ԱՄՆ-ն հաստատում է, որ Հայաստանը դիմել է «միջուկային համաձայնագրին» միանալու համար

22.08.2024 11:28
701

Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ միանալու «123-րդ համաձայնագրին», որի հաստատման պարագայում Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ․ այս մասին ՍիվիլՆեթին տված գրավոր մեկնաբանությունում ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։

ԱՄՆ դաշնային օրենքի համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը պետք է ստորագրի Միացյալ Նահանգների ատոմային էներգիայի գործակալության ակտի 123-րդ բաժինը, որը սահմանում է այլ երկրների քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու անհրաժեշտ պայմանները։ ԱՄՆ-ն նման գործարքներ ունի 48 երկրների և տարածքների հետ՝ ըստ Պետդեպարտամենտի 2022-ին թարմացված տվյալների:

Եթե Հայաստանը միանա «123-րդ համաձայնագրին», դա կարող է ճանապարհ հարթել Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ատոմակայան նախագծելու և կառուցելու համար, որը կփոխարինի Մեծամորի՝ դեռ խորհրդային ժամանակաշրջանում կառուցված ատոմակայանին:

«ԱՄՆ կառավարությունը չի կիսում բանակցային գործընթացի մանրամասները, բայց մենք կարող ենք ասել, որ Պետդեպարտամենտը պատշաճ ուշադրություն է դարձնում «123-րդ համաձայնագրին» միանալու Հայաստանի խնդրանքին»,- երեքշաբթի ՍիվիլՆեթին տված գրավոր մեկնաբանությունում ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։

«Թեև մենք չենք կարող տրամադրել այլ երկրների հետ ԱՄՆ կառավարության բանակցությունների ներքին գործընթացի մանրամասները՝ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի հետ քաղաքացիական միջուկային համագործակցությունը խորացնելու հնարավորությունները»,- նշվում է պատասխանում։

Պետդեպարտամենտը «այլ երկրների հետ ԱՄՆ կառավարության բանակցությունների ներքին գործընթացի» կամ այս գործարքի հաստատման ժամանակացույցի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։

Բանակցությունները սովորաբար ձգվում են տարիներ: Անցյալ տարի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, որ Ֆիլիպինների հետ մեկ տարի տևած միջուկային բանակցությունները ամենաարագն էին Միացյալ Նահանգների պատմության մեջ նման համաձայնագրի շուրջ համաձայնության գալու առումով:

Խորապատկերը

Սա առաջին դեպքն է, երբ Միացյալ Նահանգները կամ Հայաստանը հրապարակայնորեն հաստատում են, որ Երևանը դիմել է ԱՄՆ քաղաքացիական միջուկային էներգիայի համաձայնագրին միանալու համար:

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ամռան սկզբին ասել էր, որ միջուկային հարցերով «գնդակը Միացյալ Նահանգների դաշտում է»՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Ավելի ուշ, էներգետիկայի փոխնախարար Հակոբ Վարդանյանը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը դիմել է Միացյալ Նահանգներին խորացնելու միջուկային գործընկերությունը՝ չհստակեցնելով, թե ինչի է ձգտում Երևանը։

Երևանը և Վաշինգտոնը 2022-ին արդեն իսկ ստորագրել են քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Ըստ Պետդեպարտամենտի կայքի տեղեկանքի՝ դա սահմանում է «համագործակցության շրջանակը», սակայն կանաչ լույս չի վառում միջուկային տեխնոլոգիաների արտահանման համար, ինչպես «123-րդ համաձայնագիրը»:

ԱԷԿ-ի նշանակությունը Հայաստանի համար

Հայաստանը մեծապես կախված է միջուկային էներգիայից։ Ներկայում Մեծամորի ատոմակայանը բավարարում է երկրի էներգիայի ընդհանուր կարիքների մոտ մեկ երրորդը։

Վաղ 1980-ականներին գործարկված կայանի շահագործման ժամկետն ավարտվում էր 2017-ին, սակայն վերազինումից հետո շահագործման ժամկետը երկարացվել է 19 տարով։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը անցյալ տարի հայտարարել է, որ Հայկական ատմոկայանը համապատասխանում է անվտանգության միջազգային չափանիշներին:

Մեծամորի ատոմակայանի գործունեությունը ամբողջովին կախված է «Ռոսատոմից»՝ Ռուսաստանի պետական ​​միջուկային էներգետիկ կորպորացիայից՝ թե՛ վառելիքի մատակարարման, թե՛ տեխնոլոգիական վերազինումների առումով: Դեռ նախորդ տարի Հայաստանի կառավարությունը 65 մլն դոլարի արդիականացման և վերանորոգման պայմանագիր է կնքել «Ռոսատոմ»-ի հետ՝ ատոմակայանը մինչև 2036-ը շահագործելու համար: Դրանից հետո այն պետք է շահագործումից հանվի և փոխարինվի:

Կառավարությունն օգոստոսի սկզբին ստեղծեց պետական ​​ընկերություն Մեծամորի ատոմակայանին փոխարինող նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար։ Ակնկալվում է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում ընկերությունը կներկայացնի իր ծրագիրը, թե որ երկրի տեխնոլոգիայով ու ինչ հզորությամբ կկառուցվի նոր ատոմակայանը։

Հայաստանի պաշտոնյաների կողմից ավելի վաղ եղել էին հայտարարություններ, որ Հայաստանը մտադիր է դիտարկել ատոմակայանի փոխարինման տարբերակներ Չինաստանից, Ռուսաստանից, Հարավային Կորեայից և Միացյալ Նահանգներից:

civilnet.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40