Արամ Մանուկյանը՝ ընդօրինակման արժանի պետական ու ազգային գործիչ

11.08.2025 12:25
3055

Ողջունում եմ «Սյունյաց երկրի» հերթական հատուկ համարի ծնունդը, որը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ազգային ու պետական նշանավոր գործիչ, հայոց արժանապատվության խորհրդանիշ, քրիստոնեական ու ազգային մեր արժեքների նվիրյալ Արամ Մանուկյանին:

Եղել ու մնում եմ կարծիքին, որ Հայաստանի հարավային մայրաքաղաք Կապանը ժամանակների հոլովույթում կենսունակ և իր առաքելության մեջ հաստատուն է եղել ու շարունակում է այդպիսին մնալ նախևառաջ իր հերոսական պատմությամբ, մեր փառապանծ նախնիների մասին չխամրող հիշողությամբ:

Այդ տրամաբանությամբ ու այդ սկզբունքով էլ այսօր ոգեկոչում ենք Արամ Մանուկյանի հիշատակը:

Համարում կարևոր տեղ է զբաղեցնում հայրենագիտական, գիտակրթական ու դաստիարակչական բաղադրիչը, որը մեր օրերում պահանջված հանգամանք է:

Սակայն, դրա հետ մեկտեղ ու առաջին հերթին, ներկայացվում է պետականակերտ ու պատմակերտ, հայ ժողովրդի ազատագրական պայքարի ջատագով ու կազմակերպիչ Արամ Մանուկյանը:

Նրա կյանքն ու գործունեությունը, առանց չափազանցության, դասագրքային բացառիկ օրինակ են և պատասխան են հարցերին, թե ինչ են պետությունն ու պետականությունը, ինչ է դիվանագիտությունը, ինչ ասել է համազգային միասնություն ու համերաշխություն և ինչպես կարելի է դրան հասնել, ինչպես պետք է հարաբերվել-երկխոսել հարևան ժողովուրդների հետ՝ իբրև անսակարկելի անկյունաքար ունենալով հայ ժողովրդի շահերը:

Դասագրքային օրինակ են նաև նրա պատկերացումներն իշխանության, իշխանավորի ու նրա վերկուսակցական-վերանձնական վարքի մասին:

Մեր ժողովրդի դարերի պատմության մեջ, անշուշտ, ոսկե տառերով է գրված Վան-Վասպուրականի 1915 թ. ապրիլ-մայիսյան ինքնապաշտպանության, դրա շնորհիվ ստեղծված Վանի նահանգապետության մասին:

Հերոսական այդ իրադարձությունների ընթացքում նորովի երևան եկան Արամ Մանուկյանի կազմակերպչական բացառիկ տաղանդը, պետական գործուն և ժողովրդանվեր իշխանություն ստեղծելու նրա կարողությունը, հայ մարդու ֆիզիկական ապահովության համար գործադրած ջանքերը:

Այդքանով հանդերձ՝ ինձ միշտ էլ հաճելիորեն զարմացրել ու զարմացնում է Արամ Մանուկյանի գործունեությունը 1918 թ. մայիսյան օրերին։

Թշնամին Երևանի ու Էջմիածնի մատույցներում էր, Ալեքսանդրապոլում թուրքն էր տեր ու տիրական դարձել, ամենուրեք խուճապ էր...

Թվում էր, թե ուր որ է՝ պատմական թատերաբեմից դուրս կմղվի հազարամյա Հայաստանը, իսկ հայ բնակչությունը նոր ցեղասպանության կենթարկվի, բայց...

Բախտորոշ այդ հանգրվանում, սակայն, ճակատագիրը հայ ժողովուրդին էր պարգևել Արամ Մանուկյան, Մովսես Սիլիկյան, Դրո, Գարեգին Նժդեհ և բազում այլ փառապանծ գործիչներ։ Ու նրանք, ամբողջ ժողովրդին ոտքի հանելով, իսկական հրաշքներ գործեցին, անկարելին իրականություն դարձրին։ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում թուրքական գերակշռող ուժերը պարտություն կրեցին ու նահանջեցին։

Եվ ոչ միայն փրկվեցին Հայաստան աշխարհն ու հայ ժողովուրդը, այլև իրականություն դարձավ դարերի մեր ազգային ամենագլխավոր երազանքը՝ վերականգնվեց կորսված հայոց անկախ պետականությունը։

Երբեմն ինքս ինձ հարցնում եմ՝ արդյո՞ք մեզանում կա պատշաճ գիտակցում այն ամենի, ինչ տեղի ունեցավ 1918 թ. մայիսյան օրերին։ Արդյո՞ք կա պատշաճ գիտակցում, թե պատմական ի՞նչ նշանակություն ունեցավ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրումը։ Չէ՞ որ՝ հետագայում չէին լինի Հայաստանի երկրորդ և երրորդ հանրապետությունները, եթե չհիմնադրվեր առաջին հանրապետությունը։ Չէր լինի նաև մեր այս օրը, եթե չլիներ առաջին հանրապետությունը, որի հիմնադիրն էր հայ ժողովրդի պարծանք, մեր հայրենակից Արամ Մանուկյանը։

Առիթից օգտվելով՝ երախտագիտությունս եմ հայտնում հայագիտության այն նվիրյալներին, ովքեր անգամ պետական մակարդակով հարուցված դժվարություններին, դեռևա խորհրդային տարիներին առանձին հոդվածներով շատ թե քիչ արթուն են պահել Արամի մասին հիշողությունը։

Երախտագիտությունս բոլոր այն հայագետներին, ովքեր անկախության տարիներին, նաև մեր օրերում, գիտական ուսումնասիրություններով, հետազոտություններով, լրագրային հրապարակումներով ճշմարտացիորեն ներկայացնում են Արամի կյանքն ու գործունեությունը։

Կարծում ենք՝ այդ առումով ուշարժան իրադարձություն կլինի ծննդավայր Դավիթբեկ (Զեյվա) գյուղում Արամ Մանուկյանի տուն–թանգարանի հիմնումը, որը նաև պատշաճ գործընկեր կլինի թեմայով հետաքրքրվող գիտնականների, ուսանողների ու դպրոցականների համար։

«Սյունյաց երկրի» սույն համարով, տուն-թանգարան ստեղծելով, գիտաժողովներ ու քննարկումներ կազմակերպելով, թեմային առնչվող գիտական հետազոտություններ իրականացնելով՝ փորձում ենք Արամին լիարժեքորեն վերադարձնել իր իսկ ժողովրդին, որին նվիրել էր ամբողջ կյանքն ու գործունեությունը։

Խոնարհվում եմ Արամ Մանուկյանի անշեջ հիշատակի առջև։ Բայց դրանից առաջ այլ բան կուզենայի ասել՝ գոնե ուշացումով սովորենք Արամ Մանուկյանից, հանուն հայոց պետության ու պետականության, հանուն հայ ժողովրդի ապահովության ու արժանապատվության ապրենք ու գործենք այնպես, ինչպես ինքն էր ապրում ու գործում...

Գևորգ Փարսյան

Կապան համայնքի ղեկավար

 

 

 

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11