«Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝ Հարժիսի միջնակարգ դպրոցում

18.10.2017 11:18
3111

«Երկար մտածելուց հետո հասկացանք, որ ամենամեծ ուժը, զենքը, հարստությունը, որ կարելի է ստեղծել, ամենալավ գործը, որ կարելի է անել գյուղի, հայրենիքի համար, մատաղ սերնդի դաստիարակությանը նպաստելն է: Հարկավոր է ստեղծել պոտենցիալ, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին, ինչը հաշվի առնելով աջակցեցի Հարժիսի դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ստեղծմանը: Այսօր չտիրապետել ժամանակակից տեխնոլոգիաներին, նույնն է, ինչ տարիներ առաջ գրել-կարդալ չիմանալը, տեղեկատվական տեխնոլոգիաների վաղվա զարգացման հեռանկարները չպատկերացնելը, նույնն է, այսօր համակարգիչ չհասկանալը. դա կլինի ժամանակակից անգրագիտություն, որի դեմ պետք է պայքարել: Որոշեցինք անել մի գործ, որի շնորհիվ մեր աշակերտները, իրենց հետաքրքրությամբ, նախաձեռնությամբ ու կամավորության սկզբունքով պայմանավորված, կգնան դեպի գիտելիք: Չգիտեմ՝ վաղը ինչպես կլինի, բայց արդեն իսկ նկատում եմ մեծ հետաքրքրություն եւ ակնկալում՝ լավ արդյունք: Հույս ունենք՝ մեր երկիրը նաեւ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ կկարողանա դուրս գալ այն վիճակից, որում հայտնվել է Խորհրդային Միության փլուզումից հետո, եւ իր ուրույն տեղը կգտնի աշխարհի երկրների շարքում», - այսպես բացատրեց Հարժիսի դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ունենալու նախաձեռնության նպատակը ծնունդով հարժիսեցի, բարերար Ավետ Քոլյանը, ում ֆինանսական ներդրման շնորհիվ կտրվեց լաբորատորիայի կարմիր ժապավենը:  


Հարժիսի միջնակարգ դպրոցի տնօրեն Նորայր Եսայանի խոսքով՝ նախքան դպրոցի տնօրեն լինելը, միշտ երազել է հայրենի գյուղի դպրոցում ունենալ «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Երբ Ավետ Քոլյանն առաջարկեց դպրոցի համար որեւէ նախաձեռնությամբ հանդես գալ, տնօրենն առաջին հերթին մտածեց այդ լաբորատորիայի ստեղծման մասին: «Ավետը միանգամից չհամաձայնեց, քանի որ ցանկանում էր հասկանալ դրա արդյունավետությունը: Գնացինք Գորիսի N 4 ավագ դպրոց, ուսումնասիրեցինք տեղի ինժեներական լաբորատորիան եւ համոզվելով երեխաների համար դրա արդյունավետության մեջ՝ Ավետը տվեց իր համաձայնությունը», - նշեց դպրոցի տնօրենը:


Մեկ ամիս է, ինչ գործում է լաբորատորիան, որում ընդգրկված են դպրոցի 5-12-րդ դասարանի աշակերտները: Ն.Եսայանի խոսքով՝ շատերի համար դեռեւս դա պարզապես խաղ է, բայց աստիճանաբար փորձում են փոխել երեխաների պատկերացումները լաբորատորիայի ընձեռած հնարավորությունների վերաբերյալ: Այս կարճ ժամանակահատվածում իրենց գիտելիքներով  արդեն իսկ աչքի ընկնող աշակերտներ ունեն, որոնց մի մասը պատրաստվում է հետագայում ընտրել ծրագրավորողի մասնագիտությունը: «Մեր նպատակը լավագույն արդյունք ապահովելն է՝ մեր հնարավորությունների, աշակերտների ներուժի սահմաններում», - նշեց Ն.Եսայանը:
Խմբակավար Նարեկ Սամսոնյանի խոսքով. «Աշակերտները մեծ սիրով են մասնակցում, նույնիսկ մի կերպ եմ տուն ուղարկում: Աշխատում ենք «Աղուէս», «Կրիայ» ծրագրերով, դեռ մեկ ամիս է, ինչ գործում է լաբորատորիան, համոզված եմ, հետագայում լավ արդյունքներ կարձանագրենք՝ ժամանակի ընթացքում համագործակցելով նաեւ այլ դպրոցների ինժեներական լաբորատորիաների հետ: Այստեղ շատ կարեւոր են նաեւ աշակերտների գիտելիքները մաթեմատիկա, ֆիզիկա առարկաներից»:


12-րդ դասարանի աշակերտ Արտյոմը, ով, չնայած ընտրել է հումանիտար ուղղությամբ մասնագիտություն, հաճույքով է մասնակցում խմբակին: Այդ պահին, երբ մենք մոտեցանք, նրանց խումբը փորձում էր անիմացիա ստեղծել: Ինչպես նշեց Արտյոմը, ինժեներական լաբորատորիայի ընձեռած հնարավորությունները բազմաբնույթ ու բազմազան են, սրա միջոցով կարող են յուրաքանչյուր մտահղացում իրականություն դարձնել՝ ստեղծելով տարբեր խաղեր, անիմացիաներ եւ այլն:


Լաբորատորիայի բացմանը ներկա էր նաեւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչ, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի համակարգող Սեդրակ Վարդանյանը, ով նշեց, որ մոտ չորս տարի գործող ռոբոտաշինության եւ ինժեներական լաբորատորիա-խմբակների թիվը հանրապետությունում հասնում է արդեն 210-ի՝ շուրջ 5000 մասնակիցներով: «Այն նախատեսված է հանրակրթական եւ կրթական այլ հաստատությունների համար, որը երեխաներին հնարավորություն է տալիս 5-րդ դասարանից սկսած առնչվել բարձր տեխնոլոգիաների հետ, առանց դրանց տիրապետելու եւ ստեղծելու ժամանակակից աշխարհում անձը չի կարող մրցունակ լինել: Այսօր անհնար է պատկերացնել զարգացած շինարարություն, գյուղատնտեսություն, իրավաբանություն կամ մեկ այլ ոլորտ առանց ՏՏ ոլորտի», - նշեց Ս.Վարդանյանը՝ հավելելով, որ խմբակի անդամներին հնարավորություն է տրվում ուսանել համակարգչային ծրագրավորման հիմունքներ («Աղուէս» եւ «Կրիայ»), ռոբոտաշինություն եւ այլն, մասնակցել տարբեր մրցույթների, տեխնոլոգիական եւ ինովացիոն ճամբարների:


Վերջերս տեղի ունեցած «ԴիջիԹեք Էքսպո-2017» ցուցահանդեսի ժամանակ, որ ունեցավ մոտ 70 հազար այցելու, իրականացվեց իրեր փնտրող եւ տեղափոխող ռոբոտների մրցույթ, որտեղ հաղթող ճանաչվեց Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի թիմը:


«Այս լաբորատորիան, նախեւառաջ, մասնագիտական կողմնորոշման հնարավորություն է տալիս, մանավանդ Հայաստանում, որտեղ աշխատատեղերի պակաս կա, իսկ միայն ՏՏ ոլորտում այսօր ունենք 2000-3000 թափուր տեղ: Ինտերնետն ամբողջ աշխարհը մոտեցնում է, եւ այսօր դու կարող ես տանը նստած տարբեր պատվերներ ընդունել եւ մեծ գումարներ աշխատել: Սա նաեւ արտագաղթի դեմ ուղղված միջոց է: ՏՏ այն ոլորտն է, որի արտադրության համար ո՛չ բարեկարգ ճանապարհներ են անհրաժեշտ, ո՛չ մեծածավալ ներդրումներ, եւ հնարավոր է ապրել քո համայնքում՝ լինի գյուղ թե քաղաք, եւ աշխատել, նույնիսկ համախոհներով ընկերություններ ստեղծել եւ ամենակարեւորը՝ չարտագաղթել», - նշեց Ս.Վարդանյանը:


Ծրագիրն իրականացվում է պետության հետ համատեղ, նաեւ բարերարների միջոցով: Նման լաբորատորիա ունենալու համար նախեւառաջ անհրաժեշտ է 10 հազար ԱՄՆ դոլար միանվագ ներդրում, որն իր մեջ ներառում է համակարգչային տեխնիկան եւ ծրագրերը (եռաչափ տպիչ, համակարգչային կառավարվող շաղափային CNC հաստոց, «ՍԵՌՈԲ» ռոբոտի հավաքածու, «Այգեստան» Գ մինի համակարգիչներ, «Նաիրի» օպերացիոն համակարգ, Աղուէս, Կրիայ), գրասենյակային գույքը, երեխաների մասնակցությունը ճամբարներին (տեխնոլոգիական, ինովացիոն), տարբեր մրցույթներին: Ծրագրի համակարգողի խոսքով՝ ճամբարներն այնքան հետաքրքիր են անցնում, որ նույնիսկ տարբեր երկրների հայ ընտանիքների երեխաներ են մասնակցում դրանց:


Ծրագրի ընթացքը բաղկացած է չորս փուլից՝ խմբակի վայրի եւ խմբակավարի ընտրություն, խմբակավարի վերապատրաստում (4 փուլով), «Արմաթ» լաբորատորիայի տեղակայում ընտրված վայրում եւ ծրագրի ներդրման ընթացքի վերահսկում (մոնիթորինգ) եւ խորհրդատվական ծառայությունների իրականացում: Ի դեպ, խմբակավար-ուսուցչի աշխատավարձը վճարում է պետությունը:


Մեր հաջողություններից խոսելիս Ս.Վարդանյանը նշեց, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն արժանացել են Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի մրցանակաբաշխության «Կայուն զարգացման» եւ Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխության «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» մրցանակներին: Ս.Վարդանյանի խոսքով՝ այս բնագավառում մենք կարող ենք լինել առաջատարներից մեկը, օրինակ՝ եթե համաշխարհային օլիմպիադայում խնդիր էր դրված հեռակառավարման միջոցով ռոբոտին հրահանգավորել, ապա մեզ մոտ առանց այդ հեռակառավարման վահանակի, ծրագրավորման միջոցով, ռոբոտն իրականացնում է համապատասխան գործողությունները: Որպես ամփոփում՝ ծրագրի համակարգողը նշեց. «Մենք խնդիր ենք դրել Հայաստանում եւ Արցախում գործող բոլոր դպրոցներում ներդնել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ»: Վերջերս գործարկվել է նաեւ պաշտոնական կայքը՝ armath.am, որն ունի նաեւ հատուկ բաժին՝ ծրագրի աջակցման եւ նվիրատվությունների համար: Աջակցել ցանկացողները կարող են ընտրել այն համայնքը, դպրոցը, որտեղ ցանկանում են ներդրում կատարել:  
Բարերար Ավետ Քոլյանից փորձեցինք տեղեկանալ նաեւ գյուղում իրականացվելիք հետագա ծրագրերի մասին, քանի որ Հարժիսում նա արդեն իսկ մի քանի նախաձեռնության հեղինակ է դարձել, այն է՝ հայրական օջախի նորոգում, համայնքի արտաքին լուսավորության ցանցի անցկացում, գյուղի գերեզմանատան պարսպի կառուցում: Կատարած աշխատանքների մասին բարերարը համեստորեն լռեց՝ համարելով, որ դրանք պետք չէ հանրային քննարկման առարկա դարձնել: «Ինչ վերաբերում է հայրական օջախի վերականգնմանը, ապա դա պատմության կրկնությունն է. ժամանակին նույն քայլը կատարեց նաեւ հայրս, այժմ՝ ես՝ ժամանակի պահանջով եւ սրտի ցանկությամբ: Ընդհանրապես ապրելու տարբեր ձեւեր գոյություն ունեն, դրանցից առաջին տարբերակը հող, արմատ, շիվ, ծառ, բերք սկզբունքով ապրելն է եւ երկրորդը՝ մոլախոտ, որ պատահական քամիների բերումով սերմը տարածում է տեղից տեղ, սկսում աճել օտար հողում, ապրել քոչվոր կյանքով: Ծնված օրից միշտ լսել ենք մեր հայրենիքի մասին, արյան եւ կաթի միջոցով ստացել հայրենի եզերքի հանդեպ սերը, որ ապրում է մեր մեջ՝ անկախ նրանից, թե կյանքի բերումով որտեղ ենք ապրում, ինչը դա չի խանգարում մեզ լինել հայ, գորիսեցի, հարժիսեցի: Կարծում եմ՝ հոգու խորքում բոլորն էլ սիրում են իրենց ծննդավայրը, եւ եթե կա նրան օգտակար լինելու ցանկություն, ուրեմն կան հնարավորություն, միջոցներ եւ ժամանակ, - նշեց Ա.Քոլյանը՝ հավելելով. - հայրենի գյուղը բարգավաճ տեսնելու շատ մեծ ցանկություն ունեմ, ինչը միայն իմ հնարավորությունից կախված չէ: Իմ հնարավորությունները մանր բաներ են, անհրաժեշտ պայմանը բնակիչների մեծ ցանկությունն է եւ մատաղ սերնդի լավ կրթություն ստանալը»:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
7 հոկտեմբերի 2017թ. 

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37