Անպայման ոտքի ենք կանգնելու և հաղթահարելու ենք անօգնականության բարդույթը. հավաստում են սիսիանցի երկրապահները

05.12.2022 12:05
3970

Դեկտեմբերի 3-ը Սիսիանում որոշակիորեն տարբերվում էր սովորական օրերից, ինչը դեռևս առավոտվանից կարելի էր նկատել Արցախյան պատերազմներում նահատակված սիսիանցիների պանթեոնում:

Նախատեսված էր ԵԿՄ Սիսիանի բաժանմունքի գրասենյակի վերաբացումը: Մինչ այդ, սակայն, Արցախյան պատերազմների տասնյակ վետերաններ, նահատակ զինվորների հարազատներ ու մերձավորներ, Սիսիանի հասարակության և տեղական իշխանության ներկայացուցիչներ այցելել էին Պանթեոն՝ վերստին խոնարհվելու հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհասեղանին դրած սիսիանցիների շիրիմների առջև:

Հավաքվածների մեջ էին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ԵԿՄ Սյունիքի մարզի խորհրդի նախագահ Մելիքսեթ Պողոսյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, Հատուկ նշանակության բանակային կորպուսի հրամանատար,  գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, ԵԿՄ Սիսիանի բաժանմունքի ղեկավար Արայիկ Վարդանյանը, Սիսիանի համայնքապետի պարտականությունները կատարող Կարեն Հովհաննիսյանը:

Սիսիան էին ժամանել ԵԿՄ Կապանի, Գորիսի, Քաջարանի բաժանմունքների պատվիրակները:

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Պանթեոնում հանգչող նահատակների շիրիմներին:

Պանթեոնում էին հողին հանձնվել նաև 2022-ի սեպտեմբերի 13-15-ի մարտական գործողությունների ընթացքում զոհված Սերժ Հովսեփյանի, նոյեմբերի 15-ին Մեղրու սահմանամերձում զոհված Վահե Հովսեփյանի աճյունները:

Ի դեպ, վերջին ժամանակաշրջանում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Պանթեոնում: Հատկապես տարածքի բարեկարգումը, պարսպապատի կառուցումը կատարվել էին սրբավայրին պատշաճող խնամքով ու բարեշեն տեսքով: Եվ այդ ամենը՝ ճանաչված շինարար Մարատ Ասլանյանի գլխավորած ընկերության շնորհիվ:

Ներկաներն այնուհետև տեղափոխվեցին ԵԿՄ Սիսիանի բաժանմունքի գրասենյակի բակ, որ գտնվում է քաղաքի Սիսակ Նահապետի անունը կրող հրապարակի մերձակայքում:

Այնտեղ էլ՝ օրերս տեղադրված խաչքար-աղբյուրի մոտ, տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ, որը վարում էր Սիսիանի համայնքապետարանի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը, ով նաև միջոցառման հիմնական կազմակերպիչներից էր:

Խաչքար-աղբյուրն օրհնեց Սիսիանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Պարգև քահանա Զեյնալյանը:

Մինչ այդ ելույթներ ունեցան ԵԿՄ Սյունիքի մարզի խորհրդի նախագահ Մելիքսեթ Պողոսյանը, ԵԿՄ Սիսիանի բաժանմունքի ղեկավար Արայիկ Վարդանյանը, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

Սյունեցի երկրապահների խնդիրներն առավել շեշտված արտահայտվեցին Մելիքսեթ Պողոսյանի ելույթում, որից մի հատված՝ ահավասիկ. «Պարտքս եմ համարում ընդգծել՝ Սիսիանի ազատամարտիկներն Արցախյան պատերազմներում մեծ դերակատարություն են ունեցել և իրենց կյանքով են պաշտպանել հայոց արժանապատվությունը: Իսկ նրանց հրամանատարներ Հովիկ Ազոյանի, Աշոտ Մինասյանի, Արայիկ Վարդանյանի և մյուսների վարքը հայրենատիրության իսկական օրինակ է եղել ու կա:

Մեր երկրի և հատկապես Սյունիքի համար բախտորոշ այս ժամանակաշրջանում մենք պարտավոր ենք ցուցաբերել ողջամտություն և իմաստնություն:

Դա նախևառաջ ենթադրում է ազգային միասնության և համերաշխության  վերականգնում:

Մեր ժողովրդի պատմական ընթացքում բազմիցս է ապացուցվել՝ երբ միասնական ենք եղել՝ ամենազոր թշնամին անգամ ընկրկել է, և մենք հաղթանակներ ենք կերտել: Բազմաթիվ օրինակներից հիշենք Սարդարապատի հերոսամարտը, 20-րդ դարասկզբի Զանգեզուրի գոյակռիվը, Արցախյան 1-ին պատերազմը:

Ուրեմն և գիտակցենք, որ մեր ազգային լինելիության բանալին մեր միասնության մեջ է:

Չափազանց կարևոր է հայոց անպարտելիության ոգու վերականգնումը, հաղթանակի հանդեպ, մեր զորական ուժի հանդեպ հավատի և վստահության  վերականգնումը:

Ստեղծված իրավիճակում առանձնահատուկ առաքելություն ունենք սյունեցիներս:

Ուզում եմ հիշենք՝ Սյունիքի մարտական դրոշները հազարամյակների ընթացքում երբեք և ոչ մի պարագայում չեն խոնարհվել թշնամու առջև:

Այնպես որ՝ պարտավոր ենք ոտքի կանգնել և տեր լինել մեր հերոս նախնիների, մեր նահատակ ընկերների սրբազան հիշատակին ու նրանց անկատար երազանքները կյանքի կոչել:

Չմոռանանք՝ մեզ հետ է Աստված և Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Անդրանիկ Զորավարի, Գարեգին Նժդեհի ու Վազգեն Սպարապետի ոգին»:

Հուշ-ցերեկույթը, չնայած անսովոր ցուրտ եղանակին, համեմեցին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթի մեներգչուհի Սաթիկ Կարապետյանը՝ «Հայաստան» երգով և Աղվան Մինասյանի անվան արվեստի ու ստեղծագործական կենտրոնի պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Արմինե Սարգսյան):

Հուշ-ցերեկույթի գեղարվեստական մասն ամփոփվեց Վազգեն Սպարապետին նվիրված երգով, որը կատարեց Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթի երգիչ Բաբկեն Մկրտչյանը:

Վերջում ցերեկույթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին խաչքար-աղբյուրի պատվանդանին, ապա տեղափոխվեցին ԵԿՄ Սիսիանի բաժանմունքի հիմնանորոգված գրասենյակ:

Այն հիմնանորոգվել էր ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի նախաձեռնությամբ և ջանքով:

Հիմնանորոգմանը զուգահեռ այդ օջախը նաև բովանդակությամբ ու իմաստով էր նորացվել, որի վկայությունը շենքի բակում կանգնեցված խաչքարը չէր միայն: Ուշագրավ էր փառքի սրահը՝ նվիրված Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված սիսիանցիներին: Իսկ պատշաճորեն ձևավորված պատանի երկրապահների ակումբում, դասասենյակում բարեհարմար պայմաններ էին ստեղծվել՝ արիության դասեր և ռազմահայրենասիրական բնույթի այլ միջոցառումներ անցկացնելու համար:

Վերաբացված գրասենյակը, կարծում ենք, նոր խթան կհանդիսանա ԵԿՄ Սիսիանի բաժանմունքի աշխատանքների հետագա ակտիվացմանը, աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության բարելավմանը:

Հ.Գ.

ԵԿՄ Սիսիանի բաժանմունքի հրաշալիորեն վերանորոգված գրասենյակի վերաբացման առիթով կազմակերպված միջոցառումների շարքը, անշուշտ, ավելի ամբողջական և իմաստալից կլիներ, եթե ներկա գտնվեին նաև «Սիսական» փառապանծ ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ու նրա զինակից ընկերները, թեև հրամանատարը հրավիրված էր: Նման գեղեցիկ առիթները պետք է ծառայեցնել միասնության և համերաշխության մասին խոսքերը գործի վերածելու նպատակին. վաղուց ժամանակն է, եթե, իհարկե, չենք ուշացել: Իսկ թուրքի կողմից Սյունիքի օկուպացված տարածքների ազատագրումը հնարավոր չէ առանց իրական միասնության և համերաշխության:

Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի

01.10.2026 18:21

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026 17:39

Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01.10.2026 17:07

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

01.10.2026 17:01

Ապատեղեկատվություն

01.10.2026 16:53

Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում․ Սյուզի Բադոյան

01.10.2026 16:42

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

01.10.2026 16:13

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգար

01.10.2026 15:33

Հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով․ Արսեն Թորոսյան

01.10.2026 14:54

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

01.10.2026 14:51

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.10.2026 14:47

44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան

01.10.2026 14:44