Խաչիկ Պետրոսյան. Սյունյաց աշխարհի արժանավոր զավակներից էր ու քաջարի զինվորը. հարգանք նրա հիշատակին

14.11.2020 13:30
12822

Հայ-թուրքական նորօրյա պատերազմը շարունակվում է ամենաողբերգական, մարդկային երեւակայության մեջ չտեղավորվող դրսեւորումներով: Ավարտվել է միայն հերթական ճակատամարտը, ավարտվել է մեր ռազմաքաղաքական ղեկավարության (եւ ոչ զինվորների) պարտությամբ: Սակայն  այդ խայտառակությունը չի կարող ստվերել մեր քաջորդիների սուրբ հիշատակը, ովքեր իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին՝ հանուն ազգային փրկության…

Մենք հիմա նույնիսկ չգիտենք, թե Սյունիքից քանի հոգի է նահատակվել չավարտված գոյամարտում, քանզի մինչեւ հիմա՝ գրեթե ամեն օր, հուղարկավոր ենք: Բայց կգա ժամանակը, որ հստակություն կմտցվի նաեւ ցավ ու կսկիծ պատճառող այդ հարցում եւս, ու մենք կխոնարհվենք ամեն մի նահատակի սուրբ հիշատակի առջեւ եւ նրանց անունը կգրանցենք հայոց փառքի մատյանում, որ սկիզբ է առնում Հայկ նահապետի հերոսամարտի ժամանակներից…

***

Նոյեմբերի 9-ին Խոտ գյուղում հողին հանձնվեց մարտիրոսացված  մեր երիտասարդներից եւս մեկը՝ քաջարի զինվոր Խաչիկ Հրաչիկի Պետրոսյանը:

Նրա աճյունը գերեզման իջեցվեց զինվորական պատիվներով ու Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո:

33-ամյա Խաչիկի կորստյան ցավն այնտեղ էր հավաքել հարյուրավոր հուղարկավորների ոչ միայն հայրենի Խոտ գյուղից, այլեւ հարեւան Շինուհայր, Հարժիս, Հալիձոր, Տաթեւ գյուղերից, Գորիս քաղաքից:

Երբ սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական զորքերը պատերազմ սանձազերծեցին Արցախի դեմ, Խաչիկը հրաժարվեց գյուղական մենատնտեսի իր առօրյայից եւ մեկ-երկու օրում կարգի բերեց սեփական «Կամազ» ավտոմեքենան ու ներկայացավ Սյունիքի զինկոմիսարիատ՝ ռազմական գործողությունների մեջ ներքաշված հայոց բանակին իր համեստ աջակցությունը բերելու պատրաստակամությամբ:

Եվ օրեր շարունակ իր մեքենայով զենք ու զինամթերք էր հասցնում առաջնագիծ՝ այդ կերպ նպաստելով հայրենյաց հողի պաշտպանության համար մղվող մարտերին:

Ինչպես դամբանական խոսքում նշեց Սյունիքի զինկոմիսարիատի ներկայացուցիչ, մայոր Արշավիր Ամարյանը՝ «Խաչիկը՝ մինչեւ ծանր վիրավորում ստանալու պահը, կենաց-մահու կռիվ է տվել հանուն հայրենիքի: Նա իսկական հայրենասեր էր եւ արիաբար կատարեց իր պարտքը՝ ակտիվ մասնակցություն ունենալով Կուբաթլուի տարածքում ընթացող մարտական գործողություններին»:

Սակայն հոկտեմբերի 23-ին Կուբաթլուի տարածքում՝ հերթական անգամ կրակագիծ զինամթերք տեղափոխելիս, նա դարձավ թշնամու անօդաչու թռչող սարքի թիրախ՝ ստանալով բազմաթիվ անբուժելի վերքեր:

Օրեր շարունակ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերականգնողական բաժնում պայքար էր մղվում նրա կյանքի փրկության համար: Մի պահ նույնիսկ վերականգնվեց գիտակցությունը, սակայն, ավա՜ղ, սպասված արթնացումը երկար չտեւեց:

Նոյեմբերի 7-ին Խաչիկ Պետրոսյանի երկրային կյանքն ընդհատվեց, բայց նա, ինչպես եւ մեր մյուս նահատակները, իր մահվամբ բռնեց անմահության ճանապարհը:

Խաչիկ Պետրոսյանի հուղարկավորությունը, առանց չափազանցության, համաժողովրդական սգի մեջ էր ընկղմել Խոտ գյուղը: Դա, անշուշտ, հայ զինվորի հանդեպ մեր ժողովրդի՝ պաշտամունքի հասած վերաբերմունքի հերթական արտահայտությունն էր:

Բայց նրա կորուստը սգալու ուրիշ պատճառ էլ ունեին համագյուղացիները: Որքանով հասկացանք դամբանական մեկ այլ խոսքից, որի հեղինակը Խոտի հասարակության ներկայացուցիչ Վարոս Վարդանյանն էր, Խաչիկ Պետրոսյանը գյուղի երեւելի երիտասարդներից էր: Թեեւ միջին մասնագիտական կրթություն էր ստացել Գորիսի պետական քոլեջում դեռեւս 2004-ին, բայց նախընտրել էր գյուղմեխանիզատորի, արարող գյուղաբնակի եւ մշակի պատվավոր ու երկրաշեն ուղին:

Այդքան երիտասարդ, բայց կարողանում էր հարահաս ու զորակից լինել համագյուղացիներին, օգտակար լինել բոլորին:

Հուղարկավորների մեջ հանդիպեցինք Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանին: Նրա տրտմությունն ու թախիծը հնարավոր չէր չտեսնել, եկել էր դիրքերից, որտեղ գխավորում էր իր համայնքի աշխարհազորայիններին: Եկել էր մասնակցելու Խաչիկ Պետրոսյանի հուղարկավորությանը, որից  հետո դիրքեր պիտի վերադառնար կրկին:

-Խաչիկի կորուստը մեր ամբողջ համայնքի կորուստն է,-ասաց Մուրադ Սիմոնյանը:-Ես նրան մոտիկից էի ճանաչում, նա չէր կարող անտարբեր մնալ, երբ հայրենիքին վտանգ էր սպառնում, ու կամավորագրվեց, որպեսզի մասնակիցը լինի մեր հայրենական պատերազմին:

Ըստ Մուրադ Սիմոնյանի՝ զոհեր կան նաեւ Տաթեւ, Շինուհայր գյուղերից, կան անհետ կորածներ ու վիրավորներ:

…Ասում են՝ մանկահասակ երեխան բնազդով զգում է իր ծնողի վերահաս մահը, եւ  իր տագնապն արտահայտում չդադարող ողբով: Խաչիկ Պետրոսյանի՝ դեռեւս մեկ տարին չբոլորած դուստրը սկսել էր լացել, որն այդ պահին իսկական ողբ էր հիշեցնում. դա տեղի էր ունենում այն պահին, երբ նրա հայրը մահվան շեմին էր արդեն գտնվում:

…Անցնելու են տարիներ, անպայման ապրելու ենք հաղթանակած, վերջին օրերի խայտառակ կապիտուլյացիայի հետեւանքները հաղթահարած, արժանապատիվ Հայաստանում: Եվ Խաչիկ Պետրոսյանի դուստրը, նաեւ մյուս նահատակների զավակները, հպարտանալու եւ փառավորվելու են, որ իրենց ծնողների կյանքով է պաշտպանվել հայոց արժանապատվությունը:

Հավերժ փառք մեր նահատակներին:

Սամվել Ալեքսանյան

 

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56