ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆ. Իմ տարիները

18.09.2014 14:02
3590

Ինքնակենսագրական ակնարկ


Ծնվել եմ 1937-ին Երվանդ եւ Արուսյակ Ծատուրյանների օջախում, Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում: Հայրս եղել է անասնապահ, մայրս` տնային տնտեսուհի: Պապս հայտնի էր իր հեղափոխական անցյալով: 1941թ. հայրս մեկնում է ռազմաճակատ եւ զոհվում 1942թ. Կերչ քաղաքի համար մղված մարտերից մեկում: Երկու քույրս եւ ես որբանում ենք, ամբողջովին ընկնում մորս խնամքի տակ:

Գյուղը համատարած թշվառության մեջ էր: Ամտղամարդ մնացած գյուղում տնտեսության աշխատանքները կանայք ու երեխաներն էին կատարում` փոխարինելով իրենց ամուսիններին ու հայրերին: Կանայք ե՛ւ հնձվոր էին, ե՛ւ անասնապահ, ե՛ւ սայլապան, ե՛ւ մեխանիզատոր: Մայրս հազիվ էր կարողանում ծայրը ծայրին հասցնել` ապահովելով երեխաների ֆիզիկական գոյությունը:

Ահա այդ ծանր պայմաններում` 1944 թվականին, ընդունվեցի հայրենի գյուղի դպրոցի առաջին դասարան: Աղանձով ու գարեհացով մի կերպ մեծացած, տկլոր ու ոտաբոբիկ երեխաներ էինք` առանց գրքի ու տետրի: Դասարանից դասարան էինք փոխադրվում` շուրթներիս «Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր Ստալինն է տվել» երգը:

Հետեւում թողնելով տրեխավոր պիոների պայծառ երազներս` 1954թ. ավարտեցի գյուղի միջնակարգը: Երազանքներ շատ ունեի. ամենավառը բարձրագույն կրթություն ստանալն էր: Հասունության ատեստատս վերցրած` հասա մինչեւ համալսարանի դուռը, ներս չթողեցին: Ասացին` առանց անձնագրի չի կարելի: Սովորելու համար դիմորդից անձնագիր էին պահանջում, իսկ գյուղի ղեկավարությունը (կոլխոզի նախագահը) թույլ չէր տալիս, որ շրջանավարտն անձնագիր ստանա: Պատճառաբանությունը հետեւյալն էր. շրջանավարտն առնվազն մեկ տարի պետք է աշխատի տնտեսությունում, հանրօգուտ աշխատանք կատարի:

Ինձ ուղարկեցին կոլտնտեսության կաթնաանասնապահական ֆերմա` աշխատելու կաթի հաշվառիչ: Ութ հարյուրից ավելի կթու կով ունեցող ֆերմա էր: Կաթը չափում-կշռում էի յուրաքանչյուրի համար առանձին, գրանցումներ անում, կաթի յուղայնությունը հատուկ գործիքի (ցենտրիֆուգ) միջոցով որոշում եւ յուրաքանչյուր տասնօրյակը մեկ տվյալները հանձնում հաշվապահություն:

Բայց բարձրագույն կրթություն ստանալն ինձ համար շարունակում էր մնալ գլխավոր նպատակ, մինչդեռ լրացել էր տասնութս, եւ բանակ պիտի մեկնեի: Երեք տարի ժամկետով զորակոչվեցի Ուկրաինայի Չեռնիգով քաղաքին մոտիկ մի զորամասում ծառայելու: Գործս տանկ էր ու հրացան:

Զորամասը գրադարան ուներ: Այստեղ մի երկու ժամ, կիրակի օրերին, նստում-կարդում էի: Մի օր սեղանին դրված թերթերի մեջ նկատեցի «Ավանգարդ» հայերեն թերթը: Երրորդ էջում ներկայացվել էին երիտասարդ բանաստեղծների ոտանավորներ: Մի զինվորի ոտանավոր էլ կար: Որոշեցի թղթակցել: Հուշատետր ունեի: Նրա մեջ մի քանի ոտանավոր ունեի: Դրանցից մեկը` առավել հայրենասիրական, առանձնացրի, գեղեցիկ արտագրեցի եւ «Ավանգարդ» թերթի հասցեով ուղարկեցի Երեւան: Հույս չունեի, թե կտպագրվի: Բայց, ի զարմանս ինձ, տպագրվեց: Դրանից հետո, հրամանատարից մինչեւ շարքային, ինձ «պոետ» էին անվանում:

Ծառայությունս ավարտեցի 1958-ի ամռանը: Վերադարձա գյուղ եւ գործի անցա որպես ակումբի վարիչ: Միաժամանակ դարձա սկզբնական կոմերիտական կազմակերպության քարտուղար: Շուրջս հավաքեցի թատերական եւ համերգային խմբեր: Ինքնագործունեությունն աշխուժացավ: Համերգային խումբը ղեկավարում էր աշխարհագրության ուսուցիչ, քամանչահար Կոլյա Հակոբյանը: Թատերախմբի ղեկավարն ու ռեժիսորը ես էի: Փոքրիկ պիեսներ էինք բեմադրում: Այն ժամանակ տարածված էին փոքրածավալ կենցաղային, ծիծաղաշարժ, ագիտացիոն բնույթի մեկ գործողությամբ պիեսիկների բեմադրությունները, որոնք կոչվում էին ինտերմեդիաներ: Մեր համերգային եւ թատերական խմբերը ճանաչվեցին շրջանում:

1959թ. գնացի մայրաքաղաք, գործերս հանձնեցի համալսարանի բանասիրական: Հայոց լեզվից գրավոր եւ գրականության բանավոր քննություններս հաջող հանձնեցի, ռուսաց լեզվի գրավորից կտրվեցի: Մեջս շատ բան կոտրվեց: Այնուամենայնիվ սովորելու բուռն ցանկությունս պարպելու համար ընդունվեցի ակումբ-գրադարանային տեխնիկում: Ինձ հաջողվեց նաեւ նույն տարում ընդունվել համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինը:

Տեխնիկումը գիտելիքներ էր տալիս միջնակարգ դպրոցի ծրագրի սահմաններում, բացի մի երկու առարկայից: Անցնում էինք դերասանական արվեստ եւ ռեժիսուրա առարկաներ, որոնք ինձ շատ էին դուր գալիս: Այդ երկու առարկան էլ պարապում էր Հայաստանում քիչ հայտնի դերասան, բայց լավ ռեժիսոր Վրույր Մանվելյանը: Նա նաեւ Երեւանի ուսուցչի տան` իր կողմից ստեղծված թատերախմբի գեղարվեստական ղեկավար-ռեժիսորն էր: Մի օր մեզ` երեք երիտասարդիս առանձնացրեց ու տարավ ընդգրկեց ուսուցչի տան թատերախմբում: Խումբը մայրաքաղաքում բավական հայտնի էր: Այստեղ էին ընդգրկված նաեւ հետագայում անուն հանած դերասաններ Թաթուլ Դիլաքյանը, Կիմ Երիցյանը, Մայիս Կարագյոզյանը, «Պատանի հանդիսատես»-ի հայտնի դերասանուհի Վալյա Վարդանյանը եւ այլք: Մանվելյանն ինձ համարում էր ապագա խոստացող դերասան:

1960թ. հանրապետության մշակույթի նախարարության կողմից ստեղծվել էր այսպես կոչված «Ագիտ-բրիգադ»: Այն ուներ բավական պատկառելի կազմ: Այնտեղ ընդգրկված էին միջազգայնագետներ, գիտնականներ, գյուղատնտեսության մասնագետներ, արվեստի եւ գրականության գործիչներ, երգիչ-երաժիշտներ: «Ուսուցչի տան» թատերախումբը նույնպես ընդգրկվեց այդ կազմում: Եվ եղանք Հայաստանի համարյա բոլոր գյուղերում ու քաղաքներում` հանդես գալով հետաքրքիր ներկայացումներով:

1961-ի ամռանն ուրիշ բան որոշեցինք: Նախաձեռնողն էջմիածինցի Ռուբոն էր: Վեդիցի Համոյին համոզել էր, որ գնան «խոպան»: Ես էլ միացա նրանց: Այդ ժամանակներում առասպելներ էին պատմում «խոպանի» մասին: Փողի համը մենք էլ էինք ուզում զգալ: Բայց այնքան փողը չէր, որքան մեր ռոմանտիկ պատկերացումները: Կոմերիտական ուղեգիր վերցրինք ու հայտնվեցինք Ղազախստանի Կուստանայ քաղաքում: Ամբողջ ամառն այս քաղաքում ասֆալտ էինք անում: Ամառվա վերջին վերադարձանք Հայաստան:

Մայրս գրկեց ինձ ու լաց եղավ: Նա սեղանին դրված իմ գրքի միջից հանեց մի թուղթ եւ տխուր մեկնեց ինձ: Կարդացի: Այնտեղ գրված էր, որ ես հեռացվում եմ համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնի երկրորդ կուրսից` երկար ժամանակ դասերին չներկայանալու եւ քննությունները չհանձնելու պատճառով: Հաջորդ տարին քննություններ հանձնեցի Երեւանի մանկավարժական ինստիտուտի բանասիրականի հեռակա բաժնում եւ ընդունվեցի:

Շարունակում էի ստեղծագործել: Վաղ տարիքից էի տառապում այդ «հիվանդությամբ»: Ստեղծագործելն ինձ համար ամեն ինչից վեր էր: Դա մի այնպիսի ներշնչանք-հրճվանք էր ինձ համար, որ թվում էր, թե առանց դրա աշխարհում ապրել չեմ կարող:

1953 թվականն էր: Սովորում էի 9-րդ դասարանում: Այդ տարի անց էր կացվում ժողովրդական ստեղծագործությունների շրջանային ստուգատես-օլիմպիադա: Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչիս հորդորով մասնակցեցի օլիմպիադային: Հանդես եկա իմ գրած «Համառոտ պատմություն» մի երկարաշունչ բանաստեղծությամբ: Արխիվում այն պահպանվել է: Ասմունքողի երանգավորումներով կարդացի այն ու արժանացա հանդիսատեսի բուռն ծափահարություններին` գորիսեցի ավագ եւ կրտսեր տասնյակ ստեղծագործողների մեջ արժանանալով առաջին կարգի մրցանակի: Ուսուցիչս` Սմբատ Հայրապետյանը, ինձնից ավելի շատ էր ուրախացել:

Մի ընդհանուր տետր ունեի` խառը-մառը ստեղծագործություններով: 1962-ին էր, թե 63-ին, համարձակվեցի ներկայացնել գրողների միության երիտասարդական բաժին, որը ղեկավարում էր գրող Ստեփան Ալաջաջյանը: Տետրը տվեցի նրան: Նա, դժկամությունը հոնքերի տակ թաքցրած, վերցրեց տետրը, նայեց եւ առանց ինձ նայելու` հարցրեց անուն-ազգանունս, որտեղացի լինելս: Երիտասարդ ստեղծագործողների բաժնի վարիչը սեղանին դրված մատյանի մեջ գրանցեց անուն-ազգանունս եւ պատուհանից դուրս նայելով` ասաց. «Երիտասա՛րդ, դուք 271 համարն եք»: Ես ոչինչ չհասկացա: Գրողը բացատրեց. «Այսինքն` քեզնից առաջ արդեն 270 հոգի այդպիսի տետր է ներկայացրել»: Տետրս վերցրի, դուրս եկա:

Երբ գնացի տուն, նոր սկսեցի լրջորեն մտածել, թե ինձ հետ ինչ է կատարվել եւ փորձեցի տետրը գցել կրակի մեջ, մայրս չթողեց: Միայն մայրս էր զգում, որ իմ հոգու մի մասը դրել էի այդ տետրի մեջ:

Ճիշտ է, խորապես հիասթափվել էի մարդկանցից, ամեն ինչից, բայց շարունակում էի ստեղծագործել հենց այնպես, ինքս ինձ համար: Բայց հաճախակի հոդվածներ էի գրում շրջանային, մեկ-մեկ էլ հանրապետական մամուլի համար:

Մանկավարժական ինստիտուտում հեռակայողի իրավունքով 1962թ. անցա մանկավարժական աշխատանքի, սկզբում` Քաջարան քաղաքի պրոֆտեխնիկական ուսումնարանում, հետո` հայրենի գյուղի դպրոցում: Այդ տարիներին նոր էր կառուցվում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Տարվա մեծ մասն ուսումնարանի մանկավարժական կոլեկտիվը` իր 200-ի հասնող աշակերտներով, գտնվում էր Ագարակում: Այստեղ ողջ ուսումնարանը գործնական (պրակտիկ) աշխատանքներով օգնում էր կոմբինատի կառուցմանը: Կոմբինատի կառուցման ընթացքն ուսումնասիրելու համար Ագարակ էր ժամանել Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը: Նրա գալու առթիվ խոսք պիտի ասվեր: Տարբեր կոլեկտիվներ, հիմնարկ-ձեռնարկություններ պիտի զեկուցեին իրենց ներդրումների եւ անելիքների մասին: Քաջարանի N16 պրոֆուսումնարանի կոլեկտիվի անունից ես հանդես եկա: Ելույթս բավական լավ տպավորություն թողեց: Ուսումնարանում աննկատ կերպով դարձա հեղինակություն: Հետագայում պրոֆուսումնարանի տնօրեն Հակոբջանյանն ափսոսանքով բաժանվեց ինձնից, երբ եկա իմ ծննդավայրի դպրոցում աշխատելու:

Դպրոց մտա որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Երկու-երեք տարի աշխատեցի, ավելի շուտ ինձ աշխատեցրին որպես ֆիզկուլտուրայի դասատու: Բայց որպես մանկավարժ-ուսուցիչ` դժվար էի հարմարվում իմ վիճակին: Ֆիզկուլտուրա պարապելն իմ բանը չէր:

Դպրոցի տնօրենությունը համառորեն չէր ուզում տեսնել իմ մանկավարժական, ստեղծագործական-գրական ունակությունները: Բայց դպրոցից դուրս ես կայանում էի: «Զանգեզուր» թերթում մի բանաստեղծություն էի գրել` արձակագիր Սուրեն Այվազյանին նվիրված: Գրողը կարդացել էր, զարմացել, հուզվել, հիացել եւ ցանկություն հայտնել հանդիպել ինձ հետ:

«Ա՛յ տղա, - ասաց, - դու ինձ ավելի լավ ես հասկացել, քան իմ բոլոր քննադատները միասին վերցրած»:

Ես, իհարկե, այդ խոսքերից ինձ շատ լավ զգացի, բայց մյուս կողմից էլ հասկացա, որ գրողը նկատի ունի իմ անկեղծությունն իր եւ իր ստեղծագործությունների նկատմամբ: Ես, իրոք, սիրում էի Սուրեն Այվազյանին նախ որպես մեծ գրողի, եւ այնուհետեւ որպես մեծ խնձորեսկցու: Դրանից հետո սկսվեց մեր բացառիկ մտերմությունն իրար հետ: Գալիս էր գյուղ, առաջին հերթին մեր տուն էր այցելում: Գորիսում մի սենյականոց բնակարան ուներ: Հանդիպում էինք այնտեղ: Մեր զրույցների թեման գրականությունն էր:

Ես գիրք գրեցի Սուրեն Այվազյանի մասին ու երկար մտածում էի` ինչպես վերնագրեմ այն: Երկու տարբերակ ունեի` «Իմ Այվազյանը» եւ «Մեր Այվազյանը»: Ընտրեցի «Մեր Այվազյանը», քանի որ նա իրոք իր ժողովրդի սիրելին էր:

60-ականների վերջերին արդեն քիչ թե շատ ճանաչված ուսուցիչ էի շրջանում: Միշտ ընդգրկվում էի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչների հանձնաժողովում, որ ստուգում էր ոսկե եւ արծաթե մեդալների հավակնորդ աշակերտների գրավորները: Սիրով մասնակցում էի մանկավարժական ընթերցումներին, որոնք տեղի էին ունենում Երեւանում: Իմ աշխատանքները միշտ արժանանում էին բարձր գնահատանքի: Ելույթներ էի ունենում ուսուցչական հավաքներում եւ խորհրդակցություններում: Ուսուցչությունն ինձ համար դարձել էր ստեղծագործական, առինքնող աշխատանք: Հափշտակված ընթերցում էի մեծ մանկավարժներ Ուշինսկու, Մակարենկոյի, Սուխոմլինսկու եւ այլոց աշխատությունները եւ փորձում գործնականում կիրառել նրանց մոտեցումները:

1967-ին ավարտեցի ինստիտուտը: Ես վերադարձա գյուղ եւ շարունակեցի մանկավարժությունս: Մինչդեռ կարող էի մնալ մայրաքաղաքում, կապվել մեծ մշակույթի, մեծ գրականության հետ: Բայց այդպիսի կյանքն ինձ համար չէր: Ես միշտ խաղաղ անկյուն եմ փնտրել: Իսկ ինձ համար աշխարհի ամենախաղաղ անկյունը մեր գյուղն էր` թանկագին մորս մոտ: Իմ գործը` դասավանդել երեխաներին ու հանգիստ վերադառնալ տուն, հարիր էր իմ ներաշխարհին:

Այդ ժամանակներում դպրոցներում ստեղծվել էր վարչական նոր հաստիք, որ կոչվում էր արտադասարանական եւ արտադպրոցական աշխատանքների կազմակերպիչ, կրճատ` կազմակերպիչ: Ես ոչ թե դարձա, այլ ինձ դարձրին կազմակերպիչ: Ինքնին հետաքրքիր աշխատանք էր` իմ գործելակերպին հարազատ: Գործս բոլոր տարիքի աշակերտների հետ էր, իսկ գլխավորը միջոցառումների կազմակերպումն էր, ուսուցիչների, ծնողների եւ աշակերտների նպատակասլաց համագործակցության ապահովումը, որի արդյունքում պետք է լուծվեր սերնդի ճիշտ դաստիարակության խնդիրը:

Այդ ընթացքում աստիճանաբար մանկավարժի իմ հեղինակությունը տարածում էր ստանում, որի մեջ արհեստական ոչինչ չկար: Հանրությունն ինձ դրել էր լավագույն մանկավարժների շարքում, եւ դա ինձ լիովին բավարարում էր: Դա, իհարկե, վերադաս կոչված կազմակերպությունները հաշվի չառնել չէին կարող: 1971թ. նշանակվեցի դպրոցի ուսումնական մասի վարիչ (ուսմասվար): Սա արդեն այն բնագավառն էր, որտեղ ինձ համար դժվար ոչինչ չկար: Հինգ մատիս պես պատկերացնում էի իմ անելիքը: Ինչ վերաբերում է ստեղծագործական աշխատանքին, այն միշտ ինձ հետ էր: Միշտ էլ դրա համար ժամանակ գտնում էի: Հաճախ գիշերներն էի ստեղծագործում` լռության պայմաններում: Մի սովորություն էլ ունեի` սովորել ժողովրդից, ունկնդիր լինել նրա պատմություններին, լսել մարդկանց, ընկնել ժողովրդական մտածողության խորքը: Ես հավաքում էի ժողովրդի կողմից ստեղծված հաճախ պարզունակ, միամիտ, բայց բնական քաղցրություն ունեցող ստեղծագործություններ` առածներ, ասացվածքներ, իմաստախոսություններ, խաղեր, խաղիկներ: Արդյունքը եղավ իմ հեղինակած «Զանգեզուրյան տաղեր» գիրքը:

Հասցնում էի նաեւ հոդվածներ գրել շրջանային եւ հանրապետական թերթերում: «Սովետական դպրոց» թերթը պարբերաբար տպագրում էր մանկավարժական թեմաներով գրված իմ հոդվածները: Դարձել էի «Զանգեզուր» թերթի մշտական թղթակից: Հանդես էի գալիս արտադրության առաջավորների մասին գրված գրական դիմանկարներով, անդրադառնում դպրոցական կյանքի խնդիրներին: Ամեն տարի մասնակցում էի շրջանային, այնուհետեւ հանրապետական մանկավարժական ընթերցումներին: Լավագույնները հրատարակվում էին առանձին ժողովածուով: Ես էլ երկու անգամ ժողովածու մտա: Մի օր էլ, երբ Խնձորեսկ եկավ «Գարուն» ամսագրի այն ժամանակվա խմբագիր Անժելա Հակոբյանը եւ պատեհ առիթով եղավ մեր տանը, ինձ խորհուրդ տվեց թղթակցել ամսագրին: Ես հետեւեցի նրա խորհրդին: Մի երկու-երեք ստեղծագործություն «Գարունը» տպագրեց: 1977 թվականին «Զանգեզուր» թերթի խմբագիր Սերյոժա Ղազարյանն էլ ինձ առաջարկեց աշխատել խմբագրությունում, որտեղ սկսեցի աշխատել առանձնակի եռանդով: Լինում էի արդյունաբերական, շինարարական ձեռնարկություններում, հանդ ու դաշտում, գրում էի հոդվածներ ոչ թե թերթի, այլ ընթերցողի համար:

Չնայած շրջանային թերթում աշխատող լրագրողի համար ինքնադրսեւորման ասպարեզը խիստ սահմանափակ էր, եւ ինֆորմացիոն նյութերի փնտրտուքի մեջ խեղդվում էին մարդու ստեղծագործական ունակությունները, այնուամենայնիվ հետաքրքիր էր լրագրողի աշխատանքը, բայց ինձ վիճակված չէր շարունակել աշխատանքը թերթում: Տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որոնցից հետո խմբագրությունում այլեւս անհնարին էր աշխատել:

Հայրենի գյուղում անցա ուսուցչական իմ նախկին աշխատանքին:

Ժամանակներն արագորեն փոխվում էին: Հասարակական կյանքի նոր պահանջներ էին առաջանում, նոր խնդիրներ էին առաջ քաշվում: Գորբաչովն անցնում է վիթխարի Խորհրդային Միության իշխանության գլուխ: Երկիրը վարակվում է վերակառուցման տենդով: Խոսքի ազատության, հրապարակայնության դրոշի տակ հայ ժողովուրդը դուրս է գալիս հրապարակ: Ժամանակի հետ ազգային-ազատագրական շարժումը նոր թափ է ստանում: 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհուրդն ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա պատմական որոշում է կայացնում դուրս գալ Ադրբեջանի կազմից եւ մտնել մայր երկրի` Հայաստանի կազմի մեջ: Այդ առթիվ Գորիսում տեղի են ունենում հզոր ցույցեր ու հանրահավաքներ: Շրջանի ողջ բնակչությունը ոտքի է կանգնում` ի պաշտպանություն Ղարաբաղի ժողովրդի արդար պահանջի: Ղարաբաղի ազատագրության համար մղված արդարացի պայքարին միանում են նաեւ Խնձորեսկի դպրոցի մտավորականությունը, բարձր դասարանի աշակերտները: Այդ գործում, անշուշտ, ունեի իմ դերակատարությունը:

1989թ. որոշում է կայացվում նորաստեղծ Ներքին Խնձորեսկ գյուղում դպրոց բացել: Գյուղն արդեն 6-րդ տարին էր` հիմնադրվել էր, տներ էին կառուցվել, բնակչություն կար, բայց դպրոց չկար: Գյուղի բնակիչները պահանջում էին իրենց երեխաների համար դպրոց բացել: Դպրոցը գյուղին նոր իմաստ կհաղորդեր, կամրապնդեր գյուղացիների հավատը նոր բնակավայրի նկատմամբ: Այս եւ այլ պատճառներով գյուղում դպրոց ունենալը դարձել էր հրատապ խնդիր: Եվ ահա 1989թ. մարտի 10-ին Ներքին Խնձորեսկում բացվում է փոքր գյուղերին հատուկ ուսումնական հաստատություն` դպրոց-մանկապարտեզ: Համաձայնում եմ դառնալ նորաբաց դպրոցի տնօրեն: Դպրոց-մանկապարտեզը տեղավորված էր երկու փայտե տնակում` առանց որեւէ օժանդակ միջոցների: Կարելի է ասել դաշտային դպրոց էր` բաց երկնքի տակ: Ամեն ինչ, սակայն, ընթանում էր դպրոցական ծրագրով եւ պահանջներով: Սերունդը կրթություն էր ստանում: Մենք` ուսուցիչներս, մեծ մասամբ երթեւեկող էինք, տեղական կադրեր դեռեւս չկային:

Վերեւի Խնձորեսկից էինք գնում ներքեւի Խնձորեսկում դաս տալու: Եվ դասապրոցեսն անցնում էր ամենայն պատասխանատվությամբ: Ծնողները գոհ էին, որ գյուղում դպրոց կա, եւ ստիպված չէին լինում երեխաներին ուղարկել Խնձորեսկի դպրոց:

Իսկ օր օրի դրությունը վատթարանում էր: Թշնամին զենք ու զորք էր կուտակում սահմանի վրա, ստեղծում կրակակետեր, ռազմական օբյեկտներ: Պատերազմի հոտ էր փչում: Դժվարացավ նաեւ տրանսպորտի խնդիրը: Ուսուցիչները ստիպված ոտքով էին գնում դասի: Սակայն ոչ ոք չէր տրտնջում:

Կար հրամանատարություն, կար սահմանում պարեկություն անելու ժամանակացույց: Տղամարդ ուսուցիչներս, որ երեք հոգի էինք, ըստ այդ ժամանակացույցի` գնում եւ սահմանի վրա պարեկություն էինք անում: Գիշերները հրացան էինք վերցնում, ցերեկները` դաս տալիս: Իսկ հակամարտությունը ժամ առ ժամ խորանում ու խորանում էր: Թշնամին այնքան սանձարձակ էր դարձել, որ բացահայտ գնդակոծում էր գյուղը:

Անվտանգության համար դպրոցից դուրս էինք գալիս, իջնում մոտակա ձորը եւ այնտեղ անցկացնում դասերը:

1991-ին արդեն բոլորովին անհնարին դարձավ դասերի կազմակերպումը: Թշնամին ուղիղ նշանառությամբ տանկերով ու գրադներով արկակոծում, հրթիռակոծում էր գյուղը: Կրակում էին անգամ առանձին մարդկանց վրա: Զոհեր եղան, տներ փլվեցին: Մարդիկ իջան ապաստարանները: Մի անգամ ոտքով տուն գալիս մենք` ուսուցիչներս, հայտնվեցինք թշնամու նշանառության տակ: Պայթում էին արկերը մեր շուրջը, իսկ մենք հարմար փոս ու խրամատ էինք փնտրում գլուխներս թաքցնելու: Հազիվ փրկվեցինք: Հետո այսպիսի օրհասական պահեր էլի կրկնվեցին: Ուսումնական պարապմունքները չդադարեցնելու նպատակով սահմանից մի քիչ հեռացանք, դպրոցը տեղափոխեցինք վերեւի գյուղ: Պարապմունքները շարունակեցինք հիվանդանոցի հարմարեցված շենքում:

Հետո սահմանների վրա թշնամու դեմ մեծ կռիվներ մղվեցին: Հետո Սանոն խիզախների իր ջոկատով սխրանքներ գործեց: Հետո Շուշին ազատագրվեց: Հետո բացվեց Լաչինի մարդասիրական միջանցքը, երթեւեկը Գորիսից Ստեփանակերտ դարձավ սովորական: Հետո Ղարաբաղը ձգվեց մինչեւ Կուբաթլու եւ Զանգելան: Հետո զոհված հերոսների հուշարձաններին ծաղիկներ դրվեցին: Հետո հայոց սահմանների վրա իջավ խաղաղություն: Հետո` 1994-ի մայիսին, պարտված Ադրբեջանը զինադադար խնդրեց: Հետո ուսումնական հաստատություններում հաղթական տրամադրությամբ սկսվեցին հայոց դասերը: Պարապմունքներ սկսվեցին նաեւ սահմանի վրա գտնվող Ներքին Խնձորեսկի փոքրիկ դպրոցում, սակայն մարդիկ (ծնողները) այլեւս չէին հաշտվում դպրոցի տնակային նեղ ու անհարմար վիճակի հետ: Բնակչությունը նոր տիպային դպրոց ունենալու պահանջ էր դնում: Դա նաեւ տնտեսամշակութային նոր ապրելակերպի պահանջ էր: Այդ պահանջը, որ վաղուց կար, վերջապես դառնում է իրականություն, եւ սկսվում է դպրոցի շինարարությունը: Բայց ինձ վիճակված չէր աշխատել նորակառույց դպրոցում, չնայած շատ էի ուզում: Մարզային իշխանությունների ցանկությամբ եւ պահանջով նշանակվում եմ Խնձորեսկի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատար: Այդ տարի էլ` 2005 թվականին, իմ ողջ մանկավարժական աշխատանքի ու վաստակի համար արժանանում եմ Մովսես Խորենացու մեդալի, որը, եթե հնարավոր լիներ, մաս-մաս կբաժանեի իմ ընկեր մանկավարժների միջեւ, քանի որ դա նաեւ նրանց վաստակի արտահայտությունն էր:

Հետո անցա կենսաթոշակի:

2010թ. ընտրվեցի Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ եւ մինչեւ հիմա կատարում եմ նախագահի պարտականությունը:

1967թ. ամուսնացել եմ Սեդա Խաչատրյանի հետ (բարձրագույն կրթությամբ, ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի), ունեցել ենք չորս զավակ (երեք որդի եւ մեկ դուստր):

Ապրած տարիներիս իմաստը փնտրել եմ մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքի մեջ: Ավելի քան 49 տարի աշխատել եմ որպես մանկավարժ եւ ստեղծագործել կես դար շարունակ:

Սիրել եմ հողն ու հողի մարդկանց: Բարությունն ու ազնվությունն են եղել իմ հոգու առաջնորդները: Սխալներ եմ գործել ակամա` մարդ արարածին հավատալու պատճառով:

Ատել եմ կեղծիքը, խաբեությունն ու ընչաքաղցությունը: Միշտ խուսափել եմ եսակենտրոն մարդկանցից: Միամտության աստիճանի հավատացել եմ բարու եւ գեղեցիկի հաղթանակին: Սիրել եմ գյուղը, գյուղի համայնապատկերը: Քաղաքում ինձ նեղված եմ զգացել:

Ինձ համար հայրենիքը սկսվում է գյուղից: Գյուղը ճշմարիտ հայրենիք է: Սկսվել եմ Խնձորեսկից, կվերջանամ Խնձորեսկով:

Հարցազրույց Արկադի Ծատուրյանի հետ

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34