Զինվորից գեներալ տանող ճանապարհը

13.09.2013 16:44
4588

Նրա ծննդավայրը Կապանի շրջանի Ներքին Խոտանան գյուղն է` սարալանջին թիկնած, խիտ անտառներով շրջապատված, հարավային մասով հոսող Օխտար վտակով: Նրա տոհմածառը սկիզբ է առնում դեռեւս 1700-ականներին Սիրիայից Հայաստան տեղափոխված Տեր Դավթի ընտանիքից:

Մուրազ Սարգսյանը հպարտությամբ է հիշում իր պապերի, նրանց արժանավոր արարքների մասին: Հորը գրեթե չի հիշում. ավագ որդու հետքերով նա մեկնում է ռազմաճակատ ու այլեւս չի վերադառնում (զոհվել է Մոզդոկի մոտակայքում տեղի ունեցած ծանր ճակատամարտերից մեկի ժամանակ): Բայց մայրը չէր ուզում հավատալ դրան. ամբողջ կյանքում սպասել է ամուսնուն եւ Իշխան որդուն: Իսկ Իշխանը, ինչպես հետագայում հատուկ թույլտվությամբ գաղտնի արխիվներից պարզել է գեներալի որդին` Աշոտ Սարգսյանը, հերոսաբար զոհվել է 1942թ. Հյուսիսային Կովկասի Թերեք բնակավայրի ուղղությամբ տեղի ունեցած թեժ մարտերից մեկի ժամանակ: Մայրը` Մանուշակը, հայ կնոջ եւ մոր տիպիկ կերպար էր` աշխատասեր, ազնիվ, բարի: Գեներալ որդին անհուն գորովանքով ու սիրով է խոսում մոր մասին. մայր, որ հանուն զավակների անտեսեց սեփական դժբախտությունը, հոգու ցավը, շտկեց մեջքը եւ սատարեց իր զավակներին` դառնալով նրանց համար ե՛ւ հայր, ե՛ւ մայր:

Մուրազ Սարգսյանը վերջին մի քանի տարվա ընթացքում ձեռնամուխ եղավ մի կարեւոր եւ մնայուն գործի. թղթին հանձնեց իր ապրած կյանքի հուշերը երեք գրքով` «Դժվարին մանկություն», «Անձնուրաց ծառայություն» եւ «Ծառայությունս նորաստեղծ հայկական բանակում 1992 թվականից»: «Դժվարին մանկություն» գրքում հեղինակը ներկայացնում է իր ծննդավայրը, գերդաստանը, ծնողներին եւ եղբայրներին։ Նկարագրում է իր որբ ու դժվար մանկությունը (ծնվել է 1943թ. օգոստոսի 1-ին), կիսաքաղց տարիները, մանկական խաղերն ու մանկության սիրելի վայրերը: Պատահում էր` մոր հետ գնում էին հնձած արտում հասկ հայթայթելու. ամբողջ օրվա հավաքած հասկից հազիվ մի բուռ ցորեն էր ստացվում: Այդպիսին էր իր սերնդի մանկությունը: Մինչեւ երրորդ դասարանը հաճախել է Ներքին Խոտանանի դպրոցը. այնուհետեւ ուսումը շարունակել է Շրվենանց գյուղի միջնակարգ դպրոցում: Այդ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհին` Գալինա Բորիսովնան, նկատել է ուսումնատենչ պատանուն եւ նրան հորդորել շարունակել ուսումը:

Մուրազ Սարգսյանն այժմ էլ երախտագիտությամբ է հիշում սիրելի ուսուցչուհուն: Ամեն անգամ, երբ գալիս էր հայրենի քաղաք, այցելում էր այդ պատվարժան կնոջը` իր հարգանքի տուրքը մատուցելու նրան: Զարմանալի հիշողություն ունի գեներալը. այնպիսի մանրամասներ է հիշում իր մանկությունից, ուսումնառությունից, ծառայությունից եւ այնպիսի ոգեւորությամբ է պատմում, եւ որքան վարակիչ է նրա խանդավառությունը:

Շրվենանցի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նպատակասլաց պատանին որոշում է զինվորական կրթություն ստանալ, ապացուցել, որ որբ ու զրկանքներով մեծացած փոքրամարմին տղան կարող է իրականացնել իր երազանքը եւ գտնել իր տեղը կյանքում: Ամենադժվարը սիրելի մայրիկից եւ հարազատներից բաժանվելն էր: Երկրորդ գրքում հեղինակը ներակայացնում է զինվորական կրթությունը եւ ծառայությունը խորհրդային բանակում: 1962 թվականից կյանքի մի նոր շրջան սկսվեց կապանցի պատանու համար. իր նման 12 պատանու հետ նա մեկնում է Թբիլիսի. «Թբիլիսիում մեզ տեղավորեցին ռազմական ուսումնարանի զորանոցում, բաշխեցին ըստ դասակների, իսկ այնուհետեւ հայտնեցին, թե ինչ քննություններ ենք հանձնելու եւ երբ:

Ճիշտն ասած, ռուսերենի իմ իմացությունը քիչ թե շատ լավացրել էի` Կապանի ռուսական դպրոցի դասընթացներին հաճախելով, այնպես որ կարող էի հաղորդակցվել: Սակայն նույնը չէի կարող ասել այդ լեզվով քննություն հանձնելու մասին: Բնական է, որ ֆիզիկա, մաթեմատիկա առարկաների տերմինաբանությունը, ռուսերենով թելադրություն գրելը դժվար էին լինելու ոչ միայն ինձ համար, այլեւ մյուս հայ պատանիների»:

Գրավոր քննությունները հանձնեց, բայց ֆիզիկայի բանավոր քննությանն իսկապես դժվարություններ եղան ռուսերենի պատճառով: Այնուամենայնիվ հաջողությունը չլքեց նրան: Հանձնաժողովում կար մի հայ կին, ով հասկացավ, որ տղան լիարժեք գիտի հարցը, բայց դժվարանում է ռուսերեն պատասխանել. տղային ընդառաջեցին: Այսպես նա ընդունվեց Թբիլիսիի հրետանային ուսումնարան: «Անդադար պարապում էի: Պատվախնդրությունն էր խոսում մեջս, ուզում էի ապացուցել բոլորին, որ դառնալու եմ ռազմական ուսումնարանի արժանի սան:

Նպատակիս հասնելու համար լրացուցիչ էի պարապում, հատկապես` հրետանու կրակի կառավարման առարկան եւ անգլերենը: Առաջին կուրսի ձմեռային արձակուրդներին անգամ գյուղ չգնացի. նախ` փող չունեի, հետո` նպատակասլաց պարապում էի, ավելացնում գիտելիքներս:

Իմ հաջողությունների մասին մորս ու եղբայրներիս նամակ էի գրում, նրանց հայտնում ուրախությունս»: Հետաքրքիր ու բազմաբովանդակ էր անցնում ժամանակը ռազմական ուսումնարանում: «Օրական վեց ժամ դաս էինք պարապում, մնացած ժամանակը զբաղվում էինք սպորտով, երբեմն քաղաք դուրս գալու արտոնություն էինք ստանում: Այդ ժամանակ թատրոն էինք գնում, այցելում քաղաքի պատմամշակութային վայրերը: Ամբողջ կյանքում հոգուս մեջ պահել եմ թիֆլիսյան կոլորիտը»:

Սովորելու տարիներին հաճախ կուրսանտներին այցելում էին ծնողները, հարազատները: «Մայրս ինձ չէր այցելում. նա տանջված, հոգսաշատ ու խեղճ գյուղացի կին էր եւ առանց որեւէ մեկի ուղեկցության` ինձ մոտ գալ չէր կարող»:

Մի անգամ ֆուտբոլ խաղալիս կոտրել է ոտքը, բայց ընտանիքից թաքցրել է կատարվածը, իսկ երբ արձակուրդին մեկնում է հայրենի գյուղ, դեռ ձեռնափայտով էր քայլում: «Որքան հուզվեց խեղճ մայրս, երբ ինձ տեսավ կաղալիս ու ձեռնափայտով: Սկսեց վաշ-վիշ անել ու նեղացավ, թե ինչու իրեն չեմ տեղեկացրել, որ նեղության մեջ եմ: Սրտնեղեց, հուզվեց եւ ասաց, որ անպայման կգար ինձ տեսակցության: Ու երբ հարցրի, թե ինչպես էր գալու, ասաց` կովը կվաճառեր, կգար: Այս դեպքի մասին միշտ պատմում եմ զինվորներին, որպեսզի իրենց ժամանակավոր դժվարություններով ու նեղություններով տեղին-անտեղի չանհանգստացնեն ծնողներին եւ հարազատներին: Անգամ անելանելի թվացող իրավիճակում չընկճվեն, համբերություն ունենան ու հաղթահարեն դժավարությունները»:

1965 թվականին Մուրազ Սարգսյանն ավարտեց Թբիլիսիի հրետանային ուսումնարանը. նրան շնորհվեց լեյտենանտի զինվորական կոչում, եւ որպես լավագույն շրջանավարտի` գործուղեցին Հեռավոր արեւելք` զինվորական ծառայություն անցկացնելու համար: Մինչեւ 1969 թվականը ծառայել է Հեռավոր արեւելքում, ծառայել է ազնիվ ու նվիրված: Հրամանատարությունը տեսնում ու գնահատում էր նրա անդուլ աշխատանքը: «Ասեմ, որ ծառայության տարիներին շատ եմ օգտագործել խաղեր, մրցույթներ անցկացնելու մեթոդը: Եվ այն միշտ արդարեցրել է իրեն: Դա ոգեւորում եւ շահագրգռվածություն է առաջացնում զինվորի մեջ, ստիպում նրան ավելի սիրով ծառայել: Այս դեպքում միայն զինվորի ծնողը կվստահի բանակին` համոզված լինելով, որ իր զավակը ապահով ձեռքերում է, որ բանակի սպան կարգապահ եւ անկաշառ է… »:

1967 թվականին Մուրազ Սարգսյանը հերթական արձակուրդն էր անցկացնում հայրենի գյուղում (նա իր բոլոր արձակուրդներն անց է կացրել ծննդավայրում` սիրելի մայրիկի կողքին): Մայրը հորդորեց ամուսնանալ. «Որդի՛ս, ամուսնացի՛ր. արդեն ծամանակն է: Օտարության մեջ գոնե մենակ չես լինի: Կինդ քեզ ընկեր ու խնամող կլինի: Ես էլ քեզ ամուսնացած կտեսնեմ, հետո կմեռնեմ»:

Իրենց հարեւանի աղջկա` Վալյայի հանդեպ անտարբեր չէր դեռեւս 7-րդ դասարանից: Վալյան ընդունեց նրա ամուսնության առաջարկը, եւ ամուսնացան: Շքեղ տոնակատարություն չեղավ, նույնիսկ ամուսնական մատանիներ չփոխանակեցին (միջոցներ չունեին). գրանցեցին իրենց ամուսնությունը, հարազատներով նշեցին եւ վերադարձան Խաբարովսկ: Նրանց ամուսնությունից ծնվեցին զավակները` Աշոտը եւ Աննան: Շատ դժվարություններ հաղթահարեցին, միասին կիսեցին հաջողություններն ու անհաջողությունները. «Ամբողջ կյանքում Վալյան ամենուր միշտ ուղեկցել է ինձ եւ իմ անբաժան կեսն է եղել»:

Գեներալը մեծարանքով ու ջերմությամբ է խոսում սիրելի կնոջ մասին: Հեռախոսազրույցի ընթացքում կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Եթե Վալյան չլիներ, ես գեներալ չէի դառնա»:

Մինչեւ 1969 թվականը Մուրազ Սարգսյանը ծառայեց Հեռավոր արեւելքում: 1969-1974թթ. ծառայությունը շարունակեց Լեհաստանում: «Եթե Խաբարովսկի ուսումնական զորամասում ծառայելիս ձեռք էի բերել երիտասարդ զինվորների հետ աշխատելու, նրանց ուսուցանելու հմտություն, ապա Լեհաստանում ձեռք բերեցի մեծ փորձ` գումարտակի մարտական պատրաստության պլանավորման կազմակերպման եւ հսկման գործընթացի, զորավարժությունների կազմակերպման եւ անցկացման, սպաների հետ արդյունավետ աշխատելու առումով:

… Բայց ուր էլ լինեինք, մենք մեր հոգում միշտ պահում էինք մեր հայրենիքի ջերմությունը: Ուզում էինք, որ մեր երեխաները լավ ճանաչեն իրենց հայրենիքը` Հայաստանը: Եւ որտեղ էլ որ ծառայելիս լինեինք, հասկանային, թե իրենք ով են ազգությամբ, ինչ պատմություն ունեն, եւ ամենակարեւորը` հայերենը չմոռանային»:

1974թ. Մուրազ Սարգսյանն ընդունվեց Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, որտեղ խորացրեց ռազմական գիտելիքներն ու հմտությունները: Ակադեմիայում ուսումնառության տարիներն արդյունավետ էին նաեւ շփումների ու ծանոթությունների առումով (իր ծանոթություններն ու կապերը նա հետագայում ծառայեցրեց ի նպաստ հայրենիքի): Լինելով որսորդության սիրահար, ինչպես Հեռավոր արեւելքում ու Լեհաստանում, այստեղ էլ հաճախ էր որսի գնում: Այդ ժամանակ նա դեռ կապիտան էր, բայց որսորդության ընթացքում առաջնորդում ու ղեկավարում էր գեներալներին:

Նույն ակադեմիայում հետագայում սովորել է նրա որդին` Աշոտը: «2007թ. երբ Աշոտը սովորում էր Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, Մաքսիմչիկն Աշոտին հրավիրել է ռեստորան, որտեղ իր յոթ գեներալ ընկերների հետ իմ կենացն է խմել: Իսկական ընկերությունը երբեք չի մոռացվում, որքան էլ տարիներ գլորվեն նրա վրայով: Կապն առ այսօր շարունակվում է մեր միջեւ, սակայն այսքան տարի ոչ մի անգամ չեմ դիմել որեւէ անձնական հարցով: Միշտ ձգտել եմ, որ մեր ընկերությունը զուլալ հիմքերի վրա մնա»: Ակադեմիան ավարտելուց հետո 1977-79թթ. ծառայել է Ղրիմի հերոս քաղաք Կերչում, իսկ 1979-83թթ. ծառայությունը շարունակել է Թեոդոսիայում` որպես մոտոհրաձգային գնդի հրամանատար: «Թեոդոսիայի տարիները մի նոր աստիճանի հասցրին իմ` որպես սպայի, որակական մակարդակը: Ինչ վերաբերում է հրամանատարի կոչմանը, ապա, կարծում եմ, նրա մեջ պետք է որ ներդաշնակորեն զուգակցված լինեն ռազմագիտության որակյալ մասնագետի, մանկավարժի եւ կազմակերպչի լավագույն հատկությունները»:

1983թ. Մուրազ Սարգսյանին նշանակել են Մոլդովայի Կագուլ քաղաքում տեղակայված դիվիզիայի հրամանատար, որպեսզի լիարժեք կարգուկանոն հաստատի այնտեղ: Նրա շնորհիվ երկու տարում ոչ մի արտառոց դեպք տեղի չունեցավ զորամասում, մինչդեռ նախկինում տարեկան շուրջ քսան դեպք էր պատահում: «Զինվորը գիտեր, որ ծառայությունը` ծառայություն, իսկ հանգիստը հանգիստ է: Ուստի նա ձգտում էր ավելի լավ ինքնադրսեւորվել ծառայության մեջ»: Ղեկավարությունը գնահատում էր նրա անձնուրաց ծառայությունը, սակայն ազգային պատկանելությունը խորհրդային բանակում հաճախ էր խոչընդոտում նրա առաջընթացը: «Հասկացա, որ ռուսների, ուկրաինացիների, բելոռուսների համար պաշտոնում առաջխաղացումը շատ հեշտ է, իսկ հայերի համար միշտ մի սահման կար, որից այն կողմ չէին թողնում անցնել»: Բայց Մուրազ Սարգսյանը չէր հուսալքվում: Այն ժամանակ, երբ պատրաստվում էր մեկնել ուսումը շարունակելու գլխավոր շտաբի ակադեմիայում, նրան կրկին գործուղեցին Հեռավոր արեւելք: Դժվար էր կուլ տալ վիրավորանքը, բայց այդ դժվարությունն էլ հաղթահարեց: Հեռավոր արեւելքից անբասիր ծառայության շնորհիվ Մոսկվայի բարձր ատյաններում նա հնչեցրեց իր անունը. բանակի գեներել Դ. Յազովի պահանջով Մ.Սարգսյանին 1987թ. նշանակում են Հրեական Ինքնավար Մարզի կենտրոն Բիրոբիջանում տեղակայված բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնում: Հեշտ չէր ծառայությունն այս նոր բանակային կորպուսում, սակայն այս պաշտոնում էլ Մ.Սարգսյանը լիովին արդարացրեց իր հանդեպ ցուցաբերված վստահությունը: Այնուհետեւ նրան, հակառակ իր ցանկության, նշանակեցին Սամարղանդի կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնում, թեեւ խոստացել էին 5-րդ բանակի կամ Սախալինի բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը: Զայրույթը եւ վիրավորանքը հոգում` նա հանձն առավ նոր պարտականությունը: Նրա` Սամարղանդ մեկնելուն նախորդեց հայոց մեծ ողբերգությունը` 1988-ի երկրաշարժը: «Ինչպես ողջ հայության, նույնպես եւ ինձ համար 1988թ. դեկտեմբերի յոթը դաժան եւ ողբերգական էր: Անմիջապես դիմեցի ղեկավարությանս, որպեսզի ինձ ուղարկեն Հայաստան, բայց մերժում ստացա: Փոխարենն ինձ վրա դրեցին արագ եւ օպերատիվ կերպով շինարարական բրիգադներ կազմելու եւ Հայաստան ուղարկելու գործը: Մեր կորպուսում ծառայող լենինականցի, կիրովականցի եւ սպիտակցի զինվորներին արձակուրդ ուղարկեցին Հայաստան:

Խորհրդային Միության պաշտպանության նախարարը մարշալ Յազովն էր: Կարճ ժամանակում նրա անմիջական նախաձեռնությամբ ինժեներական, շինարարական բրիգադներ ուղարկեցին Հայաստան: Մի քանի անգամ նա մեկնեց աղետի գոտի եւ անձամբ ստուգեց կատարվող աշխատանքների ընթացքը: Հայ ժողովուրդը բարձր գնահատեց Յազովի նվիրվածությունն իր հանդեպ եւ Լենինական քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց նրան: Մեծահոգի եւ պատվախնդիր մարդ էր Դմիտրի Յազովը, ով երկրաշարժի 20-րդ տարելիցի միջոցառմանը նույնպես ներկա է եղել: Մարդ լինել եւ մարդ ապրել` սա է մարդու աստվածատուր կոչումը: Մարդ արարածը պետք է ճիշտ եւ ազնիվ ապրելակերպ ունենա: Այդպիսին էր նաեւ մարշալ Յազովը»:

Հայ մարդու համար հեշտ չէր խորհրդային բանակում գեներալի կոչում ստանալը, բայց աշխատող մարդուն վաղ թե ուշ գնահատում են: «Ինձ գեներալի կոչում շնորհելիս հաշվի էին առել տարիների իմ բազմամյա փորձն ու գիտելիքները: Եվ համարում եմ, որ այդ կոչումը ես վաստակել եմ սեփական խելքով եւ տարիների քրտնաջան աշխատանքով: Հետեւաբար, ամբողջ կյանքում մեծագույն սիրով եւ հպարտությամբ եմ կրում զինվորական ուսադիրները. դրանք իմ կյանքի արդար ձեռքբերումն ու նվաճումն են»:

Լարված ծառայություն է անցկացրել գեներալը Միջին Ասիայում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ներքին քաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված էր: Լարված էին նաեւ տաջիկների եւ ուզբեկների ազգամիջյան հարաբերությունները, եւ հաճախ քավության նոխազ էին դառնում հայերն ու ռուսները: Մուրազ Սարգսյանի բազմամյա փորձի ու հմտության շնորհիվ բանակին հաջողվում էր վերահսկել իրավիճակը բազմազգ Ուզբեկստանում: Այդ նույն ժամանակահատվածում Հայաստանի գլխին արդեն ամպեր էին կուտակվում: «1991թ. ամեն շաբաթ հեռախոսազրույց էի ունենում գեներալ-մայոր Դալիբալթայանի հետ, որպեսզի իմանամ, թե հայկական բանակը երբ է ձեւավորվելու, եւ մեզ երբ են կանչելու Հայաստան:

Երկու տարի ծառայելով Սամարղանդի կորպուսում` իբրեւ բարձրաստիճան գեներալ` ձեռք բերեցի կյանքի մեծ փորձ: Տեսա Խորհրդային Միության քայքայման դրամատիկ ընթացքը, դարձա Ուզբեկստանի ողբերգության ակամա վկան, եւ, ամենակարեւորը, վերապրեցի իմ ժողովրդի բախտը նորից փորձության ենթարկող Սումգայիթի ու Բաքվի հայերի դեմ ադրբեջանցիների կողմից կազմակերպված սանձարձակ ոճրագործության ողջ այլանդակությունն ու մղձավանջը: Եվ սթափ գնահատելով Արցախի հայության ճակատագիրը խաղաթղթի վրա դնող իրադարձությունները` որոշեցի վերադառնալ հայրենիք: Որոշեցի ծառայությանս գոնե վերջին տարիները հայրենիքում անցկացնել` իրագործելով երազանքս, այն է ` կատարել հայրենիքի զավակի իմ պարտքը հայկական բանակում: Ծառայել սիրելի հայրենիքիս ու ժողովրդիս: Ծառայել նորից` կանգնելով առաջին դիրքերում, իմ տարիների զինվորական փորձն օգտագործելով` առաջնորդել հայազգի արծիվներին դեպի հաղթանակ»:

Այդ օրերին խորհրդային բանակից հայրենիք վերադարձան բազմաթիվ գեներալներ եւ զինվորական բարձրաստիճան սպաներ, որոնց փորձն ու գիտելիքները դարձան հայրենիքի պաշտպանության երաշխիքը եւ ազգային բանակի հիմնաքարը: Այսպես գեներալ-մայոր Մ.Սարգսյանը նույնպես 1992թ. վերադարձավ հայրենիք: Ներկայացավ Պաշտպանության կոմիտե (այն ժամանակ Հայաստանի ԶՈՒ-ն դեռ չէր կազմավորվել): Նրան գործուղեցին Կապան, քանի որ լավ ծանոթ էր տեղանքին: Մյուս գեներալների հետ համախմբելով ուժերը` կազմակերպեցին Կապանի ինքնապաշտպանությունը: Քաղաք մտնող գլխավոր ճանապարհը թուրքերը կրակի տակ էին պահում, եւ ճանապարհն անանցանելի էր: Մ.Սարգսյանի նախաձեռնությամբ ճանապարհի ողջ երկայնքով պաշտպանիչ բարձր հողաթմբեր կառուցեցին` ճանապարհը դարձնելով երթեւեկելի: Վազգեն Սարգսյանի կողմից գեներալ-մայոր Մ.Սարգսյանը գործուղվեց Լաչինի միջանցք: Հակառակորդը կարեւոր դիրքեր էր զբաղեցնում, ինչի արդյունքում միջանցքը եւ Արցախի մուտքը կարողանում էր պահել հսկողության տակ: Մուրազ Սարգսյանին եւ մեր մյուս գեներալներին հաջողվում է օպերատիվ գործողությունների արդյունքում միջանցքը պահել մեր մշտական հսկողության տակ եւ ազատագրել հարակից տարածքները: 1992-2008թթ. Մ.Սարգսյանը եղել է ՀՀ ՊՆ մարտական պատրաստության վարչության պետը: Նրա կազմակերպչական եւ զորավարական հմտությունները մեծ ներդրում եղան հայոց բանակաշինության գործում եւ Արցախի ու հարավային սահմանի ազատագրման համար: Նրա զինվորական տաղանդը փայլում էր մարտական գործողությունները պլանավորելիս եւ դրանք իրականացնելիս, հետագայում նաեւ այդ ամենը վերլուծելիս ու լուսաբանելիս: Մ.Սարգսյանի անցած ուղին ռազմական գիտելիքների շտեմարան է յուրաքանչյուր հայ զինվորի ու սպայի համար: Մեր բանակի զորամասերն այսօր էլ ղեկավարվում են նրա մշակած կանոնագրքերով ու մեթոդական ձեռնարկներով: 2008թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Մ.Սարգսյանը ստացավ գեներալ-լեյտենանտի կոչում եւ զորացրվելուց հետո դարձավ նախարարի խորհրդական: Արժանացել է Պատվո շքանշանի, Մարտական խաչի 2-րդ աստիճանի, Արիության, Մարտական ծառայության մեդալների, բազմաթիվ պատվոգրերի ու մեծարանքների: Վաստակած փառքն ու պատիվը, ղեկավարության բարձր վստահությունն ավելի են պարտավորեցրել նրան եւ երբեք չեն ստվերել նրա պարզ հոգին ու համեստ բնավորությունը: Այժմ էլ Մ.Սարգսյանն ապրում է Երեւանում, աշխատում ՊՆ-ում որպես նախարարի խորհրդական, տիկին Վալյան Հայաստանում նույնպես աշխատել է ՊՆ-ում` փոխնախարարի գործավար, որդին` գնդապետ Աշոտ Սարգսյանը, ծառայում է 5-րդ բանակային կորպուսում, հարսը ՊՆ կենտրոնական արխիվի պետն է, դուստրը` Աննան, ֆինանսիստ է, բայց այժմ չի աշխատում, իսկ ամուսինը փոխգնդապետ է: Գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանն անթաքույց հպարտությամբ է խոսում իր ընտանիքի մասին: Հեշտ չէր կերտել այդպիսի կենսագրություն եւ ունենալ այդքան հրաշալի ընտանիք: Ճշմարիտ հայր, ճշմարիտ զինվորական, ճշմարիտ սյունեցի: Ծառայել է փառքով, իրեն համարում է ազգի զինվոր, հավատում է իր երկրի ապագային, հայ մարդու ներուժին, մատաղ սերնդին, ում դաստիարակության սուրբ գործով էլ, իր 70-ամյա կյանքի փորձով հարստացած, շարունակում է զբաղվել այժմ:

ՆԻՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ

Խմբագրության կողմից

«Սյունյաց երկիրը» շնորհավորում է մեր հայրենակից, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանին` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ եւ մաղթում քաջառողջություն, հետագա ակտիվ աշխատանք աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության եւ Հայաստանի զինված ուժերի հզորացման գործում:

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29