Ի՞նչ է կատարվում Սյունիքի շուրջ․ նոր հարցեր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին

29.05.2025 11:21
880

Պարոն վարչապետ

Մամուլն իրազեկում է «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության կողմից Սիսիանում (հունիսի 7-ին) և Գորիսում (հունիսի 8-ին) անցկացվելիք պարապմունքների մասին։

Ենթադրում ենք, նախկին փորձը նկատի ունենալով, որ Դուք նույնպես մասնակցություն կբերեք նշված դասընթացներին։

Ու քանի որ Ձեզ հետ շփվելը և իրական Սյունիքին մտահոգող հարցերը ներկայացնելը գործնականում բացառված են, ստիպված ենք օգտվել առիթից ու հազարավոր սյունեցիներին մտահոգող ևս մի քանի հարց ուղղել ՀՀ վարչապետին (եթե ինչ–ինչ պատճառներով այս անգամ չայցելեք Սյունիք և չմասնակցեք դասընթացներին, միևնույնն է, ներքոգրյալ հարցերը կմնան արդիական ու պատասխանի կարոտ):

Այնպես որ՝ հրապարակավ հարցեր ուղղելու գործելակերպն ընտրել ենք բացառապես իրավիճակի թելադրությամբ, նաև երկրի կառավարման հարցում ՀՀ կառավարության ու անձամբ Ձեր հանձնառությունը հաշվի առնելով։ Մի հանգամանք էլ՝ ուրիշ ո՞ւմ դիմել, եթե ոչ Ձեզ։ Այստեղ՝ մարզի կտրվածքով, ցավոք, այլևս չկա մեկը, որ կկարողանա մայրենի լեզվով, հոդաբաշխ ու անկեղծ տեսակետ հայտնել որևէ հարցի կապակցությամբ և որի ասածը հավատ կներշնչեր ու լրջությամբ կընկալվեր։

Իհարկե, Դուք չպատասխանեցիք Ձեր նախորդ այցերից մեկի առիթով բարձրացված տասը հարցից և ոչ մեկին։

Ընդ որում՝ Սյունիքում տարբեր կերպ են մեկնաբանում տրված հարցերին չպատասխանելու Ձեր վարքը։

Մեծամասնության կարծիքով՝ հարցերին չեք պատասխանել, քանզի չունեք դրանց պատասխանը։

Ոմանք էլ կարծում են՝ Ձեզ հետաքրքիր չէ, թե ինչ մտահոգություն ունի Սյունիքի բնակիչների մեծ մասը։

Մարդկանց մի խումբ էլ կարծում է, թե վախենում եք առերեսվել սյունիքյան իրականությանը և փորձում եք այլևայլ տեսարաններով պատրանք ստեղծել, թե այստեղ որևէ խնդրահարույց թեմա չկա, թե ստեղծված իրավիճակի հետ մարդիկ համերաշխ են ու անհանգստանալու կարիք չունեն։

Ինչևէ, Ձեր լռությունից մեր բարձրացրած հարցերի նշանակությունը չի նվազում, և դրանք հանրային մտահոգությունների տիրույթից դուրս չեն  կարող մղվել, եթե նույնիսկ մենք շատ կամենանք:

Եվ, օգտվելով  առիթից, երկրիս վարչապետին ենք ուղղում ևս մի քանի հարց։

1. Մայիսի 28-ին ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Բիշքեկում՝ ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում, հայտարարել է՝ «Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է»։

Վերջին օրերին Սյունիքին առնչվող գրեթե նման անհանգստություն են արտահայտել նաև Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սաիդ Խատիպզադեն, ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Մեր երկրի պաշտոնական որևէ ներկայացուցիչ դեռևս չի արձագանքել տագնապազդու այդ հայտարարություններին։

Մինչդեռ մենք՝ Սյունիքի բնակիչներս, արդարացիորեն անհանգստացած ենք...

Եվ որպեսզի ամենատարբեր ենթադրությունների ու ասեկոսեների ազդեցության ներքո չմնան մարզի բնակիչները, կուզենայինք Ձեզանից պարզաբանում լսել՝ ի վերջո ի՞նչ է կատարվում կամ ի՞նչ է մոգոնվում Սյունիքի շուրջ։ Ինչո՞ւ են այդ երկրները նման անհանգստություն հայտնում և զգուշացում կատարում։

Եթե ասեք՝ արտառոց ոչինչ չի կատարվում, ապա դրանից առաջ պետք է հերքեք վերոնշյալ երկրների նշված ներկայացուցիչների հայտարարությունները։

Ուստի և արտահայտված անհանգստության հիմքերը հանրությանը ներկայացնելու հրամայականի առջև ենք կանգնած. դա, հավատացեք, խիստ անհրաժեշտ է այստեղ բնակվողներիս։

2. Վերջերս հայտնի դարձավ, որ Շիկահողի արգելոցի տարածքում (ադրբեջանական մարտական դիրքերի կառուցման և ճանապարհների բացման նպատակով) մոտ 60 հա անտառ է հատվել։

Շիկահողի պետական արգելոցը «Զանգեզուրի կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ–ի կազմում է, որն էլ գործում է Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ։

Խնդրո առարկայի վերաբերյալ ԶԼՄ–ների հարցումին նախարար Հակոբ Սիմիդյանը մինչև հիմա սպառիչ պատասխան չի տվել։

Ստիպված ենք Ձեզ դիմել՝ արդյո՞ք ուսումնասիրվել ու գնահատվել է տեղի ունեցածը, որքա՞ն անտառ է հատվել հակառակորդի կողմից, ի՞նչ ծառատեսակներ են հատվել, ի՞նչ է ձեռնարկվել–ձեռնարկվում՝ ադրբեջանցիների նմանատիպ սանձարձակություններն արգելելու–կասեցնելու և խախտված կենսաբազմազանությունը վերականգնելու համար։

3. Մեր նախորդ հարցաշարում (Ձեզ ուղղված) նշել էինք, որ պետական վիճակագրության համաձայն՝ 2008-ից մինչև հիմա Սյունիքի բնակչությունը նվազել է 30 հազարով՝ 163 հազարից 2023-ին հասնելով 134.6 հազարի։ Դրանից հետո, ի դեպ, հայաստանյան քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչը հայտարարեց, թե միայն վերջին յոթ տարում (Ձեր պաշտոնավարման ընթացքում) Սյունիքի մարզի բնակչությունը նվազել է 21.7 հազար մարդով։

Ունե՞ք բացատրություն այդ ամենին։

4. Վերը բերված թվերը խոսում են Սյունիքից բնակչության արտագաղթի տեմպերի մասին։

Հավանաբար տեղյակ եք նաև, որ մարզի բազմաթիվ բնակավայրեր (հատկապես լեռնային և բարձրադիր գոտում) հոգեվարք են ապրում ու կանգնած են լինել–չլինելու ստույգ վտանգի առջև։

Այդ ամենին զուգահեռ, որքան էլ զարմանալի է ու տարօրինակ, Տաթև համայնքում մարդիկ տարիներով չեն կարողանում ձեռք բերել տնամերձ հողամաս և շինթույլտվություն՝ իրենց իսկ բնօրրանում, իրենց իսկ միջոցներով սեփական բնակարան (առանձնատուն) կառուցելու համար։

Օգնեք հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված նման իրավիճակը՝ համայնքապետի ու համայնքապետարանի անբանությա՞մբ, կամայականությա՞մբ, քմահաճությա՞մբ, թե՞ համայնքապետի ու համայնքապետարանի նման գործելակերպը ՀՀ կառավարության կողմից ուղղորդված լինելու հանգամանքով կամ պետական կառավարման օղակներում առկա բյուրոկրատական քաշքշուկով։

5. ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության սյունիքյան գործելակերպին առնչվող մի հարց ևս պարզաբանման կարիք ունի։

Սյունիքի անտառներում կամ անտառամերձ տարածքներում հողամասեր վարձակալելու և գործող օրենքի համաձայն օգտագործելու համար՝ Շրջակա միջավայրի նախարարությունից օրինական թույլտվություն ստանալու համար ի՞նչ է անհրաժեշտ, բացի այն փաստաթղթերից, որոնք սահմանված են գործող կարգավորումներով։

Միգուցե Ձեր հանձնարարությամբ նախարար Սիմիդյանը պատասխանի՝ ինչո՞ւ միևնույն փաստաթղթերը ներկայացնելու պարագայում մեկին ընդառաջում են, մյուսին՝ ոչ։

***

Պարոն վարչապետ

Հույս ունենք, որ կպատասխանեք ոչ միայն այս, այլև նախորդ տասը հարցին։

Չպատասխանելու դեպքում չենք զարմանա ու չենք զայրանա, բայց...

Եթե Դուք (իսկապես) իրական Հայաստանի գաղափարախոսությունն եք փորձում ձևավորել ու մեզ հրամցնել, ապա տրամաբանական չէ իրական Հայաստան երազելով իրական Սյունիքը չտեսնելը կամ չտեսնելուն տալը։

Իսկ իրական Սյունիքի հետ առերեսվելու համար երկրի ղեկավարը (ուզած–չուզած) պետք է համբերությամբ ու խոնարհաբար փորձի գտնել բոլոր այն հարցերի պատասխանը, որոնք մտահոգում են տեղացիներիս։

Սամվել Ալեքսանյան

Իսրայելի պաշտպանության նախարարը կարգադրել է «ինտենսիվ հարվածներ» հասցնել «հենց Թեհրանի կենտրոնում»

24.06.2025 14:28

Իսրայելը մեղադրում է Իրանին հրադադարի խախտման մեջ, Թեհրանը հերքում է մեղադրանքները

24.06.2025 14:25

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան

24.06.2025 11:55

Կրակի դադարեցման մասին համաձայնությունն ուժի մեջ է մտել․ Թրամփ

24.06.2025 11:15

Թել Ավիվը հասել է իր նպատակներին. համաձայն ենք Թրամփի hրադադարի առաջարկին. Նեթանյահուի գրասենյակ

24.06.2025 11:07

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

24.06.2025 10:56

Իրանի ռшզմական գործողություններն ավարտվել են գիշերը ժամը 04:00-ին. Արաղչի

24.06.2025 10:55

«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ․ ԱԳՆ-ն՝ Իսլամական համագործակցության կազմակերպությանը

23.06.2025 22:56

Իրանը հրթիռակոծել է Կատարում, Բահրեյնում և Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները

23.06.2025 21:17

Մենք համաչափ կպատասխանենք ԱՄՆ-ի հարձակմանը. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

23.06.2025 20:09

Լույս է տեսել «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսի N18-ը՝ նվիրված տիեզերահռչակ Կոմիտաս վարդապետին

23.06.2025 17:29

Օդի ջերմասիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

23.06.2025 15:49