայ գերիների պաշտպանների ելույթները

05.12.2025 12:16

Սյունիքում սպասում են ՀՀ ոստիկանապետի պարզաբանմանը՝ ի՞նչ հիմքով են ոստիկանները հայտնվել Գորիսի պետական քոլեջում և ինքնիրավչությամբ զբաղվել

05.12.2025 11:38

Պուտինը ժամանել է Դելիի նախագահական պալատ. նրան դիմավորել են պատվո պահակախմբով և օրհներգով

05.12.2025 10:44

Տարեկան պետք է տնկել 20–25 միլիոն ծառ. Մելիքյանը՝ հրդեհների ու օդի աղտոտվածության մասին

05.12.2025 10:35

Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան

04.12.2025 18:56

ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ Սրբազանին․ փաստաբան

04.12.2025 18:52

Իրանի կառավարությունը ցանկանում է ջուր գնել հարևան երկրներից

04.12.2025 17:34

Մոսկվան կոշտ արձագանքով է սպառնում Եվրոպայում սառեցված ակտիվների հետ անօրինական քայլի դեպքում

04.12.2025 16:59

Ռուսաստանը միշտ արել է հնարավորը՝ հայ-ադրբեջանական կարգավորման համար. Շոյգու

04.12.2025 16:54

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության հանընդհանուր ապահովագրության և պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման նախագծերը

04.12.2025 16:49

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը նշում է իր երկամյա գործունեությունը՝ նվիրված Վերադարձի Իրավունքի պաշտպանությանը

04.12.2025 16:47