Ադրբեջանը տպավորություն է ստեղծում, թե սեղանին լինելու են միայն իր առաջարկները, դա չի համապատասխանում Բրյուսելի պայմանավորվածություններին. վարչապետ

11.05.2022 18:56
3118

Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտում «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը: Մասնավորապես, նա մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի իրավունքներն ու վերջին շրջանում ունեցած դժվարությունները:

«Պետք է հաջողությամբ իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որպեսզի Ադրբեջանի հետ մեր երկաթուղիները, ճանապարհները աշխատեն: Մենք խոսակցություն ենք սկսել Թուրքիայի հետ, համաձայնել ենք առանց նախապայմանների սկսել հարաբերությունների կարգավորման փորձ: Առանց միջազգային հանրության ակտիվ ու անկեղծ աջակցության մենք հաջողության հասնելու ավելի քիչ հնարավորություններ կունենանք: Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը լսի մեր ձայնը, միջազգային հանրությունը տեսնի մարդկանց, որոնք այսօր ապրում են Լեռնային Ղարաբաղում, որոնք ամեն օր՝ ի հեճուկս բազմաթիվ գործոնների, պայքարում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի համար: Մյուս կողմից ունենք տարօրինակ մի փաստ, որ այդ մարդիկ կտրված են միջազգային հանրության հետ հաղորդակցություն իրականացնելու հնարավորությունից: Այսօր բազմաթիվ միջազգային կառույցներ, գործակալություններ՝ ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, ԵԱՀԿ, զրկված են Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությունից, որովհետև Ադրբեջանը արգելափակում է: Եթե չկա իրականությունն այլակերպելու ցանկություն և կանխավարկած, ապա այդ քաղաքականությունն այնքան էլ հասկանալի չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգը, գնում է Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ճանապարհով: Նա պարզաբանում ներկայացրեց, պայմանականորեն ասած, խաղաղության բանակցությունների մեկնարկի վերաբերյալ:

«Ադրբեջանը ներկայացրեց իր պատկերացումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, որտեղ հինգ հիմնական կետ կա: Խոսքը վերաբերում է միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելուն, սահմանների դեմարկացիային, դելիմիտացիային, միմյանցից տարածքային պահանջների բացակայությանը: Մենք, դիտարկելով այդ առաջարկները, տեսանք, որ մեզ համար, ըստ էության, դրանցում անընդունելի ոչինչ չկա, սակայն արձանագրեցինք, որ  այդ կետերը չեն հասցեագրում հարաբերությունների ամբողջ օրակարգը: Լրացրեցինք այդ օրակարգը, որտեղ ներառվում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդիրը: Ապրիլի 6-ին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, երբ հանդիպում տեղի ունեցավ, մենք քննարկեցինք այդ հարցը Ադրբեջանի նախագահի հետ: Ասացի, որ մեզ համար իրենց առաջարկած կետերի մեջ ոչինչ անընդունելի չկա: Եթե ադրբեջանական կողմը համաձայն է երկու պատկերացումները միացնել իրար ու այդ հենքի վրա սկսել բանակցություններ, ապա մենք պատրաստ ենք դրան: Թեպետ, պետք է նշեմ, որ վերջին շրջանում Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք ենք բերել Բրյուսելում:  Այսօր պիտի վերահաստատեմ իմ այն դիրքորոշումը, որ նշված սկզբունքների հիման վրա պատրաստ ենք բանակցությունների, չնայած, այն պրոցեսում,  որը պլանավորվել է, որևէ բան չի փոխվել: Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը սահմանազատման, սահմանագծման հարցում, տեղի կունենա արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Մենք շատ դաժան փորձությունների միջով ենք անցել, բայց այսօր կարող եմ ասել, որ ունեմ խորը համոզմունք, որ մենք ճիշտ ճանապարհով ենք ընթանում»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40