ԱՐԱ ԶԱՔԱՐՅԱՆ. «Սիսիանը սահմանապահ համայնք է, ու սահմանը պահում է ոչ միայն դիրքապահ զինվորը, այլև համայնքում ապրող յուրաքանչյուր ոք»

22.09.2022 10:32
3030

Սիսիան համայնքի ավագանու սեպտեմբերի 25-ին կայանալիք ընտրությանը մասնակցում է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի նախընտրական ցուցակը գլխավորում է Արա Զաքարյանը: Արա Զաքարյանը նոր դեմք է Սյունիքի մարզի և մասնավորապես Սիսիանի հասարակական-քաղաքական կյանքում: Ուստի և կարևոր համարեցինք պարզել ոչ միայն մեր պարբերականին, այլև Սիսիանի հանրությանը հետաքրքրող մի քանի հարցի վերաբերյալ նրա պատկերացումներն ու ծրագրերը:

Հարգելի պարոն Զաքարյան, նախ ողջունում ենք Ձեր պատրաստակամությունը՝ մասնակցելու Սիսիան համայնքի ղեկավարի համար ընտրապայքարին և հաջողություններ մաղթում: Ու քանի որ առաջին անգամ ենք նման պատասխանատու նպատակադրությամբ ներկայանում հանրությանը, կուզենայինք նախ և առաջ ճշտել՝ ո՞վ է Արա Զաքարյանը: Ընդ որում՝ մի քանի խոսքով էլ՝ Ձեր ապրած տարիների մասին:

 – Արա Զաքարյանը Սիսիանի ներկա վիճակով մտահոգ սիսիանցիներից մեկն է, ով ի վիճակի է իր կառավարչական փորձով, գիտելիքներով, հնարավորություններով ու կապերով ծառայել Սիսիան համայնքին և նրա բնակիչներին: Ու համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվելու իմ որոշումն իրավիճակային չէ: 2016 թվականին բարձր քվեներով ընտրվել եմ Սիսիան քաղաքային համայնքի ավագանու անդամ: Ավագանու անդամի փորձառությունն ինձ բավարար է՝ ներսից հասկանալու, թե ինչպես է աշխատում համայնքային իշխանությունը:

Սիսիան բազմաբնակավայր համայնքը, որ ընդգրկում է Սիսիանի երբեմնի ամբողջ շրջանը, մեր հանրապետության ամենախոշոր տարածաշրջաններից է: Եվ այդ համայնքը, այն էլ դժվարին մեր ժամանակներում, այն էլ բազմաթիվ հիմնախնդիրների, մարտահրավերների դեպքում, ձգտում եք ղեկավարել, համենայնդեպս նման հայտ եք ներկայացրել: Ի՞նչն է Ձեզ մղում նման պատասխանատու քայլի, ինչո՞վ են պայմանավորված Ձեր ձգտումը, մտադրությունը:

 – Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, Սիսիան համայնքը՝ Սյունիքի դարպասը: Մեր համայնքի վարչական սահմաններն արևելքում և արևմուտքում պետական սահման են: Մենք ամենաերկար պետական սահման ունեցող շրջանն ենք Հայաստանում: Ու սահմանի այս կողմից մյուս կողմ ընդամենը 26 կմ է: Սա նշանակում է մեկ բան՝ Սիսիանը, նրա բոլոր գյուղերն ուղղակի սահմանամերձ բնակավայրեր չեն, այլ սահմանապահ: Արցախյան բոլոր պատերազմներում սիսիանցիներն ամենաշատ զոհերն են տվել, սա մեր ցավն է, բայց և հպարտությունն ու պարտքը՝ մեր հերոս նահատակների սուրբ հիշատակի առջև, իմ պարտքը… Սիսիանը պետք է ապրի, պետք է զարգանա, որ անառիկ մնա Սյունիքի դարպասը: Սիսիանը, Սյունիքը պետք է ապրեն, որ կանգուն մնան Արցախն ու Հայաստանը:

Դուք եղել և մնում եք անկուսակցական, բայց ընտրության եք գնում «Ապրելու երկիր» կուսակցության դրոշով, ինչո՞ւ: Արդյո՞ք քաղաքական այդ ուժը Սիսիանի տարածաշրջանում հանրային որոշակի ռեսուրսներ ունի, թե՞ ամեն ինչ պայմանավորված կլինի Ձեր հեղինակությամբ, նաև ավագանու անդամների թեկնածուների վարկանիշով:

– Նախ՝ «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում եմ որպես անկուսակցական, որովհետև, կարծում եմ, համայնքապետը բոլոր պարագաներում պետք է վեր կանգնած լինի կուսակցական շահերից: Ես և կուսակցության առաջնորդներն այդ հարցում, ինչպես նաև Սիսիան համայնքի ներկա վիճակի ու դրա կարևորության ընկալման առումով լիակատար փոխըմբռնում ունենք: Երկրորդ, բոլոր այն համայնքներում, որտեղ «Ապրելու երկիրը» ներկայացված է ավագանու կազմում, «Ապրելու» հիմնադրամը և կուսակցությանն աջակցող այլ կառույցներ ու ներդրողներ բազմամիլիոնանոց ֆինանսական աջակցության ծրագրեր են իրականացնում, մասնակցում սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը, օժանդակում համայնքային իշխանությանը՝ բարձրակարգ մասնագետների, լուրջ ներդրողների հետ կապեր հաստատելու գործում: Ի դեմս «Ապրելու երկիր» կուսակցության՝ մենք և Սիսիանը ձեռք ենք բերել ուժեղ և լուրջ քաղաքական գործընկեր ու բարեկամ:

Ծանոթ լինելով Ձեր անձնական հեղինակությանը, հայրենի եզերքին Ձեր գերդաստանի նվիրվածությանը, Սիսիանում վերջին շրջանում անցկացված հարցախույզների արդյունքներին, կարող ենք ենթադրել, որ բացի «Ապրելու երկիր» կուսակցության համակիրներից, Ձեր հետևից կգան նաև համայնքի երիտասարդությունը, Սիսիանի ճակատագրով մտահոգ շատ մարդիկ: Եվ, այդքանով հանդերձ, ո՞րն է սոցիալական-քաղաքական այն խավը, որի համար Դուք պահանջված եք՝ իբրև համայնքի ղեկավար, ովքեր Ձեր սոցիալական-քաղաքական հենարանն են:

– Մեզ այսօր նախևառաջ միասնություն է պետք՝ տարիներով կուտակված խնդիրները լուծելու համար, իսկ դրանք շատ-շատ են: Մեր գյուղերից ու Սիսիան քաղաքից մեծ արտագաղթ կա, որովհետև մարդիկ աշխատանք չունեն, աշխատանք ունեցողներն ամբողջ օրն աշխատում են, բայց ցածր եկամուտ վաստակում: Մեր բնակավայրերում կյանքի որակը շատ ցածր է՝ անբարեկարգ ճանապարհներ, խմելու և ոռոգման ջրի խնդիր, ժամանցի ու հանգստի պայմանների բացակայություն: Երիտասարդին Սիսիանում պահող ոչինչ համարյա չկա, աշխատել ցանկացող ու աշխատող մարդուն Սիսիանում պահող պայման չկա: Մեր թիմի սոցիալական հենարանն եմ համարում բոլոր նրանց, ովքեր ուզում են աշխատել և ապրել Սիսիանում:

Փորձեք գնահատել Ձեր նախընտրական թիմի և մրցակից քաղաքական ուժերի նախընտրական թիմերի հնարավորությունները:

– Սեպտեմբերի 25-ի ընտրություններում ես և իմ թիմը սիսիանցիներից հայցում ենք բացարձակ մեծամասնության վստահության քվե՝ 50+1 տոկոս: Ավագանին բաղկացած է 21 անդամից, մեզ տրված առնվազն 11 մանդատը կնշանակի, որ սիսիանցիները, շարքային ընտրողներն են առաջնային մանդատի կրողը, իրենք են անմիջականորեն ընտրում համայնքապետ, այլ ոչ ավագանին: Սա նշանակում է, որ ես և իմ գլխավորած թիմը կրելու ենք անհատական պատասխանատվություն յուրաքանչյուր ընտրողի առջև, հաշվետու և պատասխանատու ենք լինելու միայն իրենց առջև:

 – Սիսիանում (գաղտնիք չէ) վերջին տասնամյակներում ընտրությունները (համապետական, ՏԻՄ) հիմնականում անցել են լարվածության, երբեմն նույնիսկ ակնհայտ թշնամանքի մթնոլորտում: Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս նախընտրական մթնոլորտը համայնքում: Ի՞նչն է առավել շատ բնութագրական քարոզարշավին՝ նախընտրական ծրագրերի, գաղափարների մրցակցությո՞ւնը, թե՞… Արդյո՞ք հեռու է այն ժամանակը, երբ ընտրություններից հետո մարդիկ միմյանց հակառակորդներ չեն լինի, իրար թշնամի չեն համարի…

– Մեր հաղթանակի ձգտելու նպատակը հենց այն է, որ վերջ տանք միմյանց վիրավորելու, անիմաստ թշնամության արատավոր մթնոլորտին, համախմբել բոլոր առողջ ուժերը և միասնաբար լուծել համայնքի խնդիրները: Սովորաբար մեզ մոտ ընտրությունների ժամանակ ծրագրերով մրցակցելու փոխարեն թեկնածուները հիմնականում գովազդային քարոզարշավ են վարում ու անհատական քվեի համար զանգահարում, հանդիպում ընտրողների հետ: Ձևական նախընտրական ծրագրերը մարդկանց մեծ մասը լուրջ չի ընդունում և չեն էլ կարդում: Փորձել ենք ծրագրային-գաղափարական քարոզչություն իրականացնել. կարծում եմ՝ ընտրողներին հետաքրքիր է, քանի որ արձագանքները շատ են:

Իսկ վարչական ռեսու՞րսը… Ցավոք, վարչական ռեսուրսը միշտ էլ կարևոր գործոն է եղել բոլոր կարգի ընտրություններում: Հիմա էլ՝ նույնպես. որքան էլ ասենք՝ վարչական ռեսուրսը չի օգտագործվում, այդպես չէ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

 – Վարչական ռեսուրսի կիրառման գայթակղություն, իհարկե, կա, մենք դա տեսնում ենք, և կան փորձեր՝ վարչական լծակներ օգտագործելու: Սա նշանակում է ընդամենը, որ վարչական ռեսուրս կիրառողները չեն գիտակցել, թե ժողովուրդն ինչո՞ւ 2018 թվականին դուրս եկավ փողոց, թե ի՞նչ է փոխվել Հայաստանում և սիսիանցիների վարքագծում, մտածողության մեջ: Ամեն դեպքում հիմա վարչական լծակ կիրառողները, եթե այդպիսի ցանկություն ունեին, ժամանակին պետք է հոգ տանեին իրենց հեղինակության մասին, որ մարդիկ գոնե հարգելով լսեին իրենց խորհուրդը: Զավեշտն այն է, որ վարչական լծակն օգտագործվել է ներկա կամ նախկին պաշտոնյա բազմաթիվ մարդկանց նկատմամբ՝ նախընտրական ցուցակներում ներառելու համար:

Եթե Դուք հավակնում եք ղեկավարել համայնքը, ուրեմն ինչ-որ առումով դժգոհ եք կամ առնվազն գոհ չեք Սիսիանի ներկա վիճակից և ուզում եք շտկել դրությունը: Հետաքրքիր է՝ համայնքային գործերում հատկապես ի՞նչն է, որ Ձեզ չի գոհացնում և մտահոգության տեղիք տալիս:

– Համայնքային իշխանությունից ժողովուրդը որևէ ակնկալիք չունի, նույնիսկ անիմաստ են համարում խոսել խնդիրներից: Ինձ չի գոհացնում նաև այն, որ այսօր Սիսիանը համայնքային բյուջեի մեծությամբ Սյունիքի մարզում 4-րդ տեղում է՝ Կապանից, Քաջարանից ու Գորիսից հետո: Դժգոհ եմ սուբվենցիոն ծրագրերին համայնքի թույլ ներգրավվածությունից: Սիսիանի մասնաբաժինը մարզին հատկացված բոլոր սուբվենցիաների մեջ կազմում է ընդամենը 10 տոկոս, ինչո՞ւ:

Մենք հասցրել ենք ծանոթանալ Ձեր գլխավորած քաղաքական թիմի նախընտրական ծրագրին: Բազմաթիվ կարևոր հիմնադրույթներ ենք տեսնում այդ փաստաթղթում: Փորձեք շատ համառոտ ներկայացնել՝ որո՞նք են նախընտրական ծրագրի հիմնական ուղղությունը, միտումը, տրամաբանությունը և, իհարկե, որքանո՞վ է այն իրատեսական:

– Մեր ծրագիրը նախընտրական չէ: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված է, որ նորընտիր համայնքային իշխանությունը երկամսյա ժամկետում պարտավոր է հաստատել համայնքի զարգացման 5-ամյա ռազմավարական ծրագիր: Ընտրություններին մասնակցելու հայտը ներկայացրած լուրջ ու պատասխանատու թիմը, ըստ այդմ, պետք է նախապես հոգ տաներ նման ծրագիր մշակելու մասին:

– Մեր խմբագրությունը քաջատեղյակ է Սիսիան համայնքի հոգսերին, իսկ Ձեր նախընտրական ծրագրի ու այս զրույցի շնորհիվ մեր պատկերացումներում ավելի հստակություն մտցվեց: Խնդիրները, իհարկե, շատ-շատ են, բայց փորձեք առանձնացնել առավել կարևոր մի քանի խնդիր, որոնք, Ձեր ընտրվելու դեպքում, առաջին հերթին կգտնվեն համայնքային իշխանության ուշադրության կենտրոնում:

– Նախընտրական քարոզչության ժամկետը սահմանված է օրենքով, ընդամենը 24 օր, որոնց ընթացքում թեկնածուները պետք է հասցնեն հանդիպել ընտրողների հետ 36 բնակավայրում, Սիսիան քաղաքում: Այսպիսի պայմաններում ստիպված ես վարել մեկ թեմայի քարոզչություն, ու այդ թեմայի մեջ միավորել համայնքի տարաբնույթ ու բազմաթիվ խնդիրների լուծումը: Կարծում եմ՝ մեր թիմին հաջողվել է լուծել այդ խնդիրը: Ծրագրի գլխավոր, հիմնական թեման «Ապրելու Սիսիանն է», «Ապրելու համայնքը», որտեղ տնտեսական զարգացման հիմնական, գերակա ուղղություններն են գյուղատնտեսությունը, ագրոարդյունաբերությունը և զբոսաշրջությունը, իսկ համայնքային իշխանության մարմինների հիմնական գործառույթը՝ բնակչության կյանքի որակի ապահովման մեխանիզմների ձևավորումը:

2020 թ. նոյեմբերի 9-ից և հատկապես դեկտեմբերի 18-ից հետո Սիսիանի տարածաշրջանը մի քանի ուղղությամբ դարձավ Ադրբեջանին սահմանակից: Եթե նախկինում միայն Նախիջևանի ուղղությամբ էր սահման, հիմա՝ նաև հյուսիսային, հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան ուղղություններով: 2021-ի նոյեմբերի 16-ին էլ մարտական գործողություններ տեղի ունեցան անմիջապես Սիսիան քաղաքի մերձակա տարածքներում՝ Մեծ Իշխանասարի և Փոքր Իշխանասարի ստորոտներում: Սահմանների պաշտպանության, ամրակայման, բնակչության անվտանգության ապահովման առումով համայնքային իշխանությունն ուղղակի գործառույթներ չունի: Բայց և անհնար է պատկերացնել մի վիճակ, երբ համայնքային իշխանությունը կողքից հայեցողի դերում կլինի: Եվ ուրեմն՝ ինչպե՞ս եք պատկերացնում համայնքապետարանի գործողությունները (այդ թվում՝ համագործակցությունը զինվորական կառույցների հետ)՝ տարածաշրջանի պաշտպանությունը կազմակերպելու ուղղությամբ:

– Նորից պետք է նշեմ՝ Սիսիանը ոչ թե սահմանամերձ, այլ բառի ուղիղ իմաստով սահմանապահ համայնք է: Համայնքապետը պաշտպանության բնագավառում օրենքով սահմանված կոնկրետ գործառույթներ ունի: Սիսիան քաղաքում և մեր բոլոր գյուղական բնակավայրերում մինչև հիմա լուծված չէ ապաստարանների խնդիրը: Այդուհանդերձ, պաշտպանության բնագավառում համայնքապետի ամենակարևոր գործառույթը, կարծում եմ, Սիսիան համայնքում նախ և առաջ աշխատատեղ ստեղծելն է, աշխատանքի եկամտաբերության աճին նպաստող պայմանների ձևավորումը, մարդկանց կյանքի որակի բարելավումը՝ ճանապարհների բարեկարգում, խմելու և ոռոգման ջրի կարգավորում, տանիքների վերանորոգում, միջհամայնքային տրանսպորտի հարցի լուծում, կոյուղի, ամենը, ինչ կապված է մարդու կյանքի որակի հետ: Միայն այդ դեպքում է հնարավոր ապահովել պայմաններ, որ մարդիկ չհեռանան համայնքից: Սիսիանը սահմանապահ համայնք է, ու սահմանը պահում է ոչ միայն դիրքապահ զինվորը, այլև համայնքում ապրող յուրաքանչյուր ոք:

Սիսիան համայնքի բազմաթիվ գյուղեր, անկեղծ լինենք, հոգեվարք են ապրում, ավելի ստույգ՝ նրանց վաղվա օրը վտանգված է… Ունե՞ք պատկերացում, թե ինչպես կարելի է կազմակերպել տարածաշրջանի լեռնային գյուղերի փրկությունը կամ (առնվազն) հոգեվարքի կասեցումը: Ի՞նչ եք կարծում՝ համայնքների խոշորացումը ( Սիսիանի օրինակով) ողջամիտ ճանապա՞րհ է, թե՞…

– Միանգամայն ճիշտ եք, արդեն այսօր ունենք մեկ տասնյակից ավելի ուրվական գյուղեր՝ 36-ից, բայց դեռևս կենդանի գյուղերն էլ դատապարտված կլինեն, եթե թողնենք այսպես շարունակվի: Համայնքում համաչափ տարածքային զարգացում պետք է ապահովել՝ բնակավայրերի միջև բյուջեի միջոցների արդար բաշխման միջոցով: Առանց արդար կառավարման և համաչափ տարածքային զարգացման՝ խոշորացումն ինքնանպատակ է դառնում:

Մենք խոսեցինք գյուղապահպանության մասին, բայց այլ խնդիր է գյուղատնտեսությունը: Սիսիանը, իր բացառիկ արոտավայրերով, ալպիական մարգագետիններով եզակի տարածաշրջան է հանրապետությունում: Մինչդեռ այդ ռեսուրսները, հատկապես անկախության տարիներին, արդյունավետ չեն օգտագործվում՝ տարբեր պատճառներով: Չե՞ք կարծում, որ բնական այդ հարստությունը պետք է խելամտորեն օգտագործել և ի շահ համայնքի:

– Սիսիանը տարածքով ամենամեծ համայնքն է Սյունիքի մարզում և, ընդհանրապես, հանրապետությունում: Դուք իրավացի եք, մեր համայնքին բաժին է ընկնում մարզի ընդհանուր արոտների և վարելահողերի կեսից ավելին: Ինչ ասես՝ ունենք՝ հող, ջրամբարներ, գետեր, հանքային աղբյուրներ, մետաղական և ոչ մետաղական հանքավայրերով հարուստ ընդերք: Այդուհանդերձ, համայնքի բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, և այն գերակա ոլորտ է մեր ծրագրում: Առաջնահերթություն է մեքենատրակտորային համայնքային կայանի ձևավորումը, գյուղարտադրանքի իրացմամբ զբաղվող ագրոլոգիստիկ ընկերության հիմնադրումը, հողերի չափի, կարգերի հարցի կարգավորումը, բոլորի համար հողօգտագործման հավասար պայմանների ապահովումը, արոտների կայուն կառավարման, անասնապահության, դաշտավարության ու ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրերի իրականացումը:

2020 թ. պատերազմից օրեր առաջ մեր ստեղծագործական խումբն այցելեց Լեռնաշեն և բարձրացավ Տատնա ձորով դեպի վեր… Հրաշք բնաշխարհ է, բայց պարզվում է, որ բնության այդ անարատ անկյունում նույնպես, չնչին գումարով, հանքարդյունաբերություն է կազմակերպվում, որը ռիսկեր է պարունակում այդ վայրերի խմելու և հանքային ջրերի համար: Եվ դա, բնապահպանական տեսակետից, միակ խնդիրը չէ Սիսիանի տարածաշրջանում: Դուք կկարողանա՞ք շրջակա միջավայրի անաղարտության խնդիրը պահել համայնքապետարանի ուշադրության կենտրոնում:

– Սիսիանում հիմա արդեն մի քանի հանքարդյունաբերական ընկերություններ կան, որոնք լեռնահատկացման ակտերով դեռևս չշահագործվող, այդ թվում՝ ոսկու, մոլիբդենի հանքերի սեփականատեր են: Հողօգտագործման թույլտվությունների տրամադրումն իրականացվում է հանրային լսումներով: Կարծում եմ՝ նման հարցերը պետք է լուծվեն տեղական հանրաքվեով: Մարդիկ պետք է իրապես տեղեկացված լինեն, քանի որ ցանկացած գործունեություն այդ բնագավառում սիսիանցու համար պետք է շահավետ լինի, իսկ շրջակա միջավայրի համար՝ անվտանգ:

Սիսիանը Սյունյաց աշխարհի բազմաթիվ մեծերի բնօրրանն է՝ Շաղատի վարդապետարանի քերթողներից մինչև Հովհան Որոտնեցի ու Նիկողայոս Ադոնց, Մորուս Հասրաթյան ու Համո Սահյան… Ասել է թե՝ հոգևոր-մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող Սիսիանը պարտավոր է ունենալ մշակութային հարուստ ներկա: Ձեր մտածումներն այդ ուղղությամբ…

– Սկսելու ենք մանկապարտեզներից, որոնք համայնքային ենթակայության ներքո են: Արդիականացնելու ենք ՆՈՒՀ-երի նյութատեխնիկական բազան՝ խելացի տեխնոլոգիաներով վերազինման ծրագրի շրջանակներում՝ ինտերակտիվ գրատախտակներ, հատակներ, հայելիներ, ֆիզկուլտուրայի ու « Խաղա և զարգացիր» ուսումնական համալիրներ: Նոր սերնդի համար ապահովելու ենք անհրաժեշտ պայմաններ, որ մեր երեխաները մանկապարտեզներում իսկապես ապահովված լինեն որակյալ ու ժամանակակից նախադպրոցական կրթության պայմաններով: Նույն տրամաբանության մեջ ներդրումներ ենք անելու երաժշտական, պարի և գեղարվեստի դպրոցներում, ստեղծելու ենք մարդկանց կյանքի բարձր որակը ձևավորող անհրաժեշտ բոլոր պայմաններով միջավայր:

Սիսիանը բացառիկ է նաև տեսարժան վայրերով, մեր մշակութային ժառանգության եզակի հուշարձաններով… Ուխտասարի ժայռապատկերներ, Շաքեի ջրվեժ, Զորաց քարեր, Թանահատի վանք, Որոտնավանք, Որոտնաբերդ, Վարդան Զորավարի ենթադրյալ գերեզմանատեղի ու բազմաթիվ այլ վայրեր: Եվ դրանց մեծ մասն ընդգրկված չէ զբոսաշրջային երթուղիներում, մի մասը նույնիսկ անծանոթ է հանրության լայն շրջաններին: Չե՞ք կարծում, որ զբոսաշրջությունը կարող է լրջագույն ուղղություն դառնալ տարածաշրջանի հետագա զարգացման ճանապարհին:

– Սիսիանի զբոսաշրջային ռեսուրսները խոշոր հաշվով մինչև հիմա գույքագրված չեն, նաև այդ՝ հարավային զբոսաշրջային երթուղու ամենաերկար հատվածն ունեցող Սիսիանի զբոսաշրջային եկամուտները բազմակի զիջում են հարևան Գորիս, Տաթև և մարզի մյուս բոլոր համայնքներին: Զբոսաշրջությունը մեզ համար գերակա ճյուղ է: Սիսիան համայնքը մեծ ներուժ ունի դառնալու ներգնա և միջազգային զբոսաշրջային պահանջարկված դեստինացիա, համայնքային զբոսաշրջության կենտրոն, ինչի համար անհրաժեշտ է իրականացնել համայնքի զբոսաշրջային գոտևորում և էկոպոլիս-գյուղերի զբոսաշրջային գոտիների տարածքների բարեկարգում, կահավորում: Սիսիան համայնքը՝ մեր ծրագրով, նախատեսվում է կազմակերպել որպես գյուղատնտեսական-զբոսաշրջային կլաստեր:

Սիսիանի տարածաշրջանը, ճակատագրի կամոք, վերածվում է ճանապարհաշինական մեծ հրապարակի: Հիմա Շամբ-Լծեն- Տաթև շրջանցող ճանապարհն է կառուցվում, որոշ ժամանակ անց կսկսի Հյուսիս-հարավի ՍիսիանՔաջարան հատվածի կառուցումը… Դա, ըստ էության, շանս է տարածաշրջանում նոր ենթակառուցվածքներ ստեղծելու, տնտեսվարողների և աշխատուժի առկա ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու համար: Համայնքային իշխանությունը, Ձեր ընտրվելու դեպքում, կկարողանա՞ այդ ամենը ծառայեցնել տարածաշրջանի զարգացմանը:

– Սիսիանն իրապես բոլոր հնարավորություններն ունի միջազգային-տարածաշրջանային նշանակության բազմամիլիարդանոց ճանապարհաշինական նախագծերի իրականացման շնորհիվ թռիչքաձև աճ ապահովել: Սիսիան- Քաջարան ճանապարհահատվածի ներդրումային ծրագիրը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի մաս է, որ հաստատվել է 2021 թ. սեպտեմբերին՝ կառավարության որոշմամբ: Մինչև մեկ միլիարդ դոլար նախնական արժեքով 50 կմ երկարությամբ ճանապարհի շինարարական աշխատանքների իրականացման հաշվարկային ժամկետը կազմելու է 6 տարի: Նախատեսված է, որ մինչև այս տարվա ավարտ ընտրվեն հիմնական կապալառուները: Համայնքապետն ընտրվում է 5 տարի ժամկետով, կարծում եմ՝ սիսիանցիները կնախընտրեն այդ տարիներին ունենալ գործունակ, արդյունավետ աշխատող համայնքային իշխանություն: Սիսիանի համայնքապետարանը պետք է որ մինչև հիմա մտածած լիներ այդպիսի մեգանախագծերի մեջ Սիսիան համայնքի ներգավման ռազմավարական ծրագիր մշակելու մասին:

Վերադառնանք նախընտրական գործընթացներին… Եթե, ասենք, Ձեր քաղաքական թիմը սեպտեմբերի 25-ին չստանա քվեարկությանը մասնակցած ընտրողների կեսից ավելիի ձայները, մրցակիցներից ո՞ր մեկի հետ կգնաք դաշինքի:

– Այդ մասին խոսելը ժամանակավրեպ եմ համարում մի քանի հանգամանքների պատճառով: Անձնական հարթությունում որևէ մեկի հետ խնդիր չունենք, բոլորն էլ մեր սիսիանցիներն են, բայց ունենք համայնք՝ հիմնականում բաժանված իրար հետ հակամարտող քաղաքական ճամբարների: Հուսով եմ՝ մարդիկ նաև այդ պատճառով կընտրեն մեր թիմին, որպեսզի վերջ տան այս անիմաստ և անհասկանալի սև ու սպիտակի բաժանմանը, ու Սիսիանը կվերագտնի իր միասնությունը: Մեզ համար կարևոր են նաև տվ յալ թեկնածուի, նրա քաղաքական թիմի ծրագիրը, անցած ուղին, անկեղծությունն ու գործունակությունը: Ներքին համոզմունք ու վստահություն ունեմ՝ սիսիանցիներն իմաստուն ժողովուրդ են, սեպտեմբերի 25-ին ընտրողներն այդ խնդիրը կլուծեն, չեն թողնի ապագային:

Պարոն Զաքարյան, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար Ձեզ՝ հաջողություններ:

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ՝ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Դեմ եմ ամերիկյան հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի հարձակումներին. Թրամփ

12.12.2024 20:31

Գորիսի «Դիտակետ» կոչվող տարածքից քաղաքացի է ընկել

12.12.2024 19:25

Տվյալներ են ստացվել ՀՀ և Թուրքիայի պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ. ԱԱԾ

12.12.2024 19:22

Մարզի խորհրդի տարեվերջյան նիստում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքն ու համայնքների սեփական եկամուտների հավաքման պատկերը

12.12.2024 17:51

Կյանքը Հայաստանում թանկացել է. Վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել

12.12.2024 17:43

«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար անփոխարինելի նախագծերից է. Թուրքիայի տրանսպորտի նախարար

12.12.2024 17:39

Կաթնառատ–Փիրմազրա գյուղում էինք․ հինգ ընտանիք է մնացել

12.12.2024 17:18

Հանրային քննարկում Քաջարանի համայնքապետարանում

12.12.2024 16:33

Թոշակի անցած զինծառայողները եւս կարող են պետության աջակցությամբ բնակարաններ ստանալ. ծրագրի ժամկետ երկարացվեց

12.12.2024 16:29

ՀՀ սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար սուբսիդիաներ կտրամադրեն ևս 400 ընտանիքի

12.12.2024 15:54

Արուսյակ Հակոբյան. «Ինքնակատարելագործման ձգտումը մարդուն պիտի ուղեկցի ողջ կյանքի ընթացքում»

12.12.2024 15:09

Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ ավելի է բարդացրել հարցը. Բայրամով

12.12.2024 14:20