Ալիևը որոշել է ապահովագրել իր վարչակարգը հնարավոր ցնցումներից․ փորձագետը՝ հայ-ադրբեջանական կարգավորման և Ադրբեջանում արտահերթ ընտրությունների մասին

25.01.2024 10:37
352

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է հաշվարկել հնարավոր հետագա զարգացումները, քանի որ առաջիկա տարին տարածաշրջանային և աշխարհաքաղաքական առումով լինելու է բավականին տուրբուլենտ և հնարավորության սահմաններում ոչ այնքան կանխատեսելի։ Ուստի, նա որոշել է ապահովագրել իր վարչակարգը հնարավոր ցնցումներից  

Նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում սպասվող արտահերթ նախագահական ընտրություններին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։  

«Իլհամ Ալիևը դեռ հունվարի 10-ի հարցազրույցում բացատրել էր, որ արտահերթ նախագահական ընտրությունների գնալու քայլը նախանշում է նոր դարաշրջանի բացում, որովհետև նախկին ծրագրերը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ, ավելի քան իրագործվել են, հետևաբար Ադրբեջանն իր առջև դնում է նոր խնդիրներ։ Ալիևը նաև նշել էր, որ դրանք կլինեն առաջին ընտրություններն Ադրբեջանի անկախությունից հետո, որ կանցկացվեն նաև Լեռնային Ղարաբաղում և այն տարածքներում, որոնք անցել են ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո։ Ալիևն արձանագրել էր, որ ամփոփում է իր կառավարման քսան տարին, հետևաբար արտահերթ ընտրությունների գնալով՝ հիշյալ որոշմանը հանգել է ներքին և արտաքին լսարաններին ուղղված մեսիջների հաշվարկով և այն ամրագրմամբ, որ խնդիրները հնարավոր է լուծել ուժային տարբերակով, ինչն էլ որդեգրել է Հարավային Կովկասում»,- ասաց Հայրապետյանը։

Նրա համոզմամբ՝ հարևան երկրում չկա որևէ ուժ, որը կարող է մրցել կամ դիմակայել Իլհամ Ալիևին։ Տիտղոսային կոչված ընդդիմությունն՝ ի դեմս «Մուսաֆաթ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցությունների, հրաժարվել է մասնակցել գալիք ընտրություններին։ Մինչև ընտրություններն Ադրբեջանում արդեն սկսվել է ձերբակալությունների նոր ալիք։ Բոլոր ընդդիմադիր ակտիվիստները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները մեղադրվում են ԱՄՆ-ի կամ Եվրոպայի տարբեր դրամաշնորհներ ստանալու և հակապետական քաղաքականություն վարելու մեջ ու այդ հիմքով մեկուսացվում են։

«Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը ցույց է տալիս, որ այդ երկրի ղեկավարն ունի հեռահար նպատակներ, որոնց հասնելու ճանապարհին ցանկանում է բացառել բոլոր հնարավոր այլընտրանքային ձայները։ Առաջադրված ութ թեկնածուները կարող են ավելի շատ մրցել, թե ով է ավելի շատ Ալիևի գովքն անում հանրային տիրույթում, և այդ առումով գործող նախագահն իրականում քաղաքական խնդիրներ չունի»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է հարևան երկրի նախագահը հրաժարվում ընդունել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ շահագրգռված արևմտյան բանագնացներին՝ հրաժարվելով երբեմն այցելել արևմտյան հարթակներ, Հայրապետյանն ընդգծեց, որ նախորդ տարվա սեպտեմբերյան իրադարձություններից առաջ ադրբեջանական կողմն ակտիվորեն ներգրավված էր այդ գործընթացում և հիշատակեց հատկապես 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպումը, երբ պաշտոնական Երևանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Արևմուտքի հաշվարկն այն էր, որ ի պատասխան իր որոշակի լռության և հանդուրժողականության՝ Ալիևը կգնար ու կստորագրեր խաղաղության փաստաթուղթ, ինչը, սակայն, չի համապատասխանում Բաքվի ծրագրերին, ուստի Ադրբեջանը սկսեց որդեգրել հակաարևմտյան քաղաքականություն՝ մեղադրելով ԱՄՆ-ին և Ֆրանսիային կողմնակալ լինելու մեջ։ Պատահական չէ, որ Ալիևը հրաժարվեց ընդունել ԱՄՆ-ի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին։ Դրանից հետո Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նման այցի փորձ չարեց՝ պատճառաբանելով, որ Ադրբեջանում ընտրական շրջան է, թեև Ռուսաստանի ներկայացուցիչներն ակտիվորեն ուղևորվում են Բաքու՝ հանդիպելով Ալիևի հետ, ով իր հերթին խնդրահարույց է համարում արևմտյան հարթակները, որոնք պահանջում են իրենից ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու կարգավորել հարաբերությունները հայկական կողմի հետ, ինչն իրականում չի մտնում Ալիևի ծրագրերի մեջ»,- պարզաբանեց ադրբեջանագետը։

Հայրապետյանի կարծիքով՝ հարևան երկրի ղեկավարը գիտակցում է, որ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը, որով Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արվում, զուտ սպառնալիք է, որից այն կողմ Արևմուտքը ոչինչ չի անի։  Նա հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի դեմ նախորդ տարվա սեպտեմբերյան ագրեսիայից առաջ ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները Սենատում կայացած քննարկման ժամանակ հայտարարում էին, որ ռազմական հարձակումը ԼՂ-ի վրա իրենց համար կարմիր գիծ է, բայց ադրբեջանական ագրեսիայից հետո եղան լոկ դատապարտող հայտարարություններ, որոնց չհաջորդեցին գործնական քայլեր։

«Ալիևը հասկացել է, որ իրեն տարբեր պատճառներով չեն հակադարձելու և նույնիսկ հայտարարել է, որ իրենց գազի կարիքն ունեն, ուստի իր երկիրն այնպես է դիրքավորել, որ Ադրբեջանի կարիքն իբր բոլորն ունեն։ Հենց այդ տեսանկյունից նա մարսում է բացարձակապես անընդունելի վարքը»,-նշեց մեր զրուցակիցը։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարի մասին՝ Հայրապետյանը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մոտ երեք տասնամյակ տևած բանակցություններում Ադրբեջանը զբաղվել է իմիտացիայով, որի մասին շատ ակնհայտորեն խոսում է այսօր։ Հունվարի 10-ի հարցազրույցում Ալիևը պարզ ակնարկել է, որ իրեն մշտապես առաջարկել են խաղաղ լուծման տարբերակներ, սակայն ինքը չէր համաձայնել, որովհետև փաստացի խաղաղ կարգավորումը չէր բերելու այն արդյունքին, ինչին իրենք հասան ռազմական ագրեսիայի արդյունքում։ Ադրբեջանի նախագահը փաստում է, որ իրենք շարունակ բանակցել են՝ մտքում ունենալով ռազմական սցենարը, և պատերազմը եղել է իր անձնական կյանքի գլխավոր առաքելությունը։ Հայրապետյանի պնդմամբ՝ դրանից ավելի ակնհայտ ինքնախոստովանական ցուցմունք ադրբեջանական կողմի որդեգրած քաղաքականության մասին պետք չէ փնտրել։

«Այժմ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան, Հայաստանի սահմաններն ու ինքնիշխանությունն ուղղակի թիրախավորվում են։ Ադրբեջանի նախագահը պարզապես ձգտում է առավելագույն չափով օգուտներ կորզել ստեղծված իրավիճակից և ցանկանում է փաստաթղթով ամրագրել, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Հայաստանը հետագայում երբևէ իրավական պահանջներ չի առաջադրելու, բայց միևնույն ժամանակ ուզում է ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը, որպեսզի տարածքային պահանջներ ներկայացնի Հայաստանի Հանրապետությանը»,- եզրափակեց ադրբեջանագետը։      

armenpress.am

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57