Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի բացման խոսքը հայ-իրանական միջազգային գիտաժողովում

21.09.2023 11:39
523

2023 թ. սեպտեմբերի 20-ին Կապանում տեղի է ունեցել հայ-իրանական միջազգային գիտաժողով, որի թեման էր՝ «Սյունիքը պատմական, ռազմավարական նշանակության, տնտեսական համագործակցության և ներդրումային հեռանկարի համատեքստում»։

Միջազգային գիտաժողովի բացման խոսքով հանդես են եկել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունելուց հետո Գևորգ Փարսյանը մասնավորապես ասաց. «Ողջունում եմ ձեր այցը Հայաստանի Հանրապետության հարավային մայրաքաղաք Կապան:

Դուք Կապան եք այցելել հրաշալի առիթով՝ մասնակցելու հայ-իրանական միջազգային գիտաժողովին, որն աննախադեպ  և կարևոր իրադարձություն է ոչ միայն գիտական իմաստով, այլև պետական, հասարակական-քաղաքական ու երկու ժողովրդի բարեկամության հետագա ամրապնդման տեսակետից:

Ներկա գիտաժողովը վերջին մեկ-երկու տարում հայ-իրանական բարեկամությանը և համագործակցությանը միտված բազմաթիվ միջոցառումներից հերթականն է, բայց և եզակին՝ իր նպատակով ու բովանդակությամբ: Բոլոր այդ միջոցառումներն իրականացվել և իրականացվում են նաև Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության և անձամբ պարոն Մորթեզա Աբեդին Վարամիի ջանքերի ու հետևողականության շնորհիվ, ինչի համար իմ անկեղծ շնորհակալությունն եմ հղում նրան և հյուպատոսության ամբողջ աշխատակազմին:

Իմ գնահատանքի խոսքն եմ ուղղում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս պարոն Գարիկ Միսակյանին՝ գիտաժողովի կազմակերպական աշխատանքներին աջակցելու համար:

Հարգելի ներկաներ

Մեկ շաբաթից լրանում է Արցախյան մերօրյա պատերազմի երրորդ տարին: Մեզ համար հայրենական այդ պատերազմում հազարավոր հայորդիներ նահատակվեցին հանուն հայոց արժանապատվության, այդ թվում՝ 228-ը՝ Սյունիքի մարզից, որից հիսունը՝ Կապան համայնքից:

Արցախյան պատերազմից հետո  Հայաստանի Հանրապետությունը և մասնավորապես Սյունիքի մարզը հայտնվել են ռազմաքաղաքական նոր իրավիճակում: Մենք կանգնած ենք մի շարք նոր մարտահրավերների և անպատասխան հարցերի դեմ հանդիման...

Ես չափազանց ուրախ եմ, որ գիտաժողովի ծրագրում տեղ են գտել այնպիսի թեմաների արծարծումներ, որոնք որոշակիորեն, առանձին դեպքերում՝ ուղղակիորեն, առնչվում են սյունեցիներիս մտահոգություններին:

Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ կարող եմ հուսալ, որ գիտաժողովը մի շարք օրախնդիր հարցերով ուղերձներ կփոխանցի Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներում շահագրգիռ կամ հետաքրքրված երկրներին, միջազգային կազմակերպություններին և ուժային կենտրոններին:

Եվ, օգտվելով առիթից, գոհություն եմ արտահայտում Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային հավասարակշռված քաղաքականության կապակցությամբ:

Հետպատերազմյան երեք տարում քանիցս ստեղծված լարված իրավիճակներում կամ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ կամ Ադրբեջանի կողմից տարածքային նկրտումների դեպքում մեզ համար կարևոր է եղել Իրանի դիրքորոշումը:

Այո, Սյունիքի հանդեպ Ադրբեջանի տարածքային նկրտումները մերժելի են եղել ի սկզբանե, երբևէ գոյություն չունեցած Զանգեզուրի միջանցքի բացումը՝ մեր երկրի ինքնիշխանության հաշվին, մերժելի է, Սյունիքում ժողովրդագրական փոփոխություններ կատարելու ադրբեջանական ցնորամիտ ծրագրերը մերժելի են: Եվ հաճելի է նկատել, որ այդ հարցերում հայ ժողովրդի հետ համամիտ է մեր հզոր բարեկամը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Հակառակ զարգացումների դեպքում՝ Հարավային Կովկասում և հատկապես մեր տարածաշրջանում կայուն խաղաղության մասին խոսելն ավելորդ կլինի, ինչում, կարծում եմ, համոզված եք բոլորդ:

***

Արդեն նշեցի, որ այս գիտաժողովը մի շարք տեսակետներից աննախադեպ է և հայ-իրանական բարեկամության մի նոր արտահայտություն: Բայց չպետք է մոռանալ՝ այդ բարեկամության արմատները դարերի խորքում են...

Հայերս, դեռևս մեր պատմության արշալույսին, ամենաբազմազան շփումներն ենք ունեցել հարևան երկրների ու ժողովուրդների հետ: Սակայն հայ ժողովրդին առավել մոտ են եղել Իրանն ու իրանական ժողովուրդը՝ և՛ աշխարհագրական, և՛ հոգևոր-մշակութային  առումներով:  Ասել է թե՝ երեք հազարամյակ շարունակ Հայաստանի պատմությունը շաղկապված է եղել Իրանի զարգացման հետ:

Հայաստանի անկախության տարիներին հնարավորություն ունեցանք նոր հայացքով և բազմակողմանի դիտարկել-քննել հայ-իրանական բազմադարյա պատմությունը:

Տեղին եմ համարում  մի քանի դիտարկում անել միայն մեր տարածաշրջանի մասով։ Ընդդեմ թուրք նվաճողների մղվող ազատագրական պատերազմներում պարսկական պետությունը քանիցս զորավիգ է եղել սյունեցիներիս՝ նպաստելով ազգային մեր իղձերի իրականացմանը:

18-րդ դարասկզբին, օրինակ, Իրանը միակ երկիրն էր, որ փաստորեն ճանաչեց Սյունիքի անկախությունը, որն իրականություն էր դարձել Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պատերազմի շնորհիվ:

Կամ՝ 1921 թ. հուլիսին Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհը՝ իր զորականներով, ապաստան գտավ բարեկամ Իրանում:

Ուրիշ օրինակ. 17-րդ դարասկզբին (1609 թ.) Իրանի արքայական հրամանով Քաշաթաղի Մելիք Հայկազնը մեծ իրավունքներ ստացավ Սյունիքում, ինչի արդյունքում, կարելի է ասել, ապահովվեց մեր երկրամասի կիսաանկախ վիճակն ու անվտանգությունը պատմության դժվարագույն այդ հանգրվանում: Այդ ժամանակ էր, որ հիմնադրվեց Սյունյաց մեծ անապատը՝ պատմական բացառիկ դեր խաղալով հայոց մտավոր վերածնության գործում:

Հայ-իրանական բարեկամության երևելի կրողներից էր հայոց ազգային-եկեղեցական վերջին սուրբը՝ մեր հայրենակից Մովսես Խոտանանցին, ով 1629-32 թթ. եղավ Ամենայն հայոց կաթողիկոսը, ում հետևողականությամբ վերականգնվեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, ում ջանքով և պարսկական պետության հոգածությամբ Հայ առաքելական եկեղեցին ազատվեց հարկային ծանր պարտավորություններից:

Մեր մեծ հայրենակից Պողոս Տեր-Դավթյանը 1918-ի երկրորդ կեսին՝ Բաքվից հարկադրաբար նահանջելուց հետո, Իրանի Բանդարե Անզալի կամ Էնզելի քաղաքում էր հայ կամավորականներ հավաքագրում՝ Զանգեզուր անցնելու և երկրամասը թուրքերի ոտնձգությունից պաշտպանելու համար:

Եվ նման բազում օրինակներ...

Նորագույն ժամանակներում հայ-իրանական հարաբերություններն ապրեցին նոր զարգացումներ: Դիմանալով պատմության բազում փորձություններին, երկու ժողովուրդն արձանագրեց բարեկամության ու փոխադարձ վստահության նոր էջեր:

Մենք չենք կարող մոռանալ՝ Իրանն առաջին պետություններից մեկն էր, որ 1918 թ.  պաշտոնապես ճանաչեց Հայաստանի առաջին հանրապետության անկախությունը և դիվանագիտական, քաղաքական ու տնտեսական աջակցություն ցույց տվեց հայկական նորաստեղծ պետությանը:

***

1991 թ. սեպտեմբերի 21-ը մեր պատմության մեջ կրկին դարձավ բախտորոշ տարեթիվ: Այդ օրը՝ հայ ժողովրդի կամքով, Խորհրդային Միության փլուզումից հետո, հառնեց հայոց նոր պետականությունը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը դարձյալ առաջին պետություններից էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը: Դա 1991 թ. դեկտեմբերի 25-ին էր:

Ստեղծված իրավիճակում և նոր պայմաններում ականատես եղանք ու ականատես ենք  հայ-իրանական բարեկամության սյունիքյան բազմաթիվ ու բազմաբնույթ դրսևորումների...

1992 թ. մայիսի 6-ին Մեղրու Ագարակ քաղաքի դիմաց բացվեց ժամանակավոր նավակամուրջը (պոնտոնային կամուրջը), որը դարձավ հույսի յուրօրինակ կամուրջ, կյանքի ճանապարհ շրջափակման մեջ գտնվող և պատերազմի մեջ ներքաշված Հայաստանի Հանրապետության համար:

Սակայն ժամանակավոր կամուրջն ի վիճակի չէր բավարարելու հարաճուն կերպով զարգացող հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների պահանջները: Եվ զգացվեց ավելի հզոր կամրջի կարիք, որի շինարարությունն ավարտվեց 1995 թ. դեկտեմբերին, պաշտոնական բացումը կատարվեց 1996 թ. հունվարի 9-ին:

Այդ կամրջի գործարկումը նոր և հզոր լիցք հաղորդեց հայ-իրանական տնտեսական հարաբերություններին:

Դրանից հետո՝ երեք տասնամյակի ընթացքում, գործնական ռելսերի վրա դրվեցին մեր հարաբերությունները. առևտրատնտեսական ակտիվ համագործակցություն, հայ-իրանական բարեկամության օրեր, Սյունիքի մարզի և Արևելյան Ատրպատականի պաշտոնյաների ու գործարարների պատվիրակությունների փոխայցելություններ, մշակութային տարաբնույթ փառատոներ, որոնցից յուրաքանչյուրը խոսակցության առանձին նյութ կարող է լինել:

Տարիների այդ համագործակցության օրինաչափ արդյունք էր և սպասված իրադարձություն Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը 2022 թ. հոկտեմբերի 21-ին, որը, առանց չափազանցության, նորովի կարևորեց Սյունիքի ռազմավարական ու քաղաքական դերն ու նշանակությունը:

***

Իհարկե, մենք հպարտանում ենք անցյալի լուսավոր էջերով, ներկայումս օրավուր սերտացող կապերով: Բայց ուզում ենք առավել շատ հայացքներս ուղղել ապագային...

2023 թ. փետրվարին մեր պատվիրակությունն այցելեց Իրանի Իսլամական Հանրապետություն, եղանք նաև «Արաս» ազատ տնտեսական գոտում: Տեսանք, թե որքան մեծ հնարավորություններ կան այդտեղ՝ տնտեսական համագործակցության առումով: Եվս մեկ անգամ համոզվեցինք՝ Իրանը՝ իր առանձնահատուկ դիրքով, համաշխարհային նշանակության կոմունիկացիաներով յուրատեսակ կապող օղակ է աշխարհի կարևորագույն ռազմավարական շրջանների հետ, ինչը պետք է նկատի ունենալ:

Մենք լուրջ անելիքներ ունենք մշակութային համագործակցության ոլորտում: Չպետք է մոռանալ՝ հայ և իրանական ժողովուրդներն ունեն հարուստ լեզվական առնչություններ, բազմաթիվ շփման եզրեր ճարտարապետության, գեղարվեստական գրականության մեջ, երգարվեստում, պարարվեստում, կիրառական արվեստում: Դրանք պետք է ոչ միայն ուսումնասիրել, այլև ներկայացնել աճող սերնդին:

Եվ այսպես՝ ապագային միտված մեր ծրագրերի իրականացմանը, համոզված ենք, կնպաստի նաև այսօրվա գիտաժողովը. այդ  հավատով ու սպասումով էլ մասնակցում եմ գիտաժողովի աշխատանքներին:

Հարգելի բարեկամներ

Իմ խոսքում կամեցա  իմաստավորել գիտաժողովը, ձգտեցի համառոտ անդրադառնալ մեր համագործակցության հնարավոր ուղղություններին և, իհարկե,  երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության առանձին դրվագների:

Թույլ տվեք հայ-իրանական միջազգային գիտաժողովը հայտարարել բացված:

Ձեզ և մեզ՝ արդյունավետ աշխատանք»:

* * *

Հայ-իրանական միջազգային գիտաժողովի մասին ամբողջական և հանգամանալից հրապարակումը՝ հաջորդիվ։

 

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34