Արթուր Հարությունյան. «Արտակարգ դրությունն ուղղումներ է մտցրել փրկարարների աշխատանքում»

24.08.2020 16:59
5852

Զրույց ԱԻՆ Սյունիքի փրկարարական վարչության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Արթուր Հարությունյանի հետ
 

- Պարոն Հարությունյան, կորոնավիրուսի համավարակը, դրանով պայմանավորված արտակարգ դրությունն ի՞նչ ուղղումներ մտցրեցին Ձեր աշխատանքում, ի՞նչ գործառույթներ են վերապահված Ձեզ եւ ի՞նչ` ոստիկանությանը։
- Արտակարգ դրության պայմաններում վարչության գործունեությունը տարբերվում է նախկինից, մեր նախարարությունը ձեռնամուխ եղավ համավարակի տարածվածության դեմ պայքարելուն։ Ամենօրյա մեր աշխատանքային ռեժիմից դուրս իրականացնում ենք ախտահանում մարզի հանրային այն վայրերում, որտեղ բնակչության կուտակումներ են լինում։ Օրական ախտահանում ենք հարյուրից ավելի օբյեկտ։ Դրանց մեջ են մտնում ավտոկանգառները, բանկերի, սուպերմարկետների շքամուտքերը, զորակոչի օրերին՝ զինկոմիսարիատները։ Եթե որեւէ շենքի մուտքում արձանագրվում է կորոնավիրուսի դեպք, այդ շքամուտքը պարտադիր ախտահանում ենք, ինչպես նաեւ ախտահանում ենք մարզային վարչության մասնաճյուղերը․ այնպիսի պայմաններ ենք ստեղծել, որ մենք ինքներս չհիվանդանանք, կորուստներ չունենանք, մեր ծառայությունը բնականոն հունով տանենք։ Սատանայի ականջը խուլ՝ մինչեւ հիմա դա կարողացել ենք ապահովել։
Բացի այդ, ոստիկանության հետ շրջիկ հսկողություն ենք իրականացնում արդեն հաստատված հիվանդների շրջանում, որ տանը մեկուսացված հիվանդները դուրս չգան եւ հիվանդությունը չտարածեն։ Բայց նաեւ ասեմ, որ կորոնավիրուսով վարակվածները չեն խախտել բժիշկների հորդորները։ Բացի այդ՝ ամբողջ մարզի տարածքում իրազեկման աշխատանքներ ենք կատարել, վարչությանը պատկանող մեքենան, ինչպես տեսել եք, շրջում է քաղաքում եւ մարդկանց հիշեցնում սանիտարահիգիենիկ այն պայմանները, որ անհրաժեշտ է պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար։ Իրազեկման նման ակցիաներ անցկացվել են մարզի մյուս քաղաքներում եւս։ Վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվում են բազմաթիվ հեռախոսազանգեր՝ կորոնավիրուսին առնչվող հարցադրումներով։ Դրանց պատասխանում ենք, իսկ որոնք մեր իրավասությունից դուրս են, ուղղորդում ենք համապատասխան մարմիններին։
- Երբ զանգահարեցի՝ հանդիպելու համար, ասացիք, որ խորհրդակցության եք, ի՞նչ հարցեր են քննարկվել, եթե կարելի է իմանալ։
- Ամեն օր տեսակոնֆերանս է տեղի ունենում ծառայության տնօրենի, փրկարարական ծառայության գեներալ- մայոր Վրեժ Գաբրիելյանի ղեկավարությամբ, նաեւ շաբաթ ու կիրակի օրերին։ Համավարակին առնչվող խնդիրներն առաջին պլանին են։ Մասնաճյուղի տնօրեններս ներկայացնում ենք, թե ինչ իրավիճակ է մարզերում, ստանում ենք համապատասխան հանձնարարականներ։ Իհարկե, քննարկվում են փրկարար ծառայության հետ կապված ընթացիկ հարցեր։ Այսօրվա հանձնարարականներից մեկն առնչվում էր մարզում տեղադրված հիդրանտներին (ջրագծերի վրա տեղադրված սարքավորում, որով հրշեջ փրկարարները կարող են ջրով լիցքավորել հրշեջ մեքենան)։
- Մի քիչ մանրամասն այդ մասին, ի՞նչն է խնդիրը։
- Դա մեր ծառայության ամենացավոտ տեղն է։ Ինչպես գիտեք, վերջին տարիներս, արդիականացվել են մարզի ջրամատակարարման խողովակաշարը, որոնց վրա ըստ նախագծերի պիտի տեղադրվեին հրշեջ հիդրանտներ։ Խորհրդային տարիներին անցկացված ջրագծերի վրա դրանք կային, բայց հետո քանդեցին, ավերեցին դրանք, ինչն անհնարին դարձրեց հրշեջ մեքենաների ջրով լիցքավորումը։ Հիդրանտներ պիտի լինեն քաղաքի տարբեր թաղամասերում։ Ճիշտն ասած՝ նոր ջրագծեր անցկացնելուց հետո հիդրանտներ տեղադրել են՝ մեր բողոքներից ու հորդորներից հետո, բայց թուրքական արտադրության, որը չի համապատասխանում մեր հրշեջ որեւէ մեքենայի չափանիշներին։ Դրանք խիստ տարբերվում են ռուսական արտադրության հիդրանտներից, որոնցով մեր մեքենաները կարողանում էինք լիցքավորվել։ Մենք համակողմանի պիտի ուսումնասիրենք հարցը եւ առաջարկություն ներկայացնենք վերադասին, նրանք էլ՝ կառավարությանը։
- Իսկ ո՞րն էր վերադասի հետ քննարկված երկրորդ հրատապ խնդիրը։
- Բանն այն է, որ մարտ-ապրիլ ամիսներին համատեղ համագործակցության պլաններ ենք մշակել անտառտնտեսությունների եւ պահպանվող տարածքների կազմակերպությունների հետ՝ հրդեհաշիջման հետ կապված։ Վերադասը հետաքրքրված է,  թե ինչպես է իրագործվում այդ հանձնարարականը, իրականացվու՞մ են այդ պլաններում նախանշված միջոցառումները, թե՞ ոչ։ Օրինակ, նախատեսված է կամավորական կազմավորումներ ստեղծել՝ հրդեհաշիջում իրականացնելու համար։ Ըստ այդմ` կամավորական հրշեջ հենակետ ենք ստեղծել Շիկահող գյուղում, որի նախաձեռնողն եմ, արդեն շենքի շինարարությունն ավարտված է, հրշեջ կամավորականներ են ընտրվել հինգ գյուղից՝ Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ, մնացել է գործնական ուսուցում անցկացնենք մեխանիկների հետ։ ԱԻՆ նախարարը կառավարություն ծրագիր է ներկայացրել, հրշեջ մեքենա է տրամադրվելու Կապան համայնքին, որը լինելու է Շիկահողի հենակետում, կամավորներին ուսուցանելու ենք` ինչպես աշխատեցնել։ Հրդեհ ծագելու դեպքում կամավորները կսկսեն գործել` մինչեւ հիմնական ուժերի տեղ հասնելը։  Ինձ այլ բան է հուզում, մինչեւ այժմ գոյություն չունի «Կամավորականության մասին» օրենք։ Կամավորները որեւէ արտոնություն պիտի ունենան, պետության կողմից որեւէ ձեւով պիտի խրախուսվեն՝ ասենք հողի հարկի կրճատում, արձակուրդի օրերի հավելում եւ այլն։ Ամբողջ աշխարհում ընդունված  կարգ է սա։
- Ինչ խոսք, Ձեր առաջնահերթ խնդիրն արտակարգ դեպք լինելու պարագայում օպերատիվորեն արձագանքելն է, ժամանակին տեղ հասնելը։
- Դե, իհարկե, մենք պիտի ժամանակ շահենք, ժամանակին հասնենք դեպքի վայր, լինի վթար, արտակարգ պատահար, հրդեհ եւ այլն։ Ժամանակն է մեր հաջողության գրավականը։ Ինչքան շուտ հասնենք, այնքան շատ մարդ  ենք փրկելու։ Լինում են դեպքեր, երբ փրկարարական աշխատանքներ կատարելն անիմաստ է դառնում, ասենք, հրդեհ է ծագում, ահազանգն ստանալուց հետո մինչ տեղ ենք հասնում, ասենք, Ծավ բնակավայր, հրդեհը լայն մասշտաբներ  է ընդգրկած լինում։ Որպեսզի ժամանակը կրճատվի, հրշեջ-փրկարարական ցանցը պիտի ընդլայնենք։ Պետությունը նման հնարավորություն չունի, նման բան միայն զարգացած պետություններն են իրենց թույլ տալիս։ Օրինակ, Ֆրանսիայի հրշեջ-փրկարարական ծառայությունը յոթ րոպեից ուշ հրդեհի վայր չի հասնում, այնպես հստակորեն է տեղադրված հրշեջ- փրկարարական ցանցը։
- Քանի որ խոսվեց հրդեհների մասին, ցանկանում ենք իմանալ անտառային հրդեհների մասին։ Այս ամառը եղանակն այնքան չորային չէ, ինչպես նախորդ տարիներին։ Բոլորիս հիշողության մեջ դեռեւս թարմ է Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը, որի շիջմանը մասնակցություն ունեցան ռուսաստանցի հրշեջ փրկարարները` հատուկ ինքնաթիռներով։
- Բանն այն է, որ անտառային հրդեհները պայմանավորված են ծառատեսակներով եւ բուսածածկույթով։ Նման հրդեհներ ծագում են գիհիներով պատված անտառահատվածներում, բուսածածկ տարածքներում, որտեղ կան փոքր ծառեր, թփեր, չոր մացառներ։ Հրդեհ բռնկվեց, օրինակ, Շահումյան լքյալ թաղամասում, հրո ճարակ դարձավ մոտ 30 հեկտար տարածություն։ Ընդհանրապես մի քանի խոշոր անտառային հրդեհ ենք ունեցել, բայց ի տարբերություն նախորդ տարիների, կարողացել ենք մեր ուժերով կազմակերպված մարել դրանք՝առանց դրսի ուժերի օժանդակության։ Հրդեհ ծագեց Սյունիք թաղամասի գերեզմանոցում, կարողացանք այնպես անել, որ հրդեհը չհասնի մոտակա անհատական տներին։ Առիթը բաց չթողնելով նշեմ, որ այդ գերեզմանոցում աղբահանություն չի իրականացվում, չորացած ծաղիկները, պսակները, խոտը, պլաստմասե հարդարանքները հավաքում են մի տեղ, եւ մի անկարգապահի անզգուշության պատճառով հրդեհ է ծագում, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով։ Խոշոր հրդեհներ են եղել Մեղրիում, երկուսը` Գորիսում, Աճանան բնակավայրում, որտեղ հրդեհը հասնում էր արդեն դպրոցին, Դիցմայրիում։
Իհարկե, այս ամռան համեմատաբար խոնավ եղանակը նպաստեց, որ հրդեհների` նախկինի համեմատ  փոքր թիվ ունենանք։
- Այս տարում, կարծես, ճանապարհատրանսպորտային պատահարներն են շատացել։
- Այդպես է։ Համարյա ամեն օր մեր մարզում ճանապարհատրանսպորտային պատահարներ են լինում, վատն այն է`  մահվան ելքով։ Լինում են ՃՏՊ-ներ, որ մեր օգնության կարիքը չի զգացվում։ Եթե դրանք էլ գումարվեն մեզ մոտ գրանցվածին, բավականին մեծ  թիվ է ստացվում։ Հիմնականում վարորդները գերազանցում են սահմանված արագությունը, վազանց կատարելիս դուրս են գալիս հանդիպակաց գոտի, տրանսպորտային միջոցը վարում են ոչ սթափ վիճակում։ Իհարկե, ճանապարհային ոստիկանության պատասխանատուներն ավելի ստույգ կմեկնաբանեն ՃՏՊ-ների պատճառները։
- Պարոն Հարությունյան, մի քանի խոսքով ներկայացրեք Ձեր ղեկավարած կառույցի տեխնիկական զինվածությունը եւ կադրերով ապահովվածութունը։
- Ասեմ, որ տեխնիկայի խնդիր, մանավանդ ավտոմեքենաների առումով, չունենք։ Հրշեջ- փրկարարական մեքենաներ ունենք ռուսական, ֆրանսիական, ճապոնական արտադրության` արտակարգ իրավիճակներում գործելուն նպաստող։ Ինչ վերաբերում է կադրերին, միայն Մեղրիում դժվարությամբ են համալրվում հրշեջ-փրկարարների շարքերը։ Պլանավորել ենք մինչեւ սեպտեմբերի վերջը թափուր տեղերը լրացնել։ Այլ խնդիր չկա, որ կարող է մեզ մտահոգությունների տեղիք տալ։
                         
 

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06