«Ժառանգությունը եւ բնությունը»

03.10.2017 16:46
2126

Այս տարի «Եվրոպական ժառանգության օրերը», որին միացած է եվրոպական 50 երկիր, անցկացվեց «Ժառանգությունը եւ բնությունը» խորագրով: Սեպտեմբերի 30-ին օրերի շրջանակում միջոցառում անցկացվեց Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանում: «Ժառանգության եւ բնության հանդիպման մի զարմանահրաշ պատմություն» խորագիրն էր կրում թանգարանի մշակութային միջոցառումների կազմակերպիչ Աստղիկ Հակոբյանի զեկուցումը, որ նվիրված էր Տանձափարախի վերականգնողական աշխատանքների ընթացքի հինգ ամյակին: Օրվա բանախոսը նախ՝ պատմական անդրադարձ կատարեց Բեխի կամ Տանձափարախի անապատին, որ գտնվում է Կապանի Բեխ թաղամասից 4 կմ հարավ-արեւմուտք, սաղարթախիտ անտառով շրջապատված:


Համալիրի հիմնադրման մասին պատմագրության մեջ որոշակի բան չկա պահպանված: Առաջին անգամ հիշատակված է 871 թվականին գրված մի վկայագրում, ըստ որի՝ Սյունիքի տեր Սահակի որդին՝ Ջեվանշիր իշխանը, Բաղք գավառում գտնվող իր սեփական Արուքս գյուղը փոխանակում է Սյունյաց եպիսկոպոսների սեփական կալվածք հանդիսացող Բեխ գյուղի հետ: Իսկ Տանձափարախի մասին առաջին հիշատակությունը Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» երկում է, որտեղ ասվում է թե՝ Սյունյաց Ձագիկ իշխանի որդին՝ Վահանը, զարնվելով չար դեւից, հրաժարվում է աշխարհական կարգից, կրոնավոր է դառնում եւ ճգնում Տանձափարախի սուրբ վկայարանում: Վահանը 911 թվականին կառուցում է վանական մի համալիր եւ իր անունով կոչում Վահանավանք: Կնշանակի՝ 10-րդ դարի սկզբին Տանձափարախն արդեն հայտնի միաբանական ուխտ է եղել: Թվարկելով Սյունյաց աշխարհի գլխավոր վանքերից մոտ 30-ի անունները՝ Ստեփանոս Օրբելյանը, Տանձափարախը հիշատակում է 11-րդը՝ Վահանավանքից հետո, նշելով, որ Տանձափարախի կրոնավորները ճգնակյաց էին, խարազնազգեստ, սակավապետ, այսինքն՝ այն եղել է անապատ, որոնցով Սյունիքը հայտնի է եղել դեռ միջնադարից սկսած:


Ստեփանոս Օրբելյանը, տալով Սյունիքի բոլոր նշանավոր մենաստանների կառուցման ժամանակը, ոչինչ չի ասում Տանձափարախի հիմնադրման մասին: Ըստ ամենայնի՝ Տաձափարախն այնքան հին է, որ Ստեփանոս Օրբելյանի օրոք նրա հիմնադրման ստույգ ժամանակը մոռացված է եղել: Դեռեւս միջնադարում Բեխի անապատը շատ կարեւոր ուսումնագիտական կենտրոն է եղել, այնտեղ գրվել են ձեռագրեր, աշխատել է Գրիգոր Տաթեւացու աշակերտ Մաթեւոս վարդապետը:


Բեխի անապատը 17-րդ դարում վերականգնելով՝ գործել է մինչեւ 18-րդ դարի վերջերը. եկեղեցու մի խաչքարի վրա կա 1751 թվականի արձանագրություն: Սակայն հետո այն լքվել է, եւ նրա անունը չի հիշատակվում ո՛չ ազգագիրների, ո՛չ ճանապարհորդների, եւ ո՛չ էլ պատմիչների կողմից:
Բանախոսը ներկայացրեց անապատի ճարտարապետական հորինվածքը. ճանապարհը, որ տանում է դեպի Բեխի անապատ, նշեց նաեւ այն մասին, որ խորհրդային աստվածամերժության տարիներին անապատը գոմի էր վերածվել, որտեղ խոզեր էին պահվում: Անդրադառնելով մերօրյա ժամանակներին, Ա.Հակոբյանը տեղեկացրեց, որ 2012 թվականից «Երկիր եւ մշակույթ» կազմակերպությունը Տանձափարախում կատարել է մաքրման եւ վերականգնողական աշխատանքներ, որի մեկնարկման համար մեծ ջանքեր գործադրեց նաեւ կազմակերպության կենտրոնական վարչության անդամ, վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը, ով էլ դարձավ ծրագիրն իրականացնող արշավախմբի ղեկավարը:


Վանական համալիրի պեղման, մասնակի ամրակայման ու նորոգման աշխատանքները շարունակվում են մինչեւ այսօր: Ամեն տարի արշավախումբը 20 օր աշխատում է անապատի տարածքում:


Աստղիկ Հակոբյանի բացատրություններն ուղեկցվում էին լուսանկարների ցուցադրմամբ: Բանախոսը պատեհ առիթը բաց չթողեց հիշատակելու Տանձափարախի նվիրյալներին՝ արշավախմբի ղեկավար Ստեփան Նալբանդյան, Ժիրայր Գասպարյան (բնակվում է Փարիզում), Բեխի թաղային լիազոր Ռաֆիկ Հայրապետյան, Աստղիկ Հակոբյան, Սասուն Ալեքսանյան, Արա Մարգարյան, Կարեն Քոլոյան, հնագետներ՝ Արմանը, Տիգրանը, Հարությունը, կամավորներ Ֆրանսիայից, Անգլիայից եւ ուրիշներ: Աշխատանքների հիմնական ծանրությունն իր ուսերի վրա էր վերցրել Բեխի բնակչությունը, ովքեր ձիերով անապատ էին հասցնում արշավախմբի անդամներին, նրա կեցության համար անհրաժեշտ պարագաներ եւ շինանյութ:


Միջոցառման վերաբերյալ իրենց նկատառումները հայտնեցին Ռաֆիկ Հայրապետյանը, Աշոտ Հայրումյանը, Գրիշա Սմբատյանը, Լիլիթ Առաքելյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը եւ ուրիշներ:


Թանգարանի մի ցուցափեղկում ներկայացված էին Բեխի անապատում կատարված վերականգնողական աշխատանքների ժամանակ գտնված հինավուրց իրեր եւ առարկաներ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34