Անկախության 24-ամյակի տոնակատարությունը՝ Սյունիքում

23.09.2015 11:02
2775

Յուրաքանչյուր նորանկախ պետության պատմության էջերում առանձնահատուկ օր է անկախության օրը, որ յուրահատուկ տոնի է վերածվում գրեթե ամենուրեք:

Սեպտեմբերի 21-ին մարզի քաղաքներում, գյուղերում տոնական տրամադրություն էր տիրում, ամենուրեք՝ ծաղկադրում, տոնական համերգներ, ցուցահանդեսներ եւ այլն:

Մարզկենտրոնում միջոցառումների մեկնարկը տրվեց Կապանի N զորամասից՝ տոնական միտինգով, որին հաջորդեց մի շարք զինվորականների, ազատամարտի վետերանների, հասարակական գործիչների՝ զորամասից, ՀՀ պաշտպանության նախարարից, հասարակական կազմակերպություններից շնորհակալագրեր, պատվոգրեր, մեդալներ ստանալու արարողությունը: Զինվորներին շնորհավորեցին զորամասի հրամանատար Կարեն Սերոբյանը, զինվորը, ազատամարտիկը, պատանի երկրապահը, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը: Վերջինս իր խոսքում մասնավորապես նշեց. «Անկախությունը համազգային ձեռքբերում էր, որովհետեւ ՀՀ անկախության գործին ամեն հայորդի ունեցավ իր մասնակցությունը: Չպետք է մոռանանք, որ մեր թշնամին միշտ էլ ունի նույն ձեռագիրը, եւ նա հաշվի է նստում միայն ուժի հետ, եւ այն կարգախոսը, որ միայն ուժեղի հետ են հաշվի նստում, մենք որդեգրել ենք եւ որդեգրում ենք միշտ, եւ դրա արդյունքը ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունն է, որին մենք երկար ենք սպասել: Փառք Աստծո, որ այսօր մենք կրողն ենք այդ անկախության»:   

Այնուհետեւ միջոցառումների շարքը տեղափոխվեց Գարեգին Նժդեհի հրապարակ, որտեղ ներկաները հնարավորություն ունեին ծանոթանալու որոշ զինատեսակների, նրանց կիրառությանն ու առանձնահատկություններին: Զենքի եւ սպառազինության բացազատումից եւ ցուցադրումից հետո հրապարակը տրամադրվեց հետախուզական վաշտին, որի ելույթներին ոգեւորությամբ են սպասում հատկապես փոքրիկները: Զինվորների հետաքրքիր ցուցադրական համարները նույնպես մեր բանակի մարտունակության գրավականը կարելի է համարել:

Շնորհավորական ելույթում զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Սերոբյանը, ներկայացնելով հայոց բանակի ստեղծման համառոտ պատմությունը, մասնավորապես նշեց. «Մեր բանակի կազմում այսօր փորձառու եւ մարտական ուղի անցած գեներալները, սպաները եւ զինվորները կարող են ապահովել հայ ժողովրդի հպարտ եւ ինքնիշխան ապրելու կամքը: Եթե թշնամին վերսկսի պատերազմը, մենք այս անգամ, անկասկած, այն կավարտենք թշնամու հողում, անգամ նրա հեռու տարածքներում: Հայոց բանակը համարվում է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, եւ մեզնից ու ամեն մեկիցս է կախված, թե ինչպիսի ճակատագիր կունենան մեր ժողովուրդն ու պետությունը: Մենք այսօր հզոր ենք միասնականությամբ եւ ժողովրդի երազած բանակով»:

Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը ներկայացրեց մարզպետ Սուրեն Խաչատրյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես նշվել էր. «Դարակազմիկ պատմական բոլոր գործընթացների ժամանակ Սյունիքի եւ սյունեցու համար անկախ պետականության վերականգնումը համարվել է գերագույն նպատակ: Ահա թե ինչու սյունյաց լեռնաշխարհի անկախ ու ինքնիշխան ժողովուրդն անձնվիրաբար ձեռնամուխ եղավ հանուն  պետականության մղվող ազատագրական պայքարին: Սյունեցիներն անվերապահորեն հավատում են Հայաստանի հավերժական ազատությանն ու պետական անկախությանը եւ պատրաստ են պաշտպանելու մեծագույն նվաճումը՝ անկախությունը»:

Անկախության տոնը լիարժեք չի լինի առանց Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին ծաղկադրում անելու: Միջոցառման մասնակիցների հաջորդ կանգառը Բաղաբուրջի հուշահամալիրն է, որտեղ, ի դեպ, շիրմաքարերի մաքրման բավականաչափ աշխատանք էր կատարել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կապանի «Ռոստոմ» խումբը սեփական նախաձեռնությամբ ու անշահախնդրորեն: Որոշ ժամանակ անց Կապանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շարունակվել են բարեկարգման աշխատանքները, որոնց համար հատկացվել է 7մլն դրամ, աջակցել են «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն եւ անհատներ:

Վազգեն Սարգսյանի կիսանդրուն, անհայտ զինվորի հուշաքարին եւ զոհվածների շիրմաքարերին ծաղկեպսակներ եւ ծաղիկներ խոնարհելուց հետո Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը հոգեհանգստյան կարգ կատարեց: Ներկաներն այցելեցին նաեւ Գարեգին Նժդեհի հուշահամալիր՝ ծաղիկներ դնելու նրա շիրիմին:
Անկախության տոնի միջոցառումների բարձրակետը մշակույթի պալատում անցկացված տոնական համերգն էր, որի ընթացքում պատվոգրերի, շնորհակալագրերի եւ պարգեւների արժանացան տարբեր բնագավառի մարդիկ:

Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ՝ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն Անկախության 24-ամյակի կապակցությամբ շնորհակալագիր հանձնեց երեք զինվորականի, Համահայկական 6-րդ ամառային խաղերին մասնակցած մարզիկներին եւ նրանց մարզիչներին՝ հուշանվերներ եւ պատվոգրեր, իսկ 13 մեդալակիրներին՝ նաեւ դրամական պարգեւ: Ի դեպ, մարզիկները Սյունիքի մարզպետի անունից նույնպես շնորհակալագրեր եւ պատվոգրեր ստացան:

Առաջին բանակային կորպուսի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը ներկայացրեց կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես նշված էր. «Սյունիքով է անցել Արցախի ազատագրական եւ ՀՀ անկախության ճանապարհը:  Այս տոնը ոգեւորիչ է եւ պարտավորեցնող՝ անել առավելագույնը հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման, ջանք չխնայել կառուցելու այն երկիրը, որի քաղաքացին հպարտություն կներշնչի մեր ժողովրդի բազմաթիվ սերունդներին»:

Ի նշանավորումն ՀՀ անկախության հռչակման 24-րդ տարեդարձի, ինչպես նաեւ բարեխիղճ ծառայության, աշխատանքի, ակտիվ եւ սերտ համագործակցության համար բանակային կորպուսի հրամանատարի անվանական ժամացույցով եւ պատվոգրով պարգեւատրվեցին մարզային եւ քաղաքային իշխանության, իրավապահ մարմինների եւ զինված ուժերի ներկայացուցիչներ:

Տոնական համերգը, որին մասնակցում էին քաղաքի երաժշտական եւ արվեստի դպրոցների, ուսումնարանի սաներն ու ուսուցիչները, էականորեն տարբերվում էր նախորդ տարիների համերգներից իր նրբաճաշակությամբ եւ բարձր մակարդակով: Ներկաներին եւս մեկ անգամ հիացրեց Կապանի քաղաքապետարանի կանանց երգչախումբը (խմբավար՝ Ռուզան Ավանեսյան, նվագակցող՝ Աստղիկ Գրիգորյան):

Անկախության տոնը կրկին մարդաշատ էր դարձրել Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակը: Միջոցառումները սկսվեցին Արցախյան պատերազմում զոհված սիսիանցիների շիրիմներին ծաղիկներ դնելով: Տոնական օրը լավագույն առիթ էր եւս մեկ անգամ մեծարելու այն երեխաներին, ովքեր հանրապետական եւ մարզային տարբեր միջոցառումների եւ փառատոների ընթացքում լավագույն արդյունքներ են գրանցել. չէ՞ որ այդ հաղթանակները նույնպես անկախության պտուղներն են: Այդ երեխաները, նրանց մարզիչներն ու ուսուցիչները պարգեւատրվեցին Սյունիքի մարզպետարանի եւ Սիսիանի քաղաքապետարանի կողմից:

Սեպտեմբերի 20-ին նշված Գորիսի տոնը, կարծեք, անկախության տոնի նախասկիզբը լիներ, որի շարունակությունը եղավ Անկախության 24-ամյակի առթիվ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի Ռիչարդ Կարինովսկու «Հրեշը լուսնի վրա» բեմադրությունը:

Քաջարանում՝ Եղբայրական հուշահամալիրում հանգչող ազատամարտիկների շիրմաքարերին ծաղկադրումից հետո միջոցառման մասնակիցներն այցելեցին մշակույթի պալատի Փառքի սրահ, որից հետո ներկա գտնվեցին տոնական համերգի՝ քաղաքի թիվ 1 եւ թիվ 2 միջնակարգ, գեղարվեստական մարմնամարզության եւ մանկական արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ, զորամասի զինվորների երաժշտական համարներով: Նախօրեին քաղաքի դպրոցներում հայտարարվել էր Անկախության 24-ամյակի կապակցությամբ շարադրության մրցույթ, որի հաղթողները շնորհակալագրերի արժանացան քաղաքապետի կողմից: Մշակույթի պալատում կայացած միջոցառման ժամանակ քաղաքապետ Վարդան Գեւորգյանը եւս մեկ անգամ հնչեցրեց այն մարդկանց անունները, ովքեր տոնի առթիվ արժանացել են կառավարական եւ գերատեսչական մեդալների:

Մեղրիում միջոցառումների շարքը մեկնարկեց Փարամազի հուշարձանի հարեւանությամբ գտնվող զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղկադրումից, որից հետո տեղափոխվեցին քաղաքի հրապարակ: Չինարիների պուրակում Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրու մասնաճյուղի սաները նկարում էին անկախությունն իրենց պատկերացմամբ՝ քաղաքի հրապարակը վերածելով բացօթյա ցուցահանդեսի: Ներկաներին հաճելի ակնթարթներ պարգեւեց կենտրոնի սաների միասնության շուրջպարը: Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցում տոնի առթիվ կազմակերպվել էր համերգ, իսկ նախօրեին քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը քաղաքի երկու դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտների հետ կազմակերպել էր երկխոսություն՝ «Ի՞նչ տվեց մեզ անկախությունը» թեմայով: Մեղրու կենտրոնական գրադարանում անկախության թեմայով կազմակերպվել էր հետաքրքիր ցուցահանդես:

Ագարակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Անկախության գինը» խորագրով  տոնական միջոցառում, որտեղ դպրոցի աշակերտներն իրենց կատարումներով ներկայացրին այն բոլոր փորձությունները, որոնց միջով անցել է հայ ժողովուրդն անկախության ձեռքբերման դժվարին ճանապարհին: Հնչեցին հայրենասիրական բնույթի բազմաթիվ բանաստեղծություններ ու երգեր, որոնք ցույց տվեցին, որ մեր ապագա սերունդներն իրենց հայրերի արյան գնով նվաճած ազատությունը երբեք չեն կորցնի:

Անկախություն 24-ամյակը եւս մեկ առիթ է հավատալու մեր պետության կայացմանը՝ անկախ այն դժվարություններից, որոնց առջեւ կանգնած է այսօր մեր նորանկախ երկիրը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25