Արմեն Սարգսյանը 2020-ի պատերшզմից հետո Զարիֆի միջոցով ուղերձ է փոխանցել Ալիևին. «Ազգ»

11.04.2025 13:40
569

«Հանդուրժանքի ծանծաղուտը»

Մոհամմադ Ջավադ Զարիֆը  Իրանի Իսլամական Հանրապետության վաստակաշատ դիվանագետներից է՝  2024 թ. ԻԻՀ նախագահական ընտրություններին  նախագահի թեկնածու Մասուդ Փեզեշքիանի նախընտրական շտաբի ամենաակտիվ   քարոզիչներից մեկը: Նա ԻԻՀ 14-րդ կառավարության անցումային շրջանում  ռազմավարական խորհրդի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում,  իսկ մինչ այդ՝ նախագահ Ռոհանիի կառավարությունում արտգործնախարարի պաշտոնում  44-օրյա պատերազմի ավարտից 6 ամիս անց այցելել էր Երեւան եւ Բաքու: Երեւանում  ԻԻՀ ԱԳ նախարարն արարողակարգով նախատեսված ծրագրի շրջանակում հանդիպում է ունեցել   նաեւ ՀՀ  նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ: 
Իրանցի դիվանագետն օրերս իր տեսագրված հարցազրույցներից մեկի ժամանակ երեւանյան հանդիպումից  ուշագրավ մանրամասներ է ներկայացրել: Ըստ Մոհամմադ Ջավադ Զարիֆի,   ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀՀ նախագահի հետ երկկողմ զրույցի ընթացքում  Արմեն Սարգսյանը խնդրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին փոխանցել  հետեւյալ ձեւակերպմամբ իր պատգամը.

«28 տարի առաջ մենք հզոր էինք, իսկ Ադրբեջանը՝ թույլ: Մենք տիրացանք Ղարաբաղին,  ձեզ (ադրբեջանցիներին Գ.Ա.)  նվաստացրինք ու  ձեզ հետ չբանակցեցինք: 28 տարի ձեզ ստորացրինք ու այս օրն ընկանք: Դուք մեր սխալը չկրկնեք»: 

Զարիֆը նաեւ  հավելում է.

«ՀՀ նախագահի պատգամը Բաքվում փոխանցեցի նախագահ Իլհամ Ալիեւին, ընդգծելով, որ խաղաղությունը  պետք է հաստատել այն ժամանակ, երբ հզոր ես: Իլհամ Ալիեւն էլ տրամաբանական համարեց այդ խոսքերն ու  ասաց, որ Ադրբեջանն այդպես էլ վարվելու է»: 
Արդյո՞ք Արմեն Սարգսյանը պատրաստ է այսօր  արձագանքնել Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ մասնավոր զրույցի ընթացքում իրեն վերագրված  խոսքերին, եւ արդյո՞ք ՀՀ նախկին նախագահը կհաստատի Ալիեւին վերը նշված բովանդակությամբ պատգամ հղելու մասին  Զարիֆի ասածները: 

Ի դեպ, այս տարվա մարտի 3-ին բազմամյա դիվանագիտական փորձ ունեցող  Մոհամմադ Ջավադ Զարիֆը դատական իշխանության ղեկավար Էժեիի   հորդորով հրաժարական է ներկայացրել, եւ նման մասնավոր զրույցների հրապարակման հարցում այլեւս իրեն կաշկանդված չի զգում: Ընդ որում, Զարիֆի հրաժարականը զուգադիպել է ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններն անթույլատրելի համարելու վերաբերյալ  Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի՝ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ վերջերս հնչեցրած հայտարարությունների ժամանակահատվածին:  

Կարելի  է նաեւ անդրադառնալ այն փաստին, որ ԻԻՀ նախագահ Ռոհանիի ութնամյա կառավարությունում արտաքին գործերի նախարարի պաշտոնը թողնելուց հետո, Մոհամմադ Ջավադ Զարիֆը դեռեւս 2024 թվականին հրատարակել էր «Հանդուրժանքի ծանծաղուտը» խորագրող իր հուշապատումը, որտեղ անդրադարձ  կա նաեւ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստան այցելած Իրանի հատուկ բանագնաց,  տվյալ ժամանակահատվածում Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնն զբաղեցնող  Աբբաս Արաղչիի հանդիպումներին:

Հուշագրության հեղինակը նախ խոսում  է հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, եւ անդրադառնալով  հրադադար հաստատելու վերաբերյալ իրանական կողմի նախաձեռնությանը, գրում.

«ԻԻՀ հատուկ բանագնաց Աբբաս Արաղչիի կողմից պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իրանի ներկայացրած առաջին առաջարկի հիմնական խոչընդոտող կողմը հենց Հայաստանն էր: Հայկական կողմի ռազմավարական սայթաքումն այն էր, որ դեռեւս այն պահին, երբ Հայաստանը   պատերազմում պարտություն կրած կողմ չէր համարվում,  մերժեց պատվաբեր հրադադարի առաջարկը: Արաղչիի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարվելակերպն ամեն ինչի մասին վկայում էր: Նա կոպտորեն Արաղչիին ասել էր. «Դուք մտադիր եք Հայաստանին ստիպել ընդունելո՞ւ պարտությունը»: Անշուշտ Արաղչիին հաջողվել էր դիվանագիտորեն խաղաղեցնել Փաշինյանին, որ այդպես չմտածի:   Մեզ համար պատերազմի ընթացքը տեսանելի էր,  եւ մեր ձգտումը հավասարության, այլ ոչ թե հաղթանակի կամ պարտության վրա կառուցվող  խաղաղությունն էր»:

Կարծում ենք,  Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆը պետական պաշտոնները թողնելուց հետո 44-օրյա պատերազմի եւ հրադադարի վերաբերյալ Հայաստանին ներկայացված  առաջարկությունների մասին դեռ պատմելու առիթներ կունենա:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22