Սերո Խանզադյանի բնութագրած՝ Խուստուփի մարգարիտ Շիշկերտում էինք, գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

31.08.2026 17:06
437

2026 թ․ օգոստոսի 20-ին մեր ստեղծագործական խումբը ուխտագնացություն կատարեց Շիշկերտի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի։

17-րդ դարում կառուցված տաճարը միանավ շինություն է։

Մատենագիտության մեջ գյուղը հիշատակվում է մի քանի անվանումներով՝ Իշկերտ, Հեշկիրտ, Հիշկետ, Շահիգետ, Շաշկերտ և այլն։

Գյուղը գտնվում է Խուստուփ լեռան հարավային լեռնալանջի ստորոտում։

1959 թվականին գյուղն ուներ 636 բնակիչ։

Գյուղում և շրջակայքում կան բազմաթիվ հնավայրեր։

Այդտեղ է ծնվել (1942 թ․) հայոց բանակի գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Հայրապետյանը։

Գյուղով է հոսում Շիշկերտ գետակը՝ Ծավ (Բասուտա) գետի ձախակողմյան վտակը։

Շիշկերտ գետակը Մազրա գետակի հետ միանալով կազմում է Ծավ գետը։

Գյուղից հյուսիս Շիշկերտ լեռնագագաթն է (Մեղրու լեռնաշղթայի հյուսիսարևելյան կողմում), բարձրությունը 2735 մ։

Շիշկերտ անվանման նախաձևին առաջին անգամ հանդիպում ենք Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում՝ Շաշիգեն (փարիզյան հրատարակության մեջ՝ Շաշիկէտ, մոսկովյանում՝ Շաշոյ գետ, իսկ N 6271 ձեռագրում՝ Շաշիգետ)։

***

Շիշկերտ գյուղի հին գերեզմանատանն է հանգչում Առաքել զորապետը, ով Դավիթ Բեկի ազատագրական պայքարի ժամանակ Մեղրու տարածաշրջանի հրամանատարներից էր։

2022 թ․ ապրիլի 20-ին մենք այցելեցինք Առաքել զորապետի գերեզման և խոնարհվեցինք նրա հիշատակի առջև։

Տապանաքարի հարավային երեսին քանդակված է գուրզաձև մի պատկեր (երկաթագամ մեծ գլխով ծանր ու կարճ գավազան, որ գործածում էին իբրև զենք, իբրև լախտ)։

***

Շիշկերտի մասին հիշում է Ղևոնդ Ալիշանը։

Ահա՝ «Բոստ (Բասուտ) գետի հովիտն արևմուտքից Մեղրու հովիտն անջրպետող լեռներից ձգվում է սակավ խոտորմամբ՝ երկու կողմից վտակներ ընդունելով իր մեջ։ Երկու սկիզբ է արձանագրված սրա համար․ մի ձորի գլխին կա Շեշկերտ (կամ Իշկերտ), ըստ Հին ցուցակի՝ Շաշիգետ գյուղը։

Այստեղ հարյուր հիսուն զինյալ հայեր անտառախիտ վայրում դարանամուտ լինելով՝ ժամանակին արգելք եղան Բարկուշատի Փաթ Ալի խանի զորքերի անցումին և այլ գնդերի օգնությամբ նրանցից 4000 մարդ կոտորեցին։ Քիչ ժամանակ անց Դավիթ Բեկն այստեղ գլխատել տվեց Պապ զորավարին, որովհետև նա խուսափել էր առճակատել Որդվատի Սափիղուլի խանի զորքերի հետ։ Այնտեղից Դավիթ Բեկը շարժվեց դեպի Կեմանցու դաշտավայրը, որի դիրքն ինձ անծանոթ է»։

***

Խուստուփ լեռան մարգարիտը․ այդպես է Սերո խանզադյանը կոչել Շիշկերտ գյուղը։

1933-ին մեր մեծ հայրենակիցն ու մեծ արձակագիրն այսպես է տեսել Շիշկերտը․ «Ղափանի Շիժկերտ գյուղ գնալու համար պետք է մտնես Բասուտա գետի խոր կիրճը, անցնես թանձր ծմակների միջով, ելնես գլորվող լանջեր, կտրես անհամար ձորակներ, ոտքով մի ամբողջ օրվա ճանապարհ։

Մեր գլխավերևը կախված է Խուստուփ լեռը՝ ժայռեղեն սլաքներով։ Թվում է այս քայլին չէ, հաջորդին լեռը կփլվի մեր գլխին։

Սև մոշի ճութերն ուղղակի մտնում են բերանս։ Քարերը լխկվել են կաթած հոնից։

Ես ահ եմ զգում բերդերի, ամրոցների ու հովազների բուն այս լեռնափնթոր Կովսական գավառից։

Ասրին յուրովի է բացատրում այդ անունը․

– Այսինքն թե՝ գովասական, մեր Շիշկերտն էլ, այսինքն ասաց՝ բարձր ստեղծած գյուղ։

Ես նրան ասում եմ, որ 150 տարի առաջ գրված մի մատյանում Շիշկերտ չէ, այլ Շաշիգետ։

– Էս ձորում հինգ շեն կա՝ Շիշկերտը, Կեմանցը, Ծավը, Մազրան։ Հինգերորդն էլ Ներքին Հանդն է։ Բասուտա ձորում հինգ շեն էլ ավերակ է՝ Արցախամայրի, Մայրի, Լուց Մայրի, Դից Մայրի, Թեք Մայրի։

Հինգ հարյուր տարի առաջ Խուստուփ լեռը գռմռացել, միջից ծուխ է արձակել։ Շիշկերտցիք քոչել գնացել են Արևիք գավառի Լիճք գյուղում հիմնվել։

Երկու հարյուր տարի հետո Լիճք գյուղի տանուտեր Սահակը որսի է գալիս Շիշկերտ։ Գալիս տեսնում է անասուններն ապականել են իր պապերի գերեզմանները։ Իր յոթ եղբայրներին Լիճքից բերում է Շիշկերտ, նորից շենացնում։

Շիշկերտը մի բուռ քարացեխ գյուղ է՝ ծոցերում ուրցի հոտ և բոված տկողին։

Մաքուր, չքնաղ գյուղ է Շիշկերտը․․․»։

Սերո Խանզադյանը հաջորդ անգամ Շիշկերտ է այցելել 1951 թ․ օգոստոսին։

Երրորդ անգամ արձակագիրը Շիշկերտ է այցելել 1973 թ․ սեպտեմբերին։

Արձանագրում է. «Եկել եմ իմ Կովսական գավառի Ծավ գյուղ։ Գյուղում շատ նոր տներ են շինել։ Շիշկերտն իր 331 բնակչով վերևից տեղափոխվել, եկել է այստեղ՝ Ծավ»։

 

Սամվել Ալեքսանյան

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27