Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փետրվարի 7-ին Հարժիսի մշակույթի տանը տեղի է ունեցել «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի մասնաճյուղի բացումը։
Տոնական իրադարձությանը ներկա էր և ելույթ ունեցավ հայ ժողովրդական երգերի մեկնաբան, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո), ով Հարժիսում նման կենտրոն հիմնադրելու նախաձեռնողներից էր։
Բացման արարողությունից հետո Արսեն Գրիգորյանը պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին։
– Պարոն Գրիգորյան, Ձեզ ճանաչում են ամբողջ հանրապետությունում, բայց փորձեք ներկայանալ նաև մեր ընթերցողին։
– Նախ՝ արվեստագետ եմ։ Երկրորդ՝ «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի հիմնադիր ղեկավարն եմ։
Ինքս եմ հիմնադրել «Գութան»-ը, որը հայ ազգային երգ ու պարի փառատոն է։
– Անդրադառնանք «Արար»–ին, ե՞րբ է կյանքի կոչվել այդ նախագիծը։
– 2017 թվականին, ութ տարի է անցել։
Այս նախագծով լուծում ենք ազգային արվեստի պահպանման խնդիրը, որը մեր օրերում չափազանց կարևորություն է ներկայացնում։
– Տեղյակ ենք, որ մինչև Հարժիսի կենտրոնի կամ մասնաճյուղի հիմնումը նման օջախներ եք կազմակերպել Սյունիքի այլ բնակավայրերում նույնպես։
Ինչպե՞ս է հղացել Սյունիքում «Արար»–ի կենտրոններ ստեղծելու գաղափարը։
– Ինձ համար իրականում տարածաշրջանների միջև տարբերություն չկա...
Ես պարզապես նկատեցի, որ մեր հասարակության մեջ ոչ թե երկրորդական, այլ տասներորդական պլան է մղվել հայոց ազգային մշակույթը։ Ավելին՝ այսօր աղբը ներխուժում է մեր իրականություն։
Մեր մշակույթն ունի և՛ լավ, և՛ վատ դրսևորումներ, բայց երբ խոսում ենք ազգային մշակույթի մասին՝ խոսում ենք նախևառաջ մեր ինքնության մասին։ Եվ այսօր դրա պահպանումը կենսական անհրաժեշտություն է։ Ինչո՞ւ։ Որովհետև ներկայիս պատերազմը մեր ինքնության դեմ է։ Տեղի ունեցողն այլևս պատերազմ չէ միայն տարածքների համար, այլ պատերազմ՝ տարածք պահողի դեմ: Երբ տարածք պահողին ոչնչացնում ես՝ այդ տարածքը փաստացի արդեն կորսվում է։
Եվ փորձում եմ աշխատել այդ տրամաբանության մեջ...
Ինչպես նշեցի՝ 2017 թվականին ստեղծեցի այս նախագիծը, այնուհետև՝ կենտրոնը։ Սկսեցինք մեկ համայնքում կամ բնակավայրում։ Բերդավանից ենք սկսել, և անցած ութ տարվա ընթացքում հասանք 47 քաղաքի և գյուղի, հիմա ունենք 23 կենտրոն, Հարժիսինը 23-րդն է։
– Ինպե՞ս Հարժիսը հայտնվեց Ձեր ուշադրության կենտրոնում՝ լեռնային, բարձրադիր գյուղ՝ ձմռան տարեշրջանում հաճախ փակ ճանապարհներով։
– Ճանապարհների պատճառով է, որ մոտ երեք շաբաթ հետաձգեցինք Հարժիսի կենտրոնի բացումը։ Ամեն ինչ պատրաստ էր, բայց ճանապարհները՝ փակ։ Եվ միայն հիմա կարողացանք անցկացնել նախատեսված միջոցառումը։
Կպատմեմ, թե ինչպես Հարժիսը հայտնվեց մեր տեսադաշտում։
Մոտ մեկ տարի առաջ Մոսկվայում էի, ընկերներս ասացին՝ կա հայորդի, ով ցանկանում է հանդիպել ինձ հետ։
Հաջորդ օրը գնացի և հանդիպեցի մոսկվայաբնակ հարժիսեցի Ավետ Քոլյանին։ Նա ծանոթ էր մեր նախագծին ու մեր կենտրոններին։ Իհարկե, ինքս էլ տեղեկություններ հաղորդեցի նախագծի վերաբերյալ։
Նա ասաց. «Ես Հարժիսից եմ և շատ եմ ցանկանում, որ մեր գյուղում նման կենտրոն ստեղծվի, որպեսզի կարողանանք գյուղի երեխաներին մշակութային այդ դաշտ բերել, ազգային մշակույթի դաշտ»։
Ես համաձայնվեցի նրա հետ. այսօր մենք իսկապես պարտավոր ենք պահպանել ազգային մեր ինքնությունը։ Ստացվեց, որ Ավետի հետ նույն կերպ ենք մտածում։
Մոսկվայից վերադառնալուց հետո այցելեցի Հարժիսի միջնակարգ դպրոցի տնօրեն Նորայր Եսայանին։ Սկզբում մտածում էինք կենտրոնը բացել դպրոցում, բայց տեղը չէր բավականացնում։ Հետո մշակույթի տան այս հատվածն առաջարկեցին։
Այդ պահից սկսվեց գործընթացը, որը հեշտ չէր։ Այնուամենայնիվ կարողացանք հասնել մեր նպատակին. մշակույթի տան այս հատվածն ամբողջապես ավերված էր, վերանորոգեցինք և համապատասխան պայմաններ ստեղծեցինք։ Աշխատանքները կատարում էինք՝ համագործակցելով Հարժիսի «Իդեալ» հիմնադրամի հետ։
Այսօր տեսնում եք՝ շենքը կա, երեխաներն արդեն այստեղ են...
Մասնագետի խնդիր ունեինք, քանի որ գյուղում նման մասնագետ չկա։ Շինուհայրում գտանք համապատասխան մասնագետ. շաբաթական երկու անգամ կգա Հարժիս, լուծել ենք նաև նրա տեղափոխման հարցը։
Շատ ուրախ եմ այս ամենի համար, որովհետև սա սովորական երևույթ չէ. մենք պետք է տեր կանգնենք մեր ազգային մշակույթին և տեր ենք կանգնում:
Հավանաբար նկատել եք, թե ինչպես է ՅՈՒՆԵՍԿՕ–ն Այնթապի ասեղնագործությունն ընդունել իբրև Թուրքիայի մշակութային ժառանգություն, որը մերն է։ Եթե մենք չպաշտպանենք մեր ազգայինն ու բաց թողնենք, ապա նրանք պատրաստ են ամեն ինչ հափշտակել և իրենցով անել ու իրենց վերագրել։
– Իսկ Սյունիքի ո՞ր բնակավայրերում եք մինչև հիմա նման կենտրոններ ստեղծել։
– Առաջինը՝ Տեղ գյուղում, այնտեղ Զարա Դոլուխանյանն է դասավանդում, այնուհետև՝ Վաղատուրում, որտեղ կարպետ գործել են սովորում։
Մի քիչ խնդիրներ առաջացան Կոռնիձորում, բանակցություններ սկսեցինք դպրոցի տնօրենի հետ, բայց շատ ձգձգվեց...
Փաստացի կենտրոններ ունենք Տեղ, Վաղատուր գյուղերում, իսկ այսօր նաև Հարժիսում։ Շուտով աշխատանքներ կսկսենք Շուռնուխում։
Մի խոսքով՝ փորձում ենք հասնել Սյունիքի գյուղեր, և մեր երեխաներին բերել հայ ազգային մշակույթի դաշտ։
– Ինչպե՞ս եք կարողանում լուծել անհրաժեշտ միջոցների՝ թելերի, դազգահների և մյուս պարագաների հարցը։
– Այս դեպքում համագործակցում ենք Հարժիսի զարգացման «Իդեալ» հիմնադրամի հետ, մյուս բնակավայրերում նույնպես գործընկերներ ունենք։
Ի սկզբանե մեզ տրվում էր նաև աջակցություն ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում, բայց դադարեցրել են այդ աջակցությունը։
– Ինչո՞ւ, ի՞նչ պատճառով։
– Կարծում եմ՝ պիտի ենթադրեք, թե ինչու...
Պատերազմից հետո սկսեցին դրամաշնորհներ չտրամադրել մեր հիմնադրամին, նույնկերպ վարվեցին «Գութանի» հետ... Փառք Աստծո, գտնվեցին հայորդիներ, որոնց համար շատ կարևոր է հայ ժողովրդի ինքնության պահպանումը, նման մարդիկ էլ աջակցում են մեզ։ Նրանցից մեկն էլ, ինչպես նշեցի՝ Ավետ Քոլյանն է։
Ես կցանականայի, որ բոլորի համար առաջնային լիներ հայ ժողովրդի ինքնության պահպանման հարցը։ Այսօր մենք այն կարևոր խաչմերուկում ենք, որ պետք է ընտրություն կատարենք՝ ապավինել բանի՞, թե՞ հացի։ Աստված մեզ տվել է այդ ընտրության իրավունքը, և պետք է ապրենք այնպես, ինչպես մեր նախնիներն են ապրել՝ բանիվ: Հացը կվաստակենք, կստեղծենք, մենք ստեղծարար, արարող ժողովուրդ ենք...
Հայհոյանքները թողնենք մի կողմ և ապրենք հենց այդ նպատակով. այսօր այլ տարբերակ չկա, չորս կողմից փորձում են հոշոտել մեզ, և միակ տարբերակն ու ներկայիս գերխնդիրը մշակույթի խրամատն արժանապատվորեն պահելն է։
Հարցազրույցը՝ Մարիամ Լազարյանի