1918թ. մայիսյան հերոսամարտերում հաղթանակի եւ Հայաստանի Հանրապետության հռչակման պատմական խորհուրդը

24.05.2018 15:25
1437

Լուսանկարում՝ Արամ Մանուկյան

1918թ. հունվարին, օգտվելով ռազմաճակատի կազմալուծումից, թուրքական զորքերը Վեհիբ փաշայի հրամանատարությամբ խախտեցին Երզնկայի զինադադարը եւ անցան հակահարձակման: Ռուսական զորքը, Արեւմտյան Հայաստանում թողնելով ահռելի քանակությամբ զինամթերք, արագորեն սկսեց հեռանալ: Մեծ զոհերի գնով գրաված հսկայածավալ Արեւմտյան Հայաստանում թուրքերի դեմ մեն-մենակ հայտնվեցին հայ կամավորները: Վերջիններս տեղտեղ փորձեցին դիմադրություն կազմակերպել Երզնկայում` Սեբաստացի Մուրադը, Բաբերդում` Սեպուհը, Քղիում` Թուրիկյանը: 1918թ. հունվարին Կովկասյան բանակի հրամանատարությունը Անդրանիկին շնորհեց գեներալի կոչում եւ նշանակեց ռազմաճակատի հրամանատար:

Անդրանիկը ժամանեց Ալեքսանդրապոլ, որտեղ ապարդյուն անցան կամավորներ հավաքագրելու նրա փորձերը: Ապա նա անցավ Կարս, փետրվարի 10-ին ժամանեց Էրզրում` փորձելով այն դարձնել ուժեղ ամրոց: Արյունալի մարտեր մղելով բազմաթիվ գաղթականների հետ` Մուրադը Երզնկայից նահանջեց Դերջան, ապա` էրզրում։ Անարդյունք եղան նաեւ Քղիում թուրքերին եւ քրդերին կանգնեցնելու Թուրիկյանի ջանքերը։

Հայերի ռազմական անհաջողությունները պայմանավորված էին նաեւ միջազգային անբարենպաստ իրադրությամբ։ Թուրքերի ճնշման տակ Անդրկովկասի վրաց եւ ադրբեջանական քաղաքական ուժերը երկրամասը Ռուսաստանից անջատելու նոր քայլ կատարեցին։ 1918թ. փետրվարի 10-ին Թիֆլիսում գումարվեց Անդրկովկասյան սեյմը, ուր ներկայացված էին 32 մենշեւիկներ, 30 մուսավաթականներ, 27 դաշնակցականներ եւ տասնյակ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Սեյմի նախագահ ընտրվեց Չխեիձեն։ Սեյմը դարձավ Անդրկովկասի դաշնային հանրապետության իշխանության նոր մարմին` փոխարինելով կոմիսարիատին։ Հայ դաշնակցականները՝ Հովհ. Քաջազնունին, Ալ. Խատիսյանը, Խ. Կարճիկյանը եւ ուրիշներ, դեմ լինելով Ռուսաստանից անջատվելուն, մտան սեյմի մեջ` թուրքերի դեմ միայնակ չմնալու համար։ Մինչդեռ թուրքերը շարունակում էին անարգել առաջանալ։ Նրանք փետրվարին գրավեցին Դերջանն ու Բաբերդը, մարտի սկզբին՝ էրզրումը, որտեղից Անդրանիկը նահանջեց Կարս` չստանալով օգնական ուժ։

Այս ամենին գումարվեց Բրեստ-Լիտովսկում 1918թ. մարտի 3-ին խորհրդային Ռուսաստանի եւ գերմանաթուրքական բլոկի միջեւ կնքված չարաբաստիկ պայմանագիրը, որով բոլշեւիկյան կառավարությունը հրաժարվում էր Արեւմտյան Ուկրաինայից, Արեւմտյան Բելոռուսիայից եւ Մերձբալթիկայից` հօգուտ Գերմանիայի եւ Արեւմտյան Հայաստանից` հօգուտ Թուրքիայի։ Ավելին, փաստորեն թուրքերին էր տրվում նաեւ Կարսի մարզը, որը 1878 թվականից Ռուսաստանի կազմում էր։

Անդրկովկասյան սեյմը չճանաչեց Բրեստ-Լիտովսկի թալանչիական պայմանագիրը եւ 1918թ. մարտին Տրապիզոնում առանձին բանակցություններ սկսեց թուրքերի հետ։ Սեյմի պատվիրակության (նախագահ` Ա.Չխենկելի) 12 անդամներից 7-ը մահմեդականներ էին։ Ուստի շուտով դրսեւորվեց վերջիններիս թուրքամետ դիրքորոշումը։ Ադրբեջանցի պատվիրակները, ընդառաջ գնալով իրենց թուրք եղբայրների թալանչիական պահանջներին, գտնում էին, որ պետք է ճանաչել Բրեստ-Լիտովսկու պայմանագրով նախատեսված հողերի անցումը Թուրքիային։ Վրաց պատվիրակները թեեւ դեմ էին Արեւմտյան Հայաստանի եւ Տրապիզոնի անցմանը Թուրքիային, սակայն իրականում ոչ մի լուրջ քայլ չէին կատարում թուրքերի առաջխաղացումը կասեցնելու ուղղությամբ։ Պատահական չէ, որ վրացի գեներալ Օդիշելիձեի դավաճանության պատճառով եւ Չխենկելու հրամանով 1918թ. ապրիլի 11-12-ին, գրեթե առանց կռվի, թուրքերին հանձնվեց բավականին լավ ամրացած Կարսի բերդը։ Բանակցությունները Տրապիզոնում արդյունք չտվեցին, եւ Սեյմի պատվիրակությունը վերադարձավ Թիֆլիս։

Ստեղծված իրադրության մեջ պարզ էր դառնում, որ թուրքերը չեն բավարարվելու Բրեստ-Լիտովսկով նախատեսված հողերի բռնագրավմամբ եւ ներխուժելու են նաեւ բուն Արեւելյան Հայաստան՝ այն գրավելու եւ իրականացնելու հայ բնակչության ոչնչացումը։ Այդ ժամանակ Երեւանում հայրենիքի պաշտպանության գործն իր վրա վերցրեց 1915թ. Վանի հերոսամարտի ղեկավար Արամ Մանուկյանը, որը 1917թ. դեկտեմբերի վերջից գլխավորում էր Երեւանի ազգային խորհուրդը։ Շուտով Արամը ստացավ դիկտատորի լայն լիազորություններ` իր ձեռքը կենտրոնացնելով Արեւելյան Հայաստանի ռազմական եւ վարչական իշխանությունը։ Նա Երեւան հրավիրեց մի շարք նշանավոր զինվորականների` Մ.Սիլիկյանին, Դ. Բեկ-Փիրումյանին, Դրոյին, Ն.Ղորղանյանին եւ այլոց։ Արամը կարողացավ կարգ ու կանոն հաստատել Երեւանի նահանգում, սանձել ավազակային խմբերը, կազմակերպել զինական ուժեր եւ ուղարկել ռազմաճակատ։ Իրադրությունը Անդրկովկասում շարունակում էր ավելի վտանգավոր դառնալ։ Թուրքերի ճնշման տակ սեյմը 1918թ. ապրիլի 9(22)ին վրաց մենշեւիկների եւ ադրբեջանցի մուսավաթականների ջանքերով ընդունեց որոշում` Անդրկովկասը Ռուսաստանից անջատելու մասին։ Սեյմի հայ պատվիրակությունը, որ դեմ էր այդ որոշմանը, մնաց փոքրամասնություն։ Երկրամասի անջատումը Ռուսաստանից ավելի անկաշկանդ դարձրեց թուրքերի նվաճողական ձեռնարկումները։

Անցնելով Ախուրյան գետը՝ թուրքական հորդաները մայիսի 15-ին ներխուժեցին Ալեքսանդրապոլ։ Այստեղ եւս բավականաչափ ուժեր կային թշնամուն դիմադրելու համար։ Սակայն սեյմի ղեկավարությունը կարգադրեց քաղաքը հանձնել թուրքերին։ Ալեքսանդրապոլի զավթումից հետո թուրքական ,Կարսե զորամիավորումը 4 ուղղություններով սկսեց առաջանալ Արեւելյան Հայաստանի խորքերը։ Թուրքերի 3-րդ եւ 4-րդ բանակային զորախմբերը հրաման էին ստացել Արարատյան դաշտով մտնել Երեւան։ Մայիսի 21-ին այդ զորախմբերը գրավեցին Սարդարապատ գյուղն ու կայարանը։ Վտանգը կախվեց էջմիածնի ու Երեւանի վրա, որտեղ բազմահազար արեւելահայերի հետ ծվարել էին հարյուր հազարավոր արեւմտահայ գաղթականներ։ Երեւանի անկումը կնշանակեր թուրքերի ձեռնարկած 1915թ. ցեղասպանության ավարտ, հայ ժողովրդի իսպառ ոչնչացում։

Այս օրհասական ժամին խոսեց հայ ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը։ Վերջ տրվեցին միջկուսակցական տարաձայնություններին, համախմբվեցին բոլոր ուժերը։ Արամ Մանուկյանը գեներալ Թովմաս Նազարբեկյանին լիազորեց ստանձնելու հայկական զորքերի հրամանատարությունը։ Վերջինս էլ գեներալ Մովսես Սիլիկյանին նշանակեց Երեւանյան ուղղությունը պաշտպանող զորաջոկատի հրամանատար։ Սարդարապատի շրջանում ռազմական գործողությունների անմիջական ղեկավար դարձավ արցախցի գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանը։ Վերջինիս ազգական Պողոս ԲեկՓիրումյանը գլխավորեց կամավորներից կազմված «Մահապարտների գունդը»։ Սարդարապատում հայկական զորքերի դեմ դուրս բերվեց թուրքական 15 հազարանոց զորաբանակ` Շեւքի փաշայի հրամանատարությամբ։

Մայիսի 22-ին հայերն անցան հակահարձակման եւ հուժկու հարվածով ոչնչացրին Ղամշլու (Եղեգնուտ) գյուղի շրջանում կենտրոնացած թուրքական ուժերը` ազատագրելով մեկ օր առաջ գրավված Սարդարապատը։ Թուրքերը նահանջեցին եւ նոր դիրքեր բռնեցին Արաքս կայարանի շրջանում։ Այս հաղթանակը ոգեւորեց հայկական ուժերին։ Տարբեր տեղերից սկսեցին ժամանել նորանոր ջոկատներ։ Մարտիկների առջեւ ելույթ ունեցավ Մ.Սիլիկյանը՝ հիշեցնելով Ավարայրի հերոսներին, եւ որ նահանջել չի կարելի, քանզի թիկունքում Սուրբ էջմիածինն է։ Համանման ճառ արտասանեց նաեւ Թ.Նազարբեկյանը. «Մեր ապագան մեր ձեռքին է, կամ կհասնենք նրան պայքարով, կամ երբեք մենք եւ մեր սերունդները չեն տեսնի այն»։

Մինչեւ մայիսի 27-ը տեւած արյունալի մարտերից հետո հայկական ուժերը թշնամուն ետ շպրտեցին մինչեւ Արաքս կայարանը։ Ապարանի ուղղությամբ հայկական ուժերին շրջանցելու եւ թեւերից հարվածելու թուրքերի 9-րդ դիվիզիայի ջանքերն անցան ապարդյուն։ Դա տեղի ունեցավ շնորհիվ ԲաշԱպարանի ուղղությամբ հայկական զորքերի հաջող գործողությունների։ Բաշ-Ապարանի շրջանում աչքի ընկավ Դրաստամատ Կանայանը։ Հերոսաբար զոհվեց հայտնի կամավորական Զեմլյակը։ Մայիսի 27-29-ի ընթացքում Բաշ-Ապարանի տակ թշնամին գլխովին ջախջախվեց եւ ետ շպրտվեց։ Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի շրջանում կրած պարտությունների վրեժը թուրքերը փորձեցին հանել Մեծ Ղարաքիլիսայում։ Այս ուղղությամբ թուրքերը ձգտում էին ճեղքել դիմադրությունը եւ դուրս գալ դեպի Թիֆլիս։ Մեծ Ղարաքիլիսայի մարտերում մայիսի 24-28-ին աչքի ընկան գնդապետներ Բեյ Մամիկոնյանը, Ն.Ղորղանյանը, Գ. Նժդեհը։ Միայն մայիսի 30ին մեծ կորուստների գնով թշնամին կարողացավ ներխուժել Ղարաքիլիսա։ Այնուհանդերձ մայիսյան հերոսամարտերն ավարտվեցին թշնամու ջախջախմամբ։ Տալով 3500 զոհ` թուրքերը նահանջեցին դեպի Ալեքսանդրապոլ։ Մայիսյան հերոսամարտերում, որոնք հայոց պատմության ամենապայծառ էջերից են եւ հայ ժողովրդի գոյատեւման հզորագույն գրավականը, աչքի ընկան նաեւ հեծյալ ջոկատի հրամանատար Հովհ. Բաղրամյանը, կապիտան Դոլուխանյանը, գրող Ա.Բակունցը, լեզվաբան Գր. Ղափանցյանը, ռուս զինվորականներ` Պերեկրեստովը, Սիլինը, հույն Սակելարին, բազմաթիվ հոգեւորականներ՝ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանի գլխավորությամբ եւ ուրիշներ։

Մայիսի 26-ին սեյմի վրաց մենշեւիկյան խմբակցությունը հանդես եկավ սեյմը լուծարելու եւ վրացական անկախ պետություն հռչակելու հայտարարությամբ։ Սեյմը ցրելու առաջարկությունը պաշտպանեցին մուսավաթականները, որոնք էլ մայիսի 27ին հռչակեցին իրենց պետականության ստեղծումը Գյանջա (Գանձակ) մայրաքաղաքով (Բաքուն այդ ժամանակ գտնվում էր սովետների ձեռքին` Ստ.Շահումյանի գլխավորությամբ)։ Սեյմի փլուզումից վերջնականապես պարզ դարձավ, որ հայերը մենմենակ են մնում թուրքական ագրեսիայի առջեւ։ Վրացիները ստացան Գերմանիայի, իսկ ադրբեջանցիները` Թուրքիայի աջակցությունը։ Սեյմի հայ պատվիրակները բողոք ներկայացրեցին Վրաստանի նորակազմ կառավարության նախագահ Նոյ ժորդանիային։ Վերջինս ցինիկորեն պատասխանեց. «Դուք` հայերդ, խեղդվում եք, մենք պարտավոր չենք ձեզ հետ խեղդվել»։

Մայիսի 28-ին Ազգային խորհուրդն ընդունեց որոշում անկախ պետություն ստեղծելու մասին։ Ազգային խորհրդի նախագահ Ավետիս Ահարոնյանը հրապարակեց Նիկոլ Աղբալյանի ձեռքով գրված Հայաստանի անկախության հռչակագիրը, որը տպագրվեց մայիսի 30-ին։ Նրանում մասնավորապես ասվում էր. «Ի նկատի ունենալով, որ Վրաստանի եւ Ադրբեջանի անկախության հռչակումով լուծարվում է Անդրկովկասյան դաշնակցությունը, Հայոց ազգային խորհուրդը ժամանակավորապես իր վրա է վերցնում կառավարման ֆունկցիաները հայկական գավառների նկատմամբ»։ Հունիսի 1-ին նոր հայտարարությամբ Ազգային խորհուրդը իրեն հռչակում էր հայկական բոլոր հողերի միակ իշխանություն։ Այսպես` 1045թ. մայր հայրենիքում եւ 1375թ. Կիլիկիայում պետականությունը կորցնելուց հետո հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախությունը։

Նորաստեղծ պետականությունը փրկելու համար անհրաժեշտ էր միջպետական հարաբերություններ հաստատել դարավոր թշնամու՝ Թուրքիայի հետ։ Այդ նպատակով, հետեւելով Անդրկովկասյան հարեւան երկու նորաստեղծ պետությունների օրինակին, ժամանակավոր կառավարության ֆունկցիաներ իրականացնող Ազգային խորհուրդն իր պատվիրակությունն ուղարկեց Բաթում, որտեղ ընթանում էին մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից՝ անդրկովկասյան հանրապետությունների բանակցությունները։ Հայկական կողմը ներկայացրեցին Ալ.Խատիսյանը եւ Հովհ.Քաջազնունին։ Սկզբում թուրքական պատվիրակությունը չէր ուզում բանակցել հայերի հետ։ Սակայն, հավանաբար տեղեկանալով Սարդարապատում կրած իրենց զորքերի անհաջողություններին, հաշվի նստեց նաեւ հայերի հետ։ Հունիսի 4-ին Բաթումում հաշտություն կնքվեց Թուրքիայի եւ առանձինառանձին անդրկովկասյան հանրապետությունների միջեւ։ Թուրքիան ճանաչում էր Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Սակայն հայերին այդ անկախությունը տրվում էր չափազանց թանկ գնով։ Բաթումի պայմանագիրն ավելի ծանր էր, քան Բրեստ-Լիտովսկի հաշտությունը։ Հայաստանը հրաժարվում էր ոչ միայն Արեւմտյան Հայաստանից ու Կարսի մարզից, այլեւ Արեւելյան Հայաստանի մի շարք շրջաններից` Ալեքսանդրապոլի եւ Համամլուի (Սպիտակ) գավառներից, Երեւանի ու էջմիածնի գավառների մի մասից, Շարուր-Դարալագյազի 1/5րդից, Ալեքսանդրապոլ-Նախիջեւան երկաթուղուց (բացի Երեւան-Մասիս 6 վերստանոց հատվածից)։ Հայաստանում տեղակայվելու էին թուրքական կայազորներ։ Թուրքերն իրավունք էին ստանում Հայաստանով զորք տեղափոխել Բաքու, որտեղից պետք է դուրս բերվեին Կոմունան պաշտպանող հայկական ուժերը։ Եվ վերջապես Հայաստանը պարտավորվում էր իր տարածքում զինաթափել հակաթուրքական ավազակային զորաջոկատները։ Վերջինիս անվան տակ թուրքերը նկատի ունեին հատկապես Անդրանիկի ջոկատը։ Այս հանգամանքը դժգոհություն առաջացրեց Անդրանիկի մոտ, եւ նա հեռացավ Զանգեզուր։

Այսպիսի ծանր պայմաններում 12 հազ. քառ. կմ-ի վրա ծնվեց հանրապետությունը, որը, սակայն, աստիճանաբար ամրապնդվեց եւ ուժեղացավ։

1918թ. մայիսի 28-ին հանրապետության հռչակումից հետո առաջնահերթ խնդիրներից մեկը իշխանության մարմինների ստեղծումն էր։ Սկզբում իշխանության ժամանակավոր գործառույթներն իրականացնում էր Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը, որը, թուրքերի կողմից ճանապարհներին հարուցած արգելքների պատճառով (երկաթուղին թուրքերի ձեռքին էր), ինչպես եւ այլ հանգամանքների բերումով, չէր կարողանում Վրաստանից տեղափոխվել Երեւան։ Հայաստանում իշխանության ղեկը շարունակում էր մնալ Երեւանի ազգային խորհրդի ձեռքում` Արամ Մանուկյանի ղեկավարությամբ։ Վերջինս հսկայական գործ կատարեց Երեւանում պետականության հռչակումը նախապատրաստելու եւ նորաստեղծ պետությունն ամրապնդելու ուղղությամբ։ Պատահական չէ, որ Արամը իրավմամբ համարվում է հայոց պետականության վերականգնման հեղինակը։ Նրա ղեկավարած Հատուկ կոմիտեն մինչեւ հուլիսի կեսերը Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի ժամանումը Երեւան, Հայաստանում իրականացրեց ժամանակավոր կառավարության գործառույթները։

1918թ. հուլիսի 19-ին Ազգային խորհուրդը վերջապես ժամանեց Երեւան։ Ազգային խորհուրդների (Թիֆլիսի, Երեւանի) եւ քաղաքական կուսակցությունների համաձայնությամբ կազմվեց իշխանության բարձրագույն մարմին` Հայաստանի խորհուրդ (պառլամենտ, խորհրդարան), որի մեջ մտան ազգային խորհուրդների, տարբեր կուսակցությունների, անկուսակցականների, ազգային փոքրամասնությունների (եզդիներ, ռուսներ, մահմեդականներ) ներկայացուցիչներ, ընդամենը` 46 հոգի (18ը` դաշնակցականներ)։ Հուլիսի 24-ին հրապարակվեց կառավարության կազմը. վարչապետ` ճարտարապետ Հովհ. Քաջազնունի (1868-1937), ներքին գործերի նախարար` Արամ Մանուկյան (1879-1919), արտգործնախարար` Ալեքսանդր Խատիսյան, ֆինանսների նախարար` Խաչատուր Կարճիկյան, զինվորական նախարար` գեներալ Հովհաննես Հախվերդյան եւ արդարադատության նախարար` Գրիգոր Տեր-Պետրոսյան։

Օգոստոսի 1-ին Երեւանում հանդիսավորությամբ բացվեց հայոց առաջին պառլամենտի` խորհրդի (խորհրդարանի) առաջին նստաշրջանը։ Խորհրդի նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ)։ Նստաշրջանը որոշում ընդունեց երկիրը ծանրագույն վիճակից դուրս բերելու ուղղությամբ շուտափույթ քայլեր ձեռնարկելու մասին։ Մինչեւ հիմնական օրենքի՝ սահմանադրության ընդունումը, որոշվեց ժամանակավորապես առաջնորդվել ցարական Ռուսաստանի «Հավաք օրինաց» (օրենքների ժողովածու) օրենքների ժողովածուով։ Մինչեւ տարեվերջ բարելավվեց դատական գործը։ Ստեղծվեց երդվյալ ատենակալների դատարան։ 1919թ. դեկտեմբերի 26-ին խորհրդարանն ընդունեց մի կարեւոր որոշում` հայոց լեզուն պետական ճանաչելու մասին։ Գործավարությունը բոլոր հիմնարկներում այսուհետեւ կատարվելու էր հայերենով։ Ընդունվեց պետական դրոշը` եռագույնը, որը պետք է բարձրացվեր պետական, կառավարական հիմնարկների վրա։ Եռագույնի կարմիրը խորհրդանշում էր հայ ժողովրդի թափած արյունը, երկնագույնը՝ ազատագրված հայրենիքի բաց երկինքը, նարնջագույնը` աշխատանքը (հողի գույնը)։ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի եւ նկարիչ Հակոբ Կոջոյանի ներկայացրած հանրապետության զինանշանը` դրոշակի օրինակով ընդունվեց ժամանակավորապես։ Զինանշանի վրա երկու Մասիսների շուրջ հին հայկական արքայատոհմերի (Արտաշեսյան, Արշակունյաց, Բագրատունյաց եւ Ռուբինյան) զինանշաններն էին, աջ եւ ձախ կողմերում արծվի եւ առյուծի պատկերներ էին, ներքեւում՝ սուրը, գրիչը, հասկերը։ Հանրապետությունում իբրեւ պետական հիմն գործածվում էր «Մեր հայրենիքը»։ Սահմանվեցին շքանշաններ, տոներ։ «Հայրենիքին ծառայության համար», «Վարդան զորավար» եւ այլ շքանշաններ ունենալու մասին որոշումներ ընդունվեցին։

Հանրապետության կառավարությունը մեծ ուշադրություն դարձրեց բանակի ամրապնդման հարցին։ Հին բանակը, որի կորիզը հայկական կորպուսն էր, այլեւս չէր համապատասխանում ժամանակի ոգուն, ուստի կազմացրվեց եւ նոր` 20-25 տարեկանների զորահավաքի հիման վրա կազմվեց հայկական դիվիզիան` Մովսես Աիլիկյանի հրամանատարությամբ։ Մինչեւ 1920թ. բանակի թիվը 10 գնդերում հասավ 25 հազարի։ Սեւանում հիմք դրվեց ռազմական նավատորմին, որի առաջնեկը դարձավ «Աշոտ Երկաթ» ռազմանավը։

Հանրապետությունում մեծ թիվ կազմող արեւմտահայ գաղթականությունը դժգոհ էր, որ իրենց հայրենիքը` Արեւմտյան Հայաստանը, դուրս է մնացել կառավարության ուշադրությունից։ 1918թ. հոկտեմբերի վերջին համաշխարհային պատերազմում Անտանտի երկրներից Թուրքիայի կրած պարտության լուրը ոգեւորություն առաջացրեց հայերի շրջանում։ 1919թ. փետրվարին Երեւանում կայացավ արեւմտահայ գաղթականների համագումար, որն առաջ քաշեց «Միացյալ Հայաստանի» ստեղծման գաղափարը։ Համագումարը գտնում էր, որ այս հանրապետությունը պետք է կոչել Արարատյան հանրապետություն, իսկ Հայաստանի Հանրապետությունն այն է, որը ներառում էր նաեւ Արեւմտյան Հայաստանը։ Ի կենսագործումն այդ պատմական խնդրի` միացյալ Հայաստանի ստեղծման, անկախության տարեդարձի օրը` մայիսի 28ին կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալ. Խատիսյանը, Հայաստանը հռչակեց «Միացյալ, ազատ հանրապետություն»։ Դրանով կառավարությունն իրեն համարում էր նաեւ Արեւմտյան Հայաստանի տերը, եւ Հայաստանը հռչակվում էր միասնական պետություն։

1919թ. հունիսի վերջին անցկացվեցին ընտրություններ` 366 հազ. ընտրողների, քաղաքական 7 կուսակցությունների մասնակցությամբ։ Խորհրդարանի 80 անդամներից 72-ը դաշնակցականներ էին։ 1919թ. օգոստոսի 1-ին բացվեց նորընտիր խորհրդարանը, որը հաստատեց նոր կառավարության կազմը վարչապետ Ալ. Խատիսյանի ղեկավարությամբ։

Հանրապետության ամրապնդման գործընթացը շարունակվեց։ Հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ ինչպես հարեւան, այնպես էլ հեռավոր երկրների հետ։ 1920թ. օգոստոսի 10֊-ին Փարիզի արվարձան Սեւր քաղաքում համաշխարհային պատերազմում հաղթանակած Անտանտի երկրների եւ պարտված Օսմանյան Թուրքիայի միջեւ կնքված դաշնագրով Հայաստանի Հանրապետությանը պետք է միացվեր շուրջ 90 հազ. քառ. կմ տարածք Արեւմտյան Հայաստանի` Վանի, Բիթլիսի, էրզրումի եւ Տրապիզոնի նահանգներից, որով հայոց պետության տարածքը կազմելու էր մոտավորապես 160 հազ. քառ կմ։

Աակայն խորհրդաքեմալական համագործակցության հետեւանքով այս ծրագիրը ի չիք դարձավ։ 1920թ. աշնանը թուրքհայկական պատերազմի եւ դեկտեմբերի 2-ին խորհրդայնացման հետեւանքով կործանվեց Հայաստանի Առաջին հանրապետությունը։ Պետականության մոտ երկուսուկես տարվա կարճատեւ ընթացքում հայ ժողովուրդն ունեցավ լուրջ առաջընթաց։ Երկարատեւ ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց պետականությունը, սկսվեց հայրենադարձություն, ստեղծվեցին իշխանության մարմիններ, բավականին ուժեղ բանակ, հաստատվեց ժամանակի համար կառավարման ժողովրդավարական համակարգ, մարդկանց մեջ վերականգնվեց պետականության զգացումն ու զգացողությունը։ Թեեւ ընկավ հանրապետությունը, սակայն նրա գոյությունն անհետեւանք չմնաց։ Նրա հիմքի վրա բոլշեւիկները պարտավորված ստեղծեցին նոր հանրապետություն՝ Խորհրդային Հայաստանը, որի 70-ամյա պատմության ընթացքում հայ ժողովուրդն ապրեց տնտեսական ու մշակութային մեծ վերելք։ Փաստորեն առաջին հանրապետության հենքի վրա, թեեւ վարչաքաղաքական միայնգամայն այլ համակարգի պայմաններում ստեղծված խորհրդային Հայաստանն էլ հող նախապատրաստեց երրորդ, անկախ հանրապետության ձեւավորման համար: Այս է 100-ամյա հեռավորությունից 1918թ. մայիսյան հերոսամարտերի ու անկախ պետականության հռչակման պատմական մեծ խորհուրդը:

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ

պ.գ.դ., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19