Հետադարձ հայացք. մեղրեցի վետերան ֆուտբոլիստները Մոսկվայում

16.02.2024 11:12
1016

Յուրաքանչյուր բարեկամական հանդիպում, երբ այն դառնում է ավանդական, վերածվում է տոնի, գեղեցիկի ու բարու հաղթանակի: Անցած տարի էր, երբ Մեղրիում հյուրընկալվեցին Մոսկվայի Լենինի անվան կենտրոնական մարզադաշտի «Լուժնիկի» ֆուտբոլային թիմի մարզիկները՝ մեր հայրենակից Ռաֆիկ Օհանյանի գլխավորությամբ: Նա այդ մարզադաշտի փոքր համալիրի բաժնի վարիչն է: Ֆուտբոլին անմնացորդ նվիրված, նրանով ապրող, գոյությունն իմաստավորող մի մարդ, ով մշտական կապի մեջ է իր ծննդավայրի հետ:

Եվ ահա, պատասխան այցով 1990 թ. հուլիսի 23-31-ը Մոսկվայում հյուրընկալվեցին Մեղրիի վետերան ֆուտբոլիստները: Միջոցառումը կազմակերպել էր քաղաքի ֆուտբոլի ֆեդերացիան: Պատմում է պատվիրակության ղեկավար, քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ, վետերան ֆուտբոլիստ Թ. Պապիկյանը:

- Մոսկվա հասանք հուլիսի 23-ին: Պատվիրակության կազմում ընդգրկված Էին տարբեր մասնագիտությունների, զբաղմունքների (շինարարներ, կոլտնտեսականներ, ղեկավար աշխատողներ և այլն) տեր մարդիկ (19 հոգի), որոնք անցած տարիներին խաղացել Էին մեր քաղաքային թիմերում, ինչպես նաև շրջանի հավաքականի կազմում։ Նպատակը մեկն էր՝ ավանդական դարձնել ֆուտբոլային ընկերական հանդիպումները Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտի համանուն թիմի հետ: Մեր հայրենակից Ռաֆիկ Օհանյանի ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ երկկողմանի խաղ անցկացնել Լուժնիկիի մեծ մարզադաշտում: Ասեմ, որ դա բավականին դժվար խնդիր է, անմիջապես գտնվում է վերադասի տնօրինության տակ: Նույնիսկ պրոֆեսիոնալ թիմերին չի թույլատրվում այստեղ մարզումներ անցկացնել: Հանդիպումը այդ թիմի հետ կայացավ հուլիսի 25-ին: Թեպետ անձրև էր մաղում, խաղադաշտը թաց էր, սակայն խաղը դիտարժան անցավ: Տղաները խաղում էին խանդավառված, աշխատում կարելվույն չափով ցույց տալ տեխնիկական գրագետ խաղ: Այն ավարտվեց մոսկվացիների հաղթանակով (4:2): Նշեմ, որ «Լուժնիկի» թիմում են խաղում Աթենքի «Օլիմպիակոս» ակումբի նախկին խաղացող Ա. Գալոսը և ԲԿՄԱ-ի նախկին պաշտպան Ս. Շարապովը:

Այստեղ ուզում եմ նշել, որ շրջանային «Սևան» կամավոր մարզական ընկերության նախկին նախագահ Ռաֆիկ Օհանյանը, ով մարդկային բարձր հատկանիշներով օժտված մի անձնավորություն է, և նրա գործընկերները, Լուժնիկիի արհմիության կոմիտեի նախագահ Սապունովը, թիմի բժիշկ Յուրովը, մարզադաշտի էլեկտրացանցի պետ Կուրինսկին, բանվոր Գրոմովը, մեծ խաղադաշտի պարետ Տյուտինը ամեն ինչ արեցին, որպեսզի  մեր մոսկովյան օրերն անցնեն բովանդակալից, հետաքրքիր: Էքսկուրսիաներ կազմակերպվեցին, ծանոթացանք քաղաքի տեսարժան վայրերին: Այցելեցինք խորհրդային սպորտի թանգարան: Համապատասխան ցուցատեղերում տեղ էին զբաղեցրել հանրահայտ հոկեյիստ Վ. Խառլամովի անձնական իրերը, մականը, մեծ ֆուտբոլիստ Լ. Յաշինի «Ոսկե գնդակը»: Եղանք  Նովովագանկովկայի գերեզմանոցում և մեր հարգանքի տուրքը մատուցեցինք մեծ մարզիկներին: Ծաղիկներ դրեցինք նաև Վ. Վիսոցկու և Ս. Եսենինի գերեզմաններին: Մի խոսքով, մեզ համար այդ օրերը վերածվեցին մեծ տոնի:

Ասեմ նախ, որ ընդունելություն կազմակերպվեց Լուժնիկի մարզադաշտի գլխավոր տնօրեն Վ. Ալյոշինի մոտ: Նա հուշանվերներ հանձնեց մեզ, հետաքրքրվեց Հայաստանի ներկա իրավիճակով, մասնավորապես Մեղրիի ու նրա մարզական կյանքով: Նշեց, որ նման հանդիպումները պետք է դառնան  ավանդական: Մեր կողմից նույնպես հուշանվերներ հանձնվեցին նրան, մյուս աշխատակիցներին, հանդես եկանք շնորհակալական խոսքով:

Տեղին եմ համարում պատմել մի ուրախ միջադեպի մասին, որը տեղի ունեցավ «Սպարտակ»– «Դնեպր» հանդիպման ժամանակ (մեզ հրավիրել էին դիտելու այդ խաղը): Մեր խմբին մոտեցավ մի մարզասեր և Սուրեն Տեր-Զաքարյանից (շփոթելով նրան Խորեն Հովհաննիսյանի հետ) խնդրեց ինքնագիր: Մարդը շփոթել էր նմանությունից: Այստեղ էլ հենց հանդիպեցինք մեր հայրենակից «Արարատի» նախկին գլխավոր  մարզիչ Ն. Սիմոնյանի, Լ. Օզերովի, նախկին հանրահայտ ֆուտբոլիստ Ի. Նետտոյի հետ:

Նրանք ևս հետաքրքրվեցին Հայաստանով և մեր գողտրիկ անկյունով:

Վերջում ցանկանում եմ ավելացնել, որ շրջանային մարզական կոմիտեն պետք է մեծ ուշադրություն դարձնի, որպեսզի մենք տեղում ունենանք գործող ֆուտբոլային թիմ, որը հնարավորություն ունենա շրջանը ներկայացնելու հանրապետության առաջնություններում: Ունենք քաղաքային լավ մարզադաշտ: Պարտավոր ենք ունենալու նաև լավ ֆուտբոլային թիմ: Սրա վրա եմ հրավիրում համապատասխան մարմինների ուշադրությունը:

Վերջացնեմ մեր սիրելի Ռաֆիկի խոսքերով: «Իմ երազանքն էր, որ Մեղրիի թիմը խաղար Լուժնիկիի մեծ մարզադաշտում: Այսօր իրականացավ իմ ցանկությունը, և դրա համար շատ երջանիկ եմ»:

 

Ն. Աղաբեկյան

«Արաքս», 11 օգոստոսի 1990 թ.

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24