Ադրբեջանը շատ կցանկանար հիմա կանգնեցնել պատերազմը, սակայն մենք տեսնում ենք, որ Թուրքիան չի թողնում. Բաբայան

03.10.2020 21:58
2788

Ադրբեջանը շատ կցանկանար հիմա կանգնեցնել պատերազմը, սակայն մենք տեսնում ենք, որ Թուրքիան չի թողնում: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը:

Բաբայանի խոսքով՝ որպեսզի կարողանանք կանխատեսել զարգացումները, պետք է հասկանալ, թե ինչ նպատակ ունի հակառակորդը:  

Նա ընդգծեց՝ Թուրքիան՝ 1920 թ. ի վեր՝ առաջին անգամ բացեիբաց ներխուժել է անդրկովկասյան աշխարհաքաղաքական տարածք ու փաստորեն միջամտում է այդ գործընթացներին. «Նախկինում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, Թուրքիան էլի բացասական դերակատարում ունենում էր՝ օգնում էր Ադրբեջանին բանակ ստեղծել, արցախյան առաջին պատերազմի ժամանակ գրոհայիններ, իրենց գլխավոր շտաբից զինծառայողներ էր ուղարկում»:

ԱՀ նախագահի խորհրդականը նշեց, որ Թուրքիայի օժանդակությունը կար նաեւ Ապրիլյան պատերազմի ժամանակ, սակայն այս ձեւով բացեիբաց, բոլորի առջեւ՝ նույնիսկ անտեսելով ԱՄՆ-ին, ՌԴ-ին, Ֆրանսիային՝ առաջին անգամ է:

«Հարց է ծագում սրանք լրի՞վ խենթացել են, թե՞ ինչ-որ հաշվարկ ունեն: Ինչպե՞ս կարելի է դուրս գալ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Իրանի դեմ, ասել է, թե ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ: Ո՞վ է Թուրքիային պաշտպանում՝ Պակիստանը, Ադրբեջանը, Ուկրաինայի 2 կիսախելագար պատգամավոր, մեկ էլ ինչ-որ երկրների որոշ շրջանակներ, որոնք զենք են մատակարարում: Հետո ինչ է լինելու, ինչու են այդպես անում՝ այս հարցը շատ կարեւոր է»,- ասաց Բաբայանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն այլեւս չի խոսում հակամարտության կարգավորման մասին, կարծիք հայտնում է Թուրքիան: Էրդողանն է որոշում՝ ընդունում է առաջարկը համանախագահների, գնահատական է տալիս Մինսկի խմբի աշխատանքներին. «Կարծում եմ, որ Թուրքիան նման մոտեցումով քայլ առ քայլ սողացող օկուպացիայի է ենթարկում Ադրբեջանին եւ փորձում է նոր իրավիճակ ստեղծել Անդրկովկասում»:

Բանախոսը շեշտեց, որ Թուրքիան անպատիժ չպետք է մնա, քանի որ դա շատ ռիսկային է. «Փաստորեն նա դուրս է գալիս՝ Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի դեմ, որովհետեւ այս երկրները հիմնական թիրախն են պանթյուրքիզմի, նա դուրս է գալիս իր ավագ եղբոր՝ ԱՄՆ-ի դեմ: Գալիս են եւ հարձակվում են այլ երկրի վրա, պատերազմական գործողությունների մեջ է մտնում եւ ՆԱՏՕ-ին տեղյակ չի պահում»: Բաբայանի կարծիքով՝ աշխարհում կարող են լինել մարդիկ, որ ասեն՝ այդ ո՞նց ՆԱՏՕ-ին տեղյակ չի պահել, միգուցե տեղյակ է պահել՝ իրե՞նք են հրահրում: Սակայն ինքը համոզված է, որ այդպիսի բան չի կարող լինել. «Մակրոնը շատ կոշտ արձագանքեց, եւ Թրամփը, Մակրոնը եւ Պուտինը համատեղ հայտարարությամբ հանդես եկան: Սա մարտահրավեր է բոլորին: Սրանով Թուրքիան ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն թուլացել է, ոչ մի բան չի կարող իրեն անել»:

Հարցին՝ հրադադարի կնքումը մո՞տ է, Բաբայանը պատասխանեց. «Մենք պետք է սպասենք հետեւյալին, որ միջազգային հանրության ճնշումն ուժեղանա: Մենք հիմա տեսնում ենք, որ միջազգային հանրության ռեակցիայի առաջին փուլն ավարտվեց, այսինքն առաջին փուլը ուղղակի հայտարարություններն են: Հիմա սկսվել է երկրորդ փուլը՝ արդեն տեսել են, որ հայտարարությունները չեն ազդում: Երկրորդ փուլում արդեն ճնշումներն են»:

Նա ընդգծեց՝ թուրքերն ամեն ինչ անելու են, որ պատերազմը չկանգնի եւ հնարավորինս շատ կորուստներ ունենա Ադրբեջանը: Իսկ եթե Ադրբեջանը շատ կորուստներ ունենա՝ Ալիեւը չի կարող դադարեցնել պատերազմը. «Որովհետեւ հանրությունը նրան կասի՝ այս ի՞նչ ես արել, ինչո՞ւ ես մեզ գցել ավանտյուրայի մեջ: Տվյալ դեպքում նրանց փրկությունը կլինի միայն Թուրքիայի հետ ինչ-որ ձեւով միավորումը»:

Հարցին՝ եթե բանակցային սեղանին վերադառնալու հարց լինի, արդյո՞ք հայկական կողմը նախապայմաններ առաջ կքաշի, Բաբայանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ բանակցային գործընթացը խիստ հրթիռակոծված եւ վնասված է: Այս պահին միայն մի ելք կարող է լինել՝ պարզապես ռազմական գործողության դադարեցում: Այնքան շատ է սթրեսը, որ խոսել բուն բանակցությունների վերսկսման մասին՝ դա արդեն ապագայի խնդիր է: Հիմա կարեւորն այն է, որ ուղղակի վերականգնվի կայունությունը եւ դադարեցվեն պատերազմական գործողությունները՝ զուտ մարդասիրական առումով: Ադրբեջանն ու Թուրքիան բանակցությունները տապալել են, ձեւաչափը ոչնչացրել են, իսկ դրա վերականգնման համար առնվազն պետք է մի քանի տարի»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք հայկական կողմն այս պատերազմում նոր բարեկամներ եւ թշնամիներ ձեռք է բերել, Բաբայանը նշեց. «Ուղղակի մենք պետք է միշտ հասկանանք, թե իրոք ով է մեր իսկական բարեկամը: Խոսողները շատ են, բայց իրական՝ ով կարող է մեծ դերակատարում ունենալ՝ շատ քիչ են: Մենք պետք է մեր բարեկամությունն իսկապես արժեվորենք եւ փայփայենք, ու հասկանանք, որ յուրաքանչյուր «ցուրտ» խոսք անթույլատրելի է բարեկամական եւ եղբայրական երկրների նկատմամբ»,- նշեց նա: Հարցին՝ այս պահին սահմանին առավելությունն ո՞ւմ կողմն է՝ պատասխանեց՝ եթե Թուրքիան ու Ադրբեջանը չեն կարողանում իրենց նպատակին հասնել արդեն պարզ երեւում է, թե ում ձեռքում է:

«Բայց հաշվի առնելով, որ այս պայքարը ոչ միայն հայոց պետականության դեմ է, այլ ավելի լայն աշխարհաքաղաքական պայքար է, ես ակնկալում եմ, որ մոտ ապագայում իրոք մենք կտեսնենք այլ զարգացումներ եւս: Այսինքն՝ որոշ ազդեցիկ երկրներ ավելի ազդեցիկ ճնշում են գործադրելու ագրեսորների վրա»,- ասաց Բաբայանը:

Դիտարկմանը՝ հայտարարությունների մակարդակով շատ բաներ ասվեց, սակայն կարծես թե այն էական ազդեցություն չի թողնում, նա արձագանքեց. «Ես նշեցի, որ առաջին փուլը վերջացել է: Երբեմն բավական է 1 հատ հայտարարություն եւ ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հիմա արդեն սկսում է երկրորդ փուլը: Այն կարող է լինել՝ ճնշումների, պատժամիջոցների տեսքով: Չի բացառվում Արցախի ճանաչումը: Շատ ու շատ խնդիրներ կարող են լինել, որն ազդեցիկ լինի»:

Բաբայանն ընդգծեց՝ ամեն ինչ կախված է նրանից, թե այս կամ այն քայլը կատարելուց կամ նախազգուշացումը տալուց հետո ինչ ռեակցիա է տալիս ագրեսորը: Եթե տեսնում են, որ խանգարում է, փորձում է ոտնահարել գերտերությունների շահերն ու արժանապատվությունը, այս դեպքում պարզ է, որ ավելի ուժեղ է լինելու պատասխանը:

Խոսելով իրավիճակի վերջնական լուծման մասին, խորհրդականը 2 տարբերակ նշեց՝ մեկը համեմատաբար թեթեւ տարբերակն է, որ հիմա պատերազմը կանգնեցվի եւ ստատուս քվոն մնա այնպես ինչպես կա: Մյուսը ծանր սցենարն է.

«Չի բացառվում, որ ավելի երկար շարունակումը կարող է բերել Ադրբեջանում նոր հակամարտությունների ձեւավորմանը, ազգային փոքրամասնությունների ոտքի կանգնմանը: Սա ամենաանկանխատեսելի զարգացումն է եւ մենք չգիտենք ինչ է լինելու»,- նշեց Բաբայանը:

Նա հավելեց, որ եթե Ադրբեջանը միանա Թուրքիային եւ հայտարարեն միավորման մասին՝ սա ինքնին բերելու է պոռթկման ազգային փոքրամասնությունների շրջանում: Իսկ դա ամենաանկանխատեսելի եւ ամենաարյունալի սցենարն է լինելու նույնիսկ Ադրբեջանի համար:

«Կարող է այստեղ ռազմական գործողությունները դադարեն, բայց իրենց երկրում սկսվեն քաղաքացիական բախումները՝ ավելի մեծ չափով»,- եզրափակեց Բաբայանը:

armtimes.com

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25