Չկա մի օր, որ աշխարհի որևէ ուժային կենտրոնից (ամենատարբեր մակարդակներով) նկատառումներ, ուղերձներ, ծրագրեր չհնչեցնեն մեր հայրենական տան՝ Սյունիքի մասին, որը հաճախ ներկայացվում-մատնանշվում է նաև Զանգեզուր անվամբ:
Չկա մի օր, որ չլսենք հոխորտանք-սպառնալիք՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, Ադրբեջանը պատերազմ կսկսի Սյունիքի ուղղությամբ:
Չկա մի շաբաթ, որ Ադրբեջանը նոր պահանջներ չներկայացնի Հայաստանին՝ նաև Սյունիքին առնչվող: Մի օր Մեղրիով արտատարածքային միջանցք են ուզում, հաջորդ օրը «բնիկ» ադրբեջանցիների՝ «Արևմտյան Զանգեզուր» վերադարձի մասին են բարբաջում, երրորդ օրը հայոց Սյունիքը պատմական Ադրբեջան են համարում, չորրորդ օրն էլ լսում ենք, որ Սյունիքի բռնազավթված տարածքների եզրագծով Ադրբեջանը մոգոնված սահմանագիծն է փշալարով ամրակայում…
Մի խոսքով՝ Արցախյան երրորդ կամ 44-օրյա պատերազմից և հայոց Արցախն ուրանալուց ու Ադրբեջանին նվիրելուց հետո հայ-ադրբեջանական և նույնիսկ հայ-թուրքական հարաբերություններում ամենաքննարկվող թեման Սյունիքն է:
Եվ խոսում են բոլորը, առերևույթ լուռ են միայն սյունեցիները…
***
Սյունիքին առնչվող քննարկումներում առանցքային հարցերից մեկն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» հորինվածքի շուրջ է:
Հարցը, որ հարյուր և ավելի տարիների ընթացքում թուրք-ադրբեջանական երազանք է եղել, նորովի բարձրացվեց 2020-ի մեր կապիտուլյացիայից հետո: Այդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ տեղ գտավ ինչ-որ 9-րդ կետ, որն էլ առայսօր իբր հիմք է ենթադրյալ միջանցքի շուրջ քննարկումների համար:
Իսկ ի՞նչ պայմանավորվածության են եկել կողմերը հայտարարության 9-րդ կետով: Ահա՝ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»:
Ինչպես տեսնում ենք՝ խոսքը տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և ոչ թե Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրելու մասին է, ինչպես պնդում են թուրքերը:
Ինչպե՞ս են թուրք-ադրբեջանական այդ նկրտումին արձագանքում Հայաստանն ու տարածաշրջանում շահեր կամ ազդեցություն ունեցող երկրները:
Նախ՝ Հայաստանի դիրքորոշումը. մեր իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են ապաշրջափակել բոլոր երթուղիները և Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ հաղորդակցվելու ուղիներ տրամադրել՝ առանց ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը խախտելու: Ընդ որում՝ Ադրբեջանը հրաժարվում է օգտվել այդ առաջարկությունից:
Թուրքիան և Ադրբեջանը, խեղաթյուրելով 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, հարցը հանգեցնում են (Հայաստանի ինքնիշխան տարածքով) Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրելուն: Ընդ որում՝ ենթադրյալ միջանցքում հայկական կողմը ոչ մի ներկայություն չպիտի ունենա:
ԱՄՆ-ի և Արևմուտքի դիրքորոշումն այս հարցում հստակ է: Ըստ նրանց՝ Եվրոպան և Ասիան կապող տնտեսական-առևտրական խոշոր տրանսպորտային երթուղու ստեղծման անհրաժեշտություն կա, ինչը համահունչ է համաշխարհային տնտեսության պահանջներին: Նրանք բացառում են նման երթուղու առկայությունն Իրանի տարածքով:
ԱՄՆ-ի և Արևմուտքի դիրքորոշումը, ինչպես տեսնում ենք, համահունչ է Ադրբեջանի և Թուրքիայի ձգտումներին: Այդ հանգամանքը թույլ է տալիս, որ Ադրբեջանն ավելի հետևողականորեն պնդի «Զանգեզուրի միջանցքի» բացման ու շահագործման իր պայմանները:
«Զանգեզուրի միջանցքի» հարցում թուրք-ադրբեջանական հավակնությունը զսպելու գործում բացառիկ մեծ դեր ունի Իրանի Իսլամական Հանրապետությունը: Այդ երկրի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով քանիցս հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է, և ոչ մի դեպքում չի հանդուրժի, եթե հայ-իրանական հազարամյա սահմանը խախտվի կամ վտանգվի: Իրանի դիրքորոշման վերաբերյալ մտահոգություն է հայտնել Թուրքիայի նախագահը՝ ասելով, թե միջանցքի հարցում հիմնական խոչընդոտը ոչ թե Հայաստանն է, այլ Իրանը:
Նախագահ Իբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ողբերգական մահվանից հետո Իրանը կրկին հաստատեց, որ երկրի արտաքին քաղաքական կուրսը փոփոխության չի ենթարկվի, այդ թվում՝ Հայաստանի ուղղությամբ:
Նման տեսակետ նախևառաջ հայտնել է Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդը:
Վերջին օրերին մեզանում առանձնակի հետաքրքրությամբ ընդունվեց Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հայտարարությունը CNN-ի թուրքական ծառայությանը: Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ նա նշել է՝ «Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է տարածաշրջանի զարգացման հիմքեր ստեղծել, սակայն որևէ պարագայում տարածաշրջանում սահմանների ու ժողովրդագրության փոփոխություն չենք ընդունում»:
Այսպիսով՝ ԻԻՀ-ն վերահաստատում է՝ թույլ չի տա գործարկել մի միջանցք, որը կխախտի Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ասել է թե՝ հաղորդակցության ապաշրջափակվող ուղիները պետք է լինեն բացառապես Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո:
Ավելին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարի խոսքում առաջին անգամ անթույլատրելի է համարվում նաև ժողովրդագրական փոփոխությունը տարածաշրջանում: Դա, կարծում ենք, պատասխան է Ադրբեջանի երազանքներին՝ «Արևմտյան Զանգեզուր» վերադարձնելու այնտեղից (1989-91 թվականներին) տեղափոխված ադրբեջանցիներին:
Հիմա՝ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման մասին: Ռուսաստանի ներկայացուցիչները քանիցս հայտարարել են, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն իրենք չեն էլ ընդունում: Ըստ նրանց՝ կա պայմանավորվածություն հաղորդակցության ուղիների վերաբացման մասին, որը, բնականաբար, կլինի տվյալ երկրի ինքնիշխանության ներքո: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը հղում է կատարում 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին և հիշեցնում տվյալ փաստաթղթում տեղ գտած հետևյալ պայմանավորվածությունը՝ «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:
Հնչում է նաև կարծիք՝ այսպես կոչված փոխզիջումային տարբերակի մասին, ասել է թե՝ ենթադրյալ միջանցքում հիմնական գործառույթները (մաքսային ծառայություն, անձնագրային ստուգում, անվտանգության ապահովում) մենք կարող ենք պատվիրակել եվրոպական մեկ կամ մի քանի երկրի կամ ԱՄՆ-ին։ Ընդ որում՝ վկայակոչվում են, թե աշխարհում նման փորձ կա։
Մենք մասնագետ չենք և, բնականաբար, չենք կարող դրա արդունավետության մասին տեսակետ հայտնել։ Բայց կուզենայինք այդ գաղափարի կողմնակիցների փաստարկված կարծիքը լսել։
Մի հանգամանք է ակնհայտ՝ ենթադրյալ միջանցքի մաքսային, անձնագրային, անվտանգային ծառայությունները եվրոպական երկրներին կամ ԱՄՆ-ին պատվիրակելու դեպքում կբախվենք առնվազն երկու իրողության։ Նախ՝ Իրանի և Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում էականորեն կնվազի կամ կզրոյանա, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի ազդեցությունը կդառնա լրջագույն գործոն տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ հավաքական Արևմուտքը (բացառությամբ՝ Ֆրանսիայի) չի կարող խոչընդոտ հանդիսանալ Ադրբեջանին ու Թուրքիային՝ հնարավոր և նրանց բնորոշ սանձարձակությունների դեպքում։
Երկրորդ, այդ տարբերակով (ինչպիսի գեղեցիկ փաթեթավորմամբ էլ ներկայացվի) Սյունիքում էական նահանջ կունենա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։
***
Վերևում ներկայացրինք կողմերի պաշտոնական դիրքորոշումները կամ շրջանառվող տարբերակները խնդրո առարկայի վերաբերյալ: Սակայն կան նաև հարցեր, որոնք քննարկվում են այդ ամենից դուրս՝ ոլորտի մասնագետների ու փորձագետների կողմից:
Հայ հանրության զգալի հատվածը, այդ թվում՝ սյունեցիների մեծ մասը, «Զանգեզուրի միջանցքի» հարցում ԱՄՆ և Արևմուտքի դիրքորոշման հիմնական նպատակ են տեսնում Սյունիքում Ռուսաստանի դիրքերի վերջնական թուլացումը և տարածաշրջանից այդ երկրի ուժերի դուրս բերումը:
Հավաքական Արևմուտքի դիրքորոշման նպատակներից մեկն էլ Իրանի առջև մեր տարածաշրջանի դռները փակելն է:
«Զանգեզուրի միջանցքի» բացումը թուրք-ադրբեջանական կամ ԱՄՆ-Արևմուտք պատկերացումներով, Սյունիքում նույնպես ընկալվում է իբրև պանթյուրքիզմի կամ թուրանիզմի գաղափարախոսությունը կյանքի կոչելուն միտված քայլ: Ավելի ստույգ՝ ենթադրյալ «Զանգեզուրի միջանցքով» Թուրքիան կարող է ցամաքային կապ ստեղծել էթնիկ, մշակութային և լեզվական ընդհանրություն ունեցող ժողովուրդների հետ՝ դրանից բխող հետևանքներով:
Սյունիքում քաջատեղյակ են, որ դեռևս 19-րդ դարավերջից Թուրքիան ձգտում է կյանքի կոչել Սյունիքով՝ Արևելքի հետ ցամաքային կապ ստեղծելու ծրագիրը:
Այդ գաղափարը կենսունակ է եղել նաև խորհրդային տարիներին, բայց Հայաստանի խորհրդային հանրապետության բոլոր ղեկավարները (առանց բացառության) խափանել են դրա իրականացումը:
Սյունիքում ոմանք փորձում են նսեմացնել Իրանի դիրքորոշման կարևորությունը՝ պնդելով, թե Իրանի քաղաքականությունը պայմանավորված է նախևառաջ իր սեփական շահերով, քանզի Սյունիքը եզակի լոգիստիկ հնարավորություն է հյուսիսի հետ կապ ունենալու համար: Դրանում, անկեղծ լինենք, որևէ վատ բան չենք տեսնում: Իսկապես, մի՞թե լավ չէ, որ մեր և Իրանի շահերը համընկնում են Սյունիքի տարածաշրջանում:
Մեզանում օրավուր աճող հակառուսական քարոզի պայմաններում տեսակետ է առաջ քաշվում, թե իբր 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման դեպքում (ենթադրյալ միջանցքում ՌԴ վերահսկողության հաստատման պարագայում) ՌԴ-ն այդ երթուղին կծառայեցնի Թուրքիայի և Ադրբեջանի շահերին:
Իհարկե, ՌԴ-ի վերջին տարիների Կովկասյան քաղաքականությունից զգուշանալու, նույնիսկ վիրավորված ու նեղացած լինելու բազմաթիվ պատճառներ ունենք: Սակայն, որպես պատմաբան, քանիցս փորձել եմ գտնել շատ կարևոր մի հարցի պատասխան՝ մի՞թե Սյունիքով (արտատարածքային) միջանցքի գործարկումը և դրանով պանթյուրքիզմի առաջ կանաչ լույս վառելը ձեռնտու կլինի Ռուսաստանի Դաշնությանը: Եվ այդպես էլ չեմ գտել հիմնավորումներ, որ խնդրի լուծման նման տարբերակը շահեկան կլինի Ռուսաստանի համար: Ավելին՝ մենք շնորհակալ կլինենք այն փորձագետին, ով կհիմնավորի, թե ինչու պետք է Ռուսաստանին ձեռնտու լինի թուրք-ադրբեջանական պատկերացումներով «Զանգեզուրի միջանցքի» բացումը:
Մեկ ուրիշ հարց ևս. երբ խոսք է գնում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի մասին, շատերն անվերապահորեն հայտարարում են, թե այդ փաստաթուղթը չի գործում և վաղուց ուժի մեջ չէ: Առաջին հայացքից շատ ճիշտ դիրքորոշում է, քանզի այդ հայտարարության գրեթե ոչ մի կետ կյանքի չի կոչվել կամ կյանքի են կոչվել միայն Ադրբեջանին օգտակար դրույթները: Ու դեռևս 2020 թ. դեկտեմբերի 18-ի խայտառակությունից հետո, երբ Սյունիքի արևելյան մարտական դիրքերը նվիրեցինք Ադրբեջանին, մեր պարբերականը հայտարարեց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ պետքական թուղթ է այլևս, քանզի փաստաթղթի ամենակարևոր՝ 1-ին կետը խախտվել է: Բայց եթե իսկապես այդ փաստաթուղթն ուժը կորցրել է և չի գործում, ապա ինչո՞ւ մեր ստորագրությունը հետ չենք կանչում: Ու քանի դեռ մեր ստորագրությունը հետ չենք կանչել՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը (այդ թվում՝ 9-րդ կետը), ցավոք, մնում է ուժի մեջ:
***
Մեր խոսքի սկզբում ասացինք՝ Սյունիքն առերևույթ լուռ է իր գոյությանն առնչվող՝ ճակատագրական այդ հարցի շուրջ մրցակցությունում։
Բայց կա իրական Սյունիք, որտեղ առկա է լրջագույն մտահոգություն «Զանգեզուրի միջանցքի» հարցում: Եվ այդ մտահոգությունը հանգում է պարզագույն մի եզրակացության՝ Սյունիքի տարածքով՝ ոչ մի պարագայում և ոչ մի պայմանով, չի կարող գործարկվել որևէ միջանցք՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից դուրս: Հակառակ դեպքում վտանգի տակ կդրվի ոչ միայն մեր պետության ապագան, այլև հազարամյակների պատմություն ունեցող հայոց Սյունիքի լինելիությունը:
Սամվել Ալեքսանյան