Պատգամավոր Դավիթ Դանիելյանը պատասխանում է «Սյունյաց երկրի» հարցերին

11.08.2022 19:13
2724

Սյունիքում եւ Սյունիքի շուրջ տեղի ունեցող զարգացումները, որոշ հարցերում՝ անորոշությունը, շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում:

Առավել հրատապ եւ մտահոգող մի քանի հարցի շուրջ է զրույցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանի հետ:

Այցեքարտ

Դավիթ Հրանտի Դանիելյան. ծնվել է 1992 թ. սեպտեմբերի 2-ին Կապան քաղաքում:

Սովորել է Կապանի հանրակրթական վարժարանում,  որն ավարտելուց հետո 2009 թ. ընդունվել է Երեւանի Գեղեցիկ արվեստների ակադեմիա:

Ուսումնառության ընթացքում՝ 2010-12 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2017 թ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն»

ՊՈԱԿ-ի Կապանի պատասխանատու:

2017 թվականից ՀՀ նկարիչների միության անդամ է:

2018-ին ստացել է Ֆրանսիայի Մոնդիալ արվեստի ակադեմիայի անդամի կոչում:

2019 թ. նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգնական:

2020 թ. սեպտեմբերին ընդունվել է ՀՀ Գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրա, որն ավարտել է 2022-ին:

2021-ի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի դուստր:

-Պարոն Դանիելյան, նախ՝ շնորհակալություն «Սյունյաց երկրին» հարցազրույց տալու պատրաստակամության համար: Որքան հիշում ենք, վերջին անգամ մեր լրագրի էջերում ներկայացաք տարիներ առաջ. մենք լուսաբանեցինք Ձեր գեղանկարների ցուցահանդեսներից մեկը… Այսօր էլ կուզենայինք զրուցել Ձեր վրձնած կտավների շուրջ՝ բավականին հետաքրքիր թեմա է, բայց իրավիճակն այլ հարցեր է պարտադրում: Արվեստի մասին՝ մեր հաջորդ հանդիպման ընթացքում: Ի՞նչ կասեք:

-Լիովին համաձայն եմ, որ այս պահին արվեստի մասին խոսելը դժվար է:

-Նախ՝ Սյունիքի ներքին կյանքին առնչվող մի քանի հարց:

Սկսենք ներկուսակցական խնդիրներից:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կապանի տարածաշրջանային կազմակերպությունում, դատելով մամուլի հրապարակումներից, համերաշխությունը (կարծեք) ճաք է տվել եւ կա լիդերության համար պայքար, ընդ որում՝ թեւերից մեկը Դուք եք գլխավորում:

Բանը նրան էր հասել, որ Սուրեն Պապիկյանն անձամբ էր ժամանել Կապան՝ մասնակցելու խորհրդի ձեւավորմանը, եւ իբր փոխզիջումային լուծումներ են գտնվել:

Եթե գաղտիք չէ, մի փոքր բացեք փակագծերը եւ համառոտ ներկայացրեք ՔՊ կուսակցության Կապանի տարածաշրջանային կառույցը, ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

-ՔՊ կուսակցության տարածքային կառույցն իրականացնում է կազմակերպչական ծավալուն և ընդգրկուն աշխատանք հենց տեղում: Բնականաբար, այդ կառույցը, ինչպես ցանկացած քաղաքական միավորում, անցնում է զարգացման, վերափոխման, սերնդափոխության օրինաչափ փուլերով: Զարգացման այս բնական ընթացքը ենթադրում է քննարկումներ, ինչու չէ՝ տարաձայնություններ և բանավեճեր: Բնական է, որ կան մոտեցումների և տեսլականների տարբերություններ: Մեկ այլ հարց է, որ լրատվամիջոցները և առանձին անհատներ փորձում են ինտրիգներ ու սենսացիաներ որսալ: Որևէ խնդիր այս պահին չկա:

-Դեռեւս նախորդ մարզպետի պաշտոնավարման օրերում Ձեր անունը շրջանառվում էր Սյունիքի մարզպետի  հնարավոր թեկնածուների շարքում:

Հիմա էլ, թեեւ ամիսներ առաջ է մարզպետ նշանակվել, կրկին շրջանառվում է խոսակցություն (հատկապես՝ Կապանում), թե պատրաստվում ենք փոխարինելու գործող մարզպետին:

Իհարկե, Դուք կհերքեք նման խոսակցությունների իսկությունը, ինչպես քանիցս եք հերքել: Բայց մի՞թե առանց կրակի ծուխ է լինում…

-Ես երբևէ չեմ հավակնել մարզպետի պաշտոնին, նման առաջարկ չեմ ստացել: Համաձայն եմ, շատ է այդ մասին խոսվում Կապանում, մեր համաքաղաքացիներն ինձ էլ հաճախ հարցնում են, թե ե՞րբ եմ նշանակվելու մարզպետ, գրեթե ամեն այցելությանս ընթացքում այդ հարցը ստանում եմ: Բայց կրկին վերահաստատում եմ նախկինում ասածս՝ նման առաջարկ չեմ ստացել և հավակնություն նույնպես չունեմ:

-Այդ ամենով հանդերձ՝ իսկապե՞ս Սյունիքից պատգամավոր ընտրված ՔՊ կուսակցության ներկայացուցիչները համաձայն չեն եղել գործող մարզպետի նշանակմանը:

Այդ թեման, կարծեք, չի իջնում մայրաքաղաքային մամուլի էջերից. մի օր գրում են՝ դեմ եք, հաջորդ օրը՝ ՔՊ-ական պատգամավորները (Սյունիքից) այլեւս համերաշխ են գործող մարզպետի հետ:

Մամուլի հրապարակումները մի կողմ դնենք. փորձեք անկեղծանալ…

-Մյուս պատգամավորների համաձայնության կամ անհամաձայնության մասին ոչինչ չեմ կարող ասել: Իմ մոտեցումը հետևյալն է. այս կամ այն նշանակումը պետք է ունենա ոչ միայն քաղաքական նպատակահարմարություն, այլև ունենա գործառութային արդյունավետություն: Տվյալ դեպքում հարցն անձերը չեն, այլ այդ անձերի արդյունավետությունը զբաղեցրած պաշտոնում: Կարծում եմ՝ մարզպետի պաշտոնավարման մասնագիտական և գործառութային արդյունավետության մասին գնահատական կտան քաղաքացիները:

-2018-ի իշխանափոխությունից հետո ՔՊ կուսակցության ներկայացուցիչները երկու անգամ մասնակցեցին Կապան համայնքի ղեկավարի ընտրությանը (ընդ որում՝ 2021-ին ավագանու ընտրություն էր համամասնական կարգով, Դուք էլ նախընտրական ցուցակը գլխավորողն էիք): Երկու դեպքում էլ ՔՊ կուսակցության թեկնածուները պարտություն կրեցին:

Կուզենայինք ճշտել՝ նախ՝   Ձեր քաղաքական թիմն ի՞նչ դասեր է քաղել կապանյան ձախողումներից:

Այնուհետեւ՝ արդյո՞ք իշխող քաղաքական ուժը, կուսակցության կապանյան թիմը, անձամբ Դուք նեղացածության զգացում ունեք հաղթող թիմից, թե՞ հանուն Կապանի համագործակցում եք համայնքապետարանի հետ:

-Ժողովրդավարության էությունն ազատ կամարտահայտումն է ընտրության միջոցով: Անհեթեթ է խոսել նեղացածության մասին: Նեղանալ ումի՞ց, քո սեփական ժողովրդի՞ց…Իհարկե չկա նման բան: Եթե հետևում եք իմ գործունեությանը՝ պետք է իմանաք, որ այս պահին գործընկերներիս հետ միասին իրականացնում եմ իմ նախընտրական ծրագրի մի քանի նախագիծ սահմանամերձ գյուղերում, ունենում եմ հանդիպումներ ներդրողների հետ, այցելում եմ բնակավայրեր և ծանոթանում աշխատանքների ընթացքին: Ես աշխատում եմ նույն ոգևորությամբ և ակտիվությամբ:

-Դուք, ամենայն հավանականությամբ, պետական կարգավիճակի բերումով, տեղյակ եք Սյունիքում իրականացվող տարածքային քաղաքականությանը. համենայնդեպս  մենք այդ համոզմունքն ունենք:

Այսպիսի հարց է հետաքրքրում սյունեցիներից շատերին:

2020 թ. նոյեմբերի 9-ից հետո (գուցե մի փոքր ուշ) կառավարությունը ստեղծեց  Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ…

Հետո, երբ աշխատանքային խմբի ղեկավարը նշանակվեց Սյունիքի մարզպետ, աշխատանքային խումբն ասպարեզից հեռացավ. առնվազն հանրային հարթակներում խոսք չկա տվյալ աշխատանքային խմբի մասին:

Հարց՝ կա՞, թե՞ չկա Սյունիքի հարցերով աշխատանքային խումբը: Եթե այո, ապա ի՞նչ գործառույթներ է իրականացնում եւ ո՞վ է ղեկավարը: Եթե չկա, ապա ինչո՞ւ, չէ՞ որ սյունիքյան խնդիրները ոչ թե պակասում, այլ օրեցօր բազմապատկվում են:

-Աշխատանքային խումբ կա, և իմ ունեցած տեղեկությամբ այն դեռ կգործի: Իսկապես, կառավարության կողմից հատկացված գումարներով կարևոր ծրագրեր իրականացվել են, ես նույնպես մի քանի ծրագրեր առաջարկել եմ, և այդ ծրագրերը կյանքի են կոչվել, շատ կարևորում եմ այդ աշխատանքների շարունակականությունը, աջակցելու եմ աշխատանքային խմբի հետագա գործունեությանը:

-Երբ ամփոփվում էր 2021 թվականը, պետական-պաշտոնական մակարդակով քանիցս հայտարարվեց, թե տարվա ընթացքում Սյունիքի մարզին տրամադրվել է հավելյալ 1,2 մլրդ դրամ՝ հրատապ խնդիրների լուծման նպատակով:

Մարդիկ հարցնում են՝ կարո՞ղ եք մանրամասնել (հասցեական), թե այդ գումարն ի՞նչ նպատակով է ծախսվել:

-Այդ գումարները բաշխվել են գրեթե բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում, հատկապես գյուղական բնակավայրերի դիմադրողականության և կենսամակարդակի բարձրացման նպատակով:

-Եվս մի հարց՝ ֆինանսական-ներդրումային ոլորտին առնչվող:

2021-ի աշնանն առնվազն երկու հայտարարություն հնչեց առ այն, թե Գորիսի խնդիրների լուծմանը կառավարությունը հավելյալ 1 մլրդ գումար է հատկացնում, Կապանի խնդիրների լուծմանը՝ 9  մլրդ:

Ի՞նչ ճակատագիր ունեցան այդ խոստումները:

-Այդ գումարների հատկացումը տեղի է ունենալու փուլային կարգով, հատկապես ուզում եմ ընգծել, որ  9 մլրդ դրամի ներդրումն ուղղված է Կապանում կրթական բարեփոխումներին, սա շատ կարևոր քայլ է կրթական ենթակառուցվածքների զարգացման և բարելավման տեսնակյունից:

-Մեր զրույցը տեղի է ունենում Սյունիքի համար ընտրական տարում՝ սեպտեմբերի 25-ին համամասնական կարգով ավագանու ընտրություններ տեղի կունենան Քաջարան եւ Սիսիան խոշորացված համայնքներում:

Ձեր քաղաքական ուժի վերաբերմունքը կուզենայինք ճշտել այդ իրադարձությունների հանդեպ եւ, իհարկե, մարտավարությունը, եթե գաղտնիք չէ:

Ձեր թեկնածուների հաջողության հավանականությունը:

-Ժողովրդավարական ընտրությունների արդյունքներն անկանխատեսելի են, բազմաթիվ գործոններ են ազդում ընտրությունների արդյունքի վրա, օրինակ քարոզարշավը, բանավեճերը, ելույթները: Դժվար է ասել՝  ինչպիսի ընթացք է ունենալու ընտրական գործընթացը: Կարող եմ ասել մեկ բան՝ մեր քաղաքական թիմն անելու է հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի ստեղծենք երաշխիքներ քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքն իրացնելու համար:

-Անցյալ տարվա աշնանից Ձեր անունը շրջանառվում է մեկ այլ տեսակետից նույնպես. նախ՝ հայտարարվեց, թե Դուք որոշիչ խոսք եք ունենալու մարզի հանքարդյունաբերական ձեռնարկություններում տեղական աշխատուժից կադրեր նշանակելու հարցում:

Թե որքանով է դա համահունչ կառավարության դիրքորոշմանը, թե որքանով էր դա համաձայնեցված հանքարդյունաբերական ընկերությունների գլխավոր բաժնետերերի հետ, չգիտենք: Բայց, արդյո՞ք արժանահավատ են այդ խոսակցությունները, արդյո՞ք օժտված եք նման լիազորություններով:

-Ես համագործակցում եմ հանքարդյունաբերական ձեռնարկությունների աշխատակիցների և տնօրինության հետ, ի պաշտոնե քաղաքացիներն ինձ դիմում են աշխատանքային իրավունքների ապահովման կամ իրացման հարցերով, աշխատանքային պայմանների ապահովման խնդիրներով և այլն:  Բնականաբար, դա ենթադրում է աշխատանքային հարաբերություններ ընկերությունների մենեջմենթի հետ: Սա է իմ համագործակցության ֆորմատը, այլ խոսակցություններն անհիմն են:

-Սյունիքում եւ մասնավորապես Կապանի տարածաշրջանում կադրերի ընտրության հարցում Ձեր միջամտությունների մասին ահազանգերը (հատկապես վերջերս) ահագնացել են:

Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի նշանակում, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի նշանակում…

Իսկապե՞ս Ձեր միջամտությամբ են նշանակվել այդ պաշտոնյաները, այն էլ՝ Ձեր հարազատներից ու մերձավոր շրջապատից:

Իսկապե՞ս այդ կոլեկտիվներում՝ ընդդիմադիր քաղաքական ուժերին հարող մարդկանց հանդեպ հետապնդումներ են իրականացվում:

-Ես ունեմ բազմաթիվ ընկերներ, և բնական է, որ նրանցից շատերն աշխատում են այս կամ այն հաստատությունում:  Քանի որ հանրային մարդ եմ, իմ շրջապատում ցանկացածի հաջողությունը կամ անհաջողությունը կապում են ինձ հետ:

Ընդդիմադիր քաղաքական ուժերի աջակիցների նկատմամբ հետապնդումների մասին որևէ տեղեկություն չունեմ, դրանք աբստրակտ խոսակցություններ են, այլապես հարց է առաջանում՝ ինչո՞ւ տվյալ քաղաքացիները չեն դիմել իրավապահ մարմիններին՝ իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով:

-Իշխող քաղաքական ուժի վերնախավը տեղյա՞կ է, որ մարզի Տեղ, Ներքին Խնձորեսկ, Հարժիս գյուղերում լարված իրավիճակ է պետֆոնդի հողերի օգտագործման հետ կապված հարցերի պատճառով:

Մի տեղ (ժամանակին) գործող գյուղապետը կամ բնակավայրի վարչական ղեկավարը կեղծ պայմանագրով (չեղած, բայց թղթի վրա գրված մրցույթի հիման վրա)՝  10-20 տարով իրեն է վերցրել գյուղի վարելահողերի զգալի մասը…

Նույն այդ գյուղում երբեմնի նզովյալ մարզպետն իր կուսակիցներին (դարձյալ  կեղծ մրցույթի հիման վրա) հողեր է նվիրել ու նրանց օգնությամբ ընտրողներից ձայներ կորզել…

Գյուղերից մեկում էլ բոլոր տղամարդիկ կանգնած են դատարանի առաջ՝ իրենց գյուղի հողերի վերաբաշխումը պահանջելու հանդգնության համար…

Հետաքրքիրն այն է, որ համայնքների ներկա իշխանավորների մի մասը հենց այդ հողերի օգնությամբ է ընտրություններին ձայներ հավաքել, ու հիմա էլ ամեն ինչի դիմում են վարելահողերն իրենց ձեռքին պահելու, հողային օրենսդրությունը շրջանցելու համար:

Հայաստանում կա՞ մի ատյան, որ կհամարձակվի պետֆոնդի նշված հողերը վերադարձնել ժողովրդին, որ կհամարձակվի լույս սփռել հորինված պայմանագրերի արժանահավատության վրա:

-Խնդրին ծանոթ եմ, ծանոթ են նաև պատկան մարմինները: Այս պահին աշխատանքներ են ընթանում օրենսդրական բացը շտկելու և բոլոր հարցերն իրավական հարթությունում լուծելու ուղղությամբ: Անընդունելի եմ համարում ցանկացած անօրինական գործարք, և ինքս էլ ուշադրության կենտրոնում եմ պահելու այդ խնդրի պատշաճ կարգավորման հարցը:

- Տեղափոխվենք խորհրդարան…

Նախ՝ ո՞ր հանձնաժողովում եք ընդգրկված:

Արդյո՞ք, որպես պատգամավոր, անցած մեկ տարում օրենսդրական որեւէ նախաձեռնությամբ հանդես եք եկել: Եթե այո, ապա մի փոքր հանգամանալից այդ մասին:

-Ընդգրկված եմ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում:

Որպես հարակից զեկուցող հանդես եմ եկել շրջակա միջավայրի պահպանության ոլորտի մի քանի օրենսդրական նախաձեռնություններով, որոնք անկյունաքարային նշանակություն ունեն ոլորտի հետագա զարգացման համար: Օրենսդրական նախաձեռնությունները միտված են նաև գյուղատնտեսական ոլորտի բարեփոխումներին՝ էապես նպաստելով սերմեր ու տնկանյութ արտադրողների եւ իրացնողների իրավունքների պաշտպանությանը:

-Նորություն ասած չենք լինի, եթե փաստենք՝ պատգամավորն իրավունք ունի կառավարության անդամներին դիմել հարցադրումներով (գրավոր, բանավոր):

Անցած մեկ տարում Սյունիքին առնչվող ի՞նչ հարցերով եք դիմել կառավարության անդամներին եւ բարձրացված հարցերն ի՞նչ ընթացք են ունեցել:

-Վերջին շրջանում զբաղվել եմ Սյունիքի անվտանգային խնդիրներով, ունեցել եմ հանդիպումներ Պաշտպանության նախարարի հետ, պարբերաբար զրուցում եմ Տարածքային կառավարման նախարարի հետ, քննարկել եմ սահմանների ամրակայման աշխատանքների ընթացքը, խոսել եմ ճանապարհաշինական աշխատանքների հետ կապված խնդիրների մասին : Քաղաքացիների դիմումներից ելնելով դիմել եմ կառավարության գրեթե բոլոր անդամներին՝ ոլորտային հարցերով: Կրթություն, քաղաքաշինություն, առողջապահություն, մշակույթ… Հարցերը բազմազան են, կարծում եմ՝ ինձ դիմած քաղաքացիները կփաստեն, որ բոլոր հարցերի ուղղությամբ էլ հետևողական և արդյունավետ աշխատանք եմ կատարել:

-Եթե չենք սխալվում՝ անկախ Հայաստանի խորհրդարանում երբեք այսքան պատգամավոր չի ունեցել Սյունիքը:

Հասկանում ենք՝ խորհրդարանը կուսակցական-համամասնական ընտրակարգով է ձեւավորվել եւ այդ սկզբունքով էլ գործում է: Բայց, ի վերջո, կուսակցական-թիմային շահերից  վեր ազգային շահ ունենք, այս դեպքում՝ Սյունիքի ընդհանրական շահը:

Հետաքրքիր է՝ սյունեցի ութ պատգամավորով երբեւէ հավաքվել ու քննարկե՞լ եք Սյունիքին առնչվող լրջագույն սպառնալիքներից որևէ մեկը, թե՞ սյունիքյան հարցերում էլ սյունեցիները բարիկադի տարբեր կողմերում են:

-Քանի որ մեր ընդդիմադիր գործընկերները հիմնականում ԱԺ չեն եկել՝ իրենց հետ հանդիպում չի ստացվել: Սակայն հավաքվել ենք մեր խմբակցության սյունեցի պատգամավորներով և պարբերաբար քննարկել կարևոր հարցեր: Ես կարծում եմ՝ բարիկադներ չկան այս կարևոր շրջանում:

-Գիտե՞ք, թե ինչն է ամենաշատը շարքային մարդկանց զարմացնում…

Սյունիքի շուրջ անընդհատ իրադարձություններ են տեղի ունենում, գրեթե ամեն շաբաթ օտար երկրների դեսպաններ են այցելում Սյունիք՝ առայժմ անվերծանելի առաքելությամբ, Սյունիքին առնչվող հարցերի շուրջ աշխարհն է աղմկում, վիճում, բայց… Որքան էլ տարօրինակ է՝ Սյունիքի տարածքային իշխանությունը լուռ է, պատգամավորները լուռ են….

Ունի՞ այդ ամենը ողջամիտ բացատրություն:

-Համաձայն չեմ, որ լուռ են: Պատգամավորները հանդիպումներ են ունենում դեսպանների հետ, միջազգային գործընկերների հետ և ներկայացնում են բոլոր անվտանգային խնդիրները, հարցադրումներ են անում և քննարկումներ ունենում մարտահրավերների չեզոքացման նպատակով: Աշխատանքի զգալի մասը մնում է չհրապարակված և չլուսաբանված, սակայն աշխատանքն իրականացվում է:

 -Այս տարվա մարտին Ներքին Հանդի ուղղությամբ թշնամին մտավ մեր հայրենական տարածք, դրանից առաջ հայտնի մայրուղիները շրջափակվեցին, ավելի վաղ Սեւ լճի մերձակայքն ու Մեծ Իշխանասարի արեւմտյան ստորոտը բռնազավթվեց, 21-ի հունվարին Շուռնուխն անդամահատվեց, Կապանի եւ Գորիսի տարաշածաշրջանների որոշ գյուղերի հողատարածքներ ի սկզբանե խլեցին մեզանից…

Բարձր  իշխանության տեսակետներին՝ այդ հարցերի շուրջ, ծանոթ ենք, իսկ Դուք՝ որպես մեր լեռնաշխարհի զավակ, որպես  խորհրդարանական, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը եւ ինչպիսի՞ ելք եք տեսնում:

-Այդ ընթացքում անմիջապես հանդիպում եմ ունեցել Պաշտպանության նախարարի հետ, պատրաստակամություն եմ հայտնել ստեղծված իրավիճակի արդարացի հանգուցալուծմանը հասնելու համար ցանկացած աշխատանք իրականացնել : Բնականաբար, հարցն ինձ համար ունի էմոցիոնալ ֆոն, քանի որ այս տարածքի բնակիչ եմ: Բայց պետք է սթափ գնահատել իրավիճակը, հասկանալ մեր իրական հնարավորությունները և փորձել ելնել իրողություններից: Այս պահին մենք աշխատում ենք դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու ուղղությամբ, սա շատ կարևոր է հետպատերազմյան շրջանում: Ես համոզված եմ՝ հետևողական աշխատանքը միջազգային գործընկերների հետ կտա ցանկալի արդյունք:

-Դուք համաձա՞յն եք Սյունիքի սահմանապահ բնակավայրերի բնակիչների մտահոգությանը, որ Բերձորն ու մերձակա երկու գյուղն Ադրբեջանին հանձնելով, Լաչինի միջանցքում նոր երթուղի բացելով ավելի խոցելի են դառնում Սյունիքի՝ առանց այդ էլ խոցելի սահմանները:

-Համաշխարհային անվտանգային իրավիճակը բավականին բարդ ու անորոշ է: Մեր տարածաշրջանը գտնվում է տուրբուլենտ փուլում, խոցելի ենք բոլորս: Բնականաբար, հետպատերազմյան Սյունիքն առնչվում է անվտանգային ռիսկերի և մարտահրավերների: Այս պահին սա փաստ է, որից պետք է ելնենք մեր անվտանգային ճարտարապետությունը կառուցելու համար: Այս իրողությունը հաշվի առնելով աշխատանք ենք տանում անվտանգային երաշխիքների ապահովման ուղղությամբ:

-Դարեր շարունակ Սյունիքն ու Արցախը գրեթե մեկ մարմին են եղել, միմյանց թիկունք…

Դուք պատկերացնո՞ւմ եք Արցախի Հանրապետության որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում:

-Եթե մենք պատկերացնեինք Արցախն Ադրբեջանի կազմում, տեղի չէր ունենա պատերազմ, իսկ այսօր տեղի չէին ունենա բանակցություններ: Անում ենք հնարավորը, որպեսզի Արցախն ունենա արցախահայության անվտանգային շահերին համապատասխանող տրամաբանական կարգավիճակ:

-Ձեր աձնական դիրքրոշումը երբեւէ գոյություն չունեցած Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ադրբեջանական եւ թուրքական նկրտումներին:

-Ողջ քաղաքական թիմը բազմիցս նշել է, որ միջանցքային տրամաբանությունը բացառված է ՀՀ սուվերեն տարածքում: Սա միանշանակ դիրքորոշում է, որը վերանայման ենթակա չէ:

-Եվ վերջին հարցը՝ Ձեր կարգավիճակի բերումով հետաքրքրվո՞ւմ եք Արցախյան երրորդ պատերազմի հետեւանքով Ադրբեջանում (շինծու մեղադրանքով) դատապարտված կապանցի մեկ գերու և անհետ կորած տասնմեկ սյունեցու ճակատագրերով:

-Ոչ միայն կապանցի հայրենակիցների ճակատագրով եմ հետաքրքրվում. մեր բոլոր ռազմագերիները պետք է վերադառնան հայրենիք օր առաջ: Չկա որևէ միջազգային ձևաչափ, որի շրջանակում այս հարցը չբարձրաձայնենք:

-Մեր հաջորդ հանդիպմանը, ինչպես արդեն պայմանավորվեցինք, կտեղափոխվենք գույների աշխարհ եւ  կզրուցենք գեղանկարչության ոլորտում Ձեր գործունեության մասին:

-Սիրով կսպասեմ:

-Կրկին շնորհակալություն հարցազրույցի համար:

-Ես եմ շնորհակալ:

 

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03