2021-ից հետո կառուցված ինքնակամ շինությունները կարող են օրինականացվել․ նոր նախագիծ

10.06.2026 16:59
385

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ Կադաստրի կոմիտեի կողմից մշակված ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Նախագծերով առաջարկվում է վերանայել ինքնակամ կառույցների հաշվառման և օրինականացման վերաբերյալ գործող կարգավորումները։ Նշվում է, որ 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի անցումային դրույթներով պահպանվել է մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված և սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը։ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Գործող կարգավորումների պայմաններում բացակայում են այն իրավական մեխանիզմները, որոնք որոշակի առանձնահատուկ դեպքերում հնարավորություն կտան գնահատել և օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում հաշվառել և օրինականացնել Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ առանձին կառույցները։

Գործնականում արձանագրվել են այնպիսի դեպքեր, երբ Օրենքի ընդունումից հետո կառուցված ինքնակամ առանձին կառույցների նկատմամբ գործող օրենսդրությամբ օրինականացման հնարավորության բացակայությունը ոչ բոլոր դեպքերում է բխում հանրային շահից։

Նման կառույցների քանդումը կհանգեցնի արդեն իսկ ստեղծված տնտեսական և սոցիալական արժեքի կորստի, մինչդեռ դրանց օրինականացումը՝ համապատասխան պահանջների պահպանման պայմաններում, կնպաստի՝

գույքի իրավական կարգավիճակի հստակեցմանը,

տնտեսական շրջանառության ընդլայնմանը,

հարկային և տեղական բյուջեների եկամուտների ավելացմանը,

անշարժ գույքի հաշվառման համակարգի ամբողջականության ապահովմանը։

Նման կառույցները, իրենց տեխնիկական վիճակով, փաստացի օգտագործմամբ, տնտեսական նշանակությամբ և քաղաքաշինական միջավայրի վրա ազդեցությամբ, կարող են ստեղծել ավելի մեծ հանրային և տնտեսական արժեք՝ օրինականացման և իրավական շրջանառության մեջ ներգրավվելու պարագայում, քան դրանց քանդման կամ իրավական անորոշ կարգավիճակում պահպանման դեպքում։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանել իրավական մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան անհատական գնահատման արդյունքներով և խիստ պայմանների պահպանմամբ դիտարկել օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված որոշ ինքնակամ կառույցների հաշվառման և օրինականացման հնարավորությունը՝ ապահովելով պետության, համայնքի և երրորդ անձանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև քաղաքաշինական և անվտանգության պահանջների պահպանումը։

Ո՞րն է նախագծի նպատակը

Սահմանել ժամանակավոր իրավական կարգավորում՝ հնարավորություն տալով օրենսդրորեն ամրագրված խիստ և բացառիկ պայմանների պահպանմամբ հաշվառել և օրինականացնել օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված այն ինքնակամ կառույցները, որոնք համապատասխանում են անվտանգության, քաղաքաշինական նորմերի և իրավական պահանջներին, միաժամանակ սահմանելով առավել բարձր տեղական տուրքեր:

Ի՞նչ է առաջարկվում

Նախագծերով առաջարկվում է սահմանել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա այն ինքնակամ կառույցների կամ կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների հաշվառման և օրինականացման առանձնահատկությունները, որոնք կառուցվել են օրենքով սահմանված ժամկետից հետո։

Ի՞նչ է նախատեսվում

Նախագծերով նախատեսվում է, որ նշված կառույցները կարող են Կառավարության սահմանած կարգով հաշվառվել և ընդգրկվել Կառավարության հաստատած օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը։

Միաժամանակ սահմանվում են այդ ցանկում ընդգրկման և հետագա օրինականացման համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ համապատասխան լիցենզիա և ներդիր ունեցող անձի կամ կազմակերպության կողմից տրված դրական եզրակացության առկայությունը, իրավասու մարմնի կողմից նախնական գնահատման իրականացումը, ինչպես նաև օրինականացման համար սահմանված տեղական տուրքի վճարումը։

Ներկայացված փաթեթով համապատասխան լրացումներ են կատարվում նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում՝ սահմանելով նշված ինքնակամ կառույցների օրինականացման համար գանձվող տեղական տուրքի տեսակը և դրույքաչափը։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծերի ընդունման արդյունքում կստեղծվի իրավական հնարավորություն՝ օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա առանձին ինքնակամ կառույցների հաշվառման և օրինականացման համար։

Նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն նշված կառույցների հաշվառման, Կառավարության հաստատած ցանկում ընդգրկման և օրինականացման իրավական հիմքերը, ինչպես նաև կսահմանվեն այդ գործընթացում կիրառվող պարտադիր պայմանները։ Արդյունքում կապահովվի գործընթացի իրավական կանխատեսելիությունը, իսկ օրինականացման հնարավորությունը կկապվի կառույցի տեխնիկական վիճակի, քաղաքաշինական նորմերին համապատասխանության, երրորդ անձանց, պետության և համայնքի իրավունքների պահպանման, ինչպես նաև օրենքով սահմանված վճարների կատարման հետ։

Միաժամանակ կապահովվի օրենքների նախագծերով նախատեսվող կարգավորումների փոխկապակցված և համաձայնեցված կիրառումը։

Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման մեջ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի «Ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 14-Ն որոշման մեջ։

Նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանեցումը նախատեսվում է իրականացնել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված ժամկետներում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերը չեն բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

Մինչև ե՞րբ կարելի է դիմել

Նախագծով նախատեսվում է, որ նման ինքնակամ կառույցները կարող են հաշվառվել և ընդգրկվել կառավարության կողմից հաստատվող հատուկ ցանկում մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը։ Միայն այդ ցանկում ընդգրկված շինությունների դեպքում հնարավոր կլինի անցնել օրինականացման գործընթացին։

Կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովում է ինքնակամ կառույցների օրինականացման կարգի համապատասխանեցումը սույն օրենքին, քառամսյա ժամկետում սահմանում է սույն օրենքով նախատեսված ինքնակամ կառույցների հաշվառման կարգը։

ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

21.08.2026 22:19

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ․ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:37

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:35

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Վեհափառին

21.08.2026 19:31

Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

21.08.2026 16:52

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի կարող լիարժեք լինել առանց հայ գերիների ազատ արձակման․ The Washington Times

21.08.2026 16:47

Տաթևի Մեծ անապատում պեղումների ժամանակ վիմագիր արձանագրություն է հայտնաբերվել

21.08.2026 16:42

Եվ Տիրոջ օգնությամբ «Սյունյաց երկրին» հասանելի դարձավ Խուստուփի առասպելական քարայր–ուխտատեղիի մուտքը

21.08.2026 14:55

Անվճար նախապատրաստական դասընթացներ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում

21.08.2026 12:42

Հայաստանը Բաքվում պահվող գերիներին տեսակցելու հարցով դիմել է երրորդ երկրի. ԱԳՆ

21.08.2026 11:39

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Վահրավար գյուղի օրվա կապակցությամբ

21.08.2026 11:02

Մոսկվան կարող է ընտրողական տնտեսական ճնշում գործադրել ՀՀ-ի վրա․ The National Interest

21.08.2026 10:55