1918-1920 ԹԹ. ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

13.04.2018 10:28
1736

ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

1918-1920 թթ. պատմական իրադարձությունները ձեւավորվեցին շարունակվող Առաջին համաշխարհային պատերազմի տեսադաշտում: Ամեն ինչ նոր շրջադարձի ենթարկվեց 1917թ. Ռուսաստանում նախ փետրվարյան հեղափոխությունից, այնուհետեւ  հոկտեմբերյան հեղաշրջումից հետո: Կարճ ժամանակ անց տապալվեց նա եւ  Օսմանյան ինքնակալությունը: Եվ այս փլատակների վրա հայ ժողովուրդը պետք է դժվարին դիմակայությամբ գրեր իր պատմության նոր էջը: 

Իրադարձությունները հաջորդում էին մեծ արագությամբ՝ Անդրկովկասյան կոմիսարիատ, Անդրկովկասյան սեյմ, Անդրկովկասի Դաշնային Հանրապետություն, Սարդարապատի ճակատամարտ, Հայաստանի Հանրապետության հռչակում, կամավորական խմբերից ձեւավորվող հայոց բանակ, մինչեւ  Երզնկա հասած ռուսական զորքերի նահանջ, Երզնկայի պարտվողական զինադադար, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական  պատերազմներ, հայ-վրացական բախումներ, Լենին-Աթաթուրք հակահայ դաշինք, բոլշեւիկյան հասունացող, ուժգնացող ազդեցություն, Անկախ Հայաստանի բոլշեւիկացում, Հանրապետությունը կերտած ուժերի հանդեպ հաշվեհարդար, փետրվարյան ապստամբություն  եւ  ողջ մնացած ազգային գործիչների փախուստ երկրից:

Հայաստանի Հանրապետությունն ստեղծվեց շատ մեծ դժվարություններով  եւ  անցավ ծանր փորձությունների ճանապարհ: 1918-1920 թթ. հայոց պատմության ամենաբեկումնային տարիներն են, որոնք չէին կարող իրենց անմիջական անդրադարձը չունենալ հայ հոգեւոր կյանքում, հատկապես գրականության մեջ: 

Գրական-մշակութային կյանքը չդադարեց: Երեւանում ու Թիֆլիսում լույս էր տեսնում մամուլ, Ալեքսանդրապոլում հիմնադրվեց պետական համալսարանը: 1919-ին Երեւանում հիմնվում է գրադարան, գործում են թատերական վարժարան, երաժշտական, հայոց լեզվի, մանկավարժական դասընթացներ: Տեղի է ունենում Երեւանի նոր կայարանի հանդիսավոր բացումը: Աստաֆյանն անվանափոխվում է Աբովյան: 

Գրական քննադատ, այդ տարիներին նաեւ  պետական գործիչ՝ խորհրդարանի անդամ, 1919-ին լուսավորության  եւ  արվեստի նախարար Նիկոլ Աղբալյանը նույն թվականի սեպտեմբերի 28-ին հիմնադրեց Հայ գրական ընկերությունը, որի առաջին ձեռնարկումներից մեկը հոկտեմբերի 16-ին Չարենցին նվիրված նրա դասախոսությունն էր՝ «Մի նոր բանաստեղծ»: Նորաստեղծ երկիրն իր նոր բանաստեղծի հայտնությունն էր ավետում:

Աղբալյանը Չարենցի գրքերին ծանոթացել էր տարբեր խմբագրություններում նրա թողած օրինակներով: Անձնապես ծանոթներ չէին: Իսկ նրա դասախոսության ժամանակ Չարենցն ուսուցչություն էր անում Բաշքյադիկլար գյուղում: Թերթերից տեղեկանալով դասախոսության մասին՝ Չարենցը ներկայանում է Աղբալյանին  եւ  նրա հրամանով նշանակվում հանրային կրթության ու արվեստի նախարարության հատուկ հանձնարարությունների կոմիսար, որտեղից իր դիմումի համաձայն ազատվում է հունիսի 1-ին, երբ արդեն նախարար էր Գ. Ղազարյանը:

Այս տարիների իրադարձությունները գեղարվեստական երկերում երբեմն ուղղակի հավաստիությամբ են արտահայտվում: Այս տեսակետից ուշագրավ են Հովհաննես Թումանյանի, Լեւոն Շանթի, Ավետիս Ահարոնյանի, Նիկոլ Աղբալյանի, Կոստան Զարյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Վահան Թոթովենցի, Լեռ Կամսարի, Գուրգեն Մահարու  եւ  մի քանի այլ գրողների ժառանգության առանձին էջեր, որոնցից կանդրադառնանք մի քանիսին  եւ , առաջին հերթին, Չարենցին՝ որպես ժամանակի ամենաազդեցիկ ներկայություն:

Չարենցի սերտ կապվածությունն իր օրերին, այդ թվում՝ 1918-1920 թթ. իրադարձություններին, ակնհայտ է ինչպես կենսագրական, այնպես  եւ  ստեղծագործության հավաստիությամբ: Եվ ահա պատկերը՝ այդ տարիների մասին գրել է 17 պոեմ, բանաստեղծական 4 շարք, 1 վեպ, 1 հոդված  եւ  շուրջ 30 բանաստեղծություն: Ընդ որում 1918 թվագրությամբ բանաստեղծություն չունի, 1919, 1920 թվականներ են: Ահա այդ գործերը.

ա)պոեմներ՝

«Սոմա», 1918, «Հատված», 1918, «Ամբոխները խելագարված», 1919, «Նայիրի երկրից», 1920, «Դեպի ապագան», 1920, «Բրոնզե թեւերը կարմիր գալիքի», 1920, «Երգ ժողովրդի մասին», 1920, «Ամենապոեմ», 1920-1921, «Խաղաղության ռադիո», 1921, «Չարենց – նամե», 1922, «Մաճկալ Սաքոյի պատմությունը», 1924, «Ստամբոլ», 1924, «Իմ ընկեր Լիպոն», 1928, «Խմբապետ Շավարշը», 1929, «Պատմության քառուղիներով», 1933, «Մահվան տեսիլ», 1933, «Զրահապատ «Վարդան Զորավար»», 1933,

բ)բանաստեղծական շարքեր՝

«Ողջակիզվող կրակ», 1918, 1919-1920, «Էմալե պրոֆիլը Ձեր», 1920, «Փողոցային պչրուհուն», 1920, «Տաղարան», 1920,

գ)վեպ՝

«Երկիր Նայիրի», գրել է 1921-1924 թթ., «Նորք»-ում տպագրել է 1924-1925 թթ., առանձին գրքով լույս է տեսել է 1926-ին,

դ) բանաստեղծություններ՝

առավել կարեւորներն են՝ «Տաղ անձնական», 1919, «Անքնություն», 1919, «Խավար է: Գիշեր է…», 1919, «Աղմկում է իմ սրտում», 1919, «Մորս համար գազել», 1920, «Մարիոնետկա», 1920, .Վահան Տերյանի հիշատակին», 1920, «Մահվան տեսիլ», 1920, «Աստղիկ», 1920, 

ե) հոդված՝

«Սեւրի դաշնագրից մինչեւ  «Հայ կանանց ալեծուփ մազերը» կամ ընդհակառակը», 1925:

Ժամանակի դեմքը քաղաքական դիրքորոշումն էր՝ պայմանավորված ռուսական հեղափոխության հանդեպ վերաբերմունքով: Ինքնակալության տապալումը խանդավառել էր ոչ միայն Չարենցին, այլեւ  քաղաքական տարբեր ուժերի, որովհետեւ  հոգնել էին ինչպես ինքնակալի, այնպես  եւ  փոխարքաների կամայականություններից, ովքեր, նստելով Թիֆլիսում, հատկապես բացասական գործելակերպ էին դրսեւորում հայության հանդեպ:

Չարենցը ողջունեց հեղափոխությունը  եւ  առանձնապես ա՛յն հույսով, որ այդ նոր ալիքը փրկություն կբերի իր ժողովրդին: Այս մտայնության արգասիք է «Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ» բանաստեղծությունը:

«Չարենց-նամե»-ում որոշակի վերաբերմունքով բանաստեղծն ուրվագծում է իր կյանքի ուղին: Առաջին սիրո պես նրա համար նաեւ  հայրենիքի սերն էր, որ «Եկավ – // Ուսերիս վրա // Մի անհուն տխրություն բարդեց»(ԵԺ, 6 հատորով, Երեւան, 1962-1968, հ. 2, էջ 159, այսուհետ եւ  կնշվի միայն հատորն ու էջը): Հիմա, ահա, 1918 թվականն է: Հիշում է իր «Ողջակիզվող կրակ» շարքի ենթաշարքերը: Այնուհետեւ. «Ազատվեց հին կապանքից // Հոգիս՝ վիթխարի ցավով»: Ի՞նչ նկատի ունի այս տողերով՝ հայրենիքի նկատմամբ սե՞րը… Դեռեւս շարունակում է. «Տասնըութ: // Թվական հրի: // Ողջակեզ – կարմրակեզ բոցում»: Այսինքն՝ նվիրում հեղափոխությանը. «Արթնացավ արեւ ՜ – նայիրյան // Իմ հոգու նո՜ր զնգոցում»: Աչքի առաջ իրական հայրենիքն էր. «Հրդեհ էր: Անհատնում կրակ: Արնաքամ վերքեր կարեւեր»  եւ  «Նո՜ր հայրենիք»-ի երազային հույսը, որ Սոմային ուղղված դիմումն է հիշեցնում.

Ինձ կանչում էր կարծես անծիր

Կարոտով – երկիր Նայիրին. –
Նորից Հայաստան գնացի

Տասնըինը թվի վերջերին:
Այնտեղ – Նայիրի երկրում,

Հնավանդ ցանկությամբ ուրիշ՝

Արդեն խմբապետ Դրոն

Պարզել էր երեքգույն դրոշ:
Պարզել էր – Երեւան քաղաքում,

Հնամյա Մասիսին մոտիկ:
…Որպես քար՝ տխրությունն իջավ,

Ծանրացավ ուսերիս,

Սրտիս (2, 171):

Այստեղ արդեն խորհրդային կարմիր բանաստեղծի թարմ արձագանքն է մոտիկ անցյալին: Բայց առաջիկա գաղտնագրված տողերը այլ բան են հուշում: Ահա 1919-ի վերջերին նա Կարսում է.

Նույն երկինքն է՝ կաթսա արեւի

Նույն խշշոցը քչփչան ջրի…

Բայց արեւը իզուր է փորում

Կուրացած աչքերը շենքերի:

Իզո՜ւր է նայիրյան հեռուն

Ունկնդրում քչփչան ջրին (2, 172):

Ի՞նչ է ասում խոսուն պատկերների այս գաղտնագիրը. «Նույն երկինքն է՝ կաթսա արեւի»՝ ակնարկ է հեղափոխությանը, «Նույն խշշոցը քչփչան ջրի…»՝ ակնարկ է թուրքերի  եւ  բոլշեւիկների գաղտնի բանակցություններին: Երրորդ տունը հեղափոխության իզուր, ապարդյուն լինելն է, նաեւ  զգուշացում է ռուս – թուրքական վտանգավոր դաշինքից:

Չարենցն սթափվում է  եւ  այստեղ է, որ հիշում է, թե ինչպես «մի լուրջ քննադատ մի օր», այսինքն՝ Նիկոլ Աղբալյանը. «Սարսելով դահլիճն ու ֆոյեն – // Ավետեց ամբողջ աշխարհին, // Որ ծնվել է – մեծ մի պոետ»: –

Համենայնդեպս խորհրդային առաջին տարիներին, երբ ինքն իրեն համարում էր հեղափոխության բանաստեղծ, ծանր ծաղր կա մոտիկ անցյալի ողբերգական իրադարձություններին, որ երեւում է «Ամենապոեմ»-ում  եւ  արտասահմանից վերադառնալուց հետո գրած «Սեւրի դաշնագրից մինչեւ  «Հայ կանանց ալեծուփ մազերը» կամ ընդհակառակը» պամֆլետում: Ծաղրում է ազգային երազանքը, այն, որ վարժապետ Սողոն «Դարերի մշուշի վրա // Գրում էր «Վեց վիլայեթ»: Ասածն այն է, որ ցանկալի դառնում է ծիծաղելի, երբ իրականն է ձեռքից գնում:

Որքան էլ Չարենցը փորձում է 1920-1921 թթ. անցման օրերին գրած այս պոեմում թաքցնել իր նաիրյան մորմոքը, այնուամենայնիվ ակնարկները կան. «Իսկ եթե հույսերից իմ այս վառ // Իմ սրտում պիտ մնան վերքեր…»: Այդ վերքերը մնացին, ժամանակի հետ խորացան, ու մրմուռը չանցավ:

Չմոռանանք՝ Առաջին Հանրապետության ղեկավարությունը 1920 թ. դեկտեմբերի 2-ին ( եւ  ոչ թե նոյեմբերի 29-ին) իշխանությունը շատ սահուն փոխանցեց բոլշեւիկներին: Ավելի վաղ՝ 1920 թ. ապրիլի 28-ին խորհրդայնացած Ադրբեջանից Հայաստան թափանցած Հեղկոմը՝ Ս.Կասյան (նախագահ), Ա.Մռավյան, Ս.Տեր-Գաբրիելյան, Ա.Նուրիջանյան, Ա.Բեկզադյան, Ի.Դովլաթյան, կատարում էր Ադրբեջանի իշխանությունների հրահանգները  եւ  առաջին իսկ օրվանից նախկին իշխանության ներկայացուցիչների հանդեպ դիմեց դաժան բռնությունների:

Սիմոն Վրացյանն այսպիսի փաստ է վկայում. Երեւանում հարգված Թաղիանոսի «կոմունիստ որդին հեռացել էր Հեղկոմի հետ  եւ  կռվում էր Հայրենիքի դեմ: Հայրը որոշել էր իր ձեռքով սպանել որդուն  եւ  հրացանը ուսին գնաց ռազմաճակատ, ուր  եւ  նահատակվեց տաք կռվում» («Հայաստանի Հանրապետություն», Թեհրան, 1982, էջ 543, այսուհետեւ ՝ ՍՎ ՀՀ):

Չարենցը 1920 թ. դեկտեմբերին ընդունվել էր կոմունիստական կուսակցության շարքերը: Նախ գաղափարապես, այնուհետեւ  քաղաքացիական դիրքորոշումով ընտրեց այն ճանապարհը, որով գնում էր իր գրական ուսուցիչ Վահան Տերյանը: Փետրվարյան ապստամբության օրերին Յանուշեւսկու ջոկատում Արտաշատի դիրքերում էր՝ նախ որպես «շարքային կարմիրբանակային, վերջում՝ «Ազատամարտ» զրահագնացքի քաղղեկ» («Գիրք մնացորդաց», Երեւան, 2017, էջ 305, այսուհետեւ ՝ ԳՄ): Այդ ծառայության համար նրան տրվել է կարմիր պարտիզանի վկայական:

Իրականության հանդեպ Չարենցի ծաղրը, անգամ կծու հեգնանքն այլ բան չէր, քան վշտի ծիծաղ: Հենց այդ վշտի ծիծաղն աներեւույթ քողով ակնհայտ ողբերգության վերածվեց «Երկիր Նայիրի» վեպում: Մահվան այսաշխարհում Չարենցն ինքն իրեն տեսավ որպես խեղկատակ. «Ես երգում եմ – ակամա: // Ի՛նչ էլ երգեմ. կուզեք – սեր, // կուզեք – մահ: // Ես խեղկատակ եմ հիմա» (1, 218): Կյանքին ուղղված այս հայացքով չգիտես՝ լալի՞ս է, թե՞ ծիծաղում: Ահա այդ հոգեբանական ապրումներով էլ գրեց «Երկիր Նայիրի» վեպը: Ինչպե՞ս կարող էր «Մահվան տեսիլ» (1920) եղերերգի ինքնազոհաբերման ծայրահեղ հոգեվիճակն ապրած բանաստեղծը մեկ տարի անց սկսեր ծաղրել իր ամենասրբազան ապրումները: Չէ՛ր կարող: Չէ՛ր կարող  եւ  վերջ: Ստեղծագործական շունչը պետք է ճիշտ զգալ՝ իրեն տեսնել որպես կամավոր զոհ, որպես անհեթեթության հասնող ցնորական վիճակի մատնված խեղկատակ, ով ամեն ինչ անում էր հայրենիքը փրկելու համար՝ 1915-ին կամավորական խմբերում էր, 1921-ին՝ բոլշեւիկյան դիրքերում: Չարենցն ապրում էր հայրենիքի փրկության տագնապներով  եւ  ապրում էր փակուղուց ելք որոնողի ճգնաժամ: Ահա այս թրթիռներով է գրված «Երկիր Նայիրի» վեպը:

«Բոլորովին այլ ընթացք ստացան դեպքերը Կարսի ճակատում: Այստեղ գործում էին զորավար Հովսեփյանի բրիգադը – առաջին գունդ, գնդ.՝ Մազմանյան «…»: Կարսի ճակատում գործում էին սավառնակներ  եւ  «Ազատամարտ» զրահագնացքը: Կարսի բերդապահն էր զորավար Փիրումյանը, իսկ բերդի հրետանիի պետն էր բոլգար սպա գնդ. Բաբաջանովը: Կարսի զորախմբի ընդհանուր հրամանատարն էր զորավար Սիլիկյանը, սպայակույտի պետ՝ գնդ. Վեքիլյանը: «…»: Զորքի մի մասը շտապ կերպով զինված էր Անգլիայից նոր ստացված Ռոս հրացանով, որոնց վարժ չէր: Թիկունքը լավ կազմակերպված չէր  եւ  հակապետական տարրերը՝ բոլշեւիկները կարողանում էին դժվարություններ առաջացնել: Այսպես հոկտ. 2-ին «…» խորտակվեց ճակատը զինվոր տանող գնացքը՝ 14 վագոններ ջարդվեցին, սպանվեց 12  եւ  վիրավորվեց 43 հոգի: Բոլշեւիկների գործն էր այս: «…»: Հոկտեմբերի 28-ին նրանք (թուրքերը՝ Դ. Գ.) գրավեցին Վեզենքոյի բարձունքները: Ամբողջ հոկտ. 28-ին տաք կռիվներ տեղի ունեցան: Մազմանյանի զորամասը ձգտում էր ետ խլել Վեզենքոյը: «…»: Համաձայն տրված հրամանի հոկտ. 30-ի առավոտյան մեր զորքերը պիտի անցնեին հակահարձակման Վեզեքոյը գրավելու նպատակով: Սակայն առաջին գունդը մերժեց կատարել հրամանը  եւ  տեղից չշարժվեց: Հուսահատ  եւ  անզոր՝ գնդ. Մազմանյանը ամենքի առջեւ  մաուզերի երկու գնդակից ինքնասպանություն գործեց: Այս  եւս չազդեց զորքի տրամադրության վրա: Այդ միջոցին մեծ ուժով հարձակման դիմեցին թուրքերը: Սկսվեց խուճապային փախուստ: «…»: Մեր սավառնակը թռավ Երեւան: Կարսն ընկավ թշնամու ձեռքը: Գերի մնացին զոր. Փիրումյանը, զոր. Արարատյանը «…», 30-ի չափ զանազան աստիճանի սպաներ  եւ  մոտ 3000 զինվորներ» (ՍՎ, ՀՀ, էջ 479-480): 

Գերիների մեջ էին նախարար Բաբալյանը, արքեպիսկոպոս Գարեգին Հովսեփյանը, փոխնահանգապետ Չալխուշյանը, քաղաքագլուխ Նորհատյանը  եւ  բնակչության մեծ մասը: Երեք օր շարունակ քաղաքը թալանի ու արյան մեջ էր: Հինգերորդ օրը գերիներին այցելում են հայ կոմունիստներ , եւ  իրենց թշնամիներին մատնում տաճիկներին: Հեղկոմի անդամներ էին: Այնպես էին հավատացրել սրանց տաճիկ սպաները, որ իբր թե Կարսը պիտի հանձնեն բոլշեւիկյան իշխանության: Եվ ամեն կերպ փայփայում էին կոմունիստ տականքներին. փոխարենը սրանք մատնություն էին անում  եւ  ցույց տալիս պահեստների տեղերը  եւ  անհրաժեշտ տեղեկություններ էին տալիս հայ զորքի  եւ  երկրի վերաբերյալ: «…»: Զոհ գնացին Կարսում միմիայն 6000 հայեր» (ՍՎ, ՀՀ, էջ 481):

Չարենցին հայտնի էր Մազութի Համոյի նախատիպ Համբարձում Նորհատյանի հայրենասիրական բարձր նկարագիրը, հայտնի էր, որ 1918 թ. ապրիլի 12-ին Կարսի կռիվներում Մազրայի մոտ նահանջի ճանապարհը պաշտպանելիս հերոսի մահով ընկել էր Կարսի քաղաքագլխի որդին՝ Գեւորգ Նորհատյանը(միջանկյալ նշենք Ղարաքիլիսայի կռիվներում անհայտ կորավ ապագա վարչապետ Համազասպ-Համո Օհանջանյանի որդին՝ Մոնիկը «Զանգեզուրի կռիվների ժամանակ 1920-ի հունիսին սպանվեց Քաջազնունու սպա որդին, ավելի վաղ վիրավորվել էր Մ. Շաթիրյանի որդին): Այս ամենը ոչ թե խոսքի, այլ գործի բարձր բարոյականություն էր, որի սահմանը Չարենցը երբեք չանցավ  եւ  խորհրդային գրաքննության պայմաններում ստեղծեց խորհրդանշական շատ թաքնված հանգույցներ ու գաղտնագրեր ունեցող մի վեպ, որը պետք է ճիշտ կարդալ  եւ  այդ դեպքում, ինչպես ինքն է ակնարկում, «Հասկացողը կհասկանա» (ավելի հանգամանորեն տես Դ. Գասպարյան, «Երկիր Նայիրի» վեպը, «Հայ գրականություն», գիրք 6, Երեւան, 2017 էջ 241-283):

Չարենցի պես անմնացորդ հայրենասեր բանաստեղծն ուղիղ անդրադարձ չունի հայոց պետականության վերականգնման կապակցությամբ:

Ո՞ւր էր Չարենցը 1918թ. մայիս-հունիս ամիսներին: Ամենայն հավանականությամբ Մայկոպում, ուր, 1918-ին Կարսն ու նահանգը թուրքերի վերահսկողության ներքո անցնելուց հետո, տեղափոխվել էր Սողոմոնյանների ընտանիքը: Իսկ նրա Հյուսիսային Կովկասում լինելու հավանականությունը հուշում են մի քանի տվյալներ՝ այցելել է ընտանիքին, «Սոմա»-ն թվագրված ու տեղագրված է. «1918, հունիս-հուլիս, Ցարիցին»: Ահա նաեւ  իր վկայությունը. «1918թ. Հյուսիսային Կովկասում՝ Մայկոպում եղել եմ կամավոր կարմիրբանակային» (ԳՄ, էջ 305): Այս օրերին անպայման եղել է նաեւ  Թիֆլիսում, ուր առանձին գրքով տպագրել է «Սոմա» պոեմը: Այս ճշտումն անհրաժեշտ է այնքանով, որքանով առաջնային է անմիջական ներկայության հարցը:

Հայոց պետականության վերականգնման անդրադարձն այսպես, թե այնպես հենց «Սոմա» պոեմն է: Սա քնարական պոեմ է առանց դիպարի, բայց ամեն ինչ ակնհայտ է: Եթե հայրենիքի որոնում չեն, հապա ի՞նչ են այս տողերը.

Դարեր շարունակ, անվերջ, անդադրում,

Ու սիրտս – գարուն,

Կյանքս երգ շինած՝ քե՜զ էի փնտրում

Այս չար աշխարհում (2, 71):

Սոման՝  եւ ՛ որպես հնդկական դիցաբանության գլխավոր աստվածներից մեկը,  եւ ՛ որպես արբեցնող «սրբազան խմիչք», «սրբազան սեր» այս դեպքում ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ հայրենիքի ոգու մարմնավորում: Դա են հուշում մեջբերված հատվածի հաջորդ տողերը. «Բայց ես գիտեի, որ մեռնում է նա, // Ով որ քեզ սիրե: // «…»: // Բայց տեսա հանկարծ քո դեմքը վերջին // Այս աղջամուղջում»: Սա հե՛նց հայրենիքի դեմքն է.

Քո դեմքը տեսա, որպես սրբազան

Մի զոհաբերում,

Քո դեմքը տեսա աշխարհասասան

Այս հրդեհներում (2, 72):

Նույնն է նա եւ  հաջորդող տողերում. «Օ, Սրբազան հա՜րս դու ազատության, // Դու – ազատությո՜ւն,// Դու – վերջին ցնորք վերջի՜ն քաղցրության, // Դու – ոգու խնդում»: Ինչո՞ւ է օրհնում «Վայրկյանը կարմիր աշխարհում այս չար». Մի կողմից՝ հեղափոխություն, մյուս կողմից՝ ազգային վիճակ: Դար ու դարեր մխացող սպասման պահը վերարծարծվում է հաջորդաբար: Նույնն են ասում նաեւ  գիշերվա թանձր մթնում գերեզմանից դուրս թռչող հրե սրի, երկունքի ու մահվան պատկերները: Իսկ մի՞թե ճակատագրական պահին համայն հայությանն ուղղված կոչ չեն այս խոսքերը. «Հե՜յ հեռավոր ընկերներ ու եղբայրներ,– // Դուք չե՞ք լսում. Ձե՛զ ենք կանչում,– // Զվարթ ու սեգ, // Եկե՛ք, մտե՛ք շուրջպարը մեր–  // Եկե՜ք, եկե՜ք»: Նույնն է 8-րդ գլուխը.

Ու գալիս են անվե՜րջ անվե՜րջ

Ամբոխները ահագին,

Որ կյանքը հին ու սնամեջ

Ողջակիզեն կրակին (2, 78):

Նույնն են  եւ  եզրափակիչ տողերը.

Կյանքս կմարի՝ հին, չնչին մի կայծ

Քո ոսկի հրում–                                                                
Բայց վառվի՜ պիտի սիրտս մոխրացած

Քո բոլոր գալիք արշալույսներում (2, 79):

Սա հայոց պետականության վերականգնման օրհներգն է՝ փարած հեղափոխության արշալույսին:

Նույնն է նա եւ  «Ամբոխները խելագարված» դարձյալ քնարական պոեմը: Սարդարապատի ճակատամարտը երկաթուղու կայարանում էր: Չարենցի պոեմի գլխավոր խորհրդանշանը դարձյալ երկաթուղու կայարանն է, որ ոտքի ելած ուժերը պետք է գրավեն: Սարդարապատում ժողովրդական ցասումն իրոք հասել էր խելագարության աստիճանի, որովհետեւ  հայությունը բոլորեքյան շրջապատված էր հակառակորդի ուժերով, փրկությունը միայն միաբանված ու ինքնամոռաց կռիվն էր: Նաեւ  երգ կար կռվողների շուրթերին. հուշագիրները վկայում են, որ ժողովուրդը հայրենասիրական երգերով էր գնում կռվի, որովհետեւ  երանություն էր հայրենիքի համար մեռնելը: Պոեմի 8-րդ մասում երգի ձայնը նմանեցվում է զանգի՝ «…զանգ էր կարծես ձայնը նրա»: Հիշենք՝ Սարդարապատի ճակատամարտի ժամանակ անընդհատ հնչում էին Մայր տաճարի ու մյուս եկեղեցիների զանգերը:

Այս մասին մանրամասն գրում են պատմագիրներն ու հուշագիրները: 1918-ի մայիսի կեսերին Արարատյան դաշտն ամեն կողմից շրջապատված էր թշնամիներով: Փախուստի ելք չկար: Միակ կարգախոսն էր՝ մահ կամ ազատություն: Ոտքի էր կանգնել Արարատյան դաշտի ամբողջ բնակչությունը, նաեւ  կին ու երեխա: Ընդհանուր հրամանատարը զորավար Մովսես Սիլիկյանն էր, սպայակույտի պետը՝ գնդապետ Վեքիլյանը, զորքի թիվը հասնում էր 10000-ի: Այստեղ էին Երզնկայի, Մակուի, Վանի առաջին  եւ  երկրորդ, Զեյթունի գնդերը, 4-րդ  եւ  5-րդ գնդերը, պարտիզանական գունդը, սպայակույտի պարետի գումարտակը, հատուկ գունդը, Սմբատի, Դալի Ղազարի, Մուրադի խմբերը: Մայիսի 21-22-ին մասնակի ընդհարումներից հետո մայիսի 23-ին Սիլիկյանը տալիս է հարձակման հրաման: Նա ժողովրդին դիմում է սրտառուչ կոչով: Որպես մի նոր Ղեւոնդ Երեց զորքի մեջ հայրենասիրական ոգեւորիչ խոսք էր ասում Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը: «Ճակատի զինվորը չէր միայն – ամբողջ երկիրը մի մարդ, մի շունչ դարձած՝ կռվում էր թշնամու դեմ՝ ազատություն կամ մահ վճռական կամքով» (ՍՎ, ՀՀ, էջ 140): 

Մայիսի 24-ին թուրքերը դիմում են փախուստի, որ շարունակվում է մինչեւ  մայիսի 28-ը: Սիրիկյանը ժողովրդին կոչով դիմում է նաեւ  Սարդարապատի վերջնական հաղթանակի օրը՝ մայիսի 29-ին: Այս կոչերն ուղեկցվում էին հաղթական կանչերով ու երգերով:

Այս ոգեշունչ տարերքը նաեւ  «Ամբոխները խելագարված»-ի մեջ է, ուստի այն  եւս հայոց պետականության վերականգնման օրհներգ է՝ ներծծված ընդհանուր հեղափոխական տարերքի բարձր ոգեւորությամբ:

Նույն ոգին առկայծում է նաեւ  երեք ռադիոպոեմներում  եւ «Խաղաղության ռադիո» պոեմում: Այս ռադիոն ամենեւին պատահական չէ: 1919 թ. «հոկտեմբերին արդեն վերջացել էր կառուցումը Երեւանի ուժեղ ռադիոկայանի, որ գործում էր մինչեւ  Բասրա, Թաշքենդ ու Հաշտարխան» (ՍՎ, ՀՀ, էջ 353): Երեւանում կառուցված ռադիոկայանը ռադիոկայան է դառնում նա եւ  Չարենցի պոեզիայի համար: Սրանք ամենեւին պատահական զուգադիպություններ չեն: Եվ իզուր չէր Չարենցն աշխարհով մեկ աղաղակում.

Ռադիոկայան է իմ հոգին հիմա

Ամբո՛ղջ աշխարհի ու մարդկանց հանդեպ.

Ու բա՛րձր է, բա՜րձր է կայանն իմ հոգու՝

Մասիսի նման բա՛րձր է ու հաստատ–

Հզո՛ր, ահարկո՛ւ (2, 100): 

Ըստ թուրքական աղբյուրների՝ «Քյազիմ Կարաբեքիր փաշան իր բանակով կատարելապես դեպի համայնավարություն էր գնում»: Մինչեւ  1921թ. գործնական քայլեր էր անում կոմունիստ Մուստաֆա Սուբհին: «Այս փաստերը կասկած չեն թողնում, որ բոլշ եւ իկների  եւ  թուրքերի միջեւ  գոյություն ուներ սերտ բարեկամություն  եւ  գործակցությունե  եւ  պատահական չէ, որ «Թուրքերի հարձակումը Հայաստանի վրա անխառն հրճվանք առաջ բերեց բոլշեւիկների շարքերում» (ՍՎ, ՀՀ, էջ 449, 473):

Կառավարությունը «խիստ օրենքներ սահմանեց դասալիքների դեմ: «…»: Զինվորական նախարարի հրամանով Երեւանի  եւ  Կարսի հրապարակներում  կանգնեցրեց կախաղաններ: «…» այն կարծիքն է տիրում, որ թյուրքերը, առանց որեւէ արգելքի հանդիպելու, հաղթեցին հայերին, որ հայկական բանակը ոչ մի դիմադրություն ցույց չտվեց: Այս կարծիքը արդյունք է բացարձակ տգիտության» (ՍՎ, ՀՀ, էջ 477): 

Այդուամենայնիվ Կարսն ընկավ: «Կարսի անկումից հետո պատերազմի ընթացքը հայերի համար այլեւս դարձավ հուսահատական: Տեղի ունեցավ կառավարության փոփոխություն…» (ՍՎ, ՀՀ, էջ 497):

Վերջին զոհի գիտակցությունը չէր լքում ինչպես զինվորականին, քաղաքական գործիչին, այնպես  եւ  բանաստեղծին: Գնդապետ Մազմանյանի ինքնասպանությունը հուսահատության վերջին ճիչն էր թուրքից ու բոլշեւիկից խաբված զորքի առաջ: Խելագարության պահը էլ ինչպե՜ս պետք է լիներ: Վերջին զոհի նույն զգացողությունն էր համակել բոլոր նվիրյալներին: Ահա  եւ  քաղաքական գործիչի կերպարը: 1920թ. հոկտեմբերին՝ ծանր պարտությունից հետո, Օհանջանյանի կառավարությունը հրաժարական տվեց: Վարչապետի պաշտոնում նորից առաջարկվեց Քաջազնունին. «Քաջազնունին մեծ դժվարությամբ համաձայնեց ընդունել այդ պարտականությունը: «Պարոններ, ասում էր նա, ես գիտակցում եմ, թե ինչ է պահանջվում ինձանից: Դուք զոհ եք փնտրում ալեկոծության մատնված նավը փրկելու համար,  եւ  ուզում եք, որ ես լինեմ այդ զոհը: Եթե այդ է Հայրենիքի փրկության միջոցը  եւ  հայ ժողովրդի կամքը, ես խոնարհում եմ նրա առջեւ» (ՍՎ, ՀՀ, էջ 487): Ազգային համաձայնության կառավարություն կազմելու Քաջազնունու փորձերը ձախողվում են, նա ներկայացնում է հրաժարական  եւ  իր կողմից վարչապետի թեկնածու առաջադրում այդ ժամանակ գյուղատնտեսության  եւ  պետական գույքի նախարար Սիմոն Վրացյանին, ով  եւ  եղավ վերջին վարչապետը՝ կառավարելով 10 օր (23. 10. 1920 – 2. 11. 1920): Այնուհետ եւ . «Զոհ էր պետք  եւ  եթե այդ էր հայ ժողովրդի կամքը, որեւէ մեկը իրավունք չուներ հրաժարվելու: Վրացյանը ստիպված եղավ ընդունելու այդ տարապայմանորեն ծանր պարտականությունը» (ՍՎ, ՀՀ, էջ 488):

Ահա երկու ծայրակետեր. մի կողմից՝ ազգային զոհի գիտակցությունը, մյուս կողմից՝ դավաճանությունն ազգային գործին  եւ  դասալիքների համար նախատեսված կախաղանները, Չարենցի մեջ միավորվում  եւ  ծնունդ են տալիս «Մահվան տեսիլ» բանաստեղծությանը: Պատմական իրողությունները վերածվում են ոգու կանչի: Ահա այդ բանաստեղծությունն ամբողջությամբ, որից մեկ տող անգամ անհնար է կրճատել.

Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝

Դողում է սիրտս կարոտով մի ահարկու,

Կարոտներիս գագաթն է այն՝ վերջի՜ն քնար,–

Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու:

Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես

Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի–

Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ

Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի:

Կանգնել են, լուռ, իրար կքած, փայտեր երկու, 

Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն, 

Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում

Անբոց մորմոքը նայիրյան իմ ո՜րբ հոգու:

Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,

Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,

Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան

Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող:

Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,

Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,

Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ–

Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա:

Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան–

Ու լուսավոր առավոտները իմ հոգու

Ո՞վ դարձրեց – մի անկրակ իրիկնաժամ,

Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտե՛ր երկու:

Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար

Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,

Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար

Լուսապսակ, պայծառ գալիքը Նայիրի…

Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,

Իմ երգիչի երազներով ու հրերով,

Անհրապույր իմ օրերի երգով մթար

Ու նայիրյան իմ երազի վերջին սիրով, –

Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,

Որպես ուրու հալածական, որպես տեսիլ–

Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ

Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր…

Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,

Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.

Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,

Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:

Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի,

Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,–

Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,

Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա (1, էջ 324-325): 

Խորհրդայնացմանն անմիջապես հաջորդեց Հեղկոմի իշխանությունը, իր ցանցը հյուսեց չեկան,  եւ  ինչ թուրքեր չէին հասցրել, շարունակեցին հայ բոլշեւիկները: Չեկայի առաջին գործը եղավ նախկին ղեկավարների՝ վարչապետերի, նախարարների, խորհրդարանի պատգամավորների, խմբապետերի ձերբակալությունը՝ Հ. Օհանջանյան, Ա. Սահակյան, Ռ Չիլինգարյան  (Ռ. Դարբինյան), Հ. Տեր-Դավթյան, Վ. Նավասարդյան, Վ. Բաբալյան (նոր էր ազատվել թուրքական գերությունից), Գ. Վարշամյան, Բ. Իշխանյան, Համազասպ  եւ  ուրիշներ: Դեկտեմբերի վերջին Բաքու աքսորվեցին 70 առաջնակարգ սպաներ: Հունվարի 10-ին զինակիցների հետ Ռուսաստան աքսորվեց Դրոն, հոնվարի 24-ին նույն ճանապարհով ուղարկեցին 1200 զինվորականի, որոնց մեջ էին ազգային բանակի սյուները՝ սպարապետ Նազարբեգյանը, զորավարներ Սիլիկյանը, Հախվերդյանը, Ղամազյանը: Սկսվեցին բռնագրավումները, այլ կերպ՝ թափ առավ ալան-թալանը. «Գրավում էին ամեն ինչ – բնակարան, կարասիներ, հագուստ, ուտելիք, ձի, տավար, հավ ու հավկիթ, մինչ եւ  իսկ թել ու ասեղ: Ժողովուրդը Ռուսաստանից էր սպասում օգնություն, այժմ իրենից էր խլվում հացի վերջին պատառը  եւ  ուղարկվում Ռուսաստան» (ՍՎ, ՀՀ, էջ 511):

Այս ամենի անդրադարձը նաեւ  Չարենցի հրամանագրերում է ու պաշտոնական գրությունների մեջ (տես ԳՄ, էջ 195-217):

Այս պայմաններում բռնկվեց փետրվարյան ապստամբությունը: Սկսվեց 18-ին, Երեւանում լռեցվեց ապրիլի 2-ին, ծայրամասերում հուլիսի 10-ին: Այս ընթացքում իշխանությունն անցավ Հայրենիքի փրկության կոմիտեին, որի նախագահը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանն էր:

1921թ. ապրիլի 2-ին ապստամբությունը ճնշվեց: «Ռուս զինվորների սվինների պաշտպանությամբ» Արտաշատից ամոթահար Երեւան վերադարձավ Հեղկոմը: «Կարելի է երեւակայել բոլշեւիկյան սարսափը, որ մարդիկ ապաստան էին խնդրում թյուրքից»» (ՍՎ, ՀՀ, էջ 562):

Անկախության կորուստը վավերացվեց Կարսի խորհրդաժողովում (26. 09.– 13. 10. 1921), որտեղ թուրքերի պահանջով վավերացվեց Մոսկվայի ռուս-թուրքական դաշնագիրը (16. 03. 1921): Հաջորդում է «Լոզանի անարգ դաշնագիրը» (ՍՎ, ՀՀ, էջ 568)  եւ  իսպառ մոռացնել տալիս Սեւրի դաշնագրի հուսադրիչ սպասումը:

Ինչ եղավ՝ 1915-1916թթ. ցարը հետաքրքրվեց հայությամբ  եւ  երկիրն ու ժողովուրդը ոչնչացան, 1920-ին Սեւրի պայմանագրով Վիլսոնը գծեց Հայաստանի սահմանները,  եւ  թուրքը զենքով վերացրեց այդ ծրագրի իրականացման ամենայն հույս:

«Բարեկամները» «մտահոգվեցին», թուրքը հարցերը լուծեց:

Հետո եկավ Ալեքսանդր Մյասնիկյանը, ձեւավորվեց նոր Հեղկոմ, երկիրն ընկավ քաղաքական նոր հոսանքի մեջ. «Ալ Մյասնիկյանը ստանձնելով Հայաստանի Հեղկոմի նախագահությունը, ՆԷՊ-ի շրջանին հատուկ համեմատաբար ավելի մեղմ  եւ  շինարար քաղաքականություն հետեւեց երկրում՝ իրեն գործակից ունենալով Ս. Սրապիոնյան-Լուկաշինի  եւ  Ս. Տեր-Գաբրիելյանի նման ավելի լուսամիտ  եւ  անպայման ավելի հայրենասեր բոլշեւիկներ: Հայաստանի ժողովուրդը մի պահ ազատ շունչ քաշեց  եւ  նվիրվեց շինարարության: Պարսկաստանից վերադարձավ  եւ  տարագրված մտավորականության մի մասը՝ ակադ. Ա. Թամանյանի գլխավորությամբ» (ՍՎ, ՀՀ, էջ 567): Այս վերաբերմունքը՝ «ավելի լուսամիտ  եւ  անպայման ավելի հայրենասեր»  գնահատանքով, անհետեւանք չէր անցնելու՝ Մյասնիկյանը պետք է դառնար կազմակերպված ինքնաթիռային աղետի զոհ, իսկ Լուկաշինին ու Տեր-Գաբրիելյանին 1937-ը պետք է հոշոտեր:

Չարենցը սգաց Մյասնիկյանի կորուստը, Թուրքիային՝ իր վարած երկերեսանի քաղաքականության համար համարեց «Միջազգային պոռնիկ»,  եւ  նշված քաղաքական գործիչների հետ մեկտեղ դարձավ ստալինյան հալածանքների զոհ:                                                             

                                                                  ***

Ինչպես պատմությունը, այնպես  եւ  գեղարվեստը Առաջին համաշխարհային պատերազմի տեսադաշտում են: Ըստ պաշտոնական տվյալների՝ ռուսական բանակ էր զորակոչված երկու միլիոն հաշվվող ռուսահայության 13 տոկոսը, ավելի քան 250000: Ընդհանուր պատերազմի մեջ դաշնակից ուժերի շարքում զենքի էր կոչված ավելի քան 300000 հայ:

1914 թ. հունվարի 26-ին Թուրքիայի մեծ վեզիր Սայիդ Հալիմը  եւ  Պոլսում Ռուսաստանի ներկայացուցիչ Գուլկեւիչը ստորագրեցին բարենորոգումների ծրագիր, ըստ որի՝ «Հայկական վեց վիլայեթներին պիտի կցվեր Տրապիզոնի նահանգը  եւս» (ՍՎ, ՀՀ, էջ 5): Այդ տարածքը պետք է բաժանվեր երկու մարզպանությունների. առաջինի մեջ պիտի մտնեին Էրզրումի, Տրապիզոնի, Սվազի վիլայեթները, երկրորդի մեջ՝ Վանի, Բիթլիսի, Խարբերդի, Տիգրանակերտի: Վերահսկիչները պետք է լինեին եվրոպացիներ, թեկնածուներին պետք է նշանակեր Բարձր Դուռը:

Այս առաջարկությունն արվել է Ռուսաստանի պնդումով: Գերմանիան հրաժարվել է այդ ծրագրից: Հայ կամավորական խմբերի քաղաքական նշանակությունն այդ ծրագիրը կյանքի կոչելն էր, որ նշանակում էր՝ Ռուսաստանի հովանու ներքո ինքնավարություն վեց վիլայեթներին  եւ  նրանց անբաժան մաս հայաբնակ Կիլիկիային:

Կամավորական խմբերն սկզբում չորսն էին՝ Անդրանիկ, Քեռի, Դրո, Համազասպ: Ավելացավ հինգերորդը՝ գնդապետ Ջանփոլադյանի գլխավորությամբ: 1915-ի գարնանը Քեռիի, Դրոյի, Համազասպի խմբերը միավորվեցին Արարատյան ջոկատի մեջ՝ Վարդանի հրամանատարությամբ, «որ Վանի գրավման գլխավոր ուժը հանդիսացավ» (ՍՎ, ՀՀ, էջ 10): 1915-ին կազմավորվեց իշխան Հովսեփ Արղությանի խումբը: Խմբերի թիվը հասավ 7-ի, որոնք 1916-ին «վերակազմվեցին հայկական հրացանաձիգ գնդերի  եւ  մտցվեցին ռուսական կանոնավոր բանակի մեջ» (ՍՎ, ՀՀ, էջ 10): Հայ կամավորական խմբերի կարգադրիչ մարմինը՝ Արմեն Գարո, Սիմոն Վրացյան, Հակոբ Զավարյան, Ռոստոմ Զորյան, Աբրահամ Գյուլխանդանյան, Հովսեփ Արղության, Նիկոլ Աղբալյան: Կարեւոր մի դիտարկում. «Ռուս քաղաքականությունը փոխվում էր հայերի վերաբերմամբ,  եւ  հայ կամավորական խմբերը այլեւս պետք չէին» (ՍՎ, ՀՀ, էջ 10):

Սա ռուսական խորամանկ քաղաքականությունն էր՝ հայկական հարցը շահարկելով՝ ներկայացնել իր ռազմատենչ ծրագիրը, որով բնականորեն թուրքերին պետք է գրգռեր հայերի դեմ  եւ  իրականացներ իր վաղնջական ցանկությունը՝ Հայաստանն առանց հայերի:

Այդ ծրագիրն ավելի բորբոքվեց, երբ դեկտեմբերի առաջին կեսին Թիֆլիս այցելեց Նիկոլայ Բ.-ն  եւ  հայության ջերմ խանդաղատանքի պայմաններում իրեն ներկայացած հայոց վեհափառ Գեւորգ Ե.-ի միջոցով հայտարարեց. «Ռուսաստանը պատերազմից հետո խոստանում է ապահովել Թյուրքահայաստանի ինքնավարություն Ռուսաստանի հովանավորության ներքո» (ՍՎ, ՀՀ, էջ 11):

Այս խոստումների ներքո տեղահանությամբ ու ջարդերով թուրքերն իրականացնում էին ցեղասպանությունը: Ռուսներն առաջանում էին ու նահանջում, որի ընթացքում «իսպառ քարուքանդ եղան  եւ  իթթիհատական դահիճներից ազատ մնացած Ալաշկերտն ու Վասպուրականը» (ՍՎ, ՀՀ, էջ 12):

Այս ամենի կենդանի հայելին Չարենցի «Դանթեական առասպել» (1915-1916) պոեմն է՝ Մեռած Քաղաքի, այսինքն՝ Վանի հրդեհված տների, սրածված ժողովրդի պատկերներով: Ինքն է՝ որպես կամավոր կամավորական խմբի մեջ  եւ  ժաղովրդի մոտիկ օրերի արյունոտ պատմությունը:

Թյուրքահայաստանի նահանգների պարպումից հետո հետզհետե փոխվեց նաեւ  վերաբերմունքը հայերի հանդեպ. «1916 թվին այլեւս «հայկական ինքնավարության» մասին խոսք չէր լսվում. կամավորական խմբերը լուծարվեցին: Կովկասում իշխում էր մեծ իշխան (փոխարքա) Նիկոլայ Նիկոլայեվիչը՝ հակահայ քաղաքականության ներշնչողներից մեկը (ՍՎ, ՀՀ, էջ 14):

1916 թ. գարնանը Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան  եւ  Ռուսաստանը մշակել էին Թուրքիայի բաժանման գաղտնի ծրագիր, ըստ որի՝ հայկական տարածքները պիտի բաժանվեին Ռուսաստանի (Էրզրում, Վան, Բիթլիս, Տրապիզոն)  եւ  Ֆրանսիայի (Կիլիկիան մինչեւ  Խարբերդ, ավելացրած նա եւ  Սիրիան) միջեւ: «Այսպիսով իրականանում էր Գոլիցինների  եւ  Լոբանով-Ռոստովսկիների երազը – Հայաստանն առանց հայերի» (ՍՎ, ՀՀ, էջ 14):

Հայության հույսերը հօդս ցնդեցին: Երկիրն ավերված էր, ժողովուրդը՝ ջարդված, ազգային գաղափարախոսությունն ու դիվանագիտությունն՝ անզոր: «Եվ ո՞վ գիտե ի՞նչ կլիներ վախճանը, եթե վրա չհասներ հրաշքը –1917 թվի փետրվարի 28-ին, անսպասելի կերպով պայթեց Ռուսական Մեծ Հեղափոխությունը» (ՍՎ, ՀՀ, էջ 16): Վրացյանը շարունակում է. ինչպես ամբողջ ինքնակալությունը, այդպես  եւ  ամբողջ Անդրկովկասը «խելահեղ ոգեւորությամբ տոնեց բռնապետության անկումը», որովհետեւ  այդ ալիքը «սրբեց-տարավ  եւ  կովկասյան սատրապներին» (ՍՎ, ՀՀ, էջ 24, 17):

Ինչպես քաղաքական գործիչը՝ այս դեպքում Վրացյանը, այնպես  եւ  բանաստեղծը՝ այս դեպքում Չարենցը, ազգային նույն մտահոգությամբ հեղափոխության հանդեպ նույն հավատն էին տածում (.Ողջակիզվող կրակ» շարքը): Նույն ոգեւորությունն ապրեց նաեւ  Տերյանը (1917-1920 թթ. առանձին բանաստեղծություններ):

Պատմական իրադարձությունները հաջորդում են իրար: Ժամանակավոր կառավարությունը մարտի 9-ի որոշմամբ Անդրկովկասի համար ստեղծում է Հատուկ Անդրկովկասյան Կոմիտե»՝ ОЗАКОМ, ՕԶԱԿՈՄ: Գրավյալ տարածքները ենթարկվում են Ժամանակավոր կառավարությանը:

Առաջին ոգեւորությունը նաեւ  գործնական արդյունք է տալիս. «Կարճ ժամանակում Թուրքահայաստանը, մանավանդ Վասպուրականի  եւ  Տարոն-Տուրուբերանի շրջանները վերակենդանացան» (ՍՎ, ՀՀ, էջ 26): Գյուղերը վերանորոգվում էին, ռուսներն օժանդակում էին հայերին, թշնամանքը վերանում էր: Ազգային ոգին նորից վերելքի վրա էր: Ըստ ՀՅԴ-ի պահանջների՝ «Ազատ Հայաստանը բովանդակելու է հայկական վեց վիլայեթները  եւ  Կիլիկիան»:

Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո ռազմաճակատների համար առաջարկվեց հակառակորդ զինվորների «եղբայրացման սկզբունքը»  եւ  կողմերին առաջարկվեց անցնել բանակցությունների (ՍՎ, ՀՀ, էջ 52): Այս անցումը հայ գրողներից լավագույն դրսեւորում է ունեցել Ստեփան Զորյանի «Ջրհորի մոտ» պատմվածքում, որտեղ ավստրիական ճակատում ռուս  եւ  գերման զորքերն էին դիմակայված: Ծարավը, հակառակորդ զինվորների դիրքերի միջեւ  գտնվող ջրհորը եղբայրացման է տանում հակառակորդ ուժերին: Իսկ գլխավոր հերոսը Լոռու կողմերից «Ավստրու ճակատը, հասած Բաղդասարն էր: Արեւմտյան ճակատում, որտեղ Զորյանի Բաղդասարն էր, կար 80000 հայ զինվոր:

1918-1921 թթ. պատմական ժամանակաշրջանը համակողմանիորեն արտացոլված է Զորյանի ժառանգության մեջ՝ «Ցանկապատ, (1923), «Պատերազմ» (1925) պատմվածքների ժողովածուները, «Հեղկոմի նախագահը» (1923), «Գրադարանի աղջիկը» (1925) վիպակները, «Ամիրյանի ընտանիքը» (գրվել է 1921-ին, տպագրվել 1969-ին) վեպը:

Ի տարբերություն փետրվարյան հեղափոխության «Հոկտեմբերյան հեղաշրջումը Թիֆլիսում հանդիպեց խիստ բացասական վերաբերմունքի: «…»: Անդրկովկասը հենց առաջին օրից բացասական դիրք բռնեց խորհրդային իշխանության վերաբերմամբ» (ՍՎ, ՀՀ, էջ 53):

ՕԶԿՈՄ-ին փոխարինեց տեղական իշխանությունը՝ նախ Անդրկովկասյան Սեյմը, այնուհետ եւ՝ Անդրկովկասյան Կոմիսարիատը: Անդրկովկասի կոմիսար է նշանակվում Ստեփան Շահումյանը:

Ռուս զինվորները, լսելով, որ Լենինը հողը տալիս է գյուղացիներին, արագորեն լքում են ճակատը, որպեսզի գնան  եւ  ստանան իրենց բաժինը: Հեռացող ռուսները տեղերում դիմում էին հերթական տնաքանդության՝ հայ ազգաբնակչությանն ստիպում են հեռանալ իրենց հետ:

Այս պահը՝ դեպի Վան  եւ  նորից հեռացում Վանից, առկա է Մահարու «Պատանեկություն» վիպակում: Նահանջող ռուս զորքերը ենթարկվում են մահմեդականների բռնություններին՝ կանգնեցնում են գնացքները, թալանում ամբողջ զինամթերքն ու զինվորների ունեցվածքը:

Նահանջողների մեջ էին նաեւ  հայ զինվորները: Նահանջող հայկական ուժերի միջոցով Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ ձեւավորվեց հայկական կորպուս: Դեռեւս պահպանվել էին Վանի, Սասունի, Երզնկայի գնդերը: Ռուսական հարավային ճակատի երկարությունը 500 կմ էր՝ Սեւ  ծովից՝ Տրապիզոնից մինչեւ  Վան: Լքվող դիրքերում, ինչպես կասեր Չարենցը  եւ  կպատկերեր «Երկիր Նայիրի» վեպում, վերահաստատվում էր «դարավոր ոսոխը»: Ընկնում են Երզնկան, Էրզրումը, Կարսը:

Շարունակելի

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03